Թանգարանայնացման նոր կերպարը Հայաստանում

20150911135453229

20-րդ դարը ողջ աշխարհում կարելի է համարել արվեստի թանգարանայնացման և թանգարանների ստեղծման վերելքի ժամանակաշրջան: Այս գործընթացը առանձնահատուկ զարգացումներով ուղենշվեց ժամանակակից արվեստի և նրա թանգարանայնացման համար, քանզի ժամանակակից արվեստի թանգարանների /ԺԱԹ/ ստեղծումը զուգորդվեց առավելապես ժամանակակից արվեստների զարգացման հետ:

ԺԱԹ  ծագումը և գործունեությունը հասկանալու համար նախ պետք է պատկերացում կազմել ժամանակակից արվեստի տարբեր ընկալումների մասին: Ժամանակակից արվեստը մի կողմից այն արվեստն է, որը ստեղծվում է այսօր, մեր ժամանակներում, իսկ մյուս՝ ավելի տարածված ընկալմամբ դա Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված նորարարական-փորձարարական արվեստն է, որը արևմտյան արվեստաբանության մեջ հայտնի է contemporary art տերմինով:

ԺԱԹ դասական օրինակ է համարվում արվեստաբան Ալֆրեդ Բարրի կողմից 1929-ին Նյու Յորքում հիմնադրված ՄոՄԱ-ն (MoMA-Museum of Modern Art): ԺԱԹ ստեղծման պատմությունը զուգակցվել է մի շարք  նորարարական գաղափարախոսություններով: Այս տիպի թանգարանների գլխավոր հակասությունը «ժամանակակից արվեստ» և «թանգարան» հասկացության շուրջ էր, քանի որ այդ ժամանակներում տարածված էր թանգարանի՝ որպես հնությունների պահոցի գործառույթը, ինչը խորթ է ժամանակակից արվեստի՝ ավելի հանրային լինելու գաղափարախոսությանը:

Ժամանակակից արվեստի թանգարանների առկայությունը այսօր փաստում է տվյալ երկրի քաղաքական և մշակութային կողմնորոշումների մասին: Հայաստանյան իրականության մեջ այս տիպի թանգարանները և ընդհանրապես թանգարանների ստեղծումն ու զարգացումը էականորեն տարբերվում են եվրոպական և ամերիկյան փորձից: Հայաստանում ժամանակակից արվեստի թանգարանայնացման առաջին փորձը 1972-ին Հենրիկ Իգիթյանի ստեղծած Երևանի ժամանակակից արվեստի թանգարանն էր /ԵԺԱԹ/: Այս թանգարանը, առաջինը լինելով ողջ Խորհրադային Միությունում, զգալի դեր ունեցավ հայ արվեստի հետագա զարգացումներում: ԵԺԱԹ ցուցադրության միջուկը մինչ օրս էլ 60-ականների նորարարական արվեստագետներն են Մինաս Ավետիսյանի գլխավորությամբ:

2000-ականների առաջին տասնամյակում Հայաստանում սկիզբ դրվեց արվեստի մի կենտրոնի, որն աննախադեպ էր արտասահմանյան ժամանակակից արվեստի իր հավաքածուով: Թանգարանը հիմնադրվեց ամերիկահայ բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի (1925-2013) կողմից 2009-ին: Այժմ այն գործում է հենց նրա անունով՝ Գավէսճեան արվեստի կենտորն /ԳԱԿ/:

Ծնված լինելով Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ Ջերարդ Գաֆէսճեանը անմիջական առնչություն է ունեցել ժամանակակից արվեստի հետ, քանի որ հենց այս քաղաքն էր ժամանակակից արվեստի և ԺԱԹ  ձևավորման խոշորագույն կենտրոններից մեկը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջ. Գաֆէսճեանի հավաքածուն: Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հարուստ է հատկապես ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով: ԳԱԿ հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա¬Քսավիե Լալանի ստեղծագործությունները: ԳԱԿ ցուցադրությունում ներկայացված են ժամանակակից արվեստագետներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Պորտուգալիայից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կոլումբիայից, Չեխիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Հայաստանից և այլ երկրներից:

Գաֆէսճեանի կողմից արվեստի կենտրոնի ստեղծումով հայկական թանգարանային միջավայրը ավելի մերձեցավ ժամանակակից արվեստի համաշխարհային զարգացումներին և ժԱԹ կազմակերպման ու կառավարման փորձին: ԳԱԿ մշակութային քաղաքականության համաձայն՝ թանգարանի հիմնական առաքելություններից մեկը հռչակվեց ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը սկզբունքը: Սրանով թանգարանը ձգտում է ակտիվացնել հայ մշակույթի և ժամանակակից համաշխարհային արվեստի կապը:

ԳԱԿ հավաքածուի ներկայացման մեթոդները արտահայտում են բաց և բազմակարծիք լուծումներ: Շատ դեպքերում, հակադրվելով ավանդական թանգարանային ցուցադրության կանոններին, ստեղծվում է տարաբնույթ արվեստային դրսևորումների զուգորդում: Օրինակ՝ «Խանջյան» սրահում է գտնվում հայ հանրաճանաչ նկարիչ Գրիգոր Խանջյանի (1926–2000) մոնումենտալ որմնանկարը: Խորհրդային շրջանում  պատվիրված և Խանջյանի մահից հետո անավարտ մնացած այս ստեղծագործությունը մեկտեղված է թանգարանի ժամանակակց արվեստի ցուցանմուշների հետ:

Գաֆէսճեանի հավաքածուն զգալի արժեք ունի արվեստի շուկայում: Այս հավաքածուն պահանջում է հատուկ ուսումնասիրություն միջազգային և տեղական թանգարանային հավաքորդման համատեքստում, ինչը թույլ կտա գնահատել թանգարանի արվեստային արժեքը: Միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ հավաքածուն նորարարական է ժամանակակից հայկական թանգարանների համատեքստում, քանի որ արևմտյան մոդեռն արվեստը գրեթե ներկայացված չէ հայկական թանգարանային միջավայրում: Թանգարանը նպաստում է այն տեղեկատվական բացի լրացմանը, որը դեռևս խորհրդային տարիներից էր սկիզբ առել Հայաստանի թանգարաններում և շարունակվում էր անկախության տարիներին:

ԳԱԿ հավաքածուի ցուցադրությունը ավելի քան տասը տարիների ընթացքում փոփոխվել է բազմիցս. այն կրել է և՛ համակարգային, և՛ փոքր հավելումներ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ոչ միայն ակտուալ արվեստի հավաքածու է ներկայացնում, այլև հանդես է գալիս իբրև հաստատություն, որի գործունեությունը միտված է դեպի ապագան և  ենթադրում է մշտապես «կենդանի» երկխոսություն ժամանակակից արվեստի գործընթացների ու հանրության միջև: Հայ և այլազգի արվեստագետների մասնակցությամբ կազմապերպվող ցուցահանդեսները նպաստում են ժամանակակից արվեստի զարգացման միջազգային միտումներին ծանոթանալուն և հայաստանյան արդի արվեստագետներին այդ գործընթացներին ներգրավելուն: Թանգարանի այցելուները համաշխարհային արդի արվեստին ծանոթանալուն զուգընթաց հնարավորություն են ստանում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով ավելի հանգամանալից ճանաչելու ժամանակակից արվեստի հայ ներկայացուցիչներին: Այս համատեքստում թանգարանը կազմակերպել է 20-րդ դարի հայ նշանավոր արվեստագետների ցուցահանդեսներ, ինչպիսիք են Արշիլ Գորկին, Հակոբ Հակոբյանը, Երվանդ Քոչարը, Հարություն Կալենցը և այլք:

ԳԱԿ հանդես է գալիս ոչ միայն իբրև արխիվ, անհատական հավաքածու պահպանող հիշողության ինստիտուտ, իբրև գիտահետազոտական և լուսավորչական հաստատություն, այլև իբրև «գոյակեցության» իրական միջավայր, որի համար էլ ստեղծվում է արվեստը:

Առկա են թանգարանային սովորական ֆորմայի վերափոխման նշաններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առարկան ի հայտ է բերում մի շարք հատկություններ և որակներ, որոնցում դրսևորվում են նրա պատկանելությունը թանգարանային այլ ֆորմայի, և որոնք թույլ են տալիս ժամանակակից արվեստի թանգարանը հակադրել ավանդական թանգարանին: Թանգարանային առարկայի և թանգարանային տարածության նոր բնորոշիչները ուղենշում են և՛ թանգարանի աշխատանքի յուրահատկությունները, և՛ նրա դերի ու գործառույթի փոփոխությունը մշակույթի ու հասարակության մեջ:

Իր հիմնական գործունեության սկզբունքները ձևավորելով՝ թանգարանը ներկայումս ընդունել է բավականին բազմաբևեռ կոնցեպտներ, ինչը և ընդհանրապես ընկած է ժամանակակից արվեստի թանգարանների գործունեության համատեքստում: Օրինակ՝ ԳԱԿ-ը, իր գործունեությունը գլխավորապես նվիրելով արտասահմանյան ժամանակակից արվեստի իր հավաքածուի ու հայաստանյան ժամանակակից արվեստի համակարգմանը և ցուցադրմանը, նաև զուգահեռաբար բերում է միջազգային և տեղական մշակութային դրսևորումներ:

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային ճանաչում ունեցող ԺԱԹ փորձը, այս տիպի թանգարանային հաստատությունը մեծ կարևորություն է տալիս թանգարանային ցուցադրության միջավայրին՝ արտաքին և ներքին ճարտարապետական լուծումներին: Վերջին տասնամյակներում կառուցված ժամանակակից արվեստի որոշ թանգարաններ իրենց շինությունները դարձնում են թանգարանի գլխավոր խորհրդանիշը՝ դառնալով թանգարանի «գլխավոր ցուցանմուշը»: Շատ դեպքերում կառույցները ավելի են արժևորվում, քան նրանում ցուցադրվող արվեստը: ԺԱԹ ճարտարապետությունը առանձնանում է իր ֆուտուրիստական լուծումներով՝ առանց ապակիների, առանց աստիճանների, ոչ ստանդարտ արտաքին ֆորմաներով: ԺԱԹ ցուցադրության մատուցման պոստմոդեռնիստական գործառույթի պես թանգարանի ճարտարապետական ինքնատիպությունը կարևոր դեր է խաղում մշակութային միջավայրի ձևավորման գործում: Այս ամենից անմասն չի մնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ իր «Կասկադ» համալիրով:

ԳԱԿ իր ցուցադրությունը կազմակերպում է «Կասկադի» ճարտարապետական ոչ ավանդական լուծումների ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ: Աշխարհի մի շարք ժամանակակից արվեստի թանգարաններ, փոխելով ցուցահանդեսային տարածության ավանդական թանգարանային պատկերացումները, իրենց ցուցանմուշների համար օգտագործում են արտաքին տարածությունները: Այս էքսպոզիցիոն փոփոխությանը հատկապես ակտիվ մասնակցում են նորարարական ճարտարապետական լուծումներ ունեցող թանգարանները: Արտաքին տարածությունների օգտագործումը նույնպես ժամանակակից արվեստի առանձնահատկություններից է. այն իր նյութերով և ֆորմաներով ընձեռում է ցուցադրանմուշի «ազատ» մատուցուման ձև: ԳԱԿ պարագայում այս գործառույթը մեծ տարածում ունի թանգարանի հավաքածուի ցուցադրման մեջ՝ պայմանավորված շինության աստիճանաձև կառուցվածքով և բացօթյա հարթակների առկայությամբ:

Այսպիսով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակակից արվեստի թանգարանի գաղափարի իրականացումն է Երևանում: Թե նրա հավաքածուն, թե ընդհանուր հայեցակարգերը՝ հիմնված ավանգարդիստական գործընթացների վրա, թե ինստիտուցիոնալ որոշումները, թե նրա աշխատանքի մեթոդները և ձևը, թե թանգարանի ցուցանմուշների առանձնահատուկ նկարագիրը փաստում են ԳԱԿ պատկանելությունը պոստմոդեռնիստական ժամանակակից արվեստի թանգարանի տիպին:

 

Անդին  5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք