Եգիպտական դրոշմանիշ

20150405161836696

Չեմ սիրում փաթեթված ձեռագրեր:

Որոշ այդպիսիք ծանր են ու ժամա-

նակի ձիթայուղով ներծծված, ինչպես 

հրեշտակապետի գալարափողը:

I

Լեհ աղախինը գնաց Գվարենգի կաթոլիկ եկեղեցի` բամբասելու և Տիրամորն աղոթելու:

Գիշերով երազ եկավ մի չինացի` վրան կնահաճո պայուսակներ կախկխած, որպես շահպրակե մանյակ, և ամերիկյան կկվամենամարտ. իմաստն այն է, որ հակառակորդներն ատրճանակով կրակում են սպասքաթմբերին, թանաքամաններին ու տոհմական կտավներին:

Ընտանիք իմ, ես քեզ առաջարկում եմ զինանշան. եռման ջրով լեցուն բաժակ: Պետերբուրգյան եփովի ջրի ռետինահամով հանդերձ` կլլում եմ իմ չստացված տնական անմահությունը: Ժամանակի կենտրոնախույս ուժը սրբեց-տարավ վիեննական աթոռներն ու կապտածաղիկ հոլանդական ափսեները: Ոչինչ չմնաց: Երեսուն տարին անցավ մարմանդ հրդեհի պես: Երեսուն տարին լափլիզեց դատական պրիստավի պիտակներով զարդարուն հայելու ներքնաիրերի բոցը:

Բայց քեզնից ո՞նց պոկվեմ, իրերի անգին Եգիպտոս. ճաշա-, ննջա- և աշխատասենյակների դիտողական հավերժություն: Մեղքս ինչպե՞ս քավեմ: Կուզե՞ս Վալգալլա. Կոկորևյան պահեստներ: Հանձնենք իրենց խնամքին` պրծնենք: Արտելականներն արդեն, սարսափից պար գալով, տեղից պոկում են առանձնասենյակային Մինյոն ռոյալը, որպես վերուստ ընկած սև-լաքապատ երկնաքար: Ծղոտը փռվում է շուրջառաձև: Սանդղահարթակներում խուսավարվող արմավահասակ զարդասեղանը աստիճաններով կողքանց է լողում:

Իրիկվա կողմ Պարնոկն իր այցեզգեստը խնամքով տեղավորեց վիեննական աթոռի թիկնակին: Գիշերվա ընթացքում` առույգ շևիոտե քնի մեջ նրա բազկալծակները և ուսերիզները հանգիստ պիտի առնեին: Ո՞վ գիտե, գուցե այցեզգեստը վիեննական կորությամբ թավալգլոր մանկանում ու արմնկախաղեր է տալիս… Ջահել մարդկանց անողնաշար ընկերուհին դերձակի դստիկոնում դրված հայելային տրիպտիխի կարոտն է քաշում… Չափ ու ձևի հանձնված սովորական տոպրակացու` ապագա ասպազրա՞հ, թե՞ կասկածելի անթևք բաճկոնակ. տոպրակացուն նկարիչ-դերձակը պյութագորյան կավիճով մանրագծեց և փոխանցեց նրան կոկիկ շնչառություն,- Գնա-ապրի, գեղեցկուհի: Ծեքծեքա համերգներին, զեկույցներ կարդա, սիրիր, սխալվիր:

Ախ, Մե՛րվիս, Մե՛րվիս, էդ ի՞նչ արիր: Պարնոկին ինչու՞ զրկեցիր երկրային թաղանթից, իր սիրասուն քրոջից ինչու՞ բաժանեցիր:

— Քնա՞ծ է:

— Քնած… պնակալեզը. էլեկտրական լույսն էլ է ափսոս` վրան ծախսես: Սուրճի վերջին հատիկները չքացան շարմանկա-աղացի խառնարանում:

Առևանգումն ի կատար ածվեց:

Մերվիսը գեղեցկուհուն առևանգեց սաբինուհու պես:

Մենք հաշիվ ենք պահում ըստ տարիների: Այնինչ Կամեննօստրովսկու վրայի ամեն մի բնակարանում ժամանակը շերտատվում է ըստ դինաստիաների ու դարերի:

Տուն կառավարելը միշտ էլ վիթխարի գործ է. անընդգրկելի են ժամաչափերը կյանքի. գոթագերմանական այբուբենն ըմբռնելուց մինչև համալսարանական կարկանդակների ոսկեճարպը:

Ինքնասեր ու նեղացկոտ բենզինաշունչն ու բարեսիրտ յուղառատ նավթահոտը հսկում են բնակարանը, որ խոցելի է խոհանոցի կողմից, ուր ներս են խուժում դռնապանները վառելափայտի կատապուլտներով: Փոշոտ լաթերն ու խոզանակները ջերմացնում են նրա ճերմակ արյունը:

Ի սկզբանե է՛ր դազգահը և կիսագնդերի Իլյինի քարտեզը:

Պարնոկը մխիթարանք էր քաղում քարտեզից:

Նրան խաղաղեցնում էր քաթանաթուղթը: Գրչակոթով օվկիանոսներն ու մայրաքաղաքները խթելով` վիթխարածավալ ճանապարհորդությունների երթուղիներ էր կազմում` արիական Եվրոպայի եթերային ուրվագծերը բաղդատելով Աֆրիկայի բութ ճտքակոշիկի ու անարտահայտիչ Ավստրալիայի հետ: Նա որոշ սուրուլիկություն էր որսում նաև Հարավային Ամերիկայում` սկսած Պատագոնիայից: Պարնոկի արյան մեջ Իլյինի քարտեզի հանդեպ հարգանքը առասպելական տարիներից էր մնացել, երբ ինքը կարծում էր, թե օքրայագույն ու ծովաբյուրեղյա կիսագնդերը, որպես լայնությունների ցանցի մեջ ամրաձգված երկու վիթխարի գնդակ, իրենց դիտողական առաքելությունն ի կատար ածելու լիազորությունն ստացել են հենց երկրագնդի ընդերքի հրահեղուկ գրասենյակից և որ դրանք, որպես կազդուրիչ հաբեր, ներսում խտացրած ունեն հենց տարածությունն ու հեռավորությունը:

Գուցե այդպիսի զգացում է ապրում իտալական դպրոցի երգչուհին, որը, պատրաստվելով հյուրախաղային թռիչքի դեպի դեռևս ջահել Ամերիկա, յուր ձայնով ողողում է աշխարհագրական քարտեզը, չափչփում նրա օվկիանոսը մետաղյա տեմբրով, պիրոսկաֆների անփորձ երակազարկը ստուգում յուր ռուլադներով ու տրեմոլոյով…

Նրա բիբերի ցանցաթաղանթներում շուռ են գալիս նույն երկու Ամերիկաները, որպես երկու կանաչ որսապարկ` Վաշինգտոնով ու Ամազոնով հանդերձ: Նախաշավիղով ծովային աղի` նա թարմացնում է աշխարհագրական քարտեզը, բախտ բացում դոլարներով ու ձմեռավարի ճռթճռթացող ռուսական հարյուրանոցներով:

Հիսունական թվականները նրան խաբեցին: Այդ ընթացքը տանելի չի դարձնի ոչ մի bel canto: Նույն` ամենուրեք ցածր առաստաղյա-մահուդե երկինքը, նույն ծխահար ընթերցարանները, նույն` կոպի կենտրոնում կորված` փայտե բռնակոթերը «Թայմս»-ի ու «Վեդոմոստ»-ի: Եվ վերջապես` Ռուսաստանը…

Նրա փոքրիկ ունկերը կխտտեն «Կրեշչատիկը», «շչաստյեն», «շչավելը». անլուր, անհնարին «շչ» հնչյունը մինչև ականջները նրա երգեցիկ բերանը կճողի: Իսկ հետո հեծյալ գվարդիականները կսուրան ժամերգությանը մասնակցելու Գվարենգայի լեհական կաթոլիկ եկեղեցում: Հռոմեա-կաթոլիկ երգեցիկ տիկնոջը կկտցահարեն ոսկեփետուր գիշակեր թռչուններ:

Նրան ի՜նչ բարձր տեղեր դրին: Մի՞թե սա է մահը: Դիվանագիտական կորպուսի ներկայությամբ մահը ծպտուն հանել անգամ չի համարձակվի:

— Հարցը կլուծենք փետրափնջերով, ոստիկաններով, Մոցարտով:

Նույն պահին Պարնոկի ուղեղի մեջ փայլատակեցին Բալզակի ու Ստենդալի վեպերի հախուռն հերոսները. երիտասարդներ, որ նվաճում են Փարիզը, իսկ առանձնատան մուտքի մոտ ոտնամանները թաշկինակով սրբում,- և նա ճամփա ընկավ այցեզգեստի ետքից:

Դերձակ Մերվիսն ապրում էր Մանետնիի վրա, հենց լիցեյի մոտ, բայց մեծ հարցականի տակ էր` կար անու՞մ է լիցեյականների համար. այդ բանն ավելի շատ ենթադրվում էր, ինչպես այն, թե Հռենոսի ձկնորսը կարմրախայտ կորսա, ոչ թե մանր ձկներ: Ըստ ամենայնի` ակնհայտ էր, որ Մերվիսի մտքինը ոչ թե դերձակությունն էր, այլ մի ավելի կարևոր նյութ: Զուր չէին ազգականները հեռուներից թռչում-գալիս, իսկ պատվիրատուն ընկրկում էր` շվարած ու ապուշ կտրած:

— Բա իմ երեխեքին կարագով բուլկի ո՞վ կտա,- ասաց Մերվիսն ու ձեռքով շարժում արեց, ասես կարագ էր քչփորում, և դերձակային բնակարանի թռչնաօդում Պարնոկի աչքին պատկերվեց արտասվաթոր պսակաթերթերով ալեզարդ «զվյոզդոչկա» սերուցքակարագը, այլև մի տրցակ բոլոկի: Հետո Մերվիսը խոսքուզրույցը վարպետորեն շուռ տվեց փաստաբան Գրուզենբերգի վրա, որը հունվարին սենատորի համազգեստ էր պատվիրել, չգիտես ինչու` կոնսերվատորիայի աշակերտ իր Ահարոն որդուն մեջ գցեց, խճճվեց, խոսքը ծամծմեց ու ծլկեց-կորավ միջնորմի հետևը:

«Ինչ արած,- մտածեց Պարնոկը,- գուցե հենց էդպես էլ պետք էր, գուցե իմ զգեստն այլևս չկա, գուցե իրոք վերցրել-ծախել է, որպեսզի, ասել իրեն, շևիոտի գինը վճարի»:

Բացի այդ` թե որ հիշենք, Մերվիսը չի ընկալում այցեզգեստի ձևվածքը. այն շեղվում վերածվում է սերթուկի, որն ակներևաբար նրան ծանոթ է ու մատչելի:

Լյուսիեն դը Ռյուբամպրեն քաթանե կոպիտ սպիտակեղեն ուներ ու գեղջուկ կոշկակարի բստրած մի զույգ անճոռնի կոշիկ. նա փողոցում շագանակ էր կրծոտում ու դռնապաններից երկնչում: Մի անգամ, իր համար երջանիկ մի օր, նա սափրվեց, և ապագան ծնունդ առավ սապնափրփուրից:

Պարնոկը, Մերվիսի ու նրա ընտանիքի կողմից լքված, կանգնած էր միայնակ: Նրա հայացքն ընկավ միջնորմին, որի հետևից հրեական մեղրի պես ծյուրում էր մի կանացի կոնտրալտո: Այդ միջնորմը, վրան փակցված նկարներով, տարօրինակ իկոնոստաս էր հիշեցնում:

Այնտեղ էր Պուշկինը` ծամածռված դեմքով, հագին` մորթե մուշտակ. նրան ջահակիրների նման ինչ-որ պարոնայք դուրս էին բերել պահակախցիկի պես նեղլիկ ծածկակառքից և, շան տեղ չդնելով ականջներին միտրոպոլի գդակ քաշած կառապանին, պատրաստվում էին մուտքից ներս շպրտել: Կողքին տասնիններորդ դարի հնաոճ օդաչուն էր` կախազարդավոր երկքղանցք պիջակ հագած Սանտոս Դյումոնը, որը տարեգրի քմահաճույքով օդապարիկի զամբյուղից դուրս էր շպրտվել ու պարանից առկախ` դիտարկում էր անգղի սավառնումը:

Հետո պատկերված էին ոտնացուպավոր հոլանդացիներ, որ լոք տալիսանցնում էին իրենց փոքրիկ երկիրը արագիլի քայլերթով:

 

II

 

Այնքան էլ բազմազան չեն այն վայրերը, ուր հանդիպելու համար միմյանց ժամադրում են պետերբուրգցիք: Վայրեր, որ լուսավորված են վաղեմությամբ, երկնքի ծովականաչով ու Նևայով: Ծանրագեղմ այգիների ու ստվարաթղթե փողոցների մեջ այդ վայրերը կարելի է խաչանշել քաղաքի հատակագծի վրա:

Գուցե դրանք փոփոխվում են պատմության ընթացքում, բայց նախքան դարավերջին հասնելը,- երբ դարավերջի ջերմությունը բարձրացավ մինչև «երեսունութ ու երեք», և կյանքը թռավ-գնաց խաբուսիկ կանչի ետքից, որպես ճերմակ Նևսկիով գիշերը դղիրդ գցած հրշեջային գումակ,- դրանք մատների վրա կարելի էր հաշվել:

Առաջինը Ինժեներական այգու «ամպիր» ոճի տաղավարն էր, օտար մարդը ամաչում էր թեքվել, որպեսզի հանկարծ չխրվի-մնա ուրիշի բանուգործի մեջ ու որևէ մեկի հետ ստիպված չլինի իտալական արիաներ երգել. երկրորդ` համալսարանի շենքի դիմաց թեբեական սֆինքսները. երրորդ` Գալերնայայի կոկորդին նստած անշուք կամարը, որն ընդունակ չէր անգամ անձրևից պատսպարել. չորրորդ` Ամառային այգու մի կողաշավիղ, որի տեղը, թեև ես շփոթում էի, ձեզ ցույց կտա ամեն մի գիտուն մարդ: Սա է ողջը: Միայն խելագարներն էին ռանդեվու նշանակում Պղնձե հեծյալի կամ Ալեքսանդրյան սյան մոտ:

Պետերբուրգում ապրում էր ոմն մի մարդ. շվեյցարներն ու կանայք արհամարհում էին նրան: Անունը` Պարնոկ: Վաղ գարնանը նա դուրս էր վազում փողոց ու չափչփում չչորացած մայթերը նոխազի դոփդոփ կճղակներով:

Նա փափագում էր արտաքին գործոց նախարարությունում թարգման դառնալ, Հունաստանին մի ինչ-որ համարձակ քայլ հուշել ու գրել մեմորանդում:

Փետրվարին նա սույն իրադարձությունը մտապահեց. քաղաքի միջով ձիթագործարան էին տանում խորասառույցի ընտիր ու խոշոր բեկորներ: Սառույցը երկրաչափորեն ամբողջական էր ու առողջ. նրան դեռ չէր դիպել մահվան ու գարնան շունչը: Բայց վերջին բեռնասահնակի հետ, ինչպես կապույտ բաժակում, սառցապատ լողաց վառ-կանաչ փշատերև մի շյուղ, որ ասես մատաղատի հույն աղջիկ էր բաց դագաղում: Ձյան սև շաքարավազը փլուզվում էր ոտքերի տակ, այնինչ ծառերը կանգնած էին ջերմ, հալչող հողի լիալուսնաձև փոսիկներում:

Պարնոկին մի վայրի պարաբոլ էր կապում պատմության ու երաժշտության տոնական սենեկաշարքին:

— Երբևէ քեզ դուրս կշպրտեն, Պարնոկ,- սարսափելի սկանդալ կլինի, դուրս կշպրտեն անարգված,- կռնատակերիցդ կբռնեն ու շվվոցով — սիմֆոնիկի դահլիճից, վերջին խոսքի նախանձախնդիրների համայնքից, ճպուռային երաժշտության կամերային խմբակից, մադամ Պերեպլյոտնիկի սալոնից — Աստված գիտի ուրիշ որտեղից,- բայց դուրս կշպրտեն, պատիվդ գետնովը կտան, խաղք ու խայտառակ կանեն…

Նաև կեղծ հուշեր ուներ. համոզված էր, ենթադրենք, թե մի անգամ, իր տղա եղած ժամանակ, գողունի թափանցել է կոնֆերենց-դահլիճ ու լույսը վառել: Բոլոր լամպերի ողկույզներն ու մոմատուփերը բյուրեղյա սառցալեզվակներով մեկեն բռնկվել են` ասես մարած մեղվափեթակ: Էլեկտրական լույսը հորդանում է այնպիսի զարհուրելի ճերմակ հեղեղով, որ աչքերը ցավեն պիտի, և ինքը` լաց լինի:

Սիրասուն լույս` կույր ու անանձնապաշտ:

Նա սիրում էր փայտի պահեստներն ու փայտեղենը: Ձմռանը չոր ծղանը պետք է թնդա` թեթև ու դատարկ: Իսկ դեղնակիտրոն բնափայտով կեչին ծանր չպետք է լինի սառցակալած ձկնից: Նա ձեռքի մեջ շոշափում էր բնափայտը, կարծես գործ ուներ կենդանի արարածի հետ:

Մանկուց նրա հոգին փակչում էր այն ամենին, ինչ անպետք է` իրադարձության վերածելով կյանքի տրամվայաձայն թոթվանքը, իսկ երբ սկսում էր սիրահարվել` այդ մասին պատմել էր ջանում կանանց, բայց կանայք նրան չէին հասկանում, և, ի հատուցումն, նա կանանց հետ խոսում էր վայրի ու փքուն մի թռչնալեզվով` բացառապես բարձր նյութերի շուրջ:

Շապիրոյին կոչում էին «Նիկոլայ Դավիդիչ»: Թե որտեղից էր լույս ընկել «Նիկոլայ»-ը` անհայտ է, բայց դրա զուգակցումը «Դավիդիչ»-ին` գերում էր մեզ: Այնպես էր թվում, թե Դավիդիչը` ասել է թե` ինքը Շապիրոն` գլուխն ուսերը քաշած խոնարհվում է ոմն Նիկոլայի առաջ ու նրանից պարտք ուզում:

Շապիրոն հորիցս կախվածություն ուներ: Նա երկար ու ձիգ նստում-մնում էր պատճենահանող մեքենայով ու «ռյուս» ոճի բազկաթոռով անհեթեթ աշխատասենյակում: Շապիրոյի մասին ասում էին թե` ազնիվ ու «փոքր մարդ» է: Ես, չգիտես ինչու, համոզված էի, թե «փոքր մարդիկ» երեք ռուբլուց ավելի չեն ծախսում և անպայման ապրում են Պեսկիում: Մեծագլուխ Նիկոլայ Դավիդիչը փռչոտ ու բարի հյուր էր, նա ձեռքերն անդադար շփում էր, մեղավոր ժպտում հանձնակատարի պես, որին թույլատրել են ներս մտնել սենյակ: Նրանից դերձակի ու արդուկի հոտ էր գալիս:

Ես հաստատ գիտեի, որ Շապիրոն ազնիվ է, ու, այդ առթիվ ուրախանալով, գաղտնի ցանկանում էի, որ նրանից բացի ոչ ոք չհամարձակվի ազնիվ լինել: Սոցիալական սանդղաշարին Շապիրոյից ցածր էին կանգնած միայն «արտելականները»` այդ խորհրդավոր քաջընթացները, որոնց առաքում են բանկ ու Կապլանի մոտ: Շապիրոյի ձեռքից արտելականների միջոցով թելերը ձգվում էին մինչև բանկ ու Կապլանի մոտ:

Ես սիրում էի Շապիրոյին այն բանի համար, որ նրան պետք էր իմ հայրը: Պեսկին, ուր նա բնակվում էր, տեղովը մեկ նրա կնոջ սպիտակեղենի արհեստանոցը շրջապատող Սահարա էր: Գլուխս պտույտ էր գալիս այն մտքից, թե Շապիրոյից կախում ունեցող մարդիկ էլ կան: Վախենամ թե` Պեսկիում պտուտահողմ բարձրանա ու սրբի-տանի նրա` սպիտակեղեն կարող կնոջը, միակ բանվորուհուն ու թարախակալ կոկորդներով երեխեքին` փետուրի կամ երեքնոցի պես…

Գիշերով, թուլացանց մահճակալում քուն մտնելիս, կապույտ ֆինոլինի լույսի ներքո` չգիտեի Շապիրոյի համար ինչ անեմ. նրան նվիրե՞մ ուղտ ու մի տուփ խուրմա, որպեսզի Պեսկիում չմարտիրոսվի, թե՞ լավ է` մարտիրոսվողի տիկնոջ` մադամ Շապիրոյի հետ միասին նրան կախ տամ Կազանսկի տաճարում, ուր ծակոտկեն օդը սև է ու մարխոշ:

Գոյություն ունի բարոյական հասկացությունների մթին, մանկուց եկող նշանագիտություն. պատռվող կտավի ճղվելու ձայնը կարող է ազնվություն նշանակել, իսկ գործվածքի պաղությունը` սրբություն:

Եվ վարսավիրը, Պարնոկի գլխավերևում պահած պիսկաֆոնով բրգաձև սրվակը, սառը շագանակագույն խյուսն ուղիղ լցնում էր Սկրյաբինի համերգներում լերկացած նրա գագաթին` պարգևելով սառցապաղ չլմփոցներ, և, ճաղատն ի վար զգալով այդ սառը կեղանքը, Պարնոկը կենդանանում էր: Չորուկ մաշկին համերգային պաղություն էր համակում և — վա՜յ, մայրի°կ, խղճա որդուդ — թափանցում օձիքի տակ:

Հո տաք չի՞,- հարցնում էր վարսավիրը` խոսքի հետ Պարնոկի գլխին պահելով եռման ցնցուղը. բայց նա միայն կկոցում էր աչքերն ու ավելի մխրճվում լվացարանի մարմարե կառափնափոսի ներսը:

Եվ խավոտ սրբիչի տակ նրա ճագարային արյունը տաքանում էր վայրկենաբար:

Պարնոկը զոհն էր նախօրոք հորինված ըմբռնումների` թե ինչ ընթացք պիտի ունենա սիրավեպը:

Վերժե թղթի վրա, տիա՛րք իմ, ջրանիշերով ու նշտարահատ եզրերով անգլիական վերժե թղթի վրա նա տեղեկացնում էր ոչինչ չկասկածող դամային, թե Միլիոննիի, Ադմիրալտեյստվոյի և Լետնի այգու միջև ընկած տարածությունն ինքը կոկել-հարդարել է նորիցնոր ու իրեն հասցրել լիակատար մարտական պատրաստության, ինչպես շողակնի հղկանիստ:

Այդպիսի թղթի վրա, ընթերցո՛ղ, կարող էին գրագրություն անել Էրմիտաժի` կնոջ կերպարանքով արձանասյուները` միմյանց ցավակցելիս կամ հարգանք հավաստելիս:

Աշխարհում կան, չէ՞, մարդիկ, որ իրենց օրում հարբուխից վտանգավոր տկարություն չեն ճանաչել և այժմեությանը մի տեսակ շուլալված են կողքանց, ոնց որ պար ու երաժշտության կրծքանշան: Այդպիսիք երբեք իրենց մեծահասակ չեն զգում և նույնիսկ երեսուն տարեկանում ինչ-որ մեկից նեղանում են ու ինչ որ բան պահանջում: Նրանց առանձնապես ոչ մեկը երբևէ երես չի տվել, բայցևայնպես` շփացած են, կարծես թե ծնված օրից ակադեմիական մթերաբաժին են ստացել` սարդինաձկով ու շոկոլադով: Սրանց գործը խառնաշփոթ ստեղծելն է. թեև շախմատային մեկ քայլ է իմացած-չիմացածները, բայց մեկ է` խցկվում են խաղի մեջ. տեսնես վերջն ի՞նչ կլինի: Սրանց հարմար կգար ինչ-որ տեղ լավ ծանոթի ամառանոցում ապրելը. իրենց համար պատշգամբից կլսեին ինքնաեռի շուրջ կոնաձև շարվող բաժակների շխկշխկոցը, զրույցի կբռնվեին խեցգետնավաճառների փոստատարի հետ: Ես սրանց բոլորին կհավաքեի ու կբնակեցնեի Սեստրորեցկում, քանի որ հիմա ուրիշ հարմար տեղ չգիտեմ:

Պարնոկը Կոմեննոօստրովյան պողոտայի` Պետերբուրգի ամենաթեթևսոլիկ ու անպատասխանատու փողոցներից մեկի արգասիքն էր: Իսկ տասնյոթ թվին, փետրվարյան օրերից հետո, այդ փողոցն ավելի թեթևսոլիկ դարձավ իր շոգեգոլորշու լվացքատներով, անհետացող կակաո վաճառող վրացական կրպակներով ու ժամանակավոր կառավարության խելապակաս ավտոմոբիլներով:

Քեզ աջուձախ մի՛ գցիր. թե չէ կհայտնվես խուլ, անհեթեթ ու անտրամվայ փողոցներում: Այնինչ Կոմեննոօստրովսկու վրա տրամվայներն անասելի արագություն են հավաքում: Կոմեննոօստրովսկի` ասել է թե գեղեցիկ ու թեթևսոլիկ այր, որ օսլայել է իր ունեցած ընդամենը երկու քարե վերնաշապիկները, և ծովից փչող քամին զիլ սուլում է նրա` տրամվայներով լեցուն գլխում: Դա մի դատարկապորտ ջահել է, որն իր տները դրել է կռնատակին, ինչպես իր եթերային փաթեթն է դնում լվացարարուհու մոտից վերադարձող չքավոր պճնամոլը:

 

III

 

— Նիկոլայ Ալեքսանդրովիչ, հա՛յր Բրունի,- ձայնեց Պարնոկը կոստրոմացի անմորուս քահանային, որը թերևս չէր ընտելացել պարեգոտին ու ձեռքին բռնած ուներ աղացած սուրճի բուրումնալից փաթեթ: — Հայր Նիկոլայ Ալեքսանդրովիչ, ուղեկցեք ինձ:

Պարնոկը ձգեց նրա լյուստրինե թևքից, և քահանան առաջ սահեց, ինչպես նավակ: Հայր Բրունիի հետ դժվար էր խոսքի բռնվելը: Պարնոկը նրան ինչ-որ առումով որպես դամա էր ընդունում:

Դրսում Կերենսկու ամառն էր, և լիմոնադե կառավարությունը նիստ էր գումարել:

Ցոփ խրախճանքի համար ամեն ինչ նախապատրաստված էր: Կար ժամանակ, երբ թվում էր, թե քաղաքացիներն ընդմիշտ թիթեռնաձև փողկապներով կմնան. փիսիկների պես: Բայց արդեն անհանգստանում էին ասորի կոշիկ մաքրողները, ինչպես ագռավները խավարումից առաջ, և շտիֆտե ատամներն անհետանում էին ատամնաբույժների մոտից:

Սիրում եմ ատամնաբույժներին արվեստասիրության, լայն մտահորիզոնի ու գաղափարական հանդուրժողականության համար: Սիրում եմ ես` մեղապարտս, աէրոպլանի — որ պտուտակով նույնպես շաղափում է երկինքը — երկրային թշվառ քրոջ` բորմեքենայի բզզոցը:

Աղջիկներն ամաչեցին հայր Բրունիից. երիտասարդ հայր Բրունին ամաչեց բատիստե մանրուքներից, իսկ Պարնոկը, քողարկվելով պետությունից բաժանված եկեղեցու հեղինակությամբ, խոսքուվեճ բացեց լվացքատան տիրուհու հետ:

Սարսափելի ժամանակներ էին. դերձակները այցեզգեստ էին շորթում, իսկ լվացարարուհիները ծանակում էին անդորրագիրը կորցրած ջահելներին:

Հայր Բրունիի տոպրակի խարկած մոկկոն խտիտ էր տալիս գրգռված տիրուհու ռունգերը:

Նրանք խորացան լվացքատան տաք ամպագոլորշու մեջ, ուր հինգ ճլվլիկ աղջիկներ սպիտակեղեն էին ծալծլում, գրտնակում ու արդուկում: Բերանները ջուր առնելով` դույն չարաճճի սերովբեները ցրցամում էին զեֆիրե ու բատիստե զառանցանքը: Ոչ մի անգամ չդադարելով ճռվողելուց` նրանք աշխույժով դեսուդեն էին շարժում հրեշավոր ծանր արդուկները: Իրենց հերթին էին սպասում օճառափրփուրներում սեղանի երկայնքով դեսուդեն թափթփված վոդևիլային մանրուքները: Կուսական կարմիր մատների մեջ արդուկները թշշում էին ու արշավում: Զրահանավերը զբոսնում էին հարած հումսերի վրայով, իսկ աղջիկները ջուր էին սրսկում:

Պարնոկը ճանաչեց իր` քորոցներ կլլած վերնաշապիկը, որ խնամքով դրված էր դարակում` պիկեի փայլփլուն կրծքերիզով, արդուկված, հասած կեռասի գույնի բարակ զոլերով:

— Աղջիկներ, սա ու՞մն է:

— Ռոտմիստր Կրժիժանովսկունը,- պատասխանեցին աղջիկները սուտ լրջությամբ, անամոթ ու միաձայն:

— Տեր հայր,- դիմեց տիրուհին քահանային, որը լվացքատան հագեցած մշուշում իշխանություն ունեցողի տեսքով էր կանգնած, և գոլորշին նստում էր նրա պարեգոտին` ասես իրեն հատկացված տեղն էր գտնում տնային հանդերձարանում:- Տեր հայր, եթե դուք ճանաչում եք այս երիտասարդին, ապա նրան խելքի բերեք: Ես նույնիսկ Վարշավայում այսպիսի անպատկառություն չեմ տեսել: Ինչ բերում չի բերում — ասում է` «շուտափույթ վերադարձրեք»: Թող գրողի բաժին դառնա շուտափույթ… Գիշերով խցկվում է հետնամուտքից, ոնց որ ես ինչ-որ քսյոնձ եմ կամ մանկաբարձուհի… Ես հո թալանչի չեմ, որ ռոտմիստր Կրժիժանովսկու սպիտակեղենը դրան տամ: Ռոտմիստրը սովորական ոստիկան չի, այլ իսկական պորուչիկ. իսկական պարոն: Ընդամենը երեք օր թաքնվեց, իսկ հետո իրենք` զինվորները նրան ընտրեցին գնդային կոմիտեի անդամ ու գլխների վրա են ման ածում:

Դրան հակաճառելու բան չկար, և հայր Բրունին աղաչական նայեց Պարնոկին:

Իսկ ես աղջիկներին արդուկի փոխարեն Ստրադիվարիուսի ջութակներ կբաժանեի` թեթև, ինչպես սարեկաբույն, և ամեն մեկին ձեռագիր նոտաների մի տրցակ կտայի: Այս ամենը վեր է մղվում` վերածվելու նկարազարդ առաստաղի: Շոգեամպի մեջ պարեգոտը երաժշտավար վանահոր փարաջայի տեղ կանցնի: Վեց կլորիկ բերանները կբացվեն ոչ թե` ինչպես պետերբուրգյան բուբլիկի անցքեր, այլ ինչպես Պալացցո Պիտտիի «Համապատկերի» զարմանահրաշ օղակները:

 

IV

 

Ատամնաբույժը կախեց բորմեքենայի կնճիթն ու մոտեցավ լուսամուտին: — Օհո-հո՜… Մի էնտե՜ղ նայեք:

Գորոխովյան փողոցն ի վար շարժվում էր մեջն աղոթքի շշուկ առած ամբոխը: Կենտրոնական մասում ազատ տարածություն էր պահպանվում կարեի տեսքով: Բայց այդ լուսանցքը, որի միջով նշմարվում էր շախմատաձև սալարկը, իր կարգն ու կառուցվածքն ուներ. այնտեղ առանձնանում էին հինգ թե վեց մարդ, որպես թե ամբողջ երթի կարգադրիչներ: Նրանք շարժվում էին համհարզի քայլվածքով: Կենտրոնում ինչ-որ մեկի բամբակե ուսերն էին ու թեփոտ օձիքը: Հենց նա՛ էր այդ տարօրինակ պարսի մայր մեղուն. համհարզները նրան խնամքով բոթում էին, զգուշությամբ ուղղություն տալիս, հոգածում ու պահպանում մարգարտի պես:

Ճիշտ չէր լինի պնդել, թե նրա գլխի դիմացի կողմում դեմք չկար: Չէ, գլխի դիմացի մասում դեմքը կար, թեև ամբոխի մեջ դեմքը նշանակություն չունի, այլ իրենց ինքնուրույն կյանքն են ապրում ծոծրակներն ու ականջները:

Ընթանում էին բամբակենուց ծառս եղած հանդերձակախիչ-ուսերը, շռայլորեն թեփակոլոլ ապրաքսինյան պիջակները, դյուրագրգիռ ծոծրակներն ու լոշտո շնականջները:

«Սրանք բոլորը պետք է որ խոզանակ վաճառող լինեն»,- հասցրեց մտածել Պարնոկը:

Սեննոյի ու Մուչնոյ նրբանցքի միջև ինչ-որ տեղ, ներկաքիմիական ու կոշեգործական խավարում` թեփի, փայտոջիլների ու ցից ականջների վայրի բուծարանում զեռում էր սրտխառնուք ու վարակ արծարծող այս արտասովոր խուռնամբոխը:

«Սրանցից աղիքափամփուշտի հոտ է գալիս»,- մտածեց Պարնոկը, և չգիտես ինչու միտքը եկավ «փորոտիք» զարհուրելի բառը: Մի փոքր սրտխառնուք զգաց, կարծես մտաբերելով, թե ինչպես օրերս մի պառավ` մսավաճառից իր ներկայությամբ «թոք ու պլոճիկ» ուզեց,- բայց իրականում պատճառը ամբոխին կաշկանդող սարսափելի կարգուկանոնն էր:

Այստեղ համերաշխիքն էր օրենքը. թեպետ հանդերձակախիչն անփորձանք Ֆանտանկայի ափամերձ ձկնաբուծարան հասցնելու համար պատասխանատու էին բացառապես բոլորը: Հերիք էր, որ մեկնումեկն ամենաերկչոտ բացականչությամբ օգնության հասներ չարաբաստիկ օձիքատիրոջը, որը սամույրից ու կզաքիսից ավելի թանկ արժեր, որպեսզի նրան վերցնեին վերամշակման, որպես կասկածելի անձ, հայտարարեին օրենքից դուրս ու ներքաշեին դատարկ կարեի մեջ: Այստեղ գործում էր տակառագործ-սարսափը: Ծոծրակեղ քաղաքացիները, պահպանելով ծիսական կարգուկանոն, ինչպես շիիթները Շախսեյ-Վախսեյի օրը, անկասելիորեն շարժվում էին դեպի Ֆանտանա:

Եվ Պարնոկը նետվեց խորդուբորդ ու անշվեյցար աստիճաններն ի վար` շվարած ատամնաբույժին թողնելով քնած կոբրա հիշեցնող կախ ընկած բոր մեքենային դեմ-հանդիման, հնարավոր բոլոր մտքերի փոխարեն կրկնելով.

— Կոճակները շինում են կենդանիների արյունից:

Ո՜վ դու, ժամանա՛կ, վեհերոտ խլիզոլի՛թ, վրան ալյուր շաղած կաղամբաթիթե՜ղ, մատաղ հրեուհի` դեմքը հպած ժամագործի պատուհանին,- լավ կլիներ` չնետեիր հայացք:

Անատոլ Ֆրանսին չէ, որ թաղում ենք ջայլամային դիակառքով` բարձր, քանց բարդի, քանց գիշերով պտույտ եկող բուրգ, որ տրամվայի սյուներն է նորոգում, այլ Ֆանտանկա ենք առաջնորդում այգու ձկնաբուծարանում խեղդելու – ոմն մարդու` ամերիկյան վագոնավարի ճերմակարծաթ, վիճակախաղի ժամացույց թռցնելու համար:

Ուզածիդ չափ թրև եկար, ո՛վ ոմն մարդ, Շչերբակովի նրբանցքով, թքեցիր մսի` գեշ թաթարական վաճառատների վրա, կախ ընկար տրամվայի բռնաձողերից, Գատչինա գնացիր` Սերյոժա ընկերոջդ հյուր, այցելեցիր բաղնիք ու Չինիզելլի կրկես, կյանք քաշեցիր, ո՛վ ոմն մարդ, էլ բավ է: Սկզբում Պարնոկը վազ տվեց ժամագործի մոտ: Սա նստած էր կուզիկ Սպինոզայի պես ու իր հուդայական փքապակու միջով զննում էր զսպանակ բզեզիկները:

Հեռախոս ունե՞ք: Պետք է նախազգուշացնել միլիցիային: Բայց ի՞նչ հեռախոս կարող է ունենալ Գորոխովոյի խեղճուկրակ հրեական ժամագործը: Այ, դուստրեր ունի` թախծոտ, ոնց որ նշակարկանդակե տիկնիկներ, և թութք ունի, և կիտրոնով թեյ, և պարտքեր, բայց հեռախոս չունի:

Հապշտապ կոկտեյլ սարքելով Ռեմբրանդտի, իսպանական նոխազային զեղանկարչության ու կնճիթաճպուռի բզզոցի խառնուրդից ու չհասցնելով համտեսել օշարակն այդ` Պարնոկը թռավ-գնաց:

Մայթով կողքանց առաջ անցնելով ինքնադատաստանի պատկառելի թափորից` նա վազեց-մտավ հայելու կրպակներից մեկը, որոնք բոլորը, ինչպես հայտնի է, կենտրոնացած են Գորոխովոյի վրա: Հայելիները դեսուդեն էին փոխադրվում` արտացոլելով սպասքեղենի պահարան հիշեցնող տները. փայտոջիլային ամբոխից զեռացող սառցակալած փողոցի բեկորները դրանց մեջ թվում էին ավելի թավ ու սահմռկեցնող:

Կասկածելի չեխ հայելավաճառը, իր ֆիրմայի` հազար ութ հարյուր ութսունմեկ թվականից մինչ օրս անբիծ հեղինակությանը նախանձախնդիր` դուռը շրխկացրեց նրա քթին:

Վոզնեսենսկու անկյունում նշմարվեց հենց ինքը` ռոտմիստր Կրժիժանովսկին` ներկած բեղերով: Հագին զինվորական շինել էր, գլխարկ էր դրել և իր դամայի ականջին հեծյալ-գվարդիականի անպարկեշտ քնքշանքներ էր քչփչում:

Պարնոկը նրա կողմը նետվեց, ասես լավագույն բարեկամին էր տեսել, և աղերսեց զենքը մերկացնել:

— Մի րոպե:

— Ես հարգում եմ րոպեն,- սառնությամբ ասաց կաղ ռոտմիստրը,- բայց կներեք, դամայի հետ եմ,- և ճարպկորեն իր ուղեկցորդուհու թևն ընկնելով` թրխկացրեց կոշկախթաններն ու չքացավ սրճարաններում:

Պարնոկը վազ էր տալիս` լաքած մաշիկների նոխազային սմբակները դոփդփելով սալարկին: Ամենից շատ նա վախենում էր իր հանդեպ ամբոխի անբարյացակամությունը գրգռելուց:

Կան մարդիկ, ովքեր, չգիտես ինչու, անցանկալի են ամբոխին: Ամբոխը նրանց նկատում է մեկեն, խայթում ու քթին կտտացնում: Նրանց չեն սիրում երեխաները, նրանք դուր չեն գալիս կանանց:

Պարնոկը դրանց թվին էր պատկանում:

Դպրոցում ընկերները նրան ձեռ էին առնում, «ոչխար», «լաքած կճղակ»,«եգիպտական դրոշմանիշ» և այլ վիրավորական մականուններ կպցնում:

Որտեղից-որտեղ դասընկերները նրա մասին լուր էին տարածել, թե իբր «լաքա հանող» է, այսինքն գիտի յուղի, թանաքի ու մյուս բծերի հատուկ բաղադրությունը, և, դիտմամբ, իրենց մայրերից զզվելի փալաս-փուլուս գողանալով` բերում էին դասարան ու անմեղ տեսքով Պարնոկին առաջարկում` «Էս լաքեքը հանի»:

Ահա և Ֆանտանկան` հնոտիավաճառների ու երկարուկ-ճարպոտ բբռեճներով սոված ուսանողների Ունդինան, ցանցառ ատամնասանրեր ցուցանող եփած խեցգետինների Լորելեյան. ահա գետը` հովանավորուհին ողորմելի Փոքր թատրոնի` իր հերաթափ, պաչուլիով օծուն, վհուկանման Մելպոմենեով հանդերձ:

Ինչ ասեմ. եգիպտական կամուրջը Եգիպտոսի հոտն անգամ չի առել, և ոչ մի կարգին մարդ սեփական աչքերով տեսած չկա Կալինկինին:

Չգիտես որտեղից վրա պրծած մարդկային մորեխապարսը սևավորեց Ֆանտանկայի ափերը, ծեփծեփեց ձկնաբուծարանը, վառելափայտի բորսաները, մակույկակայանները, գրանիտե կամուրջներն ու անգամ լադոգյան բրուտների մակույկները: Հազարավոր աչքեր էին նայում նավթագույն զվարթ ջրին, որը փայլում էր նավթի, սադափե լվացուկի ու սիրամարգի պոչի բոլոր երանգներով: Պետերբուրգն իրեն Ներոն հայտարարեց և այնքան էր եղկելի, ասես ճխլած ճանճերով ապուր էր խփշտել:

Բայցևայնպես նա զանգահարեց դեղատնից, միլիցիա զանգեց, զանգեց կառավարությանը` գոլորշացած, պերկեսի պես քուն մտած պետությունը:

Նույն հաջողությամբ նա կարող էր զանգել Պրոզերպինային կամ Պերսեփոնեին` այնտեղ, ուր առայժմ հեռախոս չեն քաշել:

Գրիչը մի բեղավոր հույն գեղեցկուհի է նկարում ու ինչ-որ մեկի աղվեսակզակը:

Այդպես սևագրության լուսանցքներում հայտնվում են արաբեսկներ և ապրում իրենց ինքնուրույն, հոյակապ ու դավադիր կյանքը:

Ջութակե մարդուկներն ըմպում են թղթի կաթը:

Ահա Բաբելոնը. ակնոցակեռիկներով ու աղվեսակզակ:

Պարնոկը. եգիպտական դրոշմանիշ:

Արթուր Յակովլևիչ Հոֆմանը — արտաքին գործոց նախարարության հունական բաժնի աստիճանավոր:

Մարիինյան թատրոնի եղջյուրաշեփորները:

Եվ մի հույն բեղավոր գեղեցկուհի:

Եվ դատարկ անկյուն մյուսների համար:

Էրմիտաժի ծիտիկները ճռվողում էին բարբիզոնյան արևի, պլեներային գեղանկարչության, բոված հացի բրդոններով սպանախ հիշեցնող կոլորիտի,- մի խոսքով` այն ամենի մասին, ինչի պակասն է քաշում մռայլ-ֆլամանդական Էրմիտաժը:

Իսկ ես բարբիզոնյան նախաճաշի հրավերք չեմ ստանա, թեև մանուկ հասակում ճղոտել-շինել եմ թագադրման վեցանիստ քառթվածքով լապտերիկներ և լույսով տարել դրանք ավազոտ սոճուտ ու գիհուտ` մերթ ջղագրգիռ-կարմիր տրախոմա վաստակելով, մերթ` ինչ-որ մոլորակի կապտածամոն, մերթ` կարդինալային մանուշակագույն գիշեր:

Մայրը համեմում էր սալաթը դեղնուցով ու շաքարավազով:

Սալաթի պատառ-պատառ ճխլված կռճիկավոր ականջները քացախի ու շաքարի զոհն էին դառնում:

Օդը, քացախն ու արևը այդ կանաչ փալաս-փուլուսի հետ միասին ճմլվում էին` աղից, եռափեղկ հայելուց, ուլունքից, գորշ տերևներից, արտույտներից ու ճպուռներից համատարած բորբոքուն, ափսեներ շխկշխկացնող բարբիզոնյան օրվա մեջ:

Լրագրերով ու անձեռոցիկներով հովհարվող բարբիզոնյան կիրակին դեպի զենիթային նախաճաշն էր սլանում` խոտին փռելով ֆելիետոններ ու գրառումներ քորոցաչափ դերասանուհիների մասին:

Առ բարբիզոնյան շվաքարանները հորձանք էին տալիս լայն տաբատներ ու առյուծային թավշե բաճկոններ հագած հյուրերը:

Իսկ կանայք իրենց կոկլիկ ուսերից թափ էին տալիս մրջյուններին:

Երկաթուղային փոքրիկ բաց վագոնները վատ էին հնազանդվում շոգուն և, վարագույրները քրքրելով, երիցուկի դաշտի հետ լոտո խաղում: Հավաճտային մխոցներով տոգորված ցիլինդրավոր շոգեքարշը սրտնեղում էր գլանագլխարկների ու մուսլինի ծանրությունից:

Տակառը ցրցամում էր փողոցը նիհար ու բեկբեկուն շիթերի առատուկով: Ողջ օդն այլևս թվում էր պարարտ-անհամբեր վարդերի մեկնակայան:

Իսկ սև ու պսպղուն մրջյունները, ինչպես չինական թատրոնի հինավուրց ու դահճակիր թատերախաղի գիշակեր դերակատարներ, պարծենում էին իրենց բևեկնաթաթիկներով ու դեռևս չմասնատված զոհի մարմնից իրենց մարտական բաժինը չանթում` փոշու օղակներում բլուրն ի վեր տրտինգ տվող մարտական նժույգների պես տարուբերելով ակաթե հետույքները:

Պարնոկն իրեն թափ տվեց:

Կիտրոնի շերտը` տոմս է դեպի Սիցիլիայի պարարտ վարդերը, իսկ հատակ փայլեցնողները պարում են եգիպտական մարմնաշարժումներով:

Վերելակը չի գործում:

Պաշտպան-մենշևիկներն անցնում են տնետուն` կազմակերպելով բակամուտքերի գիշերային հերթապահություն:

Ե՛վ սարսափելի է ապրելը, և՛ հաճելի:

Նա պետերբուրգյան գրանիտի ճեղքն ընկած կիտրոնի կորիզ է, և կըմպի նրան թուրքական սև սուրճով վրա պրծնող գիշերը:

 

Շարունակելի

 

 

Թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի

Կարծիքներ

կարծիք