Դժվար ապրելու և՝ դժվար թե ապրելու միջև

Հեղինակ:

20152010133321127

Ի՞նչը հատկապես և ո՞ր պահից սկսած նորանկախ Հայաստանում ոտքի հանեց հակադրության այն ամենամերժ ոգին, որով մարդ օտարվում է ինքն իրենից. ինչպե՞ս եղավ, որ, կասեցնելով մեր լավագույն մղումները՝ դրանց իրագործման կորովը փայփայելով ասես մեկ ուրիշ կյանքի համար, մենք, փաստորեն, երես թեքեցինք մեր ունեցածից՝ քիչ առ քիչ հափշտակվելով մեկ այլ իրականությամբ…

Խոսքս անկախության առաջին տարիների մասին է՝ երբ պատերազմն էլ հաղթել էինք. զարմանք չէ՞ր արդյոք, որ իր իսկական ազգային ինքնությունը նոր-նոր վերագտած, ոգևորված մարդը շատ շուտով անօրինակ դյուրությամբ՝ ընտանիքով, համայնքներով կամ մենակ, գլուխն ուսած պատրաստ էր թողնել իր սեփական երկիրը և աշխարհի մարմնի վրա հարմարվելու փնտրտուքով՝ ինքն իրեն տանել մի տեղ պատվաստելու:

Աղետյալների ու փախստականների հարցն այդ տարիներին շատ մտածված ու կազմակերպված լուծվեց, թեև շատերը նախընտրեցին Հայաստանում մնալ… Իսկ մշտական հայաստանաբնակնե՞րը. էդ ինչո՞ւ իր բնօրրանից դժվարությամբ բաժանվող հայը, ում մշակույթի կարևոր որոշիչներից է քարն ու իր բնակավայրի ճարտարապետությունը, ասել է թե՝ քոչվոր երբեք չի եղել, ով դարերի ընթացքում միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության բերումով՝ այն էլ միան բռնի պարտադրանքով է հեռացել իր եզերքից, հանկարծ միան•ամի°ց դարձավ այսքան դյուրաշարժ… Առաջինը ո՞ւմ մտքով անցավ, ո՞վ առաջինը մտածեց խռովկան հարսի պես՝ թողնել ու հեռանալ: Եվ ինքնուրո՞ւյն մտածեց արդյոք, թե՞ կար թաքուն, աներևույթ մի հուշարար, որ մեզ սկզբում երե°ր, հետո ձեռնասուն դարձրեց և արդեն դժվարություն չունեցավ՝ թեկուզև տողատակերով, ներշնչելու, թե՝ «էստեղ չէ՝ դրսո՛ւմ, ուրի՛շ տեղ է քո երջանկությունը», թե՝ «թո՛ղ երկիրդ», այսինքն՝ նաև ինքնությունդ… ու «դարձիր աշխարհի քաղաքացի»: Էս վերջինը գայթակղիչ է հնչում շա՜տ… և հնչում է մինչև հիմա…

 

Ցավով պիտի ասեմ, որ մեր հարյուր տարվա ցավի հաշվին աշխարհն արդեն այդ փորձն ունի: Սա էլ մեր առանձի՛ն ցավն է: Որովհետև պատմական բնօրրանի ու նահատակների կորուստը՝ կորո՛ւստ անհերքելի, աշխարհասփյուռ մասն էլ իր կյանքով է ապացուցել ու շարունակում է հաստատել, որ այս ստեղծագործ ու խելացի տեսակն ավելի աշխարհի՛նն է, մինչդեռ, մեծ հաշվով, դեռևս չի կարողանում իրենը պարտադրել աշխարհին… Ու թեև հարուստ ու ազդեցիկ անհատների պակաս չի ունեցել, թեև ունի արդեն պետականություն, թեև նվիրյալների ջանքը համառ է, ցանկությունը՝ միշտ մեծ, ձգտումը՝ ազնիվ, միևնույն է, կարևոր մի բան այնուամենայնիվ նրան չի հերիքում. սովորելու մի բան ունի աշխարհից, որն աշխարհը նրան համառորեն չի՛ սովորեցնում…

Աստծուն ու իմացողին է հայտնի, թե որքան սխրական ու հաստատ է հայը արդար վրեժի մեջ, կամ՝ ի՛նչ շեշտեր ու ելևէջներ ունի տրամաբանված մտքի նրա պահանջը… բայց որքանո՞վ է դա պարտավորեցնում թափանցիկ այն հուշարարին, որ էլի՛ ու էլի՛ է հորդորում՝ «թող երկիրդ», «գիտե՞ս քեզ ոնց կպահեն դրսում», «էդ ի՞նչ կյանքով ես ապրում», «տես աշխարհում ինչե՜ր կան. չէ՞ որ մի կյանք ես ապրելու»… իսկ իրականում, կոկորդով մեկ պատրաստ, միայն թե չի բղավում՝ «…վերջապես հեռանալո՞ւ ես… հեռացի՛ր, էլի, ու մենք կդառնանք քո հրաշք երկրի, քո ստեղծած ամեն ինչի տերը, ազա՛տ ես — գնա սերմդ խառնիր աշխարհին. արդյունքը լավն է լինում՝ փորձած է… մի սերունդ ևս… ու քո գործը չի, թե հետո մե՛նք ինչ կանենք քո երկրում… տո, դե գնա, էլի…»:

 

Որ շատ չնեղվեք, հիշեցնեմ նաև, թե նոր հազարամյակի շեմին ինչ լեգենդներով էին իրենք իրենց ստորացնում Հայաստանից հոլանդիաներ մուտք գործող տղերքը, թե գերմանիաներում ոնց էին խուսափում ազատազրկման նախադեպերից ու, իրենց կոտորելով, ոնց էին սողոսկում սահմանի տակով, հայտնվում մի ուրիշ երկրում, հաճախ՝ իրենց ուրիշ ազգի ու հավատի անվան տակ քողարկելով…

Իսկ թուրքիաներում ու Արաբական աշխարհում հայտնված կանանց մասին լավ է չխոսեմ: Տեղն է ընդամենը հիշեցնելու, թե խարդախության ու զեղծարարության հերթական սցենարով, ամերիկյան բանկերին ու ապահովագրական գործակալություններին ո՜նց էին հորթի տեղ դրած դեռ վճարել տալիս լավ տղերքը ու հայաստանյան բարեկամների մոտ էլ գլուխ գովում, թե՝ «տեսեք, կարճ ժամանակում ինչերի տեր ենք դարձել…», թե՝ «ի՜նչ եք կորցրել էդտեղ, էդ ինչ կյանք է, էստեղ դրախտ է. իսկական իրավական երկիր» և կապ չունի, որ իրականում հենց իրենք իրավախախտներ են… Չէ՞ որ սա էլ մեր պատմությունից է:

Կամ՝ էդ ինչո՞ւ, Հայսաստանում պատվից ցածր համարելով շատուշատ գործեր՝ հիմա էլ տասնյակ հազարներով պատրաստ են կամավոր գնալ ռուսաստանները. թեկուզ անասնապահությամբ զբաղվել, սիբիրներում ռուսի խոզը պահել: Միայն թե՝ ափսո՛ս է անխառն հայի մաքո՛ւր գենը, իսկ սրա՛ համն աշխարհը հատուկ կարգով գիտի…

 

Աշխարհն իր մարմնի վրա հային պատվաստում է ամենուր՝ իր բլուրների ամայությունը ծաղկուն պարտեզներ դարձնելու, իր ցամաք գետերի հունը ընդերքից նորոգելու, իր մարմնի ճարտարապետությունը ներդաշնակելու, իր ափերի թռիչքները կամուրջներով օժանդակելու ճշգրիտ բնազդի գիտությամբ, և փաստ է, որ չի սխալվում…

Մտքի ու արվեստների ամեն անակնկալն ու եզակին՝ իր ուղեղի մեկ բջիջի թրթռացումով, հանճարի շողարձակման մեկ պոռթկումի ամբողջական ներարկումով, աշխարհի համար իբրև շարժիչ ու խթան՝ մի օր հենց նույն աշխարհի նյութից կաշառված՝ կշռադատելու իր երբեմնի հակակշիռն իրենից օտարած, դրսում ինքն իր այսրոպեական գնահատանքի ազնիվ ակնկալիքով, առժամանակ թեկուզ՝ խանդավառված, արարչընծա իր սկիզբը աշխարհի լայն մարմնի վրա թեթևությամբ կրելու հանկարծահաս գյուտով, մարդաբանական այս տեսակը վերջնական սպառումի իր սերմով երկրի ագահ մարմնի մեջ է ներծծվում՝ անտեղյակ ինքն իր կորստից…

Իր գենն ընծայելու երբեմն պատրաստ, մեկումեջ՝ խաբված, իսկ ավելի հաճախ՝ ընդամենը անհաշվետու, աշխարհի մաշկի հոգևոր բորոտությունը բժշկելու, քոսը մեղմելու, առանց դույզն իսկ ապահովության երաշխիքի՝ այս տեսակը գնում է ինքն իրենով հատված առ հատված հե՛նց իր տեսակի հանդեպ օտարությունն արգասավորելու…

Աստծո տվչության պահին իր մոր արգանդի մեջ տիեզերքի կոդով ստանձնածի հանդեպ մոռացկոտ ու անհաշվետու, աշխարհի պես ինքն էլ իր հերթին իր անխառն ու նախաստեղծ գենը ի սպաս դնելով՝ կենսունակ հիբրիդներ է ձևավորում՝ հետնուհետ օտարվող նորանոր տեսակներ, սերնդից սերունդ համալրելու համար աշխարհի մեծապետների համայնատիրության լավագույն ծառաներին՝ հույժ աննպաստ արդեն իրենց գենի հիշողությամբ խանդավառվելու և անկարող՝ իրենք իրենց նախամայր տեսակը ճանաչելու, պահպանելու կամ փրկագործելու…

 

Որպես անզսպում հսկա մի կարիճ աշխարհն իր պոչի կեռը ուղիղ կախել է Հայաստանի վրա ու ա՛յս անգամ իր խայթն է ներարկում: Քիչ անց խայթվածը պիտի ցնցվի, հետո՝ ցնցումի հետ էլ թույնն արդեն պիտի տարածվի արյան մեջ: ժամանակ քիչ կա: Եվ ուրեմն՝ որքա՜ն ավելի արագ է պետք գործել՝ հակաթույնը պատրաստելիս:

Դեղագործները կհաստատեն, որ կարիճի խայթոցի հակաթույնը հենց կարիճի մարմնից է պատրաստվում, իսկ եթե հաշվի առնենք, որ օտարահաճությամբ՝ տարիներ շարունակ պարտադրվող մոլություններին տուրք տալով, ամեն մեկիս ողնուղեղի մեջ մի օր սաղմնավորվել է կարիճի մի մարմին, իսկույն էլ կհասկանանք, որ հակաթույնի բաղադրիչն ունենք. մնում է էդ կարիճին տրորել՝ հենց մեր ողնուղեղի գագաթը պսակող լեզվով:

Էդ շարժուն, փոքրիկ ելունդի գործը ամեն մեկի բերանում իր խոսքն է, մերը՝ հայերեն շարակարգված: Եվ բոլորից տարբեր մեր ողնուղեղի սեփական բաղադրությունը՝ զորացած հենց մե՛զ հատուկ լեզվամտածողությամբ, միայն մե՛ր տեսակին բնորոշ բառ ու բանով, արդեն ամենաուժեղ հակաթույնն է դառնալու մեր բերանում:

 

Այսօր՝ դեռ կարիճին անվերջորեն սնունդ տված, երբ հանկարծ գիտակցենք մեր միասնական բաժինը՝ արդեն որպես թույնի հանդեպ դիմադրողականությունը մեծացրած մարմնի մաս-ամբողջություն, գուցե առանց հուշարարի, մեր ներսով զգանք՝ մնա՞լ, լինե՞լ, տևե՞լ Հայաստանում, տե՞ր լինել դրախտի պես արգասավոր մեր հող ու ջրին, թե՞ ամբողջը տանուլ տալ…

Պե՞տք է արդյոք, որ հայտնի մի բան էլ հիշեցնեմ՝ մեր ջրի, խաղողի ու ծիրանի օրինակով. նոր բան չեմ ասում՝ մանավանդ այլափոխված սննդի այսօրվա համատեքստում,- ուրիշ տեղ կա՞ ա՛յդ համը,- իսկ դրանք հատկապես Հայ գենը սնող՝ Արարչի երեք ընծաներն են ու հաստատապես մե՛րը: Մի բան, ի վերջո, անվերապահ մերը պիտի համարե՞նք, թե՞ չէ… Ուրեմն և բնական է, որ մենք էլ կոչված ենք սահմանվածի պես ապրել Հայաստան Աշխարհում, եթե, իհարկե, ինքներս թեթևորեն չմատուցենք մեր երկիրը իբրև նվեր աշխարհին ու, թեկուզև ամենահմայիչ գայթակղությամբ կամ ամենաբիրտ պարտադրանքով, չնախընտրենք կամավոր պարարտանյութ դառնալու ճակատագիրը՝ աշխարհի տենդոտ ու անկայուն հողերում…

 

 

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք