Նարե Հայկազյան. Լույսը, որտեղ էլ լինի, կգտնի իր ճանապարհը

Հեղինակ:

332x498_-_uxix

Ի՞նչ է պատահում, երբ հանդիպում են երկու անչափելին՝ Կինն ու Արվեստը: Ի՞նչ է ստեղծվում: Արվեստածին Կի՞ն:

Նարե Հայկազյանը հենց այդպիսի հանդիպման, այդպիսի միության ծնունդ է:

Ծնվել արվեստագետների ընտանիքում, նշանակում է տունը, որտեղ ապրում ես, լինելու է Արվեստը, և ինքդ էլ լինելու ես նրա կերտողը՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելու լինես:

 

Նկարիչ Աշոտ Հայկազյանի և արձակագիր Ջուլիետ Մատինյանի դուստրը Բնության, Շարժման, Գեղարվեստի մարմնավորումն է կինոյում, թատրոնի բեմի վրա ու կտավներում:

-Կինոյում շնչառությունն այլ է: Ես թատրոնի մարդ եմ, իսկ դա նշանակում է կենդանի հայացքն ու շունչն զգալ, — ասում է Նարեն,- բայց  ես ծեսի պես եմ վերաբերվում կինոյին ու ֆիլմ դիտելուն: Կարճ ֆիլմի ասելիքն ավելի սեղմ է, ամփոփ ու խիտ: Կյանքն այսօր արագացված է, և նրա ռիթմը վաղուց արդեն չափելի է փոքր միավորներով:

Ասում ես՝ ես սիրում եմ քեզ… և այդ քիչ բառերի ետևում մի ամբողջ աշխարհ ու կյանք ես տեսնում:

Անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Նարե Հայկազյանը ներկայացրել էր կարճամետրաժ «Թակոց» ֆիլմը՝ նվիրված իր մայրիկի հիշատակին: Ֆիլմը այդ կարճ «ես քեզ սիրում եմ»-ն էր, որ խմորվել էր տարիներ շարունակ և ծնվել այն երկտողից, որ պահվել էր մոր հուշերում.

Լույսը, որտեղ էլ լինի, կգտնի իր ճանապարհը: Աներկյուղ գնա որոնելու: 

 

-«Թակոցը» հենց այդ լույսը որոնելու մեկ այլ դուռ է: Լույսը, որը դրսում չէ, այլ՝ ներսում, պետք է որոնել մինչ այս կյանքի անդինը: Եվ ուր է կգնաս, ափիդ մեջ այդ Լույսը ուղղորդում է քեզ դեպի քո Կանչվածությունը:

 

Իսկ այդ «ուր»-ը անծայրածիր Միացյալ Նահանգներն են, որտեղ, իհարկե, կարող ես պարփակվել սրտիդ մեջ և աշխարհն ընկալել մտքիդ ծավալուն ընդգրկումներով, բայց երբ ձեռքդ դրել ես Տիեզերքի ու Ժամանակի զարկերակին, պետք է մտնես այդ ազատ ու մեծ ճանապարհի հոսքի և երթևեկի մեջ ու գնաս, առաջ շարժվես:

-Մարդն ստեղծված չէ, որպեսզի ապրի այս կամ այն պետական ամփոփ սահմանների մեջ: Մենք աշխարհ ենք եկել մեր սրտերում բնակվելու համար. արտաքին աշխարհը սոսկ ստվարաթղթե դեկորներ են:

 

 

Մարիա Լազարևա

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք