Իփրարիս

Հեղինակ:

20141709180437808

Սրբուհի  Տեր-Մելիք-Սեդիկյանցին կարոտելով

 

Հինգերորդ հարկի իր սենյակում Սիրարփին արթնացել էր, նստել էր անկողնու մեջ ու նայում էր պատուհանից դուրս:

Դրսում մարտ ամիսն էր:

Առավոտվանից մանր, մոխրագույն անձրև էր գալիս:

Սիրարփիին դուր էր գալիս մարտ ամիսը. հունիսն էլ, հոկտեմբերն էլ, հունվարն էլ: Տարվա եղանակները սիրում էր: Նրան դուր էին գալիս օրերը: Օրերը սկսվում էին արևածագից քիչ առաջ և երկար, դանդաղ ձգվելով՝ Սիրարփիին տանում էին հսկա տարածություններ: Արշալույսից քիչ առաջ օրերը իջնում էին մի ծնկի վրա, իրենց գիրկն էին առնում Սիրարփիին, հետո դանդաաաղ, երկաաաաար մի թռիչքով Սիրարփիին, ամբողջ աշխարհը տանում էին, տանում էիիին, տանում էիիիիիիին: Այդ երկար, դանդաղեցված թռիչքներում՝ օրերի մեջ, շողում էր արևը, օրերի մեջ փչում էին հովեր, երբեմն կարճատև կարկուտ էր կտկտում, օրերում ձյուն էր գալիս: Սիրարփին սիրում էր նայել: Եվ երկինքը նրան ցույց էր տալիս:

Այսօր՝ արևածագից քիչ առաջ, երբ Սիրարփին դեռ քնած էր, նրա մահճակալի մոտ մի ծունկը գետնին էր հպել մոխրագույն անձրևե թիկնոցով օրը: Քնած Սիրարփիին իր խոնավ գիրկն էր առել: Հետո Սիրարփին բացել էր աչքերը ու տեսել էր, որ օրվա թռիչքի մեջ, նրա երկաաար ցատկում մանր, մոխրագույն անձրև է գալիս: Անկողնու մեջ նստած՝ Սիրարփին նայում էր պատուհանից ու մտածում էր, որ լվացքը առավոտվանից մնացել է անձրևի տակ: Հավաքող չկար:

Սիրարփին ութսունհինգ տարեկան էր: Երկար հյուս ուներ, որ պահում էր դեռ աղջիկ ժամանակվանից: Աղջիկ ժամանակ և հետո էլ Սիրարփին գեղեցկուհի էր եղել. խելքամաղ անող, վայրի: Ինքը չէր իմացել: Իրեն ասելիս էին եղել, բայց ինքը չէր հավատացել: Նրա մարմինը դաշտային ծաղիկներից քամած մեղրի բույր էր ունեցել: Ինքը երբեք չէր զգացել: Նույնիսկ երբ ծերացել էր, նրա մարմինը իր շարժումներում պահել էր այդ գեղեցկության հիշողությունը: Այդ բույրը դեռ կար: Անձրևոտ օրերին բույրն ուժեղանում էր, և Սիրարփին թեթև գլխապտույտ էր ունենում: Չէր հասկանում՝ ինչից է: Հիմա էլ, անկողնու մեջ նստած, պատուհանից նայելով, մահճակալից կախված իր ոտքերի տակ Սիրարփին զգում էր հսկա տարածությունների դանդաղ սահքը, փորձում էր թեթև գլխապտույտը կանգնեցնել:

Հետն էլ գիշերվա երազն էր հիշում:

 

Սիրարփիի գիշերվա երազում սև անձրև էր եկել:

Ինքը անձրևի տակ, ձեռքերը տարածած, վազելիս էր եղել թաց կտուրներով: Հետո ներքևում, սև անձրևի մեջ, Սիրարփին մորթված ցուլեր էր տեսել: Տասը, քսան, երեսուն… Ամբողջ բակը ծածկված էր եղել տապալված կենդանիներով: Սիրարփին քայլել էր մորթված ցուլերի մարմինների միջով, բոբիկ ոտքերը թաղվել էին սև անձրևից, բոբիկ ոտքերը թաղվել էին կարմիր արյունից ցեխ դարձած հողում: Նայել էր՝ բոլոր ցլերը գլխատված էին եղել: Շրմփան սև անձրևի տակ մեջքով դեպի իրեն, տաբատի փողքերը մինչև ծնկները ծալած, ոտքերը չռած-կանգնած, երկու ձեռքը միասին վերուվար անող բարձրահասակ մարդ էր եղել: Ձեռքերն իջեցնելիս կացնի խուլ թխկոցներ էին լսվել:

Բակը շրջանակված էր եղել պարաններին մոռացված լվացքով: Սիրարփին նայել էր անձրևից ծանրացած լվացքին, հսկա, ճերմակ սավանների տակ փռված մորթված ցուլերին, շրմփան անձրևի տակ ձեռքերը վերուվար անող բարձրահասակ մարդուն£ «Էս սև անձրևը լավ նշան չի»,- մտածել էր: «Լվացքը հիմա չեմ հավաքի: Թող սկզբից կանաչ անձրևը գա, սևը մաքրի, հետո կհավաքեմ, նորից կլվանամ, նորից կփռեմ»:

 

Այդպես հինգերորդ հարկի իր ննջասենյակում Սիրարփին արթնացել էր: Նստել էր անկողնու մեջ: Ճերմակ գիշերանոցը հահին, կանաչ աչքերը լայն բացած ու գլուխը տմտմացնելով  նայել էր պատուհանի ապակուն: Դրսում մութ էր եղել: «Ես ինչո՞ւ արթնացա,- մտածել էր,- ժամը քանի՞սն է: Ես էս որտե՞ղ եմ»:

«Սխալ տեղ եմ արթնացել»,- մտածել էր Սիրարփին: Նայել էր շուրջը: Հայացքը թեքելիս գլուխը պտտվել էր, ու Սիրարփին նորից պառկել էր: Ձեռքերը սեղմել էր կրծքին, որ պտույտը կանգնեցնի: Այդպես, մեջքի վրա պառկած, քնել էր:

 

Երազում Սիրարփին, մեջքի վրա պառկած, հայտնվել էր նոր հնձած արտում: Պառկած նայել էր երկնքին: Արտը դեղին էր եղել, երկինքը՝ նարնջագույն: Նարնջագույն երկինքը դանդաղ սահել էր դեղին արտի, արտի մեջ պառկած Սիրարփիի վրայով: Այդպես սահելով՝ երկինքն ամբողջ մարմնով հպվել էր Սիրարփիին: Սիրարփին ամաչել էր. երկինքը երկար, համառ ու մի տեսակ էր հպվել Սիրարփիին: Հետո երկինքը մի քիչ բարձրացել, պոկվել էր իրենից, նորից շարժվել էր՝ արդեն ուրիշ տեսակ, ու բերել էր ձայներ:

Դեղին արտի վրա սահող նարնջագույն երկինքը՝ ճկվող մետաղի դմբոց, երկինքը՝ ձգվող մետաղի ճռռոց, երկնքում կոտրատվող մետաղի ճարճատ էր բերել: Երկինքը, անցած օդանավի հեռուուուուու հետքի պես, մետաղի ձայները կախել էր օդում: Հետո հայտնվել էին հսկա սուզանավերը: Մեջքի վրա պառկած Սիրարփիի վրայով, քսվելու չափ մոտ, մի քիչ ավելի բարձր, մի քիչ այնկողմ, նարնջագույն երկնքով դանդաաաաղ, անձայն լողացել էին ահռելի մեծության ժանգոտ սուզանավեր: Դրանցից թափվող ժանգի փոշին ծածկել էր դեղին արտը, ծածկել էր Սիրարփիին: Ժանգափոշին լցվել էր աչքերը, մրմռացրել էր: Սիրարփին ամուր փակել էր աչքերն ու արթնացել էր:

 

Արթնացել էր գիշերվա մեջ: Մութի մեջ: Սիրարփին արթնացել էր, և խավարը նորից, կոտրվող կավի ձայնով պայթել էր: Բոլորը վազել էին տան ձեղնահարկ: Սիրարփին՝ վեց տարեկան, երկար գիշերանոցը հագին, վազել էր բոլորի հետևից: Գյուղական երկհարկանի տան փայտե աստիճաններով նավթի օրորվող ճրագների հետևից, Սիրարփին վազել էր վեր, վազել էր ձեղնահարկ:

Ձեղնահարկում իրարանցում էր եղել. դեսուդեն նետվող նավթի ճրագներ, իրար խառնված մարդկանց խոսակցություն: Սիրարփին վազել էր ուղիղ իրարանցման մեջտեղը և մինչև կոճերը թաղվել էր հսկա, կոտրված կարասներից հոսող մեղրի մեջ: Տան ձեղնահարկում դրված էին եղել մեղրի մարդաբոյ կավե կարասներ: Կարասների բերանները ամուր փակված էին եղել սալաքարերով: Գիշերվա մեջ մեղրը եռացել էր, կարասները պայթել էին: Տան բոլոր ազատ ամանները վազեցրել էին ձեղնահարկ, սկսել էին թափվող մեղրը հավաքել: Ճերմակ փոխան-շապիկով մեղրի մեջ ծնկած հայրը Սիրարփիին ասել էր` «ուսերիս բարձրացիր»: Սիրարփին բարձրացել էր հոր թիկունքին, մեղրոտ տոտիկներով գրկել էր հոր մեջքը, մեղրոտ թաթիկներով փաթաթվել էր պարանոցին, այդպես կպել-մնացել էր: Մութի մեջ շարժվող նավթի ճրագները, մեղր հավաքող հոր օրորող շարժումները շշմեցրել էին: Պստիկ Սիրարփին լցվել էր դաշտային ծաղիկներից քամած մեղրի ծփանքով: Աչիկները փակվել էին: Հոր մեջքին փակչած՝ քնել էր:

«Հիմա մի քիչ քնեմ,- քնի մեջ մտածել էր Սիրարփին,- հետո լույսը կբացվի, կգնամ, Լևան քեռուն կպատմեմ»,- որոշել էր: Լևան քեռին հիմա արդեն խնձորի այգուց գրեթե դուրս չէր գալիս: Ձեռքերը ծանրացել էին արդեն, և Լևան քեռին նստում էր այգում՝ ձեռքերը հատուկ հենափայտերին դրած:

Անցած աշնանը Լևան քեռին Սիրարփիի հոր հետ խնձորի այգում քեֆ անելիս էր եղել: Խնձորի ծառի տակ՝ խոտին, սփռոց էին փռել, խնձորի օղի էին խմել ու կենաց էին ասել: Երկուսն էլ՝ աժդահա մարդիկ, օղի թորելու սարքը կողքներին, կրակը տակը վառած, տաք օղին՝ կաթ-կաթ, կաթ-կաթ, կաթ-կաթ, անցնող-դարձողին հյուրասիրելով, կանայք ու երեխեքը տանից վազեվազ ուտելիք բերելով` մի քանի օրուգիշեր էին արել: Այդ ժամանակ էր Լևան քեռին իրեն ուղարկել խնձորենու խեժի: Բաժակը վերցնելիս Լևան քեռու ձեռքից արյուն էր քսվել կանաչին փռած սպիտակ սփռոցին: Լևան քեռին խմել էր, հետո նայել էր աշխատանքից ճաքճքած իր խոշոր ձեռքերին: «Սիրարփի,- ասել էր,- կուկու ջան, մի թռի՛ր, խնձորի ծառերից խեժ հավաքիր, բեր»: «Ուրիշ ծառից չվերցնես, ձագ ջան»,- ասել էր: Սիրարփին այգում ծառից ծառ էր վազել, կեղևների արանքներից պստիկ մատիկներով բողոճներին քշել էր, պոկել, հավաքել էր ծառերի խեժը փոքրիկ թաթիկներում: Գրպանը դնել չէր կարելի: Բերանը դնել չէր կարելի: Լևան քեռին խնձորի օղիով նախօրոք լվացել էր թաթիկները. «Խեժը ձեռքերումդ կպահես,- ասել էր,- գրպանդ չդնես, ձագ ջան, բերանդ չդնես»: Սիրարփին երկու բուռ խնձորենու խեժ էր հավաքել, բերել էր Լևան քեռուն: Հայրը խեժը մատներով տրորել էր, խնձորենու խեժով փակել էր Լևան քեռու ափերի ճաքերը: Լավ էր ստացվել, բայց Սիրարփին վախեցել էր, որ Լևան քեռին ծառ կդառնա: Որոշել էր նստի, նայի: Հայրն ու քեռին խմել էին: Երկար էին խմել: Սիրարփին ձանձրացել էր: Ուզել էր տուն գնա. «Բա որ ծառ դառնա՞»,- մտածել էր:- «Էն ժամանակ նոր տուն կվազեմ, մամային լուր կտամ, թե Լևան քեռին ծառ դարձավ»,- որոշել էր: Խնձորենու տակ նստած՝ Սիրարփին սկսել էր հաշվել, թե հայրն ու քեռին ինչքան են խմում: Մեկ, երկու, երեք… «Յոթանասունչորս»,- ասել էր Սիրարփին ինքն իրեն՝ չգիտես որտեղից լսած թիվը: Այդքան էին խմել մինչև ձյուն գալը: Օրը չէր ցրտել, չէ, ուղղակի խոշոր փաթիլներով ձյուն էր թափվել, և խնձորենու տակ նստած Սիրարփիի աչքերը առատ թափվող ձյան փաթիլներից շաղվել էին: Սիրարփին լարվել էր, որ մի բան տեսնի: Հայրը՝ խոտերի մեջ, կողքի վրա մեկնված, արմունկին հենված, ձյունը հորը վերմակի պես ծածկել էր: Հայրը քնել էր ձյան տակ: Լևան քեռին թիկունքը հենել-ձուլվել էր ծառին, ու ձյունը քեռի-ծառը ծածկել էր: Ծառը քնել էր ձյան տակ: Սիրարփին քնել էր ձյան տակ:

Գարնանը Լևան քեռու ափերից աճել էին խնձորենու մատղաշ ոստեր: Լևան քեռին ծիծաղել էր, թույլ չէր տվել կտրատեն: «Հիմա դուք կաշխատեք, ես բերք կտամ»,- ասել էր: Երբ ձեռքերը ծաղկել էին, ուրախացել, կարմիր հագած իր Մարի կնոջը դրել էր ուսին, ծաղկած ոստերով գրկած՝ պար էր բռնել:

Ամռանը ոստերն ամրացել էին, Լևան քեռու ձեռքերը խնձոր էին բռնել: Լևան քեռին սկսել էր տանից շուտ-շուտ կորչել: Տեսնողներն ասել էին, որ Լևանը գետի հոսանքով բարձրանում է վեր, ձորի մեջ մի զով տեղ է գտնում, հետո բոբիկանում, մտնում է գետը ու մի քանի ժամ կանգնում է այդպես:

Հիմա Լևան քեռու ձեռքերը ծանրացել էին՝ խնձորը խոշորանում էր, և նա օրերով նստում էր այգում, ոտքերը հողի մեջ, ձեռքերը հատուկ հենափայտերին դրած: Սիրարփին սիրում էր թառել քեռու ծնկին, ծլվլալ տան նորությունները, պտտվել նրա շուրջը, դիպչել ճյուղերին, ոստերի տերևներին, սիրում էր տնտղել հասունացող խնձորները: Հոր մեջքին փակչած-քնած Սիրարփին գիշերվա երազում թռչուն էր դարձել, խաղացել էր Լևան խնձորենու ճյուղերին:

Հետո ուրիշ թռչունների հետ խմբով թռել, ուրիշ տեղ էր գնացել:

Դաշտերի վրայով թռչելիս Սիրարփին մնացել էր մենակ: Հասկացել էր, որ ուրիշ տեղը սա է: Ներքևում՝ ճամփեզրին, դեմքով դեպի դաշտերը, մի կռնատ մարդ էր եղել պառկած: Թռչունը իջել, նստել էր ուսին, որ կտցի: Կռնատի ուսին նստած՝ Սիրարփին մտքի մեջ էր ընկել, անշարժացել էր: Զգացել էր, որ հիմա մեկը Գալու է: Գալու է՝ իրեն մեծ, ճերմակ թևեր բերի:

Անշարժացած թռչունի աչքը շրջվել էր ներս: Ներսում պատուհան կար: Պատուհանից տեսել էր հինգերորդ հարկի մենավոր ննջասենյակ: Ննջասենյակում՝ մահճակալի վրա, մեջքը ուղիղ, աջ ձեռքը կրծքին սեղմած, պառկած էր ութսունհինգ տարեկան երկար հյուսով մի կին: Էս կյանքից հեռացած Իփրարիսը:

 

Անդին 2, 2013

Կարծիքներ

կարծիք