Ես ձեր միջի համա-ձայնն եմ

Հեղինակ:

20151902143645620

Լինել թե չլինել ընթեռնելի 

(Ես ձեր միջի համա-ձայնն եմ)

 

Ինչո՞ւ է ծփում ծովը:

Սրտի համար այսպիսի հարց գոյություն չունի:

Սիրտն ալեկոծվում է այն ժամանակ, երբ ծովն այլևս չի ծփում:

Այսու՝ ժամանակները փոխվել են:

Բոլոր ժամանակներում ասվող բառեր:

Թյուրիմացություններից հնարավորինս խուսափելու համար ես մի բառ կավելացնեմ՝ ժամանակները նորի՛ց փոխվել են: Գուցե և՝ վերջին անգամ:

Եվ ծովը դարձյալ չի ծփում:

Ծովը, կյանքը, գիրը… Այդպես եմ տեսնում:

Ես տեսնում եմ, թե ինչպես կարող է ծովը չծփալ ու մարել, տեսնում եմ, թե ինչպես կարող է կյանքը դատարկվել ինքն իրենից, և թե ինչպես է գիրը սկսում նմանվել ցնցոտու, պատառոտված է ասես, բառեր, բառակապակցություններ, ամբողջական պարբերություններ ջնջվում են ու, քանի որ դա մեր գիրն է, մենք դառնում ենք անընթեռնելի:

Չար երազ է, երևի, որից ես ուզում եմ արթնանալ, որի մեջ ես դեռևս խոսող մեկն եմ, և խոսքն արձագանք է ուզում, և տեսնում եմ, որ երկու անձավ կա ընդամենը, որ կարող է արձագանքել խոսող մարդուն. ուղեղի անձավը և սրտի անձավը:

Մի չջնջվող հուշ ինձ հեռացնում է ուղեղների անձավներից:

Ուղեղը հավակնոտ, կասկածամիտ, պարտադրող էություն է, նրան թվում է, թե չհամաձայնելը իր գոյության պայմանն է կամ կերպը, նա արձագանքելու փոխարեն հակաձայն է տալիս: Ուղեղն աղմկում է: Մեզ ամենից քիչ հիմա այդ աղմուկն է հարկավոր, որը հմուտ՝ կարողանում է Երկիր, Հայրենիք, Պետություն բառերով կազմված գրի մեջ այդ բառերի տարբերությունն զգալ, դրանք հակադրել անգամ: Դրանցից մեկը, երկուսը հաստատել ու ժխտել՝ ըստ իբրև թե կենսական կարիքների:

Իսկ սիրտն այլ բան է անում. նա հիշում-հաստատում է, որ այդ երեքը միևնույն անունն ունեն՝ մեզ համար՝ ՀԱՅԱՍՏԱՆ: Նախապես ԱՆՈւՆՆ էր, նախապես հենց ա՛յդ անունն էր, և անվա՛ն մեջ հյուսվեցին Երկիր-ծովը, Հայրենիք-կյանքը, Պետություն-մարդիկ, մարդիկ-բառերը՝ հաստատակամը, մտամոլորը, կատակաբանը, այրվող-մոխրացողը, պաշտպանող-պահպանողը, սահմանախախտը նաև՝ բոլորը — ամբողջական գիր…

Ես պարզ տեսնում եմ, որ կանգնած եմ սրտի՛ անձավի դռանը…

Եվ արձագանք եմ ուզում:

Տարիներ առաջ կարծում էի, թե այնքան գիտեմ, որ կարող եմ նույնիսկ անիծյալ կոչվող հարցերին ընդդեմ ինչ-ինչ պատասխաններ հնչեցնել: Այսօր, ինչպես ասացի, ժամանակները փոխվել են, և ես նույնպես չեմ ուզում նույնը մնալ, և հիմա էլ, ահա, թվում է, թե ես ուրիշ մի բան գիտեմ, որն ավելի կարևոր է, քան անիծյալ հարցերը. գիտեմ, որ մարդը չի կարող պատճառաբանել, բացատրել, փառախոսել կամ համոզել, փոխարենը ի՛նքը կարող է դառնալ պատճառաբանություն, բացատրություն, փառախոսություն, այդու՝ գոյացնելով կյանքը:

Տարեցտարի, օր առ օր աշխարհիկ դարձող այս մոլորակում արդեն գիտեն, որ բոլոր գաղափարախոսությունները փուչ դուրս եկան, ինչո՞ւ, ուրեմն, ես շարունակեմ գաղափարախոսել, բարոյախոսել, խրատաբանել ապրելու փոխարեն:

Միակ ճանապարհը ետ է գալարվում ու հայտնվում ոտքերիս առաջ. առաջին քայլի ժամանակն է: ժամանակները դարձյալ փոխվել են, ես ուզում եմ չխոսել, ես ուզում եմ ապրել այս խոսքը, որն իբրև թե իմն է, այսինքն՝ ուզում եմ արձագանքել խոսքերի, որ անհիշելի ժամանակներից ի վեր ձայնել են ու ձայնում են այսօր էլ՝ իմ սրտի անձավին դեմ-հանդիման:

Անընդհատ արթուն մի գեն, որին սիրով են հպատակվել մարդահատուկ մյուս բոլոր տենչերը, ՏԱՆ պարտադրությունն է հուշում:

Տունը միակ տեղն է, որտեղ մարդը հասկանում է, որ իր կարիքն ունեն: Ուրիշ տեղ նա այդպիսի բան չի հասկանում:

Սարսուռով կպատմեի, թե ինչպես է կառուցվել այս Տունը, ինչու են նրան տվել Երկիր կամ Տուն անունը, այդ ինչ տուն է, որը ծփացող ծով էր, ինքն իրենով լցված կյանք և ամբողջական ու ընթեռնելի գիր:

Միայն այստեղ՝ իմ Երկրում է,

որտեղ կյանք են ասում

հույսին ու հուսահատությանը,

նրանց միջև փռված է

սպիտակ թուղթը՝

հավերժական կամուրջ։

Միայն այստեղ է, ուր ես հույս ունեմ,

թե մարդու որդիներին

երբևէ կհասնի խոսողի խոսքը,

առավել՝ լռությունը խոսողի:

Միայն այստեղ է, որ ես ունեմ հուսահատություն.

դա մարդու հուսահատություն է՝ դրվագված

անցյալի ու ապագայի դեմքերով —

այլասեր, ծամածուռ — հաշմ:

Անցնելիք ճանապարհս —

մի կամուրջ ընդամենը…

Անցնեմ,

որ չփլվեն ձեր սարքած տները:

 

Հազարավոր տարիներ առաջ այս պատմությունը հստակ գիտեին, իսկ հիմա դրան պարզապես չեն հավատում: Հիմա ես տեսնում եմ՝ որևէ բանի այլևս չեն հավատում: Ինչո՞ւ:

Մարդը հավատում է միայն ծանոթ պատմություններին: Կամ՝ ծանոթ գրերին: Մեզ ուրիշ պատմությունների են վարժել, մենք այնքան ենք վարժվել ուրիշ պատմությունների ու գրերի…

Բայց ի՞նչ կապ ունեն պատմություններն ու գրերը:

Որպեսզի գոյանա ազատ մարդը, կաղապարներ են հարկավոր, դրանք կենդանի կաղապարներ են, երկնքի պարգևած՝ կենդանություն պարգևող կաղապարներ, որ մենք չափումներ էլ ենք անվանում: Մենք ապրում ենք երեք չափման մեջ. ժամանակի, որ սպառվում է ինքն իրեն, տարածության, որին մե՛նք ենք սպառում, և գրերի, որոնք սպառում են մե՛զ կամ՝ մենք սպառվում ենք ըստ գրերի՛: Առաջին երկուսը բացարձակ մեծություններ են, անփոփոխ են՝ դրանց հետ մենք ոչինչ անել չենք կարող: Իսկ երրորդը հենց այն է, ինչը հյուսում է մարդու ազատությունը՝ ըստ ի°ր պատկերի ու նմանության:

Այստեղ ես ուզում եմ չուշանալ ու շեշտել, որ ինքս ինձ եմ խոսում, ինձ համար եմ խոսում, դեպի ներս եմ խոսում: Այն, ինչ ուզում եմ ասել, դեպի դուրս ասելու բան չէ, դուրսը կարող է չդիմանալ, դուրսը չի ընդունի:

Ես իմ Տան համար եմ ասում, որովհետև միայն իմ տանն է, որ ես հարկավոր եմ ուրիշներին, ու նրանք էլ՝ ինձ:

Ժամանակները դարձյալ փոխվել են:

Բայց կաղապարները դեռ ճնշում են: Այնքան, որ օտարներ են գոյանում Հայրենիքում, այնքան, որ հարազատներն անգամ օտարանում են: Հայրենիքում մարգարեներ չեն լինում՝ հանկարծ ասում է ուրիշի սրտում կրկնվող խոսքերից մեկը, ես հավատում եմ, ապա իմ Հայրենիքից հեռու մարգարեներ եմ փնտրում և չեմ գտնում:

Հասկանում եմ՝ գուցե կա մի երկիր, որն իր մարգարեներին չի ընդունում:

Ես ելք եմ որոնում, և իմ սրտի անձավից ծանր պոկվում է քարերից մեկը, բայց գետնին ընկնելու փոխարեն, կերպափոխվելով-դառնալով զարմանալի թեթև խոսք, սկսում է բաբախել հենց սրտի պես. կա մի այլ Երկիր էլ,- բարբառում է,- Հայաստան է անունը, որի մարգարեներին պատվելու է միայն Հայրենիքը: Ուրիշ կերպ չի լինելու:

Անհավատալի է, անսովոր է, չի հնչում՝ ընդդիմանում է ուղեղը:

Իսկ սիրտն ասում է՝ կրկնիր: Ժամանակները փոխվել են, անընդհատ կրկնիր:

Մինչև որ դառնա կենարար կաղապար:

Ահա և առաջին քայլն արված է, չկա հին կաղապարը, մեր տան համար չկա:

Իսկ սրտի անձավում դեռ շատ են քարերը. ծանր քարերի շղթա է դա, մարգարեներին հետևում են կառավարիչները, որմնադիրները, զորականները, բանաստեղծները… ամբողջ գիրը, որը պիտի ամբողջանա:

Ես արթնանում եմ, արթնանում եմ անպայման ու չեմ էլ հիշում, թե այդ որ մի օտար կաղապարն էր կառավարել իմ չար երազը: Ես պատրաստ եմ տեսնելու այլ երազներ, որոնցում ծովը ծփում է, և սիրտն ալեկոծվելու առիթ չունի:

Ժամանակները փոխվել են: Գուցե և՝ վերջին անգամ: Ժամանակներն իմ նոր երազից են սկսվելու: Ես նոր ժամանակներ եմ կերտելու ոչ թե օտարների, այլ ի՛մ պատկերով ու նմանությամբ:

Ես կանգնած եմ մնում սրտերի անձավներին դեմ-հանդիման:

 

 

Անդին 11, 2014

Կարծիքներ

կարծիք