Երազանքով՝ ճարտարապետ, էությամբ՝ բժիշկ

Լուսանկար

Բժշկի մասնագիտության մեջ, թերևս, խաչվում են ամենատարբեր արհեստներն ու արվեստները, իսկ բժշկությունը ոչ այլ ինչ է, քան ճարտարապետություն, նորը ստեղծելու, իսկ հինը վերաստեղծելու մեծ արվեստ: 

Բժշկության զարգացման մեծ քայլերն արդեն թույլ են տալիս բժիշկներից և դեռ ավելին՝ հմուտ հայ բժիշկներից ակնկալել անհավատալին, հրաշալին…

Անդինի հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ղեկավար, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը: 

Անդինը փորձել է պարզել հրաշագործ հայ բժշկի մասին պատմվող լեգենդների իսկությունը:

 

 

 

-Պարոն Սահակյան, Ձեր հրաշալի վիրահատությունների մասին հիացմունքով խոսում են ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Ինչպիսի՞ն է եղել մասնագիտական կայացման Ձեր ճանապարհը:

 

-Անկեղծ ասած՝ ես պատահմամբ եմ բժիշկ դարձել, քանի որ մանկուց երազում էի ճարտարապետ դառնալ: Դպրոցական տարիներին Կողբից հասնում էի Կիրովական, որտեղ Գեորգի Թովմասյանի մոտ նկարչություն էի պարապում: Մի օր հորս հետ այցելեցինք Ճարտարապետների միության նախագահ Վարազդատ Հարությունյանին, ով խորհուրդ տվեց մեկ տարի իր մոտ աշխատել որպես լաբորանտ, ապա մյուս տարի համալսարան դիմել: Սակայն հայրս, որ մշտապես հիացած էր բժշկի մասնագիտությամբ, հարմար առիթն օգտագործելով՝ ինձ առաջարկեց դիմել բժշկական ինստիտուտ: Այն ժամանակներում ասում էին, թե միայն ՙծանոթով՚ են ընդունվում բժշկական ինստիտուտ: Սակայն ես գյուղից Երևան եկած պատանի էի և բարեբախտաբար, թե պատահաբար դարձա բժշկականի ուսանող:

Ինստիտուտն ավարտելուց հետո մի կարճ ժամանակահատված աշխատեցի Նոյեմբերյանում, իսկ 1977-ին տեղափոխվեցի Դնեպրոպետրովսկ քաղաք, որտեղ և աշխատեցի մինչև 1982 թվականը: Պետք է ասեմ, որ հենց այդ տարիների աշխատանքս մեծ կարևորություն ունեցավ իմ մասնագիտական կայացման համար: Սակայն ես դաստիարակվել էի հայրենասեր ընտանիքում, ուստի հեռուներում երկար մնալ չցանկացա և ընտանիքիս հետ վերադարձա Հայաստան:

Այստեղ ես ստիպված  էի ամեն ինչ սկսել զրոյից: Կլինիկական օրդինատուրա ընդունվեցի Միքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում, և առաջին տարվա գործունեությունս սահմանափակվում էր առնետներ և նապաստակներ հերձելով ու հետազոտություններ անելով: Բայց անցյալի իմ փորձն ինձ բավական օգնում էր, քանի որ ես Հայաստան էի եկել ոչ թե որպես անփորձ բժիշկ, այլ արդեն կայացած վիրաբույժ:

Առաջին մասնագիտական հաջողություններս եղան 1983-84-ին, երբ վիրահատում և միացնում էինք ամբողջովին անդամահատված մատներ, սակայն դեռևս դժվար էր Հայաստանում փոխպատվաստման (տրանսպլանտացիա) թույլտվություն ստանալը, այն էլ Ալեքսանդր Միքայելյանի հսկողության տակ:

 

-Դուք բազմատեսակ բարդ վիրահատություններ եք արել, որոնց մասին, վստահ եմ, այսօր արդեն հանգիստ եք խոսում: Հիշո՞ւմ եք Ձեր առաջին բարդ վիրահատությունը:

 

-Իհարկե հիշում եմ: Ինձ համար առաջին նշանակալից վիրահատությունն արեցի Հայաստանում: 1985 թ. ես մեկնեցի Զվենիգորոդ՝ երիտասարդ գիտնականների կոնգրեսին, որից հետո ԽՍՀՄ միկրոանոթային վիրաբուժության հիմնադիր, հայտնի միկրովիրաբույժ Վիկտոր Կռիլովն ինձ կշտամբեց, որ Հայաստանում միկրովիրաբուժություն չկա: Սակայն ես նրան բացատրեցի, որ մենք (այդ մենքի ներքո ես նկատի ունեի հենց ինձ) արդեն հարյուրավոր նյարդաթելեր ենք կարել, անդամահատված վերջույթներ միացրել, սակայն փոխպատվաստում անել ավանդական-պահպանողական մտածելակերպով բժշիկների հսկողության պայմաններում անհնար է:

Նա կապվեց համամիութենական կենտրոնի նախագահ ակադեմիկոս Պիոտրովսկու հետ և թելադրեց այսպիսի նամակ. մենք ունենք համապատասխան կադրեր միկրովիրաբուժության իրականացման համար, սակայն Երևանում բժիշկ Միքայելյանը թույլ չի տալիս, որ բժշկության այդ կարևոր ճյուղը խորհրդային մյուս հանրապետությունների բժշկությանը համահունչ զարգանա:

Ամենասարսափելին այն էր, որ այդ նամակը տեղ հասցնելն ինձ էր հանձնարարված: Իսկ ես գլխիցս ձեռք չէի քաշել ու պատրաստվում էի դեռ աշխատել այդ նույն Միքայելյանի հետ: Իսկ ինքը՝ Միքայելյանը, անոթային վիրաբույժ էր և Մոսկվայում ասել էր, թե մեր երկրում միկրովիրաբուժության համապատասխան բաժանմունք կա:

Իմ վերադարձից հետո Միքայելյանը ինձ կանչեց իր առանձնասենյակ, աչքերիս առջև թափահարեց նամակը և գոռաց՝ что это такое?: Ես միամիտ Շվեյկի նման պատասխանեցի՝ ինձ հարցնում էին՝ կա՞ միկրովիրաբուժության բաժանմունք, իսկ ես ասել եմ՝ չկա: Չեմ ստել, չէ՞, իհարկե չկա:

Թևաթափ եղած Միքայելյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ է ուզածդ: Առանց վարանելու միանգամից պատասխանեցի՝ փոխպատվաստում անելու թույլտվություն:

Բայց, իհարկե, ոչինչ հեշտությամբ չէր տրվելու: Առաջին վիրահատվողը երիտասարդ կահույքագործ տղա էր, ով հաստոցով աշխատելիս անզգուշորեն  կտրել էր մատը: Անմիջական ղեկավարս ինձ թույլ տվեց այդ վիրահատությունն անել ամբողջ գիշեր տևած իր վիրահատությանը օգնելուց հետո միայն: Երևի կարծում էր, որ առավոտյան արդեն ուժասպառ կլինեմ և կտապալվեմ որպես բժիշկ, սակայն ես իմ ընկեր վիրաբույժներին խնդրեցի օգնել ինձ: Գիտեք, պատասխանատու գործ էր, ամեն մեկը հանձն չէր առնում, սակայն իմ երիտասարդ գործընկեր Տիգրան Սուլթանյանը համաձայնեց օգնել: Ութերորդ ժամից հետո Տիգրանին փոխարինեց Դերենիկ Գյուլումյանը: Վիրահատությունը տևեց տասներկու ժամ և անցավ հաջող:

Տասներկու ժամ հետո ես արդեն հերոս էի: Գործընկերներս ծափահարեցին ինձ, նույնիսկ նրանք, ովքեր ինձ առանձնապես չէին համակրում, սուրճ ու թեյ առաջարկեցին:

Սա 1985 թվականին էր, և այս վիրահատությունը մեծ արձագանք ստացավ, ռուսական «Իզվեստիա» թերթն այս մասին հոդված տպագրեց:

Մենք դեռ առանձին բաժանմունք չունեինք, սակայն 1986 թվականին  կատարեցինք քառասուն փոխպատվաստում, որոնցից հաջող անցան երեսունինը: Համամիութենական մոսկովյան կենտրոնը կատարեց երեսուներեք փոխպատվաստում, որոնցից հաջողվեց միայն տասնյոթը:

 

-Արցախյան հերոսամարտի տարիներին վիրաբույժների կարիքը շատ էր զգացվում: Ինչպե՞ս են Ձեր հիշողության մեջ դրոշմվել այդ տարիները: Վիրավորը շարունակո՞ւմ  էր զինվոր մնալ նույնիսկ վիրահատական դանակի ներքո:

 

-Ժամանակին Պետրոս Մեծը հատուկ հրովարտակ է արձակել, որ զինվորի ստացած վերքի աստիճանը ոչ մի կապ չունի նրա քաջարիության հետ: Արցախում կռվող զինվորները տարբեր էին, կային անկեղծ ու քաջ տղաներ, որ դիմակայում էին ցանկացած դժվարության ու վերքի, բայց կային նաև, որ սուտ քերծվածքից մեծ պատմություն էին սարքում, պահանջում իրենց տեղափոխել արտասահմանյան հիվանդանոցներ: Թեև տարիների հեռավորությունից ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ այն ժամանակվանից արդեն չէի զիջում արտասահմանյան բժիշկներին:

1992 թվականին Ստեփանակերտի հոսպիտալում կերակրափողից վիրավորված տասնվեց-տասնյոթ տարեկան մի տղա էր պառկած: Պատանու գիտակցությունը տեղն էր, սակայն չէր խոսում, անունը չէր ասում: Երբ շնչափողից հանեցինք գնդակը,  նա պատասխանեց՝ վախենում էի, որ կմեռնեմ, չէի ուզում անունս ասել, որ մայրս չիմանա:

Ամենացավալի վիրահատություններից մեկն արեցի 1992-ին. անդամահատեցի պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի ոտքը: Սակայն այլ ելք չկար, նրան Ղարաբաղից շատ ուշ բերեցին:

Պատերազմական իրավիճակներում բժշկության առջև դրված խնդիրներն անկանխատեսելի են, ուստի մշտապես պետք է պատրաստ լինել բարդագույնին: Այդ տարիներին մենք կարողացանք ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, մաշկալաթեր, որպեսզի արտակարգ իրավիճակներում, Երևանից հեռու ռազմաճակատում հնարավոր լիներ վիրահատություններ իրականացնել:

 

-Պարոն Սահակյան, ինձ հայտնի է, որ ժամանակին Փարիզում Դուք փորձել եք դեռևս չանկախացած Հայաստանի համար միջազգային կապեր հաստատել: Կպատմե՞ք այդ մասին:

 

-1990-ին ես մեկնեցի Փարիզ: Ցանկություն ունեի լրջորեն ուսումնասիրել ֆրանսիական բժշկական դպրոցը: Նրանք, ովքեր հովանավորում էին Փարիզում իմ բնակությունը, շատ արագ չքվեցին, իսկ ապրել օտարի տանը և կիսել օտարի հացը դժվար բան է, մանավանդ որ այդ նոր օտարը քո հայրենակից հայն է:

Այդ ամռանը ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Ռոզի Արմենի հետ և ամենակարևորը՝ Ժաբուղյան անունով հոգեբույժի հետ, ով ինձ օգնեց աշխատանքի տեղավորվել Սան Լյուի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում:

Հիշում եմ, շաբաթ օր էր, ղեկավարությունը տեղում չէր, վիրաբույժներից մեկը մեծ բարդության վիրահատություն էր սկսել և ընկել փորձանքի մեջ. քաղցկեղից հետո հիվանդ կնոջ կուրծքը հեռացվել էր, և այս բժիշկը մեջքից մաշկի մի մեծ հատված ուզում էր տեղափոխել և կարել կրծքի հատվածում, սակայն վնասել էր երակն ու զարկերակը: Եվ հանկարծ ես՝ օտար ափերի ճաշարանում գրեթե գրոշներով հաց ուտող հայս, բարձրախոսից լսում եմ իմ անունը: Ինձ են կանչում: Սկզբում իհարկե զարմացա. ո՞ւմ եմ պետք ես այս Փարիզում և շարունակեցի նախաճաշս, սակայն երկրորդ, երրորդ անգամ էլ անունս լսելուց հետո մեջս քաջություն հավաքեցի ու բարձրացա վիրահատարան: Միշելը՝ սփրթնած դեմքով վիրաբույժը, ինձ ասաց՝ Արտո°, պիտի օգնես: Ես ասացի, որ ես ոչ ոք եմ իրենց երկրում, եթե մի բան պատահի և մեծ պատմություն դառնա, ինձ կդատեն: Նա գիտեր, որ ես փորձառու վիրաբույժ եմ, և ասաց՝ եթե չօգնես, ավելի մեծ պատմություն կդառնա:

Հաջորդ օրվանից ես արդեն Սան Լյուի կլինիկայի հերոսն էի:

Ֆրանսիայում իմացա, որ Իրանի կառավարության ներկայացուցիչները գալու են Փարիզ՝ պայմանագիր կնքելու, որպեսզի իրանա-իրաքյան պատերազմի իրենց վիրավորները բուժվեն հարմար գներով: Դեռևս Մեղրիի կռիվների ժամանակ ես Վազգեն Մանուկյանին առաջարկում էի պարսիկների հետ լեզու գտնել՝ մեր երկրի համար շահավետ գործեր ձեռնարկելու համար: Իսկ երբ արդեն Փարիզում էի, ծանոթացա Քրիստիան Տեր-Ստեփանյանի, քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հետ, ովքեր ինձ ջերմ ու բարեկամաբար ընդունեցին և միջնորդեցին Իրանի կառավարության հետ կապ հաստատելու համար: Ես Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից պաշտոնական նամակ էի պատրաստել, որտեղ ներկայացրել էի, թե մեր բժիշկներն ինչ բուժումներ կարող են իրականացնել, և առաջարկում էի յուրաքանչյուր հիվանդի համար վճարվող հարյուր հազար ֆրանկի փոխարեն Հայաստանին վճարել հիսուն հազար:

Հուրախություն ինձ՝ Իրանի դեսպանը զանգահարեց և ասաց, որ իրենց երկրի առողջապահության նախարար Իրաջ Ֆազելը ինձ սպասում է այսինչ հասցեում: Մենք Ռոզի Արմենի հետ գնացինք խանութ, ինձ համար համապատասխան հա•ուստ գնեցինք, իսկ հաջորդ օրն Արամ Ղազարյանի՝ իբր իմ քարտուղարի հետ գնացինք ընդունելության:

1990 թվականի ձմռանն էր:

Ընդունելությունն ավարտվեց փոխշահավետ համաձայնությամբ, որոշեցինք հաջորդ անգամ հանդիպել Թավրիզում: Երբ զանգահարեցի Վազգեն Մանուկյանին, պատմեցի եղելությունը, նրա ուրախությանը չափ ու սահման չկար: Սա, թերևս, Հայաստանի առաջին պաշտոնական հարաբերությունն էր օտար պետության հետ:

Սակայն թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում դեպքերն այնպես դասավորվեցին, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, Ֆազելը՝ առողջապահության նախարարի, իսկ մեր երազանքները մնացին անկատար:

Եթե այս գրեթե պատրաստի ծրագրերն իրականանային, մենք Մեղրիում կունենայինք միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոց, իսկ Հայաստանի բյուջե կմտներ մոտ չորս հարյուր միլիոն ֆրանկի չափ գումար:

1996 թվականին ես ԱԺ պատգամավոր էի և նշանակվել էի Առաջին հիվանդանոցի տնօրեն: Տեղափոխվելով Բժշկական համալսարան՝ իմ ընկերների հետ հիմնադրեցինք պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը, որն առ այսօր միակն է հետխորհրդային տարածքում:

 

-Պարո°ն Սահակյան, Աստված յուրաքանչյուրիս ստեղծել է միայն մեզ հատուկ տեսքով: Պլաստիկ կամ էսթետիկ /գեղակերտական/ վիրահատություն կատարելիս Ձեզ չի՞ հետապնդում այն միտքը, որ միջամտում եք բնության նախադրվածքին:

 

-Վերջերս էսթետիկ վիրահատությունները մեծ տարածում են ստացել ամբողջ աշխարհում: Հայաստանն էլ բացառություն չէ, մանավանդ որ այստեղ նման վիրահատություններն ավելի մատչելի են, քան արտասահմանում:

Այստեղ երկու խնդիր կա՝ առաջինը հետվնասվածքային ձևախեղումներն են, որոնց դեպքում վիրահատությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր, իսկ մյուսը՝ երբ առողջ մարդիկ դիմում են իրենց մարմնի այս կամ այն մասի ձևը փոփոխելու, վիրահատելու համար: Ահա այս երկրորդ խմբի մարդկանց շրջանում երբեմն հանդիպում են անհավասարակշիռ, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց հետ, որպես բժիշկ, պետք է զգույշ լինել:

Մյուս դեպքերում տեսնում ես, որ գիտակից, ողջախոհ մարդ է, սակայն լիարժեք երջանկության համար նրան պակասում է ուղիղ քիթը կամ մեծ կուրծքը, ինչ արած, ինչո՞ւ չերջանկացնել:

 

-Անդինը տեղյակ է, որ Դուք բարեգործական բուժայցեր եք կատարում Արցախ՝ անվճար վիրահատություններ կատարելու: Մտադի՞ր եք նաև Ջավախք գնալու:

 

-Ես 1990 թվականից առ օրս համագործակցում եմ Արցախի բժիշկների հետ, իմ ֆրանսիացի ընկերների հետ նույնիսկ մի որոշ ժամանակով ձերբակալվեցի այնտեղ:

Իսկ Ջավախք ծրագրում էի գնալ, բայց, գիտեք, Ջավախքն Արցախ չէ, Ջավախք գնալու համար պետք է գործ ունենալ վրացական կառավարության հետ, իսկ վրացիները նախանձախնդիր, զգայուն ազգ են: Ավելի հեշտությամբ կարող եմ գնալ և Թբիլիսում վիրահատություն անել, քան բուն Ջավախքում:

 

-Պարոն Սահակյան, ասացիք, որ երազում էիք ճարտարապետ դառնալ: Ուրեմն ի՞նչ, Ձեր երազանքն իսկապե՞ս չիրականացավ:

 

-Գիտե՞ք, բժշկությունը հենց ճարտարապետություն է, իսկ վիրաբույժը քանդակագործ է, ճարտարապետ: Հիմա կարող եմ ասել, որ այն, ինչ երազում էի, իրականացավ:

 

 

Հարցազրույցը՝ Լազարևա Մարիայի

 

Անդին 9, 2014

Կարծիքներ

կարծիք