Թանգարանային լռություն: Ազգային պատկերասրահ

Հեղինակ:

2

Ժամանակակից աշխարհի շարժման ու աղմուկի մեջ թանգարաններում իջած լռությունը մարդկության անցյալն ու ներկան հատող միջավայր է, որը խոսում է մարդկանց ավանդույթների, նիստուկացի, գեղարվեստական ընկալումների մասին:

1920-ականներին Երևանի Աստաֆյան փողոցում գտնվող երկհարկանի տուֆակերտ կառույցը շատ քիչ բանով էր նմանվում Հայաստանի ազգային պատկերասրահին: Շենքի մեկ-երկու սրահներում ցուցադրված էին արվեստի սակավաթիվ գործեր, որոնց բախտ էր վիճակված դառնալու հանրապետության թանգարանային ամենամեծ հավաքածուներից մեկի հիմնաքարերը:

2002 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը: Հարուստ գունապնակի տեր գեղանկարչի ստեղծագործությունն ասես միահյուսված է իր հայրենիքի և ժողովրդի պատմությանն ու մշակույթին, ինչը երևակայելու անսպառ թեմաներ է տալիս արվեստագետին: Գեղանկարչի եռանդուն աշխատանքի շնորհիվ նոր շունչ է ստացել նաև պատկերասրահի գործունեությունը:

 

-Պարոն Միրզոյան, Հայաստանի ազգային պատկերասրահն իր մոտ հարյուրամյա պատմության ընթացքում ծավալել է մշակութային բուռն գործունեություն և այսօր արդեն դարձել է հանրապետության ամենախոշոր մշակութային օջախներից մեկը: Սակայն անհերքելի է, որ սկիզբը հեշտ չի եղել: Ովքե՞ր էին այն նվիրյալները, որոնց շնորհիվ այդ փոքրիկ պատկերասրահը ոտքի կանգնեց ու դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահ:

 

-Բարդ և դժվարին է եղել Ազգային պատկերասրահի կայացման և հավաքածուի համալրման ճանապարհը, սակայն նման դեպքերում, երջանիկ պատահականությամբ, ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնվում են գործի նվիրյալներ, որոնց անձնվեր աշխատանքի շնորհիվ կատարվում է այն, ինչ կանխորոշված էր: Այսպես, շնորհիվ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ռուբեն Դրամբյանի, Լիդիա Դուռնովոյի և մշակույթի այլ երախտավորների Պետական թանգարանի արվեստի բաժինը համալրեց իր հավաքածուն, համակարգեց ֆոնդերն ու բաժինները և հասարակությանը ներկայացավ որպես Կերպարվեստի պետական թանգարան, ապա` Հայաստանի ազգային պատկերասրահ:

 

-Խորհրդային Միության տարիներին մեր պատկերասրահն ամենամեծ հավաքածուն ունեցող թանգարաններից մեկն էր: Պատկերասրահի հավաքածուն ինչպե՞ս հարստացավ: Ինչպե՞ս թանգարանում հայտնվեցին Վան Դեյքը, Ռուբենսը և ավանգարդիստները:

 

-Մեր թանգարանի հավաքածուն բավական հետաքրքիր է համալրվում: Խորհրդային տարիներին գոյություն ուներ Ցուցահանդեսային բաժին, որը Միության երկրների թանգարաններին արվեստի գործեր էր տրամադրում: Իրենց ժառանգության զգալի մասը պատկերասրահին նվիրեցին նաև հայ նկարիչները` Փ. Թերլեմեզյանը, Է. Շահինը, Ժ. Օրագյանը, Գառզուն և ուրիշները:

Անգնահատելի են նաև ռումինահայ հավաքորդներ Գ. Զամբախչյանի, Վ. Բարաքյանի նվիրատվությունները մեր թանգարանին: Այդպես պատկերասրահում ժամանակին հայտնվեցին եվրոպացի և ռուս մեծ նկարիչների, այդ թվում նաև պերեդվիժնիկների գործերը, որոնք այսօր պատկերասրահի հարստության կարևոր մասն են: Մեր հավաքածուին համբավ են բերում են նաև ռուս ավանգարդիստների` Կանդինսկու, Շագալի կտավները: Ի դեպ, Կանդինսկու գործը շուտով Ֆրանսիայում կմասնակցի նրան նվիրված ցուցահանդեսին:

-Այսօր Ազգային պատկերասրահը իր կազմակերպած ցուցահանդեսների քանակով առաջիններից է մեր հանրապետությունում: Արդյոք չի՞ սահմանափակվում ցուցահանդեսների թեմատիկան:

 

-Պատկերասրահի շուրջ հարյուրամյա պատմության մեջ  առանցքային է ցուցահանդեսային գործունությունը, որին զուգահեռ մշտապես իրականացվել է նաև ֆոնդերի և արխիվի ուսումնասիրություն: Հարուստ հավաքածուի մեջ տեղ են գտել ինչպես հայ անվանի նկարիչների, այնպես էլ տարբեր ժամանակների եվրոպական և ռուսական արվեստի վառ ներկայացուցիչների գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:

Մեր ունեցած հավաքածուում մեծ թիվ են կազմում Մեծ եղեռնից փրկված և սփյուռքում բնակություն հաստատած հայ հեղինակների գործեր, և հաջորդ տարի մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ ցուցահանդես` նվիրված ցեղասպանությանը: Մենք նպատակ ունենք հենց արվեստի միջոցով դատապարտել ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ամենաստոր հանցագործություն:

Ազգային պատկերասրահը շատ ցուցահանդեսներ կազմակերպում է համագործակցելով այլ մշակութային կենտրոնների հետ: Օրինակ` համագործակցելով Սանկտ-Պետերբուրգի Կրոնի թանգարանի հետ` եկող տարի նախատեսում ենք Ռուսական կայսրության շրջանում հայերի ստեղծած արվեստի գործերի ցուցահանդես, իսկ այս տարի հոկտեմբերին պատրաստվում ենք կազմակերպել Լեհաստանում ապրած և ստեղծագործած մեր հայրենակից Թեոդոր Ակսենտովիչի ցուցահանդեսը մեր պատկերասրահում: Ուրախությամբ եմ նշում նաև, որ հաջորդ տարի տեղի կունենա հայ հայտնի գեղանկարիչ, բեմանկարիչ Գեորգի Յակուլովի գործերի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում:

Լուսանկար

 

-Պարոն Միրզոյան, արվեստագետն իր ժամանակի զավակն է, ով աշխարհն է պատկերում իր դիտակետից: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է մեր աշխարհը և ո՞րն է արվեստագետի առաքելությունը:

 

-Արվեստն ամենամեծ ուժն է, և այդ արվեստը մշտապես պետք է  ծառայի, որ արվեստագետն իր շուրջը սեր, գեղեցկություն և բարություն սերմանի: Սակայն արվեստն ինքնաբավ չէ, և, մարդկային գործունեության մյուս ոլորտների նման, նա էլ ունի աջակցության կարիք: Արվեստը պետության կարիքն ունի ճիշտ այնպես, ինչպես պետությունը` արվեստի:

Այսօր մենք ունենք մի այնպիսի արժեք, ինչպիսին անկախ պետությունն է, և այդ արժեքի պահպանման և փառաբանման համար արվեստի դերը մեծ է և անգնահատելի:

Հայերի ուժը միտքն է և տաղանդը, չկա գիտական որևէ ուղղության և մշակույթի մի ոլորտ, որտեղ մենք չենք ունեցել շնորհալի հայրենակիցներ: Սակայն այսօր պատկերը ցավալիորեն տարբեր է, և ոչ թե այն պատճառով, որ չկան երևելիներ, այլ որ շնորքը, որպես այդպիսին, չի գնահատվում և արժևորվում:

 

-Դեպի ո՞ւր է գնում ժամանակակից արվեստը: Ինչպիսի՞ն է այն:

 

-Մենք ունեցել ենք Սուրենյանց, Սարյան, բայց ժամանակի մարտահրավերները նոր արվեստ են պահանջում, որը երիտասարդներն են կրում իրենց մեջ: Այն պետք է ազատ թողնել, բայց և հետևել ու խնամել, քանզի ազատությունը ոչ թե ամենաթողության, այլ քո էությունը պահպանելն: Իսկ ես միշտ հետևում եմ երիտասարդ նկարիչներին, իմ ուսանողներին, որոնց մեջ, ասեմ, շնորհալիները շատ են. տաղանդավոր բառը չեմ սիրում օգտագործել:

 

-Պարոն Միրզոյան, վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ Ձեր անհատական ցուցահանդեսը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին, որը ներկայացված էր այդ ցուցահանդեսում:

 

-Արվեստում ինքնավերահսկողությունը չպետք է ավարտվի: Յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո ամեն խելամիտ արվեստագետ տեսնում է իր բացթողումները և ձեռքբերումները: Իմ վերջին ցուցահանդեսի հրավերը ստացել էի Մոսկվայի ժամանակակից պատմության պետական թանգարանից: Ցուցահանդեսից հետո հնչած արձագանքները հաճելի էին և ոգևորիչ, և կարելի էր եզրակացնել, որ այն սպասված է եղել: Երբ վերադարձա Երևան, եկա արվեստանոցս ու ասացի ինքս ինձ` ես պարտավոր եմ… Յուրաքանչյուր հերթական ցուցահանդես պետք է պարտավորեցնի արվեստագետին, քանզի իսկական արվեստագետի համար արվեստը չպետք է լինի սիրելի զբաղմունք, արվեստը պետք է լինի նրա պարտքը, տուրքն Աստծուն, բնությանն ու մարդկությանը:

 

Թանգարանային լռությունը խախտեց  Մարիա Լազարևան

 

Անդին  5, 2014

Կարծիքներ

կարծիք