Եռանկյան մի կողմը

20151910150126406

«Ես այսօր համարձակվում եմ կազմել վաղամեռիկ անհատների մի եռանկյունի: Մի տեղը կարծես թափուր էր, և Հարությունը գնաց լրացնելու այդ տեղը. Պարույր Սևակ, Մինաս Ավետիսյան, Հարություն Դելլալյան….»: 

Բերդ Բաբայան, բանաստեղծ

 

Այս խոսքերից շուրջ քառորդ դար է անցել, և ժամանակը այն դարձրել է դրոշմի ուժ ունեցող բնորոշում: Հարություն Դելլալյանը 1970-ականների երկրորդ կեսի ու 1980-ականների հայ կոմպոզիտորական արվեստի բացառիկ երևույթներից է: Նրա ստեղծագործությունը երաժշտական կյանք մխրճվեց անբացատրելի, անսպառ երևակայությամբ, հակասական, բուռն, հեղեղի և փոթորկի նման, և այսօր, ինչպես փաստում է Տիգրան Մանսուրյանը, այն մի ընթացքի մեջ է, որը տանում է դեպի դասականություն: Նա իր մնայուն տեղը ակոսեց հայ կոմպոզիտորական դպրոցում: Տեղն այդ տեսել ու գնահատել է մեծ աշխարհը: Նրան տեսել են հայրենակիցները՝ Հայրենիքում ու Սփյուռքում, նրանց խոսքերը պսակում են իրենց ժամանակակցի, ընկերոջ, հարազատի անունն ու գործը: Ասելիք ունեցող երաժիշտ էր նա, վարակում ու խթանում էր նոր արարումների՝ լինի գեղանկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ, երաժիշտ…

«Կա՞ ավելի մեծ արժանիք, քան այն, երբ մարդ օժտված է ուրիշին հուսադրելու, ընկած տեղից բարձրացնելու կարողությամբ»,- հարցնում է նկարիչ Հակոբ Հակոբյանը, ում համար Հարություն Դելլալյանը դարձավ ամենաանմոռանալի հայերից ու իր ժողովրդի ամենազտարյուն ներկայացուցիչներից մեկը: Այս հայը հայկական հպարտությամբ էր լցնում բոլորի հոգիները: Ամերիկաբնակ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, ում մեջ Հայրենիքում ապրելու կրակը վառել էր Հարություն Դելլալյանի երաժշտությունն ու մարդկային կերպարը, գրում է. «Մինչև այսօր ականջներումս է նրա ձայնը, երբ ասում էր՝ «Արա՜մ, դու պիտի գաս Հայաստան… ու մենք պետք է գնանք լեռները և միասին գոռա՜նք»…Հիմա, երբ դուրս ենք գալիս շրջաններ և գնում լեռները, միշտ Հարությունին եմ հիշում, զգում նրա ներկայության և գոռոցի հոգևոր ներքին կարիքը: Այդ գոռոցը միշտ լսում եմ նրա ստեղծագործությունների մեջ»:

Կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի համար գլխավոր էջը սկսվում է կյանքի ճանապարհի կեսին: «Այնպիսի ուշացած տարիքի մեջ երաժշտական աշխարհ մտավ, որ անտաղանդների համար երաժշտական աշխարհից հեռանալու տարիք էր»,- գրում է Ալբինա Քերոբյանը: Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանի ֆրեզերագործ բանվոր Հարությունը աշխատավայրի արվեստասերների խմբակի անդամներից էր, ովքեր, արվեստագետների հետ ծանոթանալու ցանկությամբ, այցելում էին Մարտիրոս Սարյանին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Գրիգոր Խանջյանին: «Եկեք, եկեք, սիրելիներս, եթե արվեստի սերը ձեզ մղում է գալ՝ երկաթ տաշելու հոգնությունից հետո»,-ոգևորում էր Վահրամ Փափազյանը: Պրոֆեսիոնալ երաժշտի ճանապարհը բռնելու որոշումն ու պատանեկան երազանքը իրականացավ հենց Վ. Փափազյանի  ու Մ. Սարյանի գոտեպնդող խոսքերից հետո: Նրա ուսուցիչները դարձան Է. Միրզոյանը, Է. Բաղդասարյանը, Ա. Տերտերյանը՝ նրան առաջնորդելով նախ ինքնակրթության, ապա ժողովրդական կոնսերվատորիայի, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աստիճաններով: Է. Միրզոյանն ասում էր՝ եթե ժողովրդական կոնսերվատորիան տար միայն Հարություն Դելլալյանին, արդեն իսկ արդարացրած կլիներ իր գոյությունը:

Հարություն Դելլալյանը երաժշտության մեջ ունեցավ շատ կարճ կյանք. սովորաբար ուրիշները մոտ 15 տարի միայն սովորում են, իսկ նա 15 տարվա ընթացքում ուսանեց, ստեղծագործեց, հասավ միջազգային ճանաչման ու հաջողությունների: Նրա երաժշտության կնքահայրերն էին դաշնակահարներ Արթուր Փափազյանը, Սեդրակ Երկանյանը, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանը, կլառնետահար Աբգար Մուրադյանը: Այսօր Հարություն Դելլալյանի երաժշտությունը հետևողականորեն մեզ են վերադարձնում ժամանակակից կատարողական արվեստի անվանի ներկայացուցիչներ՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը, թավջութակահր Լևոն Մուրադյանը, նաև Մարինա ու Նարինե Դելլալյանները, ովքեր նվիրվել են կոմպոզիտորի ստեղծագործություններին ու հնչեցրել դրանք աշխարհի հայտնի բեմերում:

Կոմպոզիտորի իրական ծնունդն ու ճշմարիտ գնահատումը սկսվեց Արթուր Փափազյանի 1983-ի ապրիլի 23-ի մենահամերգից հետո՝ Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատի կատարմամբ, որից հետո եղան «Topophono»-ն, «Meditations»-ը, Հաղթական ռեքվիեմը, «Ջրասույզ արևը», «Լռության րոպե»-ն և մյուս գործերը: Հ. Դելլալյանի երկնային կյանքն էլ սկսվեց նույն այդ ապրիլի 23-ից՝ 1990 թվականին: Ազդեցիկ է Տ. Մանսուրյանի սահմանումը. «Նրա հեռանալն այնքան առեղծվածային է, որքան և մուտքը երաժշտական աշխարհ… Իր գործը ստեղծագործական պոռթկում էր, որ հազվադեպ է հանդիպում»: Նրան վերջին հրաժեշտը տվեցին իր հարազատ աշխատավայրից՝ Արվեստի թիվ 1 դպրոցից, որտեղ կոմպոզիցիայի և տեսական առարկաների ուսուցիչն էր… Սաներից շատերը վերադարձել էին դպրոց և աշխատում էին նրա հետ, նրա ղեկավարած բաժնում՝ նորից սովորելով իրենից, ապրում էին նրան աշակերտած լինելու հպարտության զգացումը: Իսկ ինքը, իր բնութագրմամբ, իր համար հանճարի չափանիշ Նարեկացու և «հայոց պատմություն մարմնավորող» Կոմիտասի աշակերտն ու ժառանգն էր: «Ամեն անգամ, երբ մտնում եմ Կոմիտասի անունը կրող այգի, մոտենում եմ նրա հուշարձանին, շոյում նրա մատները, օրհնություն խնդրում նրանից՝ ժողովրդիս ծառայելու իմ սկսած դժվարին ճանապարհն իրականացնելու համար»,- սա նրա խոստովանություններից մեկն է: Շատերն են հավաստում, որ եթե նա գրեր գեթ մեկ՝ «Նվիրում Կոմիտասին» սոնատը, դարձյալ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ կմնար որպես ամենամեծ արվեստագետներից մեկը… ամեն հայի համար այս սոնատը մի յուրահատուկ «Հայր մեր» է, որը լսում ես անվերջ ու չես հագենում:

Կոմպոզիտորի երաժշտական ուղու սկիզբը դրել էր Կոմիտասի երգերով ապրող պաշտելի մայրը՝ Մարի Փաշայանը, ով սովորել էր Հռոմի մայրապետական դպրոցում, տիրապետել մի քանի լեզուների: Հարությունի մանկությունն իր ծննդավայր Աթենքն էր, քաղաքակրթության բնօրրան վայրերից, ձկնավաճառների կանչերից մինչև հայկական կաթողիկե եկեղեցու դպրոցը, որի հետ վերստին հանդիպելուն նա սպասել էր շուրջ քառասուն տարի: «Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Աթենքում, ես հողը համբուրեցի… դա ինքնաբուխ պոռթկում էր, վերապրումն էր քառասունմեկ տարի հետո տեսնելու ու ոտքս իմ ծննդավայրի հողի վրա դնելու»,- վերադարձից հետո կգրառի իր օրագրում: 1988-ի այդ ուղևորությունն ու իր գործերի կատարմամբ համերգ-հանդիպումները հերթական անգամ հայ տեսնելու ու հայ գրկելու երջանիկ առիթը տվեցին. «Խանդավառ դեմքերն ու տխուր, կարոտով լի հայկական աչքերը, որոնք երբևէ չեմ շփոթի ուրիշ ազգի աչքերի հետ… աշխարհի որ ծայրում էլ լինի հայը, երբ հանդիպում է մեկ ուրիշ հայի, այդ հանդիպման մեջ կա մի բույր, մի զգացմունք, որը չկա ոչ մի ուրիշ ազգի մոտ: Մեր արևն ուրիշ է, մեր արյունն ուրիշ է: Մեր արևը մեր արյանը տվել է մի այլ բաղադրություն: Արդյոք մի ֆրանսիացի, մի անգլիացի կամ ամերիկացի իրար հանդիպելուց վերապրո՞ւմ են նման զգացմունքներ, ինչ որ հայը… Անպայման կարոտ կա՝ մեր արյան կարոտը: Անպայման թախիծ կա, մեր դարերի կանչը կա և սրտերի հևքը: Ուզում ես փաթաթվել, համբուրել: Սեղմելով կրծքիդ՝ արյանդ կարոտը առնել: Ումի՞ց: Բոլորովին անծանոթ մարդուց, որը հայ է սակայն…»:

Ժամանակակիցները Հարություն Դելլալյանին հիշում են հանգիստ ու զուսպ, բայց միշտ՝ բնածին ժպիտն աչքերում: Ամաչկոտ թվացող այդ մարդը բեմի վրա ամբողջապես կերպարանափոխվում էր: Ասում են, ու լուսանկարներն էլ հաստատում են, որ անկրկնելի արտաքինով, գեղեցիկ այս տղամարդը ցանկացած ֆիլմի հերոս կարող էր լինել, իր յուրահատուկ հագուկապով արդեն անհատ էր ամբողջի մեջ: Ժամանակակիցները հիշում են Հարություն Դելլալյանի տան բակը, վառարանը, երկրորդ հարկ կառուցելու գաղափարը և դաշնամուրը, ջերմությունն այն օրերի ու ամենակարևորը, որ ամուսիներն  ամեն ինչ կիսում էին միասին, անգամ արցունքով ծնված յուրաքանչյուր նոտան: Տիկին Հերմինեն գիտեր՝ ամուսինը մարդկությանը, հատկապես օտարներին երաժշտական հնչյուններով պատմում էր հայի դառը անցյալը, ապրիլյան շաղախներից ծնված, բայց և վերածնունդ ապրած, հաղթանակած երաժշտությամբ, դժվարին, բայց և հմայիչ: Արմատների հետ հաղորդական, անցյալի հանդեպ պատասխանատու այս արվեստագետը «իր մաշկի վրա ապրեց իր ժողովրդի պատմական տառապանքը և այդ տառապանքից դուրս բերեց սիրո և բողոքի մի ճիչ»,- արձանագրել է Ռ. Հատտեճյան:

Հ. Դելլալյանի երաժշտության մեջ ունկնդիրը ժամանակի ու տարածության անսովոր ու անբացատրելի, խորհրդավոր արտահայտումներ է զգում: Դրա մասին է վկայում կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի թողած ընծայագիրը. «Այս ստեղծագործության միջոցով ճանաչեցի քեզ, բայց զգացի, որ քեզ գիտեմ շատ տարիներ առաջ: Իմ մանկությունից, չծնվելուց դեռ առաջ… ես քեզ գիտեմ մեր պատմության միջոցով»:

1990 թվականն էր… Մինչև կյանքի վերջին րոպեն Հ. Դելլալյանն ապրում էր հայրենիքին օգտակար լինելու ցանկությամբ: Այդ շրջանում վատ էր, արդեն լավ չէր տեսնում, չէր կարողանում ստեղծագործել ու շատ էր նեղվում, իսկ Արցախին պետք էր օգնել՝ ինչո՞վ, ինչպե՞ս… և նա գիտեր՝ ինչով, ինչպես. մասնակցում էր Արցախյան պայքարում մարտնչող զինվորներին օգնության կազմակերպման գործին: Չէ՞ որ սա էր նրա երազանքը. «Կուզենայի մեր հավատի ու մշակույթի նկատմամբ բարբարոս վերաբերմունքը չլիներ: Կուզենայի մեր հավատը կրկին վերականգնվեր, մեր խոցված հոգիները խաղաղվեին և ազատ ստեղծագործելու, աշխատելու ունակությունն ու բերկրանքը վերադառնային մեզ: Կուզենայի, որ բանվորն իր հաստոցի առջև մի մաս ավելի պատրաստելու ձգտում ունենար, որ շինարարը մի քար ավելի կարողանար դնել կառուցվող շենքի պատին: Կուզենայի ներգաղթ լիներ, արտագաղթ չլիներ, օտար ափեր չլինեին ու պանդուխտի երգ չունենայինք: …Կուզենայի Կոմիտաս վարդապետը լինեի, բայց իմ ժողովրդի երջանկությունից խենթանայի…»:

Օլյա Նուրիջանյան

Երաժշտագետ, ԵՊԿ դասախոս

Արվեստագիտության թեկնածու

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք