Ես գնում եմ Դեր-Զոր…

20151311151031380

Դեր-Զոր գնալու հեռանկարը կանխավ մռայլել էր իմ մտքերը: Դա կարող էր պատահել յուրաքանչյուր հայի հետ, ով քաջություն է ունեցել վճռելու Դեր-Զոր գնալ:

Ես արյան ու ոսկորներիս բոլոր բջիջներով կանխազգում էի, թե ինչ եմ ապրելու Դեր-Զորում: Այդ գիշեր մենք կմնանք Հալեպի «Բարոն» հյուրանոցում, իսկ հաջորդ օրը կգնանք Դեր-Զոր:

«Ինչպե՞ս է պատահել, որ ես մինչև օրս Դեր-Զորում չեմ եղել»,- ինձ բռնեցի այդ մտքի մեջ ու հավանաբար գտա պատասխանը. ես երկար նախապատրաստել եմ ինձ Դեր-Զոր գալու համար: «Ես հիմա պատրա՞ստ եմ տեսնելու հայկական ամենամեծ գերեզմանոցը»,- հարցնում եմ ինքս ինձ… Ու չեմ պատասխանում:

Անհանգիստ եմ, մահու չափ անհանգիստ…

Օդանավից երևում է Հալեպը, այն գեղեցիկ է անգամ հազար մետր բարձրությունից, երբ լուցկու տուփերից բացի ուրիշ ոչինչ չի երևում: Հալեպն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, և Սիրիայի պատմության մեջ այն առանձնահատուկ տեղ ունի: Մինչ Հալեպ գալս ես ծանոթացել էի նրա պատմությանը:

1915 թվականի Մեծ եղեռնից հետո Հալեպի հայ գաղութն ավելի ստվարացավ՝ դառնալով սիրիահայության կենտրոն: Այստեղ հայությունն ապահով ու անվտանգ էր զգում իրեն, և, հավանաբար, պատճառն այն էր, որ ընդամենը մի քանի քայլ այն կողմ հայրենի Տավրոսի լեռներն էին՝ իրենց վիթխարի հավերժությամբ, կողքը Եփրատն էր՝ հայոց ճակատագրին ականատես գետը: Նա դարձավ բազում անմեղ հայերի արծաթյա գերեզմանոցը, փրկության ափ հանեց շատերին և իր ալիքների հավերժական ընթացքով պատմում էր հայոց հավերժության ոգեղեն առասպելը:

Չունենալով անկախ պետականություն և գտնվելով օտար լծի տակ՝ Արևմտյան Հայաստանը ծաղկում էր իր աշխարհաշեն զավակների ձեռքերի ջերմությամբ: Ապաշնորհ ու ծույլ նոր տերերը՝ օսման թուրքերը, որոնք, սակայն, ինչպես ամեն «հետին տեր, որ նաև զոռբա է», հանդուրժում էին հայերի առավելություններն ու ձեռներեցությունը, քանի որ իրենք ի զորու չէին անգամ պայտել իրենց անկշտում ավարառությանը ծառայող ձիերին:

Երբ 19-րդ դարում այդ «զոռբա» տերերը մի քիչ գրել-կարդալ սովորեցին, առաջին բանը, որ հասկացան, այն էր, որ իրենք դեռևս գտնվում են մարդկության զարգացման մանկության փուլում, որին բնորոշ է քանդելու, ջարդելու, փշրելու ձգտումը: Թուրքերը, որպես ազգ, ձևավորվեցին շատ ուշ և անբնականորեն շատ արագ, ձևավորվեցին բռնությունների և պատերազմների մեջ և այդպես էլ չհասկացան, այսօր էլ չեն հասկանում, որ մարդկային տաղանդի, դրական ձեռքբերումների մեջ ամեն ազգ չէ, որ կարող է հասնել բարձունքների: Դա ի վերուստ տրված ճակատագիր է, և ոչ մի ազգ ի զորու չէ այդտեղ ինքնագլուխ շտկումներ կատարելու:

Եվրոպական քաղաքակրթություն մուտք գործելու ճանապարհին թուրքերը փորձեցին այդ շտկումները կատարել ոչ թե ուրիշ ժողովուրդների քաղաքակրթությունը յուրացնելու, այլ դրանք բռնի զավթելու ճանապարհով: Եվ քանի որ ցեղասպանությունները բնորոշ էին մարդկության մանկության փուլին, երբ մարդիկ ապրում էին ցեղերով, ուստի թուրքերը սկսեցին հենց դրանից: Նրանց այսօր մեղադրում են ցեղասպանությունը չճանաչելու մեջ, մինչդեռ եթե նայենք նրանց էթնոհոգեբանական էվոլյուցիայի մակարդակին, ապա կտեսնենք, որ այդ մակարդակն ի զորու չէ ցեղասպանությունը որպես հանցանք ճանաչելու առհասարակ, առաջին հերթին իր հոգեկերտվածքի ստորակարգ լինելու պատճառով:

1915 թվականին տեղի է ունեցել մի բան, որը կարող էր տեղի ունենալ, եթե հաշվի առնենք թուրք էթնոսի մտավոր զարգացման մակարդակը: Հավանաբար Թուրքիան ոչ թե չի ուզում, այլ չի կարող. նրան հասու չէ իրեն մեղավոր ճանաչելու գիտակցական բարձր մակարդակը: Մեղքի զգացումը հոգևոր ու մտավոր ավելի հասուն աստիճանի դրսևորում է, որին նա չի հասել, ինչպես, ասենք, հինգ տարեկան այն երեխան, որն իր տարիքից ու գեներից բացի մտավոր զարգացման մեջ ետ է մնացել նաև վատ դաստիարակության պատճառով: Թուրքիայում ապրող մտավորականների, սովորական մարդկանց ազգային պատկանելության իսկական զգացումը մեղքի գիտակցումն է, և հենց միայն դրանով կարելի է անգամ անզեն աչքով տարբերել թուրքին ոչ թուրքից: Եվ եթե այսօր Թուրքիայում այնուամենայնիվ գնալով ավելանում է ցեղասպանությունը ճանաչողների թիվը, նշանակում է, որ մարդկային բարի կամքից հույսը կտրած պատմությունն ինքն է վերջապես որոշել երևակել թուրքացված հայերի արյան իսկական բաղադրությունը, ցույց տալ նրանց հայկական ծագումը՝ դրանով իսկ ցույց տալով ցեղասպանության ևս մի տեսակ, որի համար էլ առանձին պիտի պատասխան տան բնիկ թուրքերը…

Գլխումս պտտվող այս մտքերը միանգամայն նորմալ էին Դեր-Զոր այցելելու նպատակով Հալեպ ժամանած հայի համար:

Մտքումս խճճվում էին հայոց ճակատագրի գեղեցիկ ու ողբերգական դրվագները:

Ես եկել էի Հալեպ՝ Դեր-Զոր գնալու, ես եկել էի Հալեպ՝ ուղեղիս ու սրտիս բոլոր բջիջներով զգալու Դեր-Զորը: Բայց հիմա Հալեպի «Բարոն» հյուրանոցում եմ, և Դեր-Զորն է եկել այստեղ: «Ռեքվիեմի» ձայն եմ լսում, բայց ոչ Մոցարտի, այլ՝ Էդուարդաս Մեժելայտիսի.

 

…Ինձ վրա կախվեց Ցեղասպանության

Յաթաղանն ահեղ: Եվ տառապանքը

Վագրի ժանիքով ու մագիլներով

Բզկտեց անվերջ մարմինն իմ քարե,

Որ զուգել էի երազանքներից

Բիլ ծաղիկներով… Յաթաղանն ահեղ

Հատեց իմ մարմնի կեսից ավելին:

 

Հա-տեց ջը-լա-տեց,

որ դար-ձը-նի փո-շի,

ցը-րի ա-մա-յի

Ա-նա-պատ-նե-րում…

 

Եվ գնում էին քարավանները

Առած մասունքներն իմ կիսված մարմնի

Եվ իմ սուրբ արյան: Եվ մարդասպանը

Իմ այդ սուրբ արյամբ ոռոգեց առատ

Անապատները և ոսկորներս

Անապատների հողմերին տվեց,

Որ կրծեն իրենց բիրտ ժանիքներով:

 

Եվ այս աշ-խար-հի չորս քա-մի-ները

Իմ բե-կոր-ները չորս–կող-մեր տա-րան,

ցիր-ու-ցան արին–արար աշ-խար-հում–

դար-ձը-րին ըս-փյուռք… [1]

 

Դեր-Զորի ավազոտ քամիներն այսօր էլ քշում են մարդկային բեկորներ: Ամեն անգամ երեկոյան, երբ խաղաղվում ու լռում են մարդկանց ու բնության ձայները, քամին դուրս է հանում հայ մանկան ոսկորներից պատրաստված սրինգն ու երգում է տխրաթախիծ մի մեղեդի՝ սկզբում մաքուր, միալար, հետո գնալով այն ուժգնանում է, դառնում բազմաձայն երգեհոնի լուսածիր արձագանք: Գիշերվա այն խորհրդավոր ժամին, երբ բացվում են երկնքի դարպասները, և Աստծուն լսելի են դառնում մարդկանց աղոթքները, իսկ մարդկանց՝ երկնային զանգակների հոգեզմայլ մեղեդիները, Դեր-Զորի՝ հրաշքով կերտված երգեհոնին են միանում աշխարհի բոլոր անմեղ զոհերի հարության սաղմոսները: Ու հնչում է Դեր-Զորի երգեհոնը, Դեր-Զորի լուսերգությունը…

Հայի լսողության զգայարաններն ավելի ուշադիր են դառնում երգ լսելիս: Չէ՞ որ մեր սերը երգի հանդեպ հավասար է պաշտամունքի: Դեր-Զորի սաղմոսների ձայնի մեջ հստակ լսելի են հերոսական ու խրոխտ նոտաներ. ահա զեյթունցիների «Արևն ելավ»-ը, սասունցիների՝ «Մարաթուկ բարձր սարին», ահա Անիի, Վասպուրականի, Մշո, Ալաշկերտի, Բիթլիսի հայրենաշունչ երգերը:

Լուսանում է: Վեր եմ կենում ու դուրս գալիս պատշգամբ: Հալեպն արթնանում է քնից, գիշերային լռությունը լցվում է արթնացող քաղաքին բնորոշ ձայներով:

Ասես ես այս գիշեր նորից մկրտվեցի հայոց պատմության ու հիշողությունների ավազանում և դուրս եկա իբրև բոլորովին ուրիշ մարդ:

Մեր թշնամիներն ու բարեկամները մեզ մեղադրում են քսենոֆոբիայի մեջ. օտարամոլություն, օտարագարություն նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղ է եղել հայոց երկինքը:

Արդեն մեկ ու կես տասնամյակ է, ինչ սկսվել է 21-րդ դարը, բայց միևնույն է, ամեն ինչ մնացել է նույնը: Երբ խոսում է հայը, նրա շուրթերով հայոց պատմությունն է խոսում՝ ինչպես Ավարայրում, ինչպես Սարդարապատում, ինչպես Մուսա լեռան փեշերին…

Զարմանալի է, բայց իր կյանքի պատմությունը գրելիս մեզնից ամեն մեկը կարող է դառնալ պատմության տարեգիր, պատմիչ, ասացող, ականատես ու վկա, հեղինակ ու գործող անձ, հերոս ու առասպելական կերպար, և, որ ամենակարևորն է, պահանջատեր ճշմարտությունն աշխարհի քնած ականջին հասցնելու և պատմական արդարությունը, թեկուզ ուշացած, վերականգնելու ազնիվ պայքարում:

Նրանցից ոչ մեկը չի շփոթվում փաստերի առատության մեջ, չի կորցնում պատմական ժամանակների թելը, չի խճճվում ազգային, քաղաքական, մարդասիրական գաղափարների դրսևորման մեջ:

Գիտեմ, որ աշխարհի քարտեզի վրայից ջնջվեց ամենասքանչելի հայրենիքներից մեկը՝ իմ հայրենիքը, իմ պատմական հայրենիքը, հայ ժողովրդի՝ Արևմտյան Հայաստան կոչվող պատմական հայրենիքը, որի անունն արդեն մի քանի դար պղծվել էր՝ ԹուրքաՀայաստան կոչվելով:

Ջնջվեց քարտեզի վրայից, բայց նրա կարոտն ու երազն անջնջելի մնացին ամբողջ ժողովրդի հոգու քարտեզի, մարդկության խղճի քարտեզի վրա: Արևմտյան Հայաստանի հին, իմաստուն, զորավոր ժողովրդի՝ հրաշքով փրկված մարդկային մասունքները ցիրուցան եղան աշխարհով մեկ, տարագրվեցին՝ տալով ժողովրդի՝ տեսակի ու որակի մի նոր գենոտիպ, որ մի հատիկ տխրանուշ բառով կոչվում է Սփյուռք: Այն ժողովուրդը, որ Արարատի փեշերին Նոյի ժամանակներից հող էր մշակում, խաղողի որթ էր աճեցնում, երգ ու գիր էր ստեղծում, դարձավ թափառական, հալածական մի զանգված, մինչև կարողացավ աշխարհի հեռավոր ու մոտիկ անկյուններում փրկության ափ, ջերմ ու կարեկից սրտեր գտնել:

Ունենալով այդքան մռայլ ու անժպիտ ճակատագիր՝ տարագիր հայերը երբեք չդարձան լալկան ու թշվառ արարածներ, ում կարելի էր միայն խղճալ: Ապրելու բերկրանքն ու գինը քաջ գիտակցող մարդկանց այդ տեսակի մասին այսպես է գրում մեծ հայն ու սփյուռքահայը՝ Շառլ Ազնավուրը. «Աշխարհում բոլոր գաղթական ընտանիքները նման են իրար: Նրանք ավանդապահ են, ոչ ավանդամոլ՝ բառի ամենաառաքինի իմաստով: Անչափ կապված են իրենց լեզվին, եկեղեցուն, մշակույթին: Զուսպ, քաշված ու համեստ մարդիկ են նրանք՝ հավասար չափով զգայուն և՛ հումորի, և՛ դժբախտության նկատմամբ: Նրանք սիրում են ծիծաղել, երգել, պարել ու արտասվել: Արտասվելն անպակաս է այդ ընտանիքներում: Նրանք բոլորն էլ հեշտությամբ և հավասարապես լաց են լինում և՛ ծնունդին, և՛ կնունքին, և՛ պսակին, և՛ թաղմանը»:

Իսկ ինչպե՜ս են պարում… դուք տեսե՞լ եք մուսալեռցիների պարը, նրանք պարում են՝ իրենց պարի մեջ առնելով ջուղայեցու, մշեցու, բիթլիսցու, ամբողջ հայության անպարտ ոգու թռիչքը: Նրանք պարում են իրենց պապերի առնական պարը՝ ոգեկոչելով զենքը ձեռքին ընտանիքի պատիվը պահող և ճակատից զարկված ֆիդայի քաջերի անմահ հիշատակը: Այդ պարով նրանք ապրեցնում են այն ըմբոստ ու ազատասեր մարտիկներին, ովքեր, զենքը ձեռքներին և պատանն ուսապարկերում, տուն ու տեղ թողած, սարերը ելան կռվելու ու մեռան: Մեռան, բայց ոչ թե վախկոտի, այլ քաջի մահով: Նրանք ընկան իրենց գյուղի ու քաղաքի ինքնապաշտպանությունն ապահովող պատնեշի վրա, դրանից ավելի պատվաբեր մահ չի կարող երազել իսկական կտրիճը:

Ընկան ոչ թե որպես նահատակ, այլ որպես մարտիրոս:

Իսկ երբ Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին, և եվրոպական դատարանը հայոց պատմության մեջ առաջին անգամ փորձեց մաքրել իր խղճին ծանրացած մեղքը և ազատ արձակեց Սողոմոնին, արդար վրիժառության մի մեծ ու նոր ալիք տարածվեց աշխարհով մեկ: ԱՍԱԼԱ-ի վրիժառու քաջերը ամենուր թուրքին զգալ տվեցին մեր անմեռ երազի, մեր բռունցքված վրեժի հուժկու թափը:

Արցախյան պատերազմում իր ողջ վիթխարիությամբ վեր հառնեց հայ մարդու հայրենասիրության սխրանքի կենդանի առասպելը: Թուրքը վախեցավ հենց դրանից, թուրքը վախենում է նաև այժմ:

Ես գնում եմ Դեր-Զոր…

 

______

1. Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի

Share

Կարծիքներ

կարծիք