Բարսեղ Բեգլարյան | Հայ ազգը աշխարհը փրկելու առաքելություն ունի, բայց…

Լուսանկար

-Պարոն Բեգլարյան, դուք ստեղծել եք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը: Ո՞րն էր նպատակը:

 

-«Բարեպաշտ սերունդ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հինգ տարի առաջ, որի կարգախոսն է` դրամը չպետք է խանգարի ուսմանը: Եվ քանի որ Հայաստանում կրթությունը անվճար չէ, հիմնադրամը երիտասարդ կադրերին հնարավորություն և ազատություն է տալիս գիտելիքի ձեռքբերման ճանապարհին: Հիմնադրամը հովանավորում և իրականացնում է կրթական տարատեսակ ծրագրեր` ուղղված ուսանողների և երիտասարդ գիտնականների մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը: Կարծում եմ` այսօր մենք ազգովի կարևոր գործ ունենք անելու կրթական համակարգի բարելավման ուղղությամբ, և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը այս գործունեությամբ փորձում է իր լուման դնել` մեր սերունդն ու Հայրենիքը այսօր և ապագայում առավել բարեպաշտ, գրագետ ու զարգացած տեսնելու ակնկալիքով:

 

-Ինձ, որպես  հայուհու, վիրավորում է համազգային տրտունջ-բողոքը, թե` երկիրս երկիր չի դառնա, մյուս կողմից էլ` արտագաղթը… Չե՞ք կարծում, որ բարոյահոգեբանական մթնոլորտն է պատճառը և ոչ միայն նյութականը, հավատի պակաս կա  գուցե, ի՞նչ կասեք, ո՞րն  է ելքը: Պետությա՞ն խնդիր է, թե՞ մարդու:

 

-Արտագաղթի պատճառը, միանշանակ, բարոյահոգեբանական է, չնայած արտագաղթը, կարծեմ թե, մեր ազգի հոգեբանության մեջ է: Այո, այսօր բարոյական արժեքների անկում կա, նյութապաշտություն, կապիտալի ոչ հավասարաչափ բաշխում և այլն: Մեր ժողովրդի մեջ մի վատ հատկություն կա` որտեղ հաց, այնտեղ կաց: Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» հիշեք` թափառել ամողջ աշխարհում մի կտոր հացի համար: Ընդհանրապես Հայաստանից հեռանալը վատ է և գնացողների, և մնացողների համար: Մենք ամեն գնով պետք է արտագաղթը կանգնեցնենք, ամե՛ն գնով: Գուցե ազգովի sos հայտարարենք, չգիտեմ…  Եթե մենք մեր հույսը դրել ենք սոսկ դեմոկրատիայի վրա `դատապարտված ենք: Իբրև քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք պիտի հասկանանք, որ դեմոկրատիան ի վերուստ քրիստոնեության մեջ կա, ասել է թե` դեմոկրատիան մեր մեջ է: Գիտե՞ք որն է ամենավատը, երբ, ասենք, հինգերորդական կարգի մի վարպետ քեզ ուզում է դաս տալ մի գործում, որի վարպետաց վարպետն ես: Մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան. ո՞ր մի հզոր և հարուստ երկիրը կցանկանա, որ մենք հարստանանք, ամրանանք: Ի դեպ, արտագաղթում են հիմնականում հնարավորություն ունեցող մարդիկ, գնում են այնտեղ երկրորդական գործեր են անում` ասելով, թե այստեղ անպատժելիություն, անարդարություն է տիրում: Իսկ, ներողություն, դա ո՞ր երկրում չկա, համեմատություն արե՞լ ենք այլ երկրների հետ: Ցավոք, մենք նաև օտարապաշտ ենք, այլապաշտ: Եվրոպական արժեքներին հետևելով`մենք դատապարտված ենք կորստյան: Իհարկե, այդ արժեքները դրական և կարևոր ուղենիշներ ունեն, բայց նաև բացասականն է շատ: Տեսեք` բավական չէ միասեռականների ամուսնություններն են թույլատրվում, հիմա էլ նրանց թույլատրում են երեխաներ որդեգրել, ինչը, իմ խորին համոզմամբ, անթույլատրելի է, ավելին` կործանարար: Մենք պետք է կարողանանք ամբողջ աշխարհին ապացուցել, որ մարդկության և պետության հիմքը ընտանիքն է, ինչը մեր ազգը իր բնազդով, իր ներքին կոդերով և հիշողությամբ հրաշալի գիտակցում է և անգամ սրբադասում է ընտանիքը: Մեր ազգային արժեքները վերաիմաստավորել, ճանաչել և ամրապնդել, սրանով իսկ բարելավել երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը, հավատ ապագայի նկատմամբ, հավատ ինքներս մեր հանդեպ. սա է ելքը, որը և՛ մարդու խնդիրն է, և՛ պետության:

 

-Հայտնի անգլիացի հետախույզ և գրող Լորենս Արաբացին ասում է` հայերը բացառիկ հանճարեղ են, և այդ իսկ պատճառով նրանց պետք է ոչնչացնել: Որտե՞ղ  է դրսևորվում մեր հանճարի վտանգը:

 

-Մենք իսկապես բացառիկ և հանճարեղ ազգ ենք: Տեսեք` մեր ֆիզիկական քանակը և մեր շնորհալիներին… Մեր ոգին և հոգին մեզանից առաջ է ընկած, և միշտ այդպես է եղել: Հանաճարեղ ենք, որ այսքանից հետո կանք և ունենք պետություն` թեկուզ և թերություններով հանդերձ: Համակարգային փոփոխություններից, պատերազմից հետո այսօր պարզապես մոլորության մեջ ենք: Քսան տարեկան պետությունից չենք կարող պահանջել այն, ինչին այլ պետություններ հարյուրամյակներում են հասել: Մենք `հայերս, այսօրվա աշխարհում պետք է մեր ուրույն տեղն ունենանք, պետք է կարողանանք թելադրել աշխարհին: Այո, մի զարմացեք… Տեսեք` մեկ բաժակ ջուր և այդ բաժակի մեջ `մի փոքրիկ սիրո կաթիլ… և այդ կաթիլը քաղցրացնում է: Մենք այդ մի կաթիլը, այդ սերը պիտի լինենք բոլոր առումներով: Երկրագնդի մարդկության մեջ մենք մի կաթիլ ենք և մեր քանակով, և մեր հոգեկերտվածքով: Իրականում մենք ընտրյալ ազգ ենք, բայց մեր ինքնության ճանաչման և ինքնաճանաչողության խնդիր ունենք: Արդյոք մենք մեզ լա՞վ ենք ճանաչում, կարծում եմ` ոչ: Սիրում ենք բարձրագոչ խոսել, պատեհ-անպատեհ մեր մեծերի անունները թվարկել` Նարեկացի, Քուչակ և այլն, սակայն պիտի փորձենք հասկանալ և ոչ թե անունները կուռք դարձնել. մեր մեջ պետք է տեսնենք այդ մարդկանց էությունը: Ամենքս մեր ես-ին ենք ուշադրություն դարձնում` չճանաչելով ինքներս մեր հոգին: Ազգը ինչո՞վ է որոշվում` իր անուն-ազգանունո՞վ: Իհարկե ոչ, ազգը, միանշանակ, որոշվում է իր լեզվով, իր լեզվամտածողությամբ, իր էությամբ և իր ավանդույթներով: Մենք ծայրահեղությունների ազգ ենք, ի դեպ, ծայրահեղությունները հատուկ են հանճարներին:

 

-Այդ բեռը իր վրա վերցնելը ո՞ւմ առաքելությունն է` մտավորականությա՞ն, քաղաքական գործիչների՞, հոգևորականությա՞ն:

 

-Պետության, հոգևորականության, մտավորականության առաքելությունը պիտի լինի:  Իրականում մենք շրջապատված ենք չորս հարևան պետություններով, որոնցից  երկուսի հետ թշնամական հարաբերության մեջ ենք: Հեշտ չէ հզոր բանակ պահելը այս տարածաշրջանում: Անվտանգության հարցն այսօր կարևորագույնն է, բավական է վատը միայն ներկայացնել, սա թուլացնում է մեզ: Մենք մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, չասեմ Չարենցի հայտնի խոսքը: Իմ կարծիքով`Հայաստանում պիտի ձևավորվի մի շարժում, մտավորականների, հոգևորականների, գուցե նաև պետական գործիչների, անունը ինչ ուզում եք դրեք, չգիտեմ: Հայաստանում կան բավական լուրջ արժեքային համակարգ ունեցող մարդիկ տարբեր բնագավառներում: Պետք է բոլորը համախմբվեն մի նպատակի շուրջ:

 

-Հայը ամեն երկրում կարողանում է իր տեղը  գտնել: Ցանկացած երկրում, որտեղ հայեր կան, անհնար է չնկատել նրանց կարևոր դերը այդ երկրի պետականաշինության, հոգևոր-մշակութային արժեքների կերտման ոլորտում: Սակայն ինչո՞ւ իր երկրում չի կարողանում իր երկրին տեր կանգնել և իր մի փոքր հողակտորը դրախտավայր դարձնել:

 

-Ի դեպ, նույն Լորենս Արաբացին այսպիսի մի խոսք ունի, թե հայ ազգը հնագույն ժամանակներում աշխարհն է ղեկավարել և այսօր չի կարողանում ենթակա լինել: Մենք բոլորս թագավորներ ենք, լիդերներ ենք, տերեր ենք, անհատների ազգ ենք: Հայերս ենթարկվող ազգ չենք, բայց շատ լավ ծառայում ենք ուրիշներին ու երբեք` մենք մեզ: Մենք վախենում ենք մեր մասին ճշմարտությունն ասել և առավել ևս լսել: Մենք այսօր արդյոք հյուրասե՞ր ազգ ենք, իմ խորին համոզմամբ` ոչ: Միատարր ենք, այլ ազգերի ներկայությունը մեր մեջ չենք հանդուրժում: Նույնիսկ զբոսաշրջության համար հոգեբանորեն պատրաստ չենք: Մենք այսօր դիմացինին հարգելու, սիրելու ընդունակ չենք, մենք նրա արժանապատվությանը չպիտի դիպչենք, հաջորդ վայրկյանին մեր դերերը կարող են փոխվել. վերջին հաշվով, քրիստոնեական պատվիրան է` սիրիր քո մերձավորին ինչպես քո անձը: Աստված մարդուն սիրում է մարդկանց միջոցով, դուք որ իրար տեսնում ու չեք սիրում միմյանց, Աստծուն, որ չեք տեսնում, ինչպե՞ս կսիրեք: Խղճի, մտքի ազատություն բառերը վտանգավոր բառեր են, ամեն ինչի մեջ սահմանափակում է պետք, իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է քո ազատությունը: Երկիրը ձեր նշած դրախտավայրը կդառնա, երբ մենք բոլորս մեր անհատականությունը, մեր անձը ծառայեցնենք նաև Հայրենիքի բարօրությանը:

 

-Հայի երկու տեսակ եմ ճանաչում. մեկը, որ Հայրենիքն է սիրում, մյուսը` պետությունը: Հայրենիքը հեռվից և որպես գաղափար սիրելը հեշտ է, իսկ պետություն ստեղծելն ու սիրելը` դժվար: Ո՞րն է ճանապարհը, երբ պետությունը և հայրենիքը միասնական են` մի մարմին ու հոգի:

 

-Հայրենիքը և պետությունը տարբեր են. հայրենիքը նույն էթնիկ մարդկանց խումբն է իր բնօրրանում, պետությունն այն համակարգված կառույցն է, որով մեր հայրենիքը պահում ենք, և մենք պարտավոր ենք մեր պետությունը հարգել, սիրել, մեծարել: Այլ խնդիր է, որ պետության մեջ կարող են լինել ապիկար իշխանավորներ, ոչ կատարյալ օրենքներ, բայց այդ ամենը ժամանակի հարց է: Պետությունը այն հզոր գործիքն է, որ հայրենիքը պահում է: Մեր ազգը օրենք չի սիրում, անընդհատ մտածում է, թե ինչպես շրջանցի օրենքը: Օրենքները ստեղծվել են նրա համար, որ մենք մեղքի ճանաչում ունենանք, օրենքը սուրբ է, օրենքը չհարգել` նշանակում է ինքդ քեզ չհարգել: Օրենքից վեր կա նաև մարդկային հոգու և խղճի օրենք: Մենք փոքր ազգ ենք, մտածում ենք` ծանոթներին, բարեկամներին զանգելով կլուծենք հարցը, բայց օրենքը վեր է ամեն ինչից: Ինչո՞ւ դրսում լավ էլ ենթարկվում ենք  օրենքներին…

 

-Ազգը կենսաբանական տեսակ է, և մեր տեսակը, որպես ազգ, իր բոլոր կորուստներով հանդերձ, Տերը պահպանեց, երբ հիշողության պատից  ջնջվեցին լրջագույն մշակութակիր ազգեր: Ի՞նչ է ակնկալում մեզանից Աստված, ո՞րն է Նրա գաղտնի միտքը:

 

-Աստծու ճանապարհները, գործերն անքննելի են: Կրկնեմ. վստահաբար կարող ենք ասել, որ մենք ընտրյալ ազգ ենք: Պատահական չէ, որ Արարատ լեռան ստորոտին ենք ապրում, կյանքը այստեղից է սկսվել, պատահական չէ, որ մենք ենք առաջինը քրիստոնեությունը ընդունել: Հավատացած եմ, իսկ հավատը, ափսոս, տեսանելի չէ, որ մենք ընտրյալ ազգ ենք:

 

-Երջանկահիշատակ տատս  ասում էր` Հայի ճակատը լայն, գիրը` մանր, ո՞վ ժամանակ ունի կարդալու: Ո՞վ պիտի կարդա մեր ճակատի գիրը, և, ձեր կարծիքով, ի՞նչ է գրված հայի ճակատին:

 

-Հայ ազգը, ինձ թվում է, առաքելություն ունի աշխարհը փրկելու, և դա մենք չենք գիտակցում: Մի փոքրիկ մարտկոց ողջ ինքնաթիռը տանում է: Այդ մարտկոցը  մենք կարող ենք լինել. եթե, իհարկե, զգոնությունը չկորցնենք, և Աստծո կամքը լինի` աշխարհը փրկելու ենք: Համասեռամոլություն, գենդերային հավասարություն, եվրոպական արժեքներ… Այս ամենը չպետք է մեզ շեղեն ճանապարհից: Մեր հավատը պնդացնենք, մեր հոգու մոլախոտերը մաքրենք, մեր հոգու աչքերը բանանք: Մենք լուրջ անելիք ունենք ողջ աշխարհի համար: Մենք չպիտի ասենք` եվրոպական, ամերիկյան արժեքներ, պետք է հավատանք և հետևենք մեր ազգային արժեքներին, ժամանակն է ամրագրելու և արթնացնելու այդ արժեքները: Օրինակ` շատ կարևոր է ընտանիքի ամրությունը. ընտանիքի ամրությունը պետության ամրությունն է: Կնոջ և տղամարդու դերակատարումը մեր ազգային արժեքային համակարգում ճիշտ սահմանի վրա է դրված, մեր ավանդական սկզբունքները հավասարապես են բաշխել իրավունքների և պարտականությունների չափաբաժինը, իսկ ծնող-երեխա հարաբերության մեջ միշտ ծնողն է ճիշտ: Եվ ոչ թե արևմտյան խեղված արժեքները որդեգրենք, երբ ծնողի մի ապտակի համար, որի բացակայությունը պարզապես որբության նշան է, երեխան ոստիկանություն է դիմում:  Ընտանիքի մեր մոդելը շատ գեղեցիկ է, ներդաշնակ, ուր սիրո ներկայություն կա: Իսկ աշխարհում ի՞նչ է կատարվում` արևմտյան արժեքների հետքերով գնացեք և տեսեք` տղամարդն ու կինը դերերը կորցրել են, և դրանից ոչ ոք առավել երջանիկ չէ, հավատացեք: Արմատները պահպանելը շատ կարևոր է:  Չեմ ասում` բոլորս տարազներով շրջենք, բայց ավանդույթն է, որ ազգը պահում է: Հայ ազգն ունի առաքելություն, որն Աստված մեր մեջ է դրել. հիշեցնել նախաստեղծ արժեքները, արթուն պահել մարդու նախաստեղծ հիշողությունը և այս ամենը պահպանել, գուրգուրել: Սա է մեր ճակատի գիրը, մնում է կարդանք: Եվ մի բան էլ` մեր ներսի մրցակցությունը մեր տունը քանդում է, մենք պետք է համագործակցենք, ոչ թե մրցակցենք, մրցակցել, բոլոր առումներով, պետք է օտարների հետ: Միջավայրը որոշիչ է, կենսատարածք է անհրաժեշտ այս ամենի համար:

 

-Դուք կայացած գործարար եք, հե՞շտ է հարուստ լինել աղքատ երկրում:

 

-Իհարկե ոչ, ընդհանրապես հարուստ լինելն ինքնին շատ դժվար է: Մեկ է, ինչ ուզում ես արա, եթե դու խաղաղություն չես գտել, Աստծուն չես գտել քո մեջ, անիմաստ է: Ի՞նչ բան է դժոխքը, ի±նչ է նշանակում դժբախտ` առանց Աստծո: Եթե Աստված ամեն ժամ քեզ հետ չէ… Օրինակ` ինքնաթիռ նստել վախենում եմ. նրանից է, որ հավատս պակաս է: Վախը Աստծո պակասն է: Աղքատ և հարուստ հասկացությունները հարաբերական են: Եթե նյութականի մասին է խոսքը, ապա բոլորը չեն կարող հարուստ լինել, իսկ եթե այնուամենայնիվ ուզում են հարուստ լինել` իրենցն էլ է մեղքը, ուրեմն առավելագույնը չեն արել այդ ուղղությամբ: Հարստությունը մարդու հոգու մեջ պետք է լինի: Ունեցածով բավարարվելը ապրելու արվեստ է:

 

-Կարելի՞ է ասել, որ Մանթաշովը իր ունեցածով բավարարվող էր:

 

-Մանթաշովը հզոր մարդ էր, նա նաև Աստծո հովանու ներքո էր: Մանթաշովի խոսքերը բերնեբերան են եկել-հասել մեզ, ոչ ոք գրի չի առել: Մանթաշովի հոգեկերտվածք ունեցողներ, չգիտեմ` կան, թե ոչ: Ունենք, այո, մեծահարուստ հայրենասերներ` Քըրք Քըրքորյան և այլն, բայց Մանթաշովի հոգեկերտվածքով մեծեր` չգիտեմ:

 

-Այսօր, կարծես թե, ժամանակը ահռելի  արագությամբ է ընթանում: Կյանքի մեր ժամանակը խտացել է, ի՞նչ է սա, ո՞ւր ենք գնում այսպես:

 

-Հավերժություն, անմահություն, սրան պետք է ուղղակի հավատալ: Այո, ժամանակը խտացել է, առավել արագ ենք շարժվում: Ես կոնկրետ իմ տարեկիցների դեպքում կարող եմ ասել, որ սարի գագաթին ենք և հիմա  արագություն հավաքած գլորվում ենք: Գուցե թե ժամանակը որպես նյութ նույնպես հասել է իր գագաթին և հիմա, ինքն իր ընթացքից խտացած, որպես ահռելի կարծր մի մարմին արագություն հավաքած գլորվում է: Մարդը եռաչափ տարածության մեջ է, և ինձ համար միշտ հարց է եղել`չորրորդ չափում կա՞, թե՞ ոչ: Դիտարկենք որևէ մարմին տարբեր ժամերի և կտեսնենք, որ տարբեր դրսևորումներ և գործառույթներ ունի: Նշանակում է `չորրորդ չափում կա` անտեսանելի իր ներկայությամբ` արարողն ու ավերիչը:  Այդ նույն չափումը մեզ էլ է փոփոխում: Ինձ համար ամենաբարդ հարցը` ո՞րն է այս կյանքի իմաստը: Այս կյանքը փորձության համար է, դժոխքը և դրախտը մեր մեջ պիտի տեսնենք: Արարչագործությունից փրկագործություն մի ընթացք է, երբ հոգևոր և մտավոր մակարդակով այլ աշխարհ ես տեղափոխվում: Աստված երբեմն մեզ ապտակում է, որպեսզի մեզ փրկի, փորձությունները մեզ ամրացնում են` կոփվում և տոկունանում ենք: Մարդու կատարելագործման ճանապարհն է:

 

-Ինչի՞ համար ենք կատարելագործվում: Կատարելագործվում ենք, որ ի՞նչ անենք:

 

-Որպեսզի արժանանաք Աստծո արքայությանը: Ընդհանրապես երբևէ մտածե՞լ ենք խաղաղության մասին, հոգու խաղաղության. մեկ այլ բերկրանք է:

 

 

Զրուցեց Անի Տեր-Գուլանյանը

 

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք