Երեք ճառ Դոստոևսկու հիշատակին: Առաջին ճառ: Շարունակություն

20152301141011282

Դոստոևսկին չենթարկվեց իր շուրջը տիրապետող մղումների ազդեցությանը, հնազանդորեն չհետևեց հասարակական շարժման փուլերին. նա կանխատեսում էր այդ շարժման հնարավոր շրջադարձերն ու նախապես դատում էր դրանք: Իսկ դատել նա կարող էր իրավամբ, քանզի իբրև դատողության չափանիշ ուներ իր հավատը, որը նրան վեր էր դնում տիրապետող հոսանքներից, թույլ էր տալիս այդ հոսանքներից ավելի հեռուն տեսնել և չտարվել դրանցով: Իր հավատի ուժով Դոստոևսկին ճշտորեն կանխատեսում էր ամբողջ այդ շարժման գերագույն, հեռավոր նպատակը, պարզորոշ տեսնում էր շեղումներն այդ նպատակից, իրավամբ դատում և արդարացիորեն դատապարտում էր դրանք: Այդ արդարացի դատապարտումը վերաբերում էր հասարակական շարժման լոկ խոտոր ձևերին ու սխալ ուղիներին, այլ ոչ ինքնին շարժմանը՝ անհրաժեշտ ու ցանկալի, այդ դատապարտումը վերաբերում էր հասարակական ճշմարտության նսեմ ընկալմանը, կեղծ հասարակական իդեալին, այլ ոչ թե հասարակական ճշմարտության որոնմանը, ոչ թե հասարակական իդեալն իրականացնելու մղումին: Այս վերջինը Դոստոևսկու համար նույնպես առջևում էր. նա հավատում էր Աստծո ոչ միայն անցյալ, այլև ապագա Առաքելությանը և հասկանում էր հանուն դրա իրականացման աշխատանքի ու սխրանքի անհրաժեշտությունը: Ով գիտե շարժման ճշմարիտ նպատակը, նա կարող է և պետք է դատապարտի շեղումները դրանից: Իսկ Դոստոևսկին առավելապես ուներ այդ իրավունքը, քանի որ ի սկզբանե ինքն էլ շեղվել, ինքն էլ կանգնել էր այդ խոտոր ճանապարհին: Դոստոևսկուն հասարակական մտքի տիրապետող հոսանքներից այդչափ վեր հանած դրական կրոնական իդեալը տրվել էր նրան ոչ անմիջապես, այլ ծանր ու երկարատև պայքարի գնով: Նա դատում էր այն, ինչ գիտեր, և նրա դատն արդար էր: Եվ որքան պարզ էր դառնում նրա համար բարձրագույն ճշմարտությունը, այնքան վճռականորեն պետք է նա դատապարտեր հասարակական գործողության կեղծ ճանապարհները:

Դոստոևսկու ողջ գործունեության ընդհանուր իմաստը կամ հասարակական գործչի նրա նշանակությունը հասարակության բարձրագույն իդեալի և դրան հասնելու ճիշտ ճանապարհի կրկնակ հարցի լուծման մեջ է:

Սոցիալական շարժման օրինական պատճառը անհատի բարոյական պահանջների և որոշակի հասարակարգի միջև հակասությունն է: Այստեղից է սկսել և Դոստոևսկին որպես նկարագրող, մեկնաբանող և, դրա հետ մեկտեղ, նոր հասարակական շարժման գործուն մասնակից: Հասարակական անիրավության խոր զգացումը, թեկուզև ամենաանմեղ տեսքով, դրսևորվեց նրա առաջին՝ «Խեղճ մարդիկ» վիպակում: Վիպակը (որին հարում է և  «Ստորացվածներն ու վիրավորվարծները» ամենավերջին վեպը) հանգում է այն հին և հավերժ նոր ճշմարտությանը, որ իրերի առկա վիճակում լավագույն (բարոյապես) մարդիկ միաժամանակ վատթարագույնն են հասարակության համար, որ խեղճ, ստորացված

ու վիրավորված վիճակը նրանց ճակատագիրն է:4

 

 

Եթե սոցիալական անիրավությունը Դոստոևսկու համար մնար սոսկ վեպի կամ վիպակի թեմա՝ նա ինքն էլ սոսկ գրող կմնար և ձեռք չէր բերի իր առանձնահատուկ նշանակությունը ռուս հանրության կյանքում: Բայց Դոստոևսկու համար իր վիպակի բովանդակությունը միաժամանակ կյանքի խնդիր էր: Նա հարցը միանգամից դրեց բարոյական ու գործնական հողի վրա: Տեսնելով ու դատապարտելով այն, ինչ կատարվում է աշխարհում, նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անել:

Ամենից առաջ պատկերացավ պարզ ու հասարակ մի որոշում. լավագույն մարդիկ, որ ուրիշների վերաբերյալ տեսնում և իրենց վրա զգում են հասարակական անիրավությունը, պետք է միավորյալ ընդվզեն ընդդեմ նրա և վերստեղծեն հասարակությունն ըստ իրենց:

Երբ այդ որոշումն իրագործելու առաջին միամիտ փորձը5   Դոստոևսկուն հասցրեց կառափնարան ու աքսոր, նա, իր ընկերների նման, կարող էր իր մտադրությունների նման արդյունքը բացատրել սեփական անհաջողակությամբ և այլոց բռնությամբ: Դատավճիռը խիստ էր: Սակայն վիրավորանքի զգացումը չխանգարեց Դոստոևսկուն հասկանալ՝ սոցիալական հեղաշրջման մտահղացումը, որը պետք էր միայն իրեն և իր ընկերներին, ճիշտ չէր:

Մեռյալ տան զարհուրանքի մեջ Դոստոևսկին առաջին անգամ գիտակցաբար հանդիպեց ժողովրդական զգացմունքի ճշմարտությանը և նրա լույսով հստակորեն տեսավ իր հեղափոխական մղումների անճշտությունը: Կալանավայրի Դոստոևսկու ընկերները վիթխարի մեծամասնությամբ հասարակ ժողովրդից էին և, մի քանի պայծառ բացառություններով, ժողովրդի ամենավատ մարդիկ: Սակայն հասարակ ժողովրդի վատագույն մարդիկ էլ սովորաբար պահպանում են այն, ինչ կորցնում  են մտավորական լավագույն մարդիկ՝ հավատն առ Աստված և իրենց մեղավորության գիտակցությունը: Հասարակ հանցագործները, իրենց ստոր գործերով զատվելով ժողովրդի զանգվածից, զգացմունքներով ու հայացքներով, կրոնական աշխարհայեցողությամբ նրանից ամենևին չեն անջատվում: Դոստոևսկին մեռյալ տանը գտավ իրոք «խեղճ»  (կամ, ժողովրդական արտահայտությամբ, դժբախտ) մարդկանց: Այն նախկինները, որոնց նա թողել էր իր անցյալում, հասարակական վիրավորանքից դեռևս ապաստան ունեին սեփական արժանապատվության, անձնական գերազանցության զգացումի մեջ: Տաժանապարտները դա չունեին, սակայն ունեին մի առավել բան: Մեռյալ տան վատագույն մարդիկ Դոստոևսկուն վերադարձրեցին այն, ինչ նրանից խլել էին մտավորականության լավագույն մարդիկ: Եթե այնտեղ՝ լուսավորության ներկայացուցիչների շրջապատում, կրոնական զգացմունքի մնացորդը նրան ստիպում էր գունատվել առաջադեմ գրողի սրբապղծություններից, ապա այստեղ՝ մեռյալ տանը, այդ զգացմունքը պետք է հարություն առներ և նորոգվեր տաժանապարտների խոնարհ և բարեպաշտ հավատի ազդեցության ներքո: Եկեղեցուց կարծես մոռացված, պետությունից ճզմված այդ մարդիկ հավատում էին Եկեղեցուն և չէին մերժում պետությունը: Եվ ամենադժնի պահին տաժանապարտների մոլեգին ու վայրագ ամբոխի ետևից Դոստոևսկու  հիշողության մեջ հառնեց ճորտ մուժիկ Մարեյի, որը սիրակամ քաջալերում էր վախեցած պարոնին, վեհասքանչ ու հեզ կերպարը: Եվ նա զգաց ու հասկացավ, որ Աստծո այդ բարձրագույն ճշմարտության առջև ցանկացած ինքնագործ ճշմարտություն սուտ է, իսկ այդ սուտը այլոց պարտադրելու փորձը՝ ոճրագործություն:

Անհաջողակ հեղափոխականի չարացածության փոխարեն Դոստոևսկին աքսորից դուրս բերեց բարոյապես վերածնված մարդու պայծառ հայացքը: «Ավելի շատ հավատ, ավելի շատ միաբանություն, իսկ եթե դրա հետ էլ սեր՝ ապա ամեն ինչ արված է»,- գրում էր նա: Ժողովրդի հետ շփումից նորոգված այդ բարոյական ուժը մեր հասարակական շարժման առջևում Դոստոևսկուն բարձր տեղի իրավունք տվեց ոչ թե որպես օրվա չարիքի սպասարկուի, այլ որպես հասարակական մտքի իսկական ուժամուղի:

Դրական հասարակական իդեալը Դոստոևսկու մտքում Սիբիրից վերադառնալիս դեռևս բավականաչափ հստակ չէր: Սակայն երեք ճշմարտություն այս խնդրում նրա համար միանգամայն պարզ էին. նախևառաջ նա հասկացել էր, որ առանձին, թեկուզև լավագույն մարդիկ իրավունք չունեն բռնանալ հասարակության վրա հանուն իրենց անձնական գերազանցության, նա նաև հասկացել էր, որ հասարակական ճշմարտությունը չի հորինվում առանձին ուղեղներում, այլ արմատակալում է համաժողովրդական զգացմունքի մեջ, և, վերջապես, հասկացավ, որ այդ ճշմարտությունը կրոնական նշանակություն ունի և անհրաժեշտաբար կապված է Քրիստոսի հավատի, Քրիստոսի իդեալի հետ:

Այդ ճշմարտությունների գիտակցությամբ Դոստոևսկին շատ առաջ էր ժամանակի տիրապետող հասարակական մտքի ընթացքից և դրա շնորհիվ կարող էր կանխատեսել և ցույց տալ, թե ուր է տանում այդ ընթացքը: Հայտնի է, որ «Ոճիր և պատիժ» վեպը գրվել է Դանիլովի 6   և Կարակոզովի հանցագործությունից անմիջապես առաջ, իսկ «Չարքեր» վեպը՝ նեչաևականների դատավարությունից: Այդ վեպերից առաջինի իմաստը, մանրամասների ողջ խորությամբ հանդերձ, շատ պարզ է և հասարակ, թեպետ շատերը այն չհասկացան: Գլխավոր գործող անձը այն հայեցակետի ներկայացուցիչն է, ըստ որի ամեն մի ուժեղ մարդ ինքնիշխան է և նրան թույլ է տրված ամեն ինչ: Հանուն իր անձնական գերազանցության, իր ուժի՝ նա իրեն իրավասու է համարում սպանություն գործել և իրոք գործում է: Բայց ահա այն գործը, որը նա համարում էր սոսկ արտաքին անիմաստ օրենքի խախտում և հասարակական նախապաշարմունքին նետված խիզախ մարտահրավեր, հանկարծ նրա սեփական խղճի համար դառնում է մի ինչ-որ առավել բան, դառնում է մեղք, ներքին, բարոյական ճշմարտության խախտում: Արտաքին օրենքի խախտումը օրինական հատուցում է ստանում արտաքուստ ի դեմս աքսորի և տաժանակրության, բայց հպարտության ներքին մեղքը, որն ուժեղ մարդուն տարանջատել էր մարդկությունից և տարել նրան մարդասպանության, ինքնաստվածացման այդ ներքին մեղքը կարող է քավվել լոկ ինքնահրաժարման ներքին, բարոյական սխրանքով: Անսահման ինքնավստահությունը պետք է չքվի հավատի առջև առ այն, ինչն առավել է քեզնից, իսկ ինքնարար արդարացումը պետք է խոնարհվի Աստծո գերագույն ճշմարտության առջև՝ այն նույն հասարակ ու թույլ մարդկանց մեջ կենող, որոնց ուժեղ մարդը նայում էր իբրև չնչին միջատների:

«Չարքեր»-ում նույն թեման եթե խորացված չէ, ապա նշանակալիորեն ընդարձակված է ու բարդացված: Բռնի հեղաշրջման, աշխարն ըստ իրենց վերափոխելու երազանքով մոլագար մարդկանց մի ողջ հանրություն գազանային ոճիրներ է գործում և ամոթալի կերպով կործանվում, իսկ հավատով փրկված Ռուսաստանը խոնարհվում է իր Փրկչի դիմաց:

Այս վեպերի հասարակական նշանակությունը վիթխարի է, նրանցում կանխատեսված են կարևոր հասարակական երևույթներ, որոնք չհապաղեցին ի հայտ գալ, դրա հետ միասին այդ երևույթները դատապարտված են հանուն գերագույն կրոնական ճշմարտության, և ցույց է տրված հասարակական շարժման նույն այդ ճշմարտության ընկալման լավագույն ելքը: Դատապարտելով միմիայն ոճիրներ ծնող ինքնակամ վերացական ճշմարտության որոնումները՝ Դոստոևսկին հակադրում է դրանց Քրիստոսի հավատի վրա հիմնված ժողովրդական կրոնական իդեալը: Այդ հավատին վերադառնալն է և Ռասկոլնիկովի, և ողջ դիվահար հասարակության համար ընդհանուր ելքը: Միմիայն ժողովրդի մեջ ապրող առ Քրիստոս հավատն է պարունակում իր մեջ այն դրական հասարակական իդեալը, որում առանձին անհատը համախոհ է ամենքի հետ: Իսկ այդ համախոհությունը կորցրած անհատից առաջին հերթին պահանջվում է հրաժարում իր հպարտ միայնությունից, որպեսզի ինքնաբացասման բարոյական գործողությամբ վերամարնավորվի ողջ ժողովրդի հետ: Սակայն հանուն ինչի՞: Հանուն սոսկ այն բանի, որ ժողովուրդը ժողովո՞ւրդ է, որ վաթսուն միլիոնը ավելին է, քան միավորը կամ հազա՞րը: Հավանաբար կան մարդիկ, որոնք դա հենց այդպես էլ հասկանում են: Բայց նման չափազանց պարզունակ պատկերացումը միանգամայն խորթ է Դոստոևսկուն: Մենառանձնացած անհատից դեպի ժողովուրդը վերադարձ պահանջելիս նա նախ և առաջ նկատի ուներ վերադարձն առ այն իսկական հավատը, որը տակավին ապրում է ժողովրդի մեջ: Եղբայրության կամ համընդհանուր համախոհության այն հասարակական իդեալում, որին հավատում էր Դոստոևսկին, գլխավորը նրա կրոնա-բարոյական, այլ ոչ թե ազգային նշանակությունն էր: Արդեն «Չարքեր»-ում խիստ ծաղր կա այն մարդկանց հանդեպ, ովքեր երկրպագում են ժողովրդին սոսկ այն բանի համար, որ նա ժողովուրդ է, և ուղղափառությունը գնահատում են իբրև ռուս ազգության հատկանիշ:

Եթե մենք ցանկանում ենք մեկ բառով արտահայտել այն հասարակական իդեալը, որին հանգեց Դոստոևսկին, դա կլինի ոչ թե ժողովուրդ, այլ Եկեղեցի բառը:

Մենք հավատում ենք Եկեղեցուն որպես Քրիստոսի միստիկական մարմնի, մենք գիտենք Եկեղեցին նաև որպես այս կամ այն դավանանքի հավատացյալների ժողով: Սակայն ի՞նչ է Եկեղեցին որպես հասարակական իդեալ: Դոստոևսկին աստվածաբանական ոչ մի հավակնություն չուներ, և այդ պատճառով մենք էլ իրավունք չունենք նրա գործերում որոնել Եկեղեցու ըստ էության ինչ-ինչ տրամաբանական ձևակերպումներ: Սակայն Եկեղեցին իբրև հասարակական իդեալ քարոզելով՝ նա արտահայտում էր միանգամայն պարզ ու որոշակի պահանջ, նույնքան պարզ ու որոշակի (թեպետ տրամագծորեն հակառակ), որքան այն պահանջը, որ հայտնում է եվրոպական սոցիալիզմը: (Այդ իսկ պատճառով իր վերջին օրագրում Դոստոևսկին մեր ռուսական սոցիալիզմ է անվանում ժողովրդի հավատն առ Եկեղեցի): Եվրոպական սոցիալիստները պահանջում են բռնությամբ վար բերել ամենքին կուշտ և ինքնագոհ բանվորների մի զուտ նյութական մակարդակի, պահանջում են վար իջեցնել պետությունն ու հասարակությունը հասարակ տնտեսական միավորման աստիճանի: «Ռուսական սոցիալիզմը», որի մասին խոսում էր Դոստոևսկին, ընդհակառակը, վեր է բարձրացնում ամենքին մինչև Եկեղեցու՝ իբրև հոգևոր եղբայրության բարոյական մակարադակը. թեկուզև պահպանելով սոցիալական վիճակների արտաքին անհավասարությունը՝ պահանջում է ողջ պետական և հասարակական կյանքի ոգեղենացում Քրիստոսի կյանքի և ճշմարտության մարմնավորման միջոցով:

Եկեղեցին իբրև դրական հասարակական իդեալ պետք է դառնար նոր վեպի

կամ նոր վիպաշարի, որից միայն առաջին վեպը՝ «Կարամազով եղբայրներն» 7   է գրվել, կենտրոնական գաղափարը:

Եթե Դոստոևսկու այդ հասարակական իդեալը ուղղակիորեն հակառակ է «Չարքեր»-ում պատկերված ժամանակակից գործիչների իդեալին, ապա նույն կերպ իրարամերժ են և դրանց հասնելու ուղիները: Այնտեղ ուղին բռնությունն ու սպանությունն է, այստեղ՝ բարոյական սխրանքը, ընդ որում կրկնակի սխրանքը, բարոյական ինքնահրաժարման կրկնակի գործողությունը: Ամենից առաջ անհատից պահանջվում է հրաժարում իր կամայական կարծիքից, իր ինքնարար ճշմարտությունից հանուն ընդհանուր, համաժողովրդական հավատի և ճշմարտության: Անհատը պետք է խոնարհվի ժողովրդական հավատի առջև, բայց ոչ այն պատճառով, որ նա ժողովրդական է, այլ որովհետև ճշմարիտ է: Եթե այդպես է, ուրեմն ժողովուրդն էլ հանուն այդ ճշմարտության, որին հավատում է, պետք է հրաժարվի և ազատվի իր մեջ եղած այն ամենից, ինչը չի համաձայնում կրոնական ճշմարտության հետ:

Ճշմարտության տիրապետում չի կարող լինել ժողովրդի արտոնությունը ճիշտ այնպես, ինչպես այն չի կարող լինել առանձին անհատի արտոնությունը: Ճշմարտությունը կարող է լինել միայն տիեզերական, և ժողովրդից պահանջվում է այդ տիեզերական ճշմարտությանը ծառայելու սխրանքը, թեկուզ, և անգամ անպայման, իր ազգային եսասիրությունը զոհաբերելով: Եվ ժողովուրդը պետք է արդարացնի իրեն տիեզերական ճշմարտության առջև, և ժողովուրդը պետք է զոհի իր հոգին, եթե ուզում է փրկել այն:

Տիեզերական ճշմարտությունը մարմնավորվում է Եկեղեցում: Վերջնաիդեալն ու նպատակը ոչ թե ժողովրդի, որն ինքնըստինքյան լոկ ծառայական ուժ է, այլ Եկեղեցու մեջ է, որը ծառայելու գերագույն առարկան է՝ ոչ միայն անհատից, այլև ողջ ժողովրդից բարոյական սխրանք պահանջող:

Եվ այսպես, Եկեղեցին իբրև դրական հասարակական իդեալ, իբրև մեր բոլոր մտքերի ու գործերի հիմք և նպատակ, և համաժողովրդական սխրանքն իբրև այդ իդեալի իրականացման ուղիղ ճանապարհ՝ ահա վերջին խոսքը, որին հասու եղավ Դոստոևսկին, և որը լուսավորեց նրա ողջ գործունեությունը մարգարեական լույսով:

 

4. Դա նույն թեման է, որը կա Վիկտոր Հյուգոյի  «Թշվառներ»-ում. մարդու ներքին, բարոյական արժանապատվության և նրա սոցիալական դրության միջև հակասությունը: Դոստոևսկին շատ բարձր էր գնահատում այդ վեպը, և ինքն էլ  ենթարկվել էր Վիկտոր Հյուգոյի որոշ, թեպետ բավական մակերեսային ազդեցությանը  (հակումը դեպի հակաթեզերը): Պուշկինից ու Գոգոլից բացի նրա վրա ավելի խոր ազդեցություն էին գործել Դիկկենսն ու Ժորժ Սանդը:

 

5. Միամիտ առանձնապես Դոստոևսկու կողմից, որը խիստ անորոշ գծերով էր պատկերացնում սոցիալական հեղաշրջման ուղիները:

 

6. Դանիլովը Մոսկվայի համալսարանի ուսանող էր, որը ինչ-ինչ հատուկ ծրագրեր փայփայելով սպանել ու կողոպտել էր մի վաշխառուի:

 

7. Իր նոր ստեղծագործության գլխավոր միտքը, մասամբ և պլանը, Դոստոևսկին ընդհանուր գծերով հաղորդել է ինձ 1878թ. ամռանը: Նույն ժամանակ ենք մենք մեկնել (այլ ոչ թե 1879թ., ինչպես սխալմամբ ասված է Ն.Ն.Ստրախովի հուշերում) Օպտինյան Անապատ:

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Բաբայան

 

 

Սկիզբը՝ այստեղ

 

Անդին 1, 2013

Կարծիքներ

կարծիք