Երկխոսության ամենալուռ ձևը

Լուսանկար

Ժամանակ կար, որ մտածում էի, թե լավ լուսանկարիչ լինելու համար բավական է միայն արհեստավարժի խցիկ ունենալը…

Եվ թվում էր, թե հենց դա է պակասում ինձ: Սակայն ինձ` այդպես մտածողիս համար շրջադարձային եղան բրիտանացի վավերագրող Պատրիկ Սադերլենդի մոտ ստացած վարպետության դասերը: Նա ինձ համար բացեց մինչ օրս անսպառ մի ճշմարտություն` լուսանկարը քեզ շրջապատող աշխարհի ոչ թե պատկերն է, այլ դրա բովանդակությունը:

Իսկ հաջողված լուսանկարի մեջ ամենամեծ դերը հենց լուսանկարչինն է: Ինչպես կտավում է երևում ինքը` գեղանկարիչը, այնպես էլ լուսանկարների մեջ կարելի է տեսնել հեղինակին, քանի որ յուրաքանչյուր լուսանկարիչ ունի իր դիտակետը, կադրը, թեման: Ես սիրում եմ լուսանկարել մարդկանց և որսալ հակադրությունը: Ինձ թվում է, որ հենց հակադրություններն են բացահայտում ճշմարտությունը:

Հին հույներն ասում էին, որ ճշմարտությունն ի հայտ է գալիս երկխոսության միջոցով: Եվ ես ինձ համար բացահայտեցի երկխոսության ամենազուսպ ու լուռ ձևը` աղոթքը: Մահմեդականներն ասում են` երբ դու Ղուրան ես կարդում, Ալլահն է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Ալլահի հետ:

 

Գրեթե տասն օր շրջեցի Երևանի Կապույտ մզկիթի իմամի ընտանիքի հետ` լուսանկարեցի նրանց իրենց միջավայրում և Հայաստանի տարբեր վայրերում: Եվ այդ տասն օրերի իմ լուսանկարները, որոնք ներկայացվեցին «Երկխոսություն Կապույտ մզկիթում» խորագրով ցուցահանդեսին, իրենց մեջ կրում էին ինձ համար այդքան սիրելի թեման` հակադրությունը` մահմեդականի ու քրիստոնյայի, հայի և իրանցու:

Եվ ես այդ մշակութային բազմազանության մեջ, թերևս, հայտնաբերեցի ընդհանուրը` ճշմարտությունը, որը յուրաքանչյուր ազգ իր Աստծո անունով է կոչում: Մահմեդական, թե քրիստոնյա, հայ, թե իրանցի` բոլորը հավատում են Արդարամիտին, Վեհին, Ճշմարիտին, պարզապես յուրաքանչյուրը Նրա հետ երկխոսության մեջ է մտնում իր սեփական լեզվով, իր ստեղծած հոգևոր տաճարներում` եկեղեցի լինի այն, թե մզկիթ:

 

Լազարևա Մարիա

Անդին 8, 2014

2

Կարծիքներ

կարծիք