«Է»-ի մասին

20151908181752586

-Ի՞նչ եք որոնում:

-Աստծուն եմ որոնում:

-Աստված Կլեմենտինումի չորս հարյուր հազար

հատորներից մեկի էջերի տառերից մեկում է:

Իմ ծնողներն ու ծնողներիս ծնողներն արդեն

որոնել են այդ տառը, ես որոնելով եմ կուրացել:

 

Խորխե Լուիս Բորխես, «Խորհրդավոր հրաշքը»

 

Հույն փիլիսոփա, Ապոլլոնի Դելփյան տաճարի քուրմ Պլուտարքոսն ունի ««E»-ի մասին Դելփիքում» վերնագրով մի տրակտատ: Այստեղ, խոսելով «E»-ի մասին, նա մեջբերում է իր համար խիստ հեղինակավոր ուսուցչին՝ Ամմոնիուսին. «…բայց ի՞նչ իմաստ ունի խոսել այլ թվերի մասին: Չէ՞ որ Ապոլլոնին նվիրված 7 թվի վրա կծախսվի մի ամբողջ օր, մինչև հնարավոր կլինի դիտարկել նրա բոլոր հատկությունները: Դրանից հետո մենք կհայտարարենք, որ իմաստունները «կռվում են» ընդհանուր կարծիքի դեմ և դրանով՝ հնագույն ավանդության դեմ, քանզի նրանք, մերժելով 7 թվին իր պատվավոր տեղում, Աստծուն նվիրել են 5 թիվը, որպես առավել համապատասխանող նրան»:

Մի քանի անգամ ակնարկելով Ապոլլոնի տաճարի Սրբազան տառի և 7 թվի ուղիղ կապի մասին՝ Պլուտարքոսն այնուամենայնիվ իրեն ոչ վայել եղանակով փորձում է համոզել, որ սրբազան պետք է լիներ ոչ թե յոթերորդ, այլ հինգերորդ տառը: Նա այնքան հեռու է գնում իր միտումնավոր մոլորության մեջ, որ անգամ Պլատոնին մեջբերելով՝ նման հայտարարություն է անում. «…կոսմոսը մեկն է, սակայն եթե ենթադրենք, որ կան ուրիշները, և որ այն միակը չէ, ապա դրանք հաստատ կլինեն հինգը և ոչ ավելին»:

Մեզ համար Պլուտարքոսին անդրադառնալը էական է երկու հիմնական պատճառով: Նախ, որ Պլուտարքոսը արձանագրում է «Է»-ի առկայությունը նախաքրիստոնեական շրջանում (հեթանոսական հոգևոր շինության վրա), և երկրորդ՝ այն ջանքերով, որոնցով Պլուտարքոսը փորձում է «Է»-ն յոթերորդից դարձնել հինգերորդ տառը: Դրանով, իհարկե, նա ընդգծում է «Է» տառի և 7 թվի կապը:

Տեղին ենք համարում նշել, որ հայկական և հունական այբուբենների մեջ գոյություն ունեն երկու՝ գրեթե նույն հնչողությամբ Ե-E (էպսիլոն) և Է-H (էտա) տառեր, համապատասխանաբար 5-րդը և 7-րդը: Փաստորեն, ինչպես հստակ կարելի է նկատել անգամ Պլուտարքոսի մոտ, Սրբազան թիվը 7-ն է, իսկ Սրբազան տառը՝ 7-րդը: Հայերենում դա համարժեք է «Է»-ին, իսկ հունարենում՝ «H»-ին: Թողնենք, որ հույները Ապոլլոնի տաճարների վրա որոնեն «H» տառը, իսկ մենք համոզված ենք, որ Ապոլլոնի Դելփյան տաճարի Սրբազան տառը հենց «Է»-ն էր:

Լինելով նախաքրիստոնեական խորհրդանիշ՝ «Է»-ն շարունակել է իր տիեզերական գործառույթը պահպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ևս (եկեղեցիների ճակատային մասերում, ավազանների վրա, խաչքարերին, խորանների վերնամասում, տապանաքարերին, կաթողիկոսի գավազանին և այլուր): Սա, իհարկե, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ նախաքրիստոնեական կառույց լինելու կարևորագույն ապացույցներից մեկն է միայն:

«Է»-ն առկա է նաև Սուրբգրային տեքստերի հայերեն թարգմանություններում: Օրինակ՝ Հին Կտակարանում Աստված իր մասին հայտնում է. «Ես այն Աստուածն եմ, որ «Է» (Ելից — 3.14): Սա «Է»-ի խորհուրդը բացահայտող թեկուզ ոչ միակ, բայց կարևորագույն հիշատակություններից է: Այստեղ Աստված տալիս է իր հետ հաղորդակցվելու բանալիներից մեկը՝ Իր անունը:

Մաշտոցյան այբուբենում բոլոր տառերն ունեն իրենց անունները (ա-այբ, բ-բեն, գ-գիմ), և միայն «Է»-ն անուն չունի. «Է»-ն ինքը հենց անուն է: Սա վկայում է «Է»-ի բացարձակ լինելու մասին: «Է»-ն հայերենում ինքնուրույն բառ է, որն ընդունելով մի շարք ածանցներ՝ հանդես է գալիս տարբեր ձևերով, բայց նույն նշանակությամբ. էակ, էություն, մանրէ, էական, անէանալ և այլն:

Ցանկացած ազգ, որի համար որևէ խորհրդանիշ ընկալելի և կիրառելի է, նրա խորհուրդը պահպանում է հազարամյակներով և շարունակում կրել այն իր Հոգևոր Համակարգում: Ակնհայտ է, որ հույները «Է»-ի խորհուրդը կորցրել են Պլուտարքոսից շատ առաջ: Ժամանակին այն կորցրել են նաև արաբները, եգիպտացիները, բաբելացիները, հրեաները և հոգևոր ավանդույթների բազում այլ կրողներ: Նման բան պատահում է միայն այն դեպքում, երբ կտրվում է կապը Հոգևոր Համակարգի սնուցող աղբյուրի հետ: Ակնհայտ է, որ եթե այդպես չլիներ, այսօր նշված և մի շարք այլ ազգեր կպահպանեին «Է»-ի հոգևոր-կիրառական խորհուրդը:

«Է»-ի նախաքրիստոնեական խորհրդանիշ լինելը փաստում է ոչ միայն Պլուտարքոսի աշխատությունը և հինկտակարանյան «Ես այն Աստուածն եմ, որ «Է» բանաձևը, այլ նաև այն, որ «Է» տիեզերական խորհրդանիշը առկա է Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված բազմաթիվ հնագույն ժայռագրերում: Դրանցում «Է»-ն ունի հստակ հոգևոր գործառույթ՝ խորհրդանշելով գերբնականն ու վերերկրայինը:

«Է»-ն հայերենում ստուգաբանվում է որպես «Աստված, Գերագույն Էակ» (Բառգիրք հայերէն լեզուի: Անդրանիկ վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998): Փաստորեն «Է»-ն Բարձրյալից իր մասին մեզ տրված որոշակի տիեզերական տեղեկատվություն է: Այն Բարձրյալի խորհրդանիշն է երկրաբնակների համար և, հետևաբար, նաև նրան ծառայող Հոգևոր Համակարգի խորհրդանիշը: «Է»-ն Մելիքսեթ քահանայի (Մելքիսեդեկի) բանալիներից է: Մելքիսեդեկի մասին Հին Կտակարանն ասում է, որ Նա «Բարձրյալ Աստծո քահանան էր», որին, ի դեպ, հրեաների նահապետ Աբրահամը վճարեց միաստվածության տասանորդը: Այստեղ հարկ է նշել, որ այդ հոգևոր անձ-համակարգը՝ Մելիքսեթ քահանան, գործում է Տիեզերական Սրբազան Օրենքների համաձայն և «Է»-ն կիրառում է որպես Վերին Տեղեկատվության բանալի:

Մեր կողմից ուսումնասիրված որևէ Սրբազան Գրքում այդքան հստակ չի տրվում «Է»-ի հոգևոր-կիրառական նշանակությունը, որքան Հայոց Տիեզերավեպում: «Է»-ի նշանակության, զորության, կիրառության վերաբերյալ ամենից հարուստ և կարևոր տեղեկությունները մեզ են փոխանցվում Հայոց Սրբազան Գրքերի միջոցով: Դրանցից Սասնա Ծռեր տիեզերավեպում «Է»-ն հիշատակվում է որպես Խաչ Պատրազի, Խաչ Պատերազմի, Սըփ Նշան (Սուրբ Նշան), Խաչ Պատարագի, Աստծու Նշան, Հաղթանակի Նշան և այլն:

Այդ Սուրբ Նշանը հայ դյուցազուններին տրվում է հատուկ եղանակով, հատուկ դեպքերում և հստակ կիրառական նշանակությամբ: Մի դեպքում այն բերում է Քեռի Թորոսը, մյուս դեպքում հայ դյուցազունը տարբեր եղանակներով ինքն է արժանանում Սուրբ Նշանին, և այն երկնքից իջնում է նրա աջ ուսին:

Այստեղ նպատակահարմար ենք համարում «Է»-ն անվանել Սուրբ Նշան, քանի որ մյուս անվանումները ներկայացնում են որոշակի կոնկրետ գործառույթ. պատերազմի ժամանակ նույն նշանը դառնում է Խաչ Պատրազի (Խաչ Պատերազմի) կամ Հաղթանակի Նշան, հոգևոր հարցերում այն արդեն Խաչ Պատարագի է կամ Աստծո Նշան և այլն: Այստեղ կանդրադառնանք Տիեզերավեպում «Է»-ի նշանակության և կիրառման որոշ դրսևորումների միայն:

Նախ հենց սկզբից պետք է նշենք, որ Սուրբ Նշանը՝ «Է»-ն, Հայոց Տիեզերավեպում գաղտնագրված է, ինչը թույլ է տալիս այն ընկալել որպես հավասարաթև խաչ, սվաստիկա, հավերժության նշան, աստղ, քրիստոնեական խաչ և այլն: Ճանաչողության տարբեր աստիճաններում գտնվողների համար Սուրբ Նշանի նման ընկալումները թույլատրելի են:

Որոշ պարզաբանումներ, սակայն, այստեղ պարտավոր ենք տալ՝ հստակեցնելու համար, որ Սուրբ Նշանը այնուամենայնիվ հենց «Է»-ն է: Բայց սկսենք սկզբից. փորձենք հասկանալ, թե ի՞նչ եղանակով և ո՞ւմ է տրվում Սուրբ Նշանը:

Հայոց դյուցազնավեպում Սուրբ Նշանը տրվում է բացառապես հայոց դյուցազուններին և հենց այն ժամանակ, երբ նրանք լիարժեք իրենց վրա են վերցնում Հայոց Սրբազան Տիեզերական Առաքելության իրականացումը: Դյուցազնավեպում Արտատեր Պառավի հուշումը ստանալուց հետո Դավիթը Ձենով Հովանից պահանջում է այն ամենը, ինչ պատկանել է իր հորը՝ Մհերին: Հովանը նրան է տալիս Մհերի զենքն ու զրահը և անգամ Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին: Դավիթը Հովանից ուզում է նաև Խաչ Պատերազմին.

Ասաց.- Հրողբեր,

Տուր ինձ Մհերի Խաչ Պատերազմին:

Հրողբերն ասաց.- Ես չեմ կարնա տա.

Թե արժան ես՝ կը գա քո թևին,

Թե արժան չես՝ չի գա քո թևին:

Էդտեղ Աստծու հրամանով

Խաչ Պատերազմին իջավ վեր աջ թևին:

(Սասունցի Դավիթ էպոսի համահավաք հրատարակություն, «Արևիկ», 1989թ., էջ 314)

 

Ստացվում է, որ Խաչ Պատերազմին ստանում են արժանանալով: Թե ի՞նչ դպրոց է պետք անցնել և ի՞նչ փորձառություն ունենալ դրան արժանանալու համար՝ կարելի է հասկանալ Հայոց Տիեզերավեպի հետ հատուկ առաջնորդությամբ ծանոթանալով միայն:

Պատումներից մեկում Քեռի Թորոսը Մարութա Վանքից Դավթին է բերում Սուրբ Նշանի նյութական օրինակներից մեկը.

 

-Ես կերթամ Բանձրիկ Մարաթուկ,

Մեկ Սըփ Նշան մի կա հոնի, հանիմ ու բերիմ:

Սըփ Նշան էն տեղեն հանեց ու բերեց.

Բերեց, տվեց Դավթին:

Դավիթ համբուրեց, դրեց ծոց:

(Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 74, պատմող՝ Ապարանցի Մուրադ)

Այստեղ Սըփ Նշանը ստանալուց հետո Դավիթը մի կարևոր խոսք է ասում Քեռի Թորոսին.

 

Քեռի Թորոսիկ հարցուց թե.- Դավի՛թ,

Իմա՞լ կերթաս կռիվ Մսրամելիքի հետ:

Ըսեց.- Քեռի՛ Թորոսիկ,

Յոթ օր գառու միս, բրընձ-փլավ չուտիմ,

Մսրամելիքի հետ կռիվ չըմ էնի:

(Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 74, պատմող՝ Ապարանցի Մուրադ)

 

Յոթ օր ինչ-որ բան անել-չանելը իհարկե պատահական չէ: Ակնհայտ է, որ Դավիթն արդեն իսկ որոշակի գիտելիք ունի Սըփ Խաչի և նրա հետ վարվելու կարգի մասին: Էպոսում թվերն ունեն որոշակի գաղտնի, բայց և հստակ օրենքների ենթարկվող նշանակություն: Յոթը «Է»-ի թվաբանական համարժեքն է, «Է»-ի համարը (տունը) հայոց Այբուբենում (նաև նախամաշտոցյան տառային համակարգում):

Ի դեպ, 7 թիվը որոշակի ձևով դրսևորվում է ամեն անգամ, երբ խոսք է գնում Սուրբ Նշանի մասին: Էպոսի այս պատումում «Է»-ն կիրառելու կարգն իմանալու և այն պահելու շնորհիվ Դավիթը հաղթում է Մըսրա Մելիքին: Բայց ահա այլ է խնդիրը մեկ այլ պատումում: Խլաթցիները խոչընդոտում են Դավթին հասնել Սասուն, և Դավիթն առաջարկում է Սասունից հետ գալ և կռվել նրանց հետ.

 

Ու ըդունք չհավտըցան:

-Օր հըմալ է,- ասեցին,-

Դե երդըվցի քո ծոցի Սուրբ Նշան, օր ավտանք:

Դավիթ լե ձեռք զարկեց վըր սանդրին՝

Օր ուր խելքով զսանդր տ՛երդվեր,

Ձեռք առ Սուրբ Նշանին:

Ու Սուրբ Նշանի հունար լե էն էր,

Օր զինք պիտի չերդվըներ:

 

Ու Դավիթ առավ զԽանդուդ,

Ու տարավ ի Սասնու բերդ:

Ձեռք մտոից ի ծոցք, տեսավ,

Օր Սուրբ Նշան էր ընկի ըն թարաֆի ծոցք.

Ու ինք զէն էր էրդվըցե:

Ասեց. «Էլ իմ բան բաթալ է,

Էրթամ լե բոշ, չերթամ լե.

Ըմա ախր տ՛երթամ»:

(Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 43, պատմող՝ Տարոնցի Կրպո)

 

Այն բանի համար, որ Դավիթը երդվում է Սուրբ Նշանով և խախտում է Սրբազան կարգը, նա սպանվում է: Այսինքն՝ ուժ ու հաղթանակ պարգևող «Է»-ն սխալ կիրառման դեպքում կարող է նաև մահաբեր լինել: Այս Սրբազան Օրենքի մասին ավելի ուշ հստակ խոսելու էր Հիսուսը.

 

Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: Այլ ձեր խօսքը լինի՝ «այո»-ն՝ «այո», եւ «ոչ»-ը՝ «ոչ». որովհետեւ դրանից աւելին չարից է:

(Մատթեոս 5:36-37)

 

Երդվելն ինքնին չի խրախուսվում էպոսում, «Է»-ով երդվելն առավել ևս, իսկ երդվելն ու երդումը դրժելը պատժվում է ամենախիստ ձևով: Պատումներից մեկում Չմշկիկ Սուլթանը Դավթին հրավիրում է մենամարտելու և Դավթից երդում է պոկում, որ նա յոթ օրից գա և կռվի.

 

 

Տը գաս սդա, իս տու կռիվ մ՛ենինք:

Թե տու ըզզի սպանիցիր՝

Խանդութ խաթունի ծուց պառկի.

Թե իս ըզքի սպանիցի՝

Իս ել, Խանդութ խաթուն ել թըղ կենանք վորբավարի:

Դավիթ եսաց.- Ասոր մարդ կա խա ձի,

Հարմատ կա խա ձի.

Ընչ իմ յոթ որ լըմանա՝ գամ քու կռիվ:

Չմշկիկ Սուլթան ասաց.

-Խաչ Պատրազին հերդըվցի:

Դավիթ եսաց.

-Նա Խաչ Պատրազին, ընչ վար իմ աջ թևին՝

Իմ յոթ որ լըմանա՝ իս գամ քու կռիվ:

 

Դավիթ գնաց, Խանդութ խաթունի ծուց պառկավ.

Յոթ օր եր կավլ երի՝ գնաց յոթ տարի:

(Սասնա Ծռեր, Ա հատոր, Երևան, 1936թ., էջ 99, պատմող՝ Մոկացի Խապոյենց Զատիկ)

 

Հերիք չէ Դավիթը խախտում է «Է»-ով՝ Աստծո անունով չերդվելու կարգը, նա նաև խախտում է իր երդումը: Պատասխանը լինում է անողոք: Անցնում է ուղիղ յոթ տարի: Մի օր Դավթի աչքն ընկնում է իր աջին, և նա տեսնում է, որ Խաչ Պատրազին սևացել է: Խաչը սևանում է, և Դավթի վախճանն արդեն կանխորոշված է: Նա գնում է Չմշկիկ Սուլթանի մոտ խոստումը կատարելու և սպանվում է վերջինիս կողմից:

Հասկանալու համար, որ Սուրբ Նշանը կամ Խաչ Պատերազմին հենց «Է»-ն է և ոչ այլ խորհրդանիշ, բերենք մի խիստ հատկանշական օրինակ:

Էպոսի դրվագներից մեկում իրար են հանդիպում Սուրբ Սարգիսն ու Դավիթը: Նախ Սուրբ Սարգիսն է համբուրում Դավթի Սուրբ Նշանը, հետո նոր Դավիթը՝ Սարգսին: Դավիթն իր Սուրբ Նշանով ավելի աստվածային է, քան Սուրբ Սարգիսը:

 

Քշեց, գնաց, շատ, քիչ՝ Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա:

Էկավ, տեսավ օր Սըփ Սարգիսն է:

Դավիթ գնաց, օր Սըփ Սարգսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.

-Հանե քո Սըփ Նշան, ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:

Հանեց Սըփ Նշան, համբուրեց Սըփ Սարգիս, էն լէ Սըփ Սարգսին համբուրեց:

-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:

(Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 86, պատմող՝ Ապարանցի Մուրադ)

 

Այստեղ Սուրբ Սարգիսն ընդունում է Դավթի խորհրդանիշի գերակայությունը, և դժվար չէ գլխի ընկնել, թե որն էր Դավթի Նշանը և որը՝ Սուրբ Սարգսինը: Ի դեպ, հոգևոր առավելության նման դրսևորում նկարագրվում է Հին Կտակարանում, երբ հանդիպում են Մելքիսեդեկն ու Աբրահամը: Այդ դրվագում Սաղեմի արքա Մելքիսեդեկը ընդառաջ գալով Աբրահամին՝ նրան հաց ու գինի է հյուրասիրում, օրհնում և նրանից ստանում տասանորդը: Հայտնի է, որ օրհնություն տալիս է կարգավիճակով ավագը կրտսերին:

Խիստ էական մի դրվագ ևս կարևորագույն հուշում է պարունակում իր մեջ: Այս դրվագը հանդիպում է էպոսի տարբեր պատումներում և մեզ է փոխանցում շատ կարևոր մի տեղեկություն:

 

Ըսեց.- Բերեք, Մսրամելիք պառկըցունք,

Ինչ խըդըր ձըզի թաղիս, կարպետ, փալաս կա,

Լցեք վրեն, ու ես իմ մեկ դըրբ պըդի զարկիմ:

Բերին, լցին վրեն:

Ու Սըփ Նշան կանչեց, ու էկավ, զարկեց.

Զարկելուն՝ կտրեց, մեկ գազ լե իջավ գետին:

(Սասնա Ծռեր, Երևան, 1977թ., էջ 77, պատմող՝ Ապարանցի Մուրադ)

 

Այստեղ Դավիթը կանչում է Սուրբ Նշանը: Իսկ ինչպե՞ս նա պետք է կանչեր այն, եթե այդ նշանը ձայնային, հնչյունային համարժեք չունենար: Ինչպե՞ս էր նա կանչելու, ասենք, խաչը, սվաստիկան կամ հավերժության նշանը: Հայերը, վաղեմի սովորությամբ, երբ բաժակ են բարձրացնում, խմելուց առաջ նայում են վեր, արտաբերում են «Է» ու նոր խմում: Դավիթը թրով Մելիքին զարկելուց առաջ պետք է տար Բարձրյալի անունը՝ կանչեր «Է» և հետո հարվածեր: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հայերը միակ ժողովուրդն են, ովքեր երբ խոսքեր չեն գտնում զգացածն արտահայտելու համար, ասում են՝ «Էէէէէէէէ»:

«Է»-ն իր հոգևոր-կիրառական նշանակությունն ունեցել է նախահեթանոսական  շրջանում, հեթանոսական շրջանում, այնուհետև այն պահպանել և այսօր էլ կրում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: «Է»-ի վերաբերյալ իրենց խիստ արժեքավոր հիշատակումներն ունեն տարբեր դարաշրջանների Հայ Եկեղեցու հայրերն ու պատմիչները:

Մեր առջև այստեղ դրված խնդրի շրջանակներում ավելացնենք միայն, որ «Է»-ն իր կարևոր նշանակությունն ունի նաև այլ Հոգևոր Սրբազան Ավանդույթներում: «Է»-ն է մինչև օրս մեծագույն գաղտնիք հանդիսացող «Յոթնագրյանք» գրերի բացման բանալին, և միայն «Է»-ի խորհուրդն ու կիրառական նշանակությունը հասկանալով կարելի է հասկանալ «Յոթնագրյանքները»:

Ավելացնենք նաև, որ ոչ այնքան պատահական զուգադիպությամբ «Է»-ն հանդիսանում է Արեգակից սկսած 7-րդ մոլորակ Երևակի (Սատուրնի) խորհրդանիշը (ђ): «Է»-ի և նրա հայելային պատկերի միացումից է գոյանում քրիստոնեական խաչը, իսկ «Է»-ի սիմետրիկ քառապատկումը ծնունդ է տալիս սվաստիկային: Այստեղ մենք խնդիր չունենք առավել մանրամասն պարզաբանելու նշված «զուգադիպությունները» և դրանց հարկ եղած դեպքում կանդրադառնանք հետագայում:

Վերը բերվածներից բխող հետևությունն ակնհայտ է. «Է»-ն Բարձրյալ Աստծո գերագույն քահանայապետի՝ Մելիքսեթ քահանայի (Մելքիսեդեկի) հոգևոր բանալիներից է: Այն Արարչից տրված է որպես Աստծուն ճանաչելու, նրա հետ հարաբերվելու և նրան ծառայելու խորհրդանիշ: Հեռու չէ այն օրը, երբ Հայոց Սրբազան Առաքելությանը ծառայողները կսկեն կրել Հայ Եկեղեցու կողմից օրհնված «Է»-ն, և դա Հայոց Հոգևոր Համակարգի վերականգնման և ամրապնդման տեսանելի նախանշաններից մեկը կլինի:

 

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք