Լույսը

Հեղինակ:

20141509141139961

Այսօր էլ ոչինչ չստացվեց, փող չգտավ, օրը մթնեցրեց մտամոլոր, փողոցներում թրև գալով ու քայլերն ուղղեց դեպի տուն:

Չէ, այդպես չի լինում, այդպես չի կարող, կռանալ չի կարող, մուրալ չի կարող, քծնել չի կարող, ու ոչինչ չի ստացվում: Երեխաներին է խղճում, կնոջն է խղճում ու իրեն է խղճում: Ոչինչ անել չի կարող:

Դեռ ուսանող՝ ամուսնացավ ու ավարտելուց հետո միանգամից հայտնվեց Ղարաբաղում: Հետո ոչ մասնագիտությամբ կարողացավ աշխատել, ոչ էլ արհեստ գիտեր:

Տուն մտավ գլխիկոր ու նստեց կիսամաշ բազմոցի անկյունում: Տան մռայլ պատերից դարձյալ աղքատության հոտ էր փչում, և ինքը միացել էր այլ աղքատների հզոր բանակին: Միտքը մթագնեց իր հայտնագործած «աղքատների հզոր բանակ» մտքից ու կուչ եկավ:

Ուտել չէր ուզում, ախորժակ չուներ, եթե ունենար էլ՝ որտեղի՞ց, երբ ինքը պետք է ուտելիք բերեր ու կերակրեր իր ընտանիքը: Իսկ ինքը չէր բերել, էլ ումի՞ց ուտելիք պահանջեր: Մտքերը թռչում էին աջ ու ձախ, հայացքը ծամածռվել էր անզորությունից, ու հոգին ճչում էր, հոգին փախչում էր, հոգին պայթում էր.

-Տեր Աստված, ո՞ր մեղքիս համար:

Ու ամաչեց իր պայթյունից ու կուչ եկավ.

-Մեղա, Տեր Աստված:

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի

Հաղթանակած զինվորը…

Վատ է ապրում, մթագնած է ապրում, խռոված է ապրում, հոգսաշատ է ապրում, չի ապրում, այլ մտածում է ու չի կարողանում հասկանալ մի բան՝ թե ինչպես է լինում, որ հայրենյաց կանչով գնում են քչերը, որոնց մեջ ինքն էլ կար, ողջ են մնում քչերը, որոնց մեջ ինքն էլ կա, լավ են ապրում մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այս պատերազմի հետ…

Եվ այդ ծանր, մութ, ցուրտ, սոված տարիներին անգամ այստեղ չէին… ու չի կարողանում հասկանալ ու խեղճանում է, կուչ է գալիս ու հետո նայում որդու աչքերին ու նորից կուչ է գալիս: Գլուխն ակամա քաշում է ուսերի մեջ, ձեռքերը մտցնում գրպանները, վախեցած ետ քաշում ծակ գրպանների դատարկությունից և գլուխն առնում ափերի մեջ կուչ է գալիս, խեղճանում, խղճում ինքն իրեն ու չի կարողանում հասկանալ՝ պատերազմում զոհվե՞լն է լավ, թե՞ չզոհվելը:

Մատների արանքից նկատում է կնոջ հանդիմանող հայացքն ու կուչ է գալիս, փախցնում է աչքերն ու նայում աղջկա կողմը, տեսնում է խունացած հագուստը՝ մարմնի վրա ձգված, պատրաստ պայթելու, ու ամաչում է իր իսկ հայացքից, որ արդեն աղջկան օրիորդ է տեսնում: Ախր դեռ երեկ էր՝ Շուշիից եկավ ու իմացավ, որ աղջիկ է ունեցել, անունն էլ Շուշանիկ դրեց Շուշիի պատվին ու մտքով գնաց Շուշի ու ապրեց հաղթանակի բերկրանքը, ժպտաց, անգամ քմծիծաղ գծագրվեց դեմքին: Հետո հիշեց զոհված ընկերներին ու կուչ եկավ, կոպերը գոցեց ու պատանվեց ինքն իր մեջ, մտավ հոգու խորքերն ու սկսեց պրպտել այն բոլոր անկյունները, որտեղ արդեն հազար անգամ եղել էր, և նկատեց, որ դատարկ էր ամեն տեղ, ու կուչ եկավ… իր դատարկությունից, իր անբանությունից, իր անզորությունից, իր խեղճությունից: Ու փախավ-փախավ տղերքի մոտ, փախավ գտնելու իր նմանակին, իր հոգու ընկերոջը, իր բախտակցին, ու դեմ առ դեմ հանդիպեց Արային՝ թերթ վաճառող Արային՝ իր հեծանիվով, իր մորուքով, իր դժգոհ դեմքով, իր թերթերով, իր բողոքով, իր հացը հազիվ վաստակող Արային՝ խեղճության և աղքատության պատանն իր վրա քաշած Արային՝

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի

Հաղթանակած զինվոր

Արային, ու փախավ ինքն իրենից ու Արայից ու հանդիպեց Յուրային՝ բետոն ծեծող Յուրային, հող շուռ տվող Յուրային, կոշտացած ձեռքերով արևը, քամին, անձրևն ու ժամանակը ծեծած Յուրային՝

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի

Հաղթանակած զինվոր

Յուրային, ու փախավ-փախավ-փախավ ու դեմ առ դեմ հանդիպեց իրենց Հակոբին, իրենց շտաբի Հակոբին, իրենց սնունդ ուղարկող Հակոբին, պատերազմի դաշտը չտեսած, վառոդի հոտ չառած, իրենց սնունդը, եղածն ու չեղածը միշտ գողացող Հակոբին:

Ու ժպտաց, հրճվեց մի անմիտ ժպիտով, իրենց Հակոբի գնդապետի ուսադիրներով, իրենց Հակոբի ձիգ կեցվածքով, իրենց Հակոբի ծառայողական մեքենայով, ու սառեց: Անտեր բարևը անպատասխան մնաց օդում, շրխկաց մեքենայի դուռը և ճռռոցով անհետացավ N զորամասի հրամանատար իրենց Հակոբը, փակվեց դարպասների հետևում:

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի…

Հաղթանակից հետո տեղը գտած իրենց Հակոբը, շտաբի կռիս Հակոբը, զինվորի բաժին գողացող Հակոբը, գնդապետ և ապագա գեներալ Հակոբը, ու փախավ-փախավ-վայ… և հանդիպեց Վարդանին՝ իրենց Վարդանին, բրուտ Վարդանին՝ հեզ, բարի, ոսկեձեռիկ Վարդանին՝ գլուխը սեղանին դրած և կողքին դատարկ շշեր, Վարդանին, հարբեցող Վարդանին, կորած Վարդանին, տակը միզած և տնից վռնդված Վարդանին, սրանից և նրանից մի բաժակ գինու փող ուզող Վարդանին, Օմար Խայամ ու Սայաթ-Նովա գովերգող Վարդանին, կորած ու միայն անկապ բառեր բարբաջող Վարդանին՝

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի

Հաղթանակած զինվոր

Վարդանին, ու փախավ-փախավ, որ գտնի իրեն, բայց հանդիպեց իր զոհված ընկերոջ՝ Անդոյի կնոջը՝ Անահիտին, իրենց Անդոյի կին Անահիտին, իրենց Անահիտին, իր հարսիկ Անահիտին, իր քույր Անահիտին, որին իրենք այնքան շատ էին սիրում, որն իրենց առաջ այնքան հաց էր դրել, որն այնքան նվիրված էր թվում, որ ապշում էին, ապշում էին ու ապշեցին: Ապշեցին Անդոյի մահով, Անահիտի վարմունքով, որ մեկ տարեկան երեխային թողեց Անդոյի  ծնողների մոտ և հեռացավ, հեռացավ ու սկսեց անառակությամբ զբաղվել, հեռացավ իրենցից, աշխարհից, ու արդեն երկու տարի է, ինչ ապրում է մի պարսիկի հետ ու երեխա ունի պարսիկից՝ մոռացած Անդոյից ծնված երեխային, իր Անդոյին, զոհված Անդոյին և գերեզմանում հազար ու հազար անգամ շուռ եկած Անդոյին, խեղճ հերոսացած Անդոյին:

Ու փախավ-փախավ Անդոյի ունեցած ու չունեցած կին Անահիտից, աստվածուհի Անահիտից, պարսիկի հարճ դարձած Անահիտից փախավ-փախավ ու գնաց հիվանդանոց: Գնաց հիվանդանոց ու հանդիպեց Ժորային՝ իրենց կշտացած ու գնդլիկ թշերով Ժորային, իրենց չաչանակ, իրենց աշխույժ, իրենց հումորը, ծիծաղը և տեղի ու անտեղի կատակող Ժորային: Աշխարհում ամենից շատ լոբի ու քաղցրավենիք սիրող Ժորային:

Ժորային հանդիպեց հիվանդասենյակի անկողնուն նստած: Տխուր, նիհար, գլուխը բռնած: Սենյակում տարածված հիվանդանոցի հոտ, հիվանդի հոտ, մարած աչքեր, մարած ժպիտ, դեմքին՝ անկիտ ուրախություն ու տրտմություն: Գրկեց իր ընկեր Ժորայի թիկնեղ ուսերն ու ասաց.

-Ժորա, քեզ համար լոբի ու քաղցրավենիք եմ բերել, վեր կաց կեր:

-Չեմ ուզում, ինձ տուն տար, ուտել չեմ ուզում, տղերքից ամաչում եմ, գալիս են ամոթանք են տալիս:

-Ժորա, մի կտոր բան կեր, կգնանք:

-Չէ, չեմ ուզում, ինձ տար տղերքի խաչքարի մոտ ուտեմ, ստեղ չեմ կարող, Աշոտ, տղերքից ամաչում եմ:

-Մի ամաչիր, Ժորա, մենք իրենց փոխարեն ամեն ինչ արել ենք:

-Բա ինչի են գալիս ու ամոթանք տալիս, չեն թողնում՝ քնեմ:

-Ժորա, հաց կեր, մի քիչ քնի, կտանեմ:

-Չէ, չեմ ուտում, ուզում եմ քնել, դու մնա մոտս, որ տղերքը չգան ինձ ամոթանք տան, քո ներկայությամբ իրենք չեն գա, տղերքը քեզանից կա-կա-մա…

Մարմաջեց Ժորան ու կուչ գալով անկողնու վրա, քնեց կարոտած քնով, կարոտած քնին:

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի

Հաղթանակած զինվորը:

Ժորան՝ ընտանիքի հոգսի տակ կքած, պատերազմի արհավիրքը տեսած և ընկերների ցավով ապրող Ժորան: Ժորան քնեց:

Իսկ նա շարունակում էր փախչել. փախավ-փախավ ու հանդիպեց Արմենին՝ իրենց Ասկյար Արմենին, իրենց ոգի Արմենին, իրենց կրակ Արմենին: Ասկյար, որովհետև Բաքվից էր եկել ու միացել իրենց, Ասկյար, որովհետև թուրքերեն թուրքից լավ գիտեր, Ասկյար, որովհետև կռիվ մտնելուց առաջ գոռում էր՝ Ասկյար, դիմացիր, գալիս եմ: Ոգի և կրակ, որովհետև ոգի էր ջոկատի համար ու կրակ: Ոգի ու կրակ, որովհետև աչքն առանց ճպելու էր կռիվ մտնում:

Հիմա, հիմա ճպռոտել են Ասկյար Արմենի աչքերը, ակնախոռոչներում պտտվել, անաշայի ու խաբուսիկ օղու թմբիր կա դեմքին ու անորոշ հայացք՝ կորցրած ու չգտած ինչ-որ երջանկություն:

Ու շարունակեց փախչել, փախավ Ասկյարից, իր շատ սիրելի Արմեն Ասկյարից ու ինքն էլ հայտնվեց թմբիրի մեջ ու մեկնվեց, թե կիսաթեք ընկավ բազմոցին ու փախավ այդ մթությունից ու հայտնվեց լույսի մեջ…

Դրսում արդեն լույս էր, տանը լույս էր, վերևում լույս էր, ու ինքը վերևից նայում էր իրեն, իր ծկլթացող ու մազերը փետող կնոջը, խունացած ու մաշված շորերով իր երեխաներին, որ արթնացել ու լալիս էին, արագ-արագ ներս ու դուրս անող շվարած հարևաններին ու իրեն, իր մարմնին, իր սառած ու մաշված բազմոցին մեկնված մարմնին, բերանի անկյուններում ծվարած ժպիտ ու արհամարհանք աշխարհին ու իրեն:

Ու փախավ, չէ-չէ, սլացավ-սլացավ-սլացավ տղաներին ընդառաջ, ընդառաջ եկող ընկերներին ընդառաջ. Վուրգին, Անդոյին, Բասմաչին, Պետոյին, Մոնթեին, Աղվանին, Կարենին ընդառաջ… իրեն ընդառաջ:

Հաղթանակած պետության,

Հաղթանակած բանակի,

Հաղթանակած զորքին ընդառաջ…

Անդին 1, 2013
Share

Կարծիքներ

կարծիք