Արարատ 73 | Ֆուտբոլը և ազգային երազանքը

Լրացավ Արարատ-73-ի հաղթական 40-ամյակը: Հոբելյանի առիթով Լոս Անջելեսից Երևան էին ժամանել Արմեն Սարգսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը և թիմի բժիշկ Արամ Յուսուֆյանը:

 Մենք Արարատ-73-ի մասին գիտենք ընդհանուր առմամբ, բայց այն, ինչ կատարվել է խոհանոցում, կուլիսնեում, անտեղյակ ենք: Իսկ ֆուտբոլիստները երկար տարիներ միասին աշխատել են, միասին տոնել են հաղթանակները և կիսել պարտությունները: Այսինքն՝ համատեղ ապրել են, ինչպես մի ընտանիք:

Անդինը հյուրընկալեց Սերգեյ Բոնդարենկոյին, Լևոն Իշտոյանին և թիմի բժիշկ Արամ Յուսուֆյանին: Նրանք տարիների միջով հետ գնացին, սեղանի շուրջ անկեղծ ու անբռնազբոս հիշեցին ու պատմեցին, ծիծաղեցին ու նաև թախծեցին այն տարիների համար, երբ երիտասարդ էին ու հաղթանակներ էին կերտում: Ինչպես նաև սիրում էին իրար ու լավ ընկերներ էին: 

 

2Սերգեյ Բոնդարենկո.- Լևոն Իշտոյանը հրավիրված էր ԽՍՀՄ հավաքական և պիտի խաղար համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ջորջ Բեստի դեմ: Սովետական ֆուտբոլի ղեկավարները մի «մախինացիա» մշակեցին ու առաջարկեցին նրան, թե՝ Լյովիկ, դու առայժմ հանգստացիր, վերջում, երբ հակառակորդը հոգնած կլինի, դաշտ կմտնես ու սաղին կփրթես: Բանն այն էր, որ ցանկանում էին խաղը ոչ-ոքի ավարտել: Դե, Լյովիկն էլ վագրի նման ման է գալիս դաշտի շուրջը, ուզում է խաղի մեջ մտնել, բայց ոչինչ անել չէր կարող:

Մնում է 15 րոպե, ասում են՝ Լյովիկ, մտիր: Մտնում է: Խաղն ընթանում է: Մեկ էլ տեսախցիկները խոշոր պլանով ցույց են տալիս. Բեստը, որ Իռլանդիայի կուռքն էր, զարմացած նայում է նրան, ոնց որ ասի՝ է՜ս ո՞վ է… Լյովիկս էլ, հանգիստ, նայում է տրիբունաներին ու… թափով խնչում: Բեստը, անակնկալի եկած, ձեռքը տարավ դեպի գլուխը: Ու էդտեղ էլ խաղն ավարտվեց:

 

Լևոն Իշտոյան.- Շատ շնորհակալ եմ իմ ընկերոջը, որ նման պատմություն է անում: Հիմա ես ասեմ, թե ինչն ինչպես եղավ. Մոսկվայում խաղում էինք Հյուսիսային Իռլանդիայի հետ: Շոգ ու տոթ օր էր: Քսան րոպե էր մնացել, որ խաղն ավարտվի, Բեստը վնասվածք ստացավ: Ջուրը ձեռքին դաշտ մտավ իրենց բժիշկը: Ես էլ էդ ժամանակ նրա կողքին էի: Ջուրը դրեց գետնին, մինչև Բեստին բարձրացներ: Դե, ես էլ ջուրը վերցրեցի ու խմեցի: Ու էնպես՝ շատ ագրեսիվ խմեցի: Սա է պատմությունը:

Բոնդարենկո.- Բայց նրան ջուր թողեցիր, չէ՞:

Իշտոյան.- Կեսը համարյա խմել էի:

Լրագրող.- Մրցումների գնալիս դուք երկուսով հյուրանոցում միշտ նույն համարում էիք ապրում: Ո՞նց եղավ, որ «7» և «8»համարները իրար հետ էին լինում:

Իշտոյան.- ֆուտբոլիստների փոխադարձ հարաբերություններից ելնելով՝ թիմում բոլորն էլ գիտեին, թե ով ում հետ պետք է մնա: Ադմինիստրատորը չէր էլ հարցնում էդ մասին: Ինչ վերաբերում է իմ ու Սերգեյի հարաբերություններին, ապա ֆուտբոլից հեռանալուց հետո էլ մինչ օրս մենք միշտ իրար հետ ենք լինում: Այսինքն՝ մենք այդպես էլ մնացել ենք:

Մի հիշարժան դեպք պատմեմ. Մոսկվայում պիտի խաղանք տեղի «Դինամոյի» հետ: Խաղի օրը՝ առավոտյան, տեսնեմ ջերմություն ունեմ: Մեր բժիշկը՝ Արամը, ներկա է, գիտի, որ անգամ եթե հիվանդ եմ եղել կամ տանելի վնասվածքներ ունեցել, խաղից չեմ բացակայել: Ի դեպ, նույնն էլ՝ Սերգեյը:

Բժիշկը, կարծեմ էն ժամանակ Օրդյանն էր, նախաճաշից հետո միայն կարող էր գալ նայել: Մինչ նա կգար, ես Սերգեյին ասում եմ՝ էսօր չեմ կարող խաղալ: Սերգեյը թե՝ չէ՛, Լևոն, անպայման պիտի խաղաս: Ախր ջերմությունս մոտ 40 աստիճանի է հասնում, շատ եմ թույլ, բացատրում եմ նրան:

Մեկ էլ սեղանի վրայից վերցնում է մի լրագիր ու ցույց տալիս. թերթի վրա տպատառերով նախորդ օրը նշում է արել՝ «Դինամո» Մոսկվա- «Արարատ» Երևան խաղն ավարտվեց 0-1 հօգուտ «Արարատի»: Գոլը 76-րդ րոպեին խփեց Լևոն Իշտոյանը: Ու ջղայնացած ասում է.

-Ա՛յ տղա, գրած է. ո՞նց կարող ես չխաղալ…

Եվ տեսեք, թե հետո ինչ եղավ: Չհասկացա՝ ինձ հետ ինչ պատահեց. ոնց որ լավացա, ջերմությունս անցավ: Մտա դաշտ՝ խաղացի: 76-րդ րոպեն եկավ թե չէ, ես գոլը խփեցի: Ու խաղն ավարտվեց 1-0 հօգուտ մեզ:

Իշտոյան.- Մի անգամ Սերգեյը մեզ Չերչիլի հետ «ծանոթացրեց»…

Բոնդարենկո.- Չորսով ենք՝ ես իմ կնոջ հետ, Լյովիկն իր կնոջ հետ: ԱՄՆ-ից գալիս ենք Երևան: Գալիս ենք Լոնդոնով: Երբ ինքնաթիռն արդեն Լոնդոնի վրայով էր թռչում, մերոնց ասացի՝ ուզո՞ւմ եք Լոնդոնը տեսնել, Չերչիլի հետ ձեզ ծանոթացնեմ…

Երեքն էլ ծիծաղեցին: Ես էլ: Մեկ էլ կարճ ժամանակ անց հայտարարվեց, թե տեխնիկական պատճառներով ինքնաթիռը վերադառնում է Լոնդոն:

Իշտոյան- Հավատացեք, իր ասելուց 20 րոպե հետո հայտարարվեց, որ օդանավն անսարք է և իջնում է Լոնդոնի օդանավակայանում:

Իշտոյան.- Ի՜նչ լավն էր մեր թիմը, ի՜նչ պրոֆեսիոնալներ էին… Բոլոր խաղերը սկսում էինք ուրախ, խնդալով. ամեն մեկս մի բան պիտի անեինք էդ ժամանակ: Ասենք, ամեն առավոտ պիտի պատմեինք, թե ով ինչ երազ է տեսել:

Հիշում եմ՝ մարզվելիս մի անգգամ վազում էինք Կոլյայի հետ: Ասացի.

-Կոլյա, երազ եմ տեսել վրադ:

Հարցրեց.

-Ցավդ տանեմ, ի՞նչ երազ:

Ու հնարում եմ: Ասացի.

-Երազիս երկու ղուշ եկել կանգնել էին քո ուսերին:

-Վա՜յ, էս ինչ լավ բան ես տեսել վրաս. ղուշը հաջողություն է:

-Բայց վերջը չլսեցիր. մի հատ էլ ծիտ ծրտեց գլխիդ:

Ոգևորվեց.

-Ես քո ջանին մեռնեմ, էս ի՜նչ հաջողություն է լինելու ինձ հետ:

Ու էդ օրը Կոլյան երկու «քոռ» գոլ խփեց: Իմ սուտը էդպես ճիշտ դուրս եկավ:

Բոնդարենկո.- Լյովիկ ջան, խոսքդ շաքարով կտրեմ: Ճիշտ է, մենք մեր «ֆանտազիան էինք միացնում», բայց և հաճախ էլ դրանք իրականանում էին, որովհետև մեր ենթադրությունները կյանքին մոտ էին:

Հիմա մի բան Հնդկաստանից պատմեմ. էնտեղ էր երիտասարդական հավաքականը: Ապրելու էինք բարձրակարգ հյուրանոցում: Փափուկ, հարմարավետ մահճակալներ՝ բմբուլե անկողնով: Իսկ մենք սովորաբար երկաթե զսպանակներով մահճակալների վրա էինք քնում: Պատկերացրեք՝ երկաթից հետո էս փափուկ անկողինը: Բայց էդ մահճակալները երկուսն էին, իսկ մենք երեքով պիտի մնայինք համարում՝ ես, Նիկոլայ Ղազարյանը և Լյովիկը: Սենյակում նաև մասաժի սեղան կար: Սեղանը երկաթից էր՝ մակերեսը «դերմանտինով»:

Օրենք կար. ով առաջինը մտավ համար ու պայուսակը դրեց մահճակալին, էն իրենն էր: Սովորաբար Կոլյան արագ էր լրացնում փաստաթղթերը ու շուտ էր սենյակ մտնում: Ես էլ էի արագ լրացնում: Իսկ Լյովիկը, դե, Իշտոյանն էր, պիտի ինտերվյուներ տար, հանդիպեր պաշտոնյաների հետ, նոր բարձրանար:

…Ես առաջինը մտա ու պայուսակս դրեցի բմբուլով մահճակալին, մյուսի վրա էլ Կոլյան մտավ ու դրեց:  Լյովիկը ներս մտավ: Ցույց տվեցինք սեղանն ու ասացինք՝ խնդրեմ, Լևոն ջան: Լևոնս ի՞նչ աներ. դրա վրա պառկեց:

Երկու օր անցավ, կողերը սկսեցին ցավել: Դե, նիհար տղա էր ու՝ երկաթի վրա: Մեկ էլ հաջորդ օրն արթնացավ, դեմքը չճանաչեցինք. ասես ուրիշ մարդ էր: Ու ասաց.

-Արա՛, հերիք եղավ, սաղդ բմբուլի վրա եք քնում, ինձ էլ գցել եք երկաթի վրա:

Ապա մի մեծ բաժակ վերցրեց, ինչ-որ տեղից թուղթ ճարեց, կտրեց ու երեք կտորի վրա գրեց՝ առաջին համարի մահճակալ, երկրորդ համարի ու երկաթե մահճակալ: Դրանք գցեց բաժակի մեջ, մի լավ խառնեց ու պարզեց մեզ: Վիճակահանություն էր: Ես ու Կոլյան սսկված նայում ենք, որովհետև հետը խոսել չէր լինում: Ու առաջինը ինքը քաշեց: Քաշեց, ու… երկաթե մահճակալ:

Բայց, էն էլ ասեմ, քանի որ հայաստանցի տղա էր, գնաց ուրիշ սենյակ, մեկին լարեց, ինքը պառկեց բմբուլի վրա: Դրան էլ ուղարկեցին մեզ մոտ:

Բոնդարենկո.- Լյովիկը Աստծուն հավատացող տղա է, Աստված էլ սիրում է նրան: Մի անգամ զանգեցի իրենց տուն, կինը վերցրեց: Հարցրեցի՝ Լո՛ւս ջան, տա՞նն է Լևոնը: Թե՝ տանն է: Լյովիկը վերցրեց լսափողը: Ես էլ կռացած եմ խոսում, իբր շունչս կտրվում է:

-Լյով,- ասացի, խաբար չե՞ս, պատերազմ է սկսվում:

-Արա, բա թոռնե՞րս, կյանքներին մեռնեմ,- անմիջապես արձագանքեց:

Պատկերացրեք, իր մասին չմտածեց, կարևորն իր համար թոռներն էին: Ապա հարցրեց՝ Սերգեյ, ովքե՞ր են կռվում: Ասացի՝ Արգենտինան ու Բրազիլիան:

-Յա՜, ո՞նց  թե:

-Բա,- ասացի,- էդպես է: Մարադոնան՝ էնտեղից, Պելեն էլ՝ էնտեղից, եկել են սահմանի վրա ու կռվում են: Ամեն մեկի հետևից էլ՝ մի միլիոն մարդ: Պելեն ասում է՝ ես եմ Իշտոյանը, Մարադոնան ասում է՝ ես եմ Իշտոյանը: Արա,- ասացի,- վեր կաց գնա դրանց ասա, որ Իշտոյանը դու ես՝ հանգստանան, թողնեն գնան, աշխարհը մեղք է:

Արամ Յուսուֆյան.- Ես ու ֆուտբոլիստները մոտավորապես նույն տարիքի էինք: Ես կարողանում էի թիմին և դրսից նայել, և ներսից: Մեջս մի դեպք է տպավորվել: Մի անգամ, շատ կարևոր մի խաղից առաջ մարզիչները հավաքվել ու բացատրում էին, թե ինչքան կարևոր խաղ է և այլն, և այլն: Բոլորս լուռ նստած մտածում էինք էդ խաղի մասին: Մեկ էլ Իշտոյանը հանգիստ վեր կացավ ու ասաց.

-Դե, տղերք ջան, քլունգները, բահերը վերցրեք, գնանք աշխատենք:

Բոնդարենկո.- Ընդհանրապես Լևոն Իշտոյան որ ասում ենք, հասկանում ենք 73-ի գավաթի եզրափակիչ խաղը: Էդ երկու գոլը:  50-միլիոնանոց Ուկրաինայի թիմին 3-միլիոնանոց երկրի մեր թիմը հաղթեց: Դա մոռանալու բան չէր:

Իշտոյան.- Էդ խաղին մենք 1-0 հաշվով պարտվում էինք: Էնպիսի հոգեվիճակում էինք, որ հույսներս կտրած անընդհատ ժամացույցին էինք նայում: Պաշտպանվելն այլևս անիմաստ էր, ու սկսեցինք հարձակվել:

Գոլը ծնվեց էսպես. Կովալենկոն երկար փոխանցեց «Դինամոյի» տուգանային հրապարակ, Անդրեասյանը բարձր թռիչքով հասավ գնդակին, դարպասապահը թողեց, որ իրենց պաշտպանը ոտքերի արանքից գնդակը վերցնի: Էդ ժամանակ բոլորս գրոհում էինք: Կոլյան գնդակով գնաց դեպի դարպասապահը: Վերջինս վախեցավ, որ չի հասցնի գնդակը վերցնել, ետ մղեց: Էդ ժամանակ էլ ես հարվածեցի: Բայց մի բան էլ հիշենք՝ 5-6 ֆուտբոլիստ դարպասի մեջ էին, այսինքն՝ մի փոքր ազատ տեղ էր մնացել էնտեղ:

Ու մինչև գնդակը բերեցին կենտրոն, խաղը վերջացավ:

Եվ ի՞նչն էր կարևորը. ո՞րն էր մեր ավագ մարզչի մեծությունը: Էն ժամանակ կարգն էսպիսին էր. լրացուցիչ խաղից հետո 11-մետրանոցներ չկային: Խաղը պիտի շարունակվեր հաջորդ օրը: Եվ լրացուցիչ ժամանակից առաջ մեզ ասաց՝ տղաներ, ես ոչ մի բան չունեմ ասելու, բայց ինչ պետք է անեք, արեք այսօր, վաղը ուշ կլինի: Որովհետև բոլորը գիտեին, որ գավաթը վերցնելու է Կիևի «Դինամոն»: Բանն այն է, որ ֆուտբոլի բաժնի պետից մինչև մյուս ղեկավար պաշտոնները ուկրաինացիներ էին:

Թղթակից.- «Միմինոյում» Մհեր Մկրտչյանն ասում է՝ Иштояана видел: Էս մոտիվով հետաքրքիր դեպքեր չե՞ն եղել ձեր կյանքում:

aԻշտոյան.- Հենց մի քանի օր առաջ՝ մինչև Երևան գալս, նման մի բան եղավ: Ի դեպ, ասեմ, անհնար է, որ ես և Սերգեյը Գլենդելում մի հայկական խանութ կամ այլ տեղ մտնենք, ու մարդիկ չհավաքվեն մեր շուրջը: Էդ օրն էլ խանութում էի, մի կին մոտեցավ ու ասաց՝ վայ, ես քո ջանին մեռնեմ, կարո՞ղ եմ քեզ ձեռք տալ: Ասացի՝ հա, քույրիկ ջան, ինչու չէ: Մեկ էլ սա շուռ եկավ ու քրոջը թե՝ Иштояана видела…

Հիմա ձեռքերս բռնել համբուրում է: Ասում եմ՝ լա՛վ, էլի, քույրիկ ջան…

Բոնդարենկո.- Մի ժամանակ տիեզերագնացների հետ էին էդպես վարվում: Հիմա Լյովիկին երբ տեսնում են, ամեն ինչ մոռանում են ու սկսում են ձեռքերը պաչել: Դա մարդկային բնական ռեակցիա է: Որովհետև նա նաև ճիշտ տղա է, բյուրեղյա մաքրությամբ տղա է: Օրինակ՝ ես Աստծուց շնորհակալ եմ, որ ինքն է էդ գոլերը խփել: Թե չէ կարող էր գոռոզ մեկը խփած լիներ, ու հիմա կողքին նստել հնարավոր չլիներ:

Օրինակ՝ շատ է պատահում, որ մարդիկ մոտենում են ինձ ու ասում՝ ախպեր ջան, դեմքդ շա՜տ է ծանոթ… Ես պատասխանում եմ՝ Իշտոյանի ընկերն եմ: Վա՜յ, Բոնդարենկո ջան՝ սկսում են նրանք:

…Մի անգամ Խոր Վիրապում ենք, խաչքարի բացում է: Շատ մարդ է հավաքվել: Նաև պաշտոնյաներ են, մարշալներ կան, տարբեր դիրքի մարդիկ: Մեկ էլ էն կողմից մեկը երգում է.

-Հայ ազգի փրկիչ, Լևոն Իշտոյան…

Իշտոյան.- Մի անգամ էլ պարի պետական անսամբլի մեծարման երեկո էր: Երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանը մեզ էլ էր հրավիրել: Հավաքվել ենք ֆիլհարմոնիայում ու պիտի դահլիճ մտնենք: Բոլորս էլ մեր կանանց հետ ենք: Մեզ դիմավորում են անսամբլի տղաները: Քիչ այն կողմ էլ կանգնած է Վանուշ Խանամիրյանը: Հերթով մտնում ենք ներս: Սկզբից մտավ Ալյոշը կնոջ հետ, հետո՝ մյուսները: Արդեն ես եմ կնոջս հետ մտնում, մեկ էլ ողորմածիկ Վանուշն էն կողմից.

-Հլա նայե°ք, նայե°ք, թե ո՞վ է գալիս, ո՞վ է գալիս… Վա՜յ, Բոնդարենկո ջան…

…Ու փաթաթվել է ինձ: Ես էլ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ…

Բոնդարենկո.- Մեր բժիշկը, որ հիմա մեզ հետ էստեղ է, իսկական պրոֆեսոր է: Նա հոգու պրոֆեսոր է, արտակարգ մաքուր հոգու տեր տղա: Նա գիտեր, թե մեզ ինչ ասեր, ոնց ասեր: Նրա խոսքից մեզ արդեն լավ էինք զգում: Բայց նա մի լավ մականուն վաստակեց՝ Олень: Այսինքն՝ եղնիկ: Էնքան բժիշկներ են լինում, որ մեկը դաշտում ընկած է, գոռում են՝ բժի՛շկ, բժի՛շկ: Իսկ բժիշկը երկրորդ յարուսում սեմուչկա է չրթում: Իսկ Արամն ապրում էր մեզ հետ. մեր լավ արածն էլ, վատ արածն էլ իրենն էին: Մոտենար, երկու բառ ասեր՝ միանգամից քեզ լավ էիր զգում:

Արամ Յուսուֆյան.- Սերգեյ ջան, Սովետական Միությունում այնքան թիմեր կային: Իսկ մեր այս փոքր հանրապետությունից ընդամենը 15 տղաներ էին խաղում: Եվ այն, որ մենք սեզոնը սկսեցինք 15 տղայով ու 15-ով էլ ավարտեցինք, կատակ բան չէր: Ավելին՝ դա հպարտություն էր: Շատ վնասվածքներ եղան, բայց տղաները ֆիզիկապես այնքան պատրաստված էին, թիմն այնքան հասուն էր, այնքան լավն էին մարզիչները, որ հաճույք էր ուղղակի որպես բժիշկ իրենց ծառայելը:

Բոնդարենկո.- Ամերիկայում իմ 60-ամյակն ենք նշում: Լևոնը, մյուսները բարձրացան ու իրենց խոսքն ասացին: Երբ Արամն էլ իր խոսքն ասաց, ես մոտեցա ու գրկեցի նրան: Դիմելով հավաքված մարդկանց, ասացի՝ ժողովուրդ ջան, Արամը միակ բժիշկն է, որ դեղորայքով մեզ չի բուժել:

Մի մարդ էն կողմից եկավ, թե՝ ի՜նչ ոսկի տղա է. առանց դեղորայքի, էս թվին…

Բոնդարենկո.- Ես Կոմիտաս էի ապրում, Կոլյան՝ Օրբելի: Ժամը տասի կողմերը մեր տան հեռախոսը զանգեց: Կինս վերցրեց: Մեկ-երկու վայրկյան խոսելուց հետո լսափողը դրեց ու տագնապած դարձավ ինձ, թե Կոլյան էր: Վախեցած հարցրի՝ ի՞նչ է եղել: Բա՝ Կոլյայի երեխայի տաքությունը բարձրացել է, ու չի իմանում ինչ անի: Էռնան (կինը) էլ տանը չէ: Գարչիցնիկ էլ չեն կարողանում ճարել, դեղատները փակ են:  Մեր տանը գարչիցնիկ կա, շուտ տար հասցրու Կոլյային, ասաց կինս:

Վերցրեցի ու դուրս թռա: Մեքենան քշում էի 140-ի վրա:

Մտա տուն, ի՞նչ տեսնեմ. սեղանը գցած, Կոլյաս էլ նստած է գլխին:

-Ապեր,- ասաց,- արի հաց ուտենք: Մենակ չի ուտվում:

…Էսպիսի բաները սովորական էին մեզ համար: Ամիսուկես հետո մի անգամ էլ երեկոյան ժամը 10-ի կողմերը զանգեց: Էլի կինս վերցրեց: Սա թե՝

-Օֆելյա ջան, Ռաֆայել Հմայակիչը (իր աները) ցուցահանդես է կազմակերպում Աշտարակում: Ես մեքենայով նկար եմ տանում, բայց մեքենաս փչացել է, ու մնացել եմ Երևանի ու Աշտարակի արանքում: Սերգեյը չի՞ գա օգնի:

Հեռախոսը ձեռքին՝ կինս դարձավ ինձ.

-Վայ, Սերգեյ ջան, գնա Կոլյային օգնի, որ նկարը հասցնի ցուցահանդեսին, խայտառակ չլինի:

Ձեռքից լսափողը վերցրի:

-Կոլյա,- հարցնում եմ,- որտե՞ղ ես:

-Ես հիմա ուրիշի ավտոյով եկել եմ Երևան, բայց նկարը իմ մեքենայի մեջ է մնացել: Արի ինձ վերցրու, գնանք նկարը հասցնենք տեղ:

Գնացի:

Եվ ի՞նչ. էլի սեղանի գործ էր. ի՝նչ նկար, ի՜նչ բան…

…Մի անգամ էլի զանգեց: Էլի Օֆիկը վերցրեց, թե Կոլյան է, էս է եղել, էն…

Ասացի.

-Օֆի՛կ, էլի ինձ զոռով բրթում ես գնամ խմե՞մ…

Ու չգնացի:

Բայց, գիտե՞ք, թարսի պես էս անգամ ճիշտ էր ասում, չէր խաբել:

Ընդհանրապես Կոլյան հոյակապ սուտ էր խոսում: Օրինակ՝ եթե ես մի սուտ ասեի, անմիջապես կբռնվեի: Նա ՝ չէ:

Հերթական անգամ Մոսկվայում խաղի ենք: Հաց կերանք, հետո դուրս եկանք, հենց ՙՌոսիա՚ հյուրանոցի դիմաց մեզ համար ման ենք գալիս: Մեկ էլ տեսնենք՝ Կոլյան չկա: Քիչ հետո նայենք էն կողմ՝ ի՞նչ տեսնենք. Կոլյան Մոսկվա գետի կողմից պատռված վերարկուով գալիս է: Հարցրինք.

-Կոլյա, էս ի՞նչ է եղել:

-Արա, սուսեք, տղե՛րք: Ասացի մի քիչ գետի մոտով ման գամ, մեկ էլ տեսնեմ մեկը օգնություն է կանչում: Մարդը գետում խեղդվում էր: Ես էլ վերարկուս հանեցի, մի ծայրը գցեցի իրեն, ասացի՝ բռնիր: Սա բռնեց, ես էլ քաշեցի: Վերարկուս պատռվեց, ես էլ ընկա: Ու թողեցի եկա:

Սուրիկը թե.

-Այ տղա, բա էդ մարդն ի՞նչ եղավ:

-Յեսիմ ի՞նչ եղավ…

-Արա՛, բա ինչի՞ էիր գնացել…

Ու չենք կարողանում հաստատել, որ սուտ է ասում:

-Ի՞նչ եք ասում, այ մարդ, կարող ա՞ սուտ եմ խոսում,- ինքն է մուննաթ գալիս:

Յուսուֆյան.- Ընդհանրապես Կոլյան ինչ պատմեր, ծիծաղելու էր դուրս գալիս:

Բոնդարենկո.- Մի անգամ մի բան էր պատմել, 15 րոպե ծիծաղից թուլացել էինք, արդեն լաց էինք լինում: Չէինք կարողանում մարզվել: Վերջը ասացինք՝ Կո°լ, դուրս արի էստեղից գնա՝ պրծնենք:

Էնպիսի էլ դեմք էր ընդունում, կարծես ինքը չի պատմել:

Իշտոյան.- Սոչիում էինք: Չգիտեմ, թե ոնց էր պատահել, որ ես ու Սերգեյը հյուրանոցի նույն համարում չէինք մնացել: Իմ հետ Շուրիկն էր՝ Կովալենկոն: Մեր թիմի պետը քնելուց առաջ պարտադիր գալիս ու ստուգում էր՝ տղերքը քնա՞ծ են, քնա՞ծ չեն: Հաջորդ օրն էլ խաղ ունեինք, ու հատուկ ասաց՝ տղաներ, ոչ մեկդ ոչ մի տեղ չգնա:

Բայց ո՞նց կարող է Շուրիկը չգնա: Ընկերների հետ արդեն պայմանավորված էր: Ինձ ասաց.

-Լևոն, դուռը փակիր ու հանգիստ քնիր:

Ժամը տասն անց կեսի մոտերքն էր: Ես արդեն պառկել էի քնելու: Մեկ էլ տեսնեմ՝ դուռը թակում են: Չեմ ուզում բացել, բայց էլ ճար չկար. արդեն ջարդում էին: Վեր կացա ու բացեցի: Մեր մարզիչն էր: Մտավ ներս:

-Ո՞ւր է Շուրիկը,-հարցրեց:

-Չգիտեմ,- ասում եմ,- ինձ բան չի ասել:

Գնաց: Բայց 15 րոպե հետո նորից եկավ: Է՛լի չկա: Նորից գնաց: Բայց էս անգամ եկավ Ժամը 12-ի կողմերը, պառկեց Շուրիկի մահճակալի վրա ու… քնեց: Դե, հասկանալի է մտքինը. որ կարողանա ապացուցել, թե Շուրիկը ժամը քանիսին է եկել:

Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ոնց Շուրիկին փրկեմ:

Մեկ էլ Շուրիկս եկավ. երգելով. քեֆը լավ: Կանգնեց իր մահճակալի գլխին ու.

-Էս ո՜վ է այստեղ պառկած…

Մարզիչը վեր կացավ, թե՝ չե՞ս ամաչում, էս ժամը քանիսի՞ն ես գալիս: Էս, էն…

Բոնդարենկո.- Նորիկը բացառիկ պրոֆեսիոնալ էր: Առանց պարապմունքի էլ հանեիր խաղի, ավտոմատ կխաղար: Նրա նման կայուն ֆուտբոլիստ քիչ է լինում:

Ես նրան շատ շնորհակալ եմ: Բանն այն է, որ գործի բերումով մենք մեր կանաց քիչ էինք տեսնում, մեր ընտանիքների հետ քիչ էինք շփվում:

Երբ արտագնա խաղերի էինք լինում, խաղն ավարտվեր թե չէ, Նորիկը, ես էլ իր հետ ուղիղ թռչում էինք Երևան: Սովորաբար նրա շնորհիվ ես մի վեց ժամ շուտ էի հասնում տուն ու լինում ընտանիքիս հետ, քան թիմը:

Նա շատ նվիրված էր ընտանիքին:

Այ, հիմա երբ եկանք Երևան, առաջինը՝ գիշերվա ժամը 1-ին, Նորիկի տուն ենք գնացել, նրան այցելեցինք:

Բոնդարենկո.- 1969 թվականին առաջին անգամ գնացինք Լիբանան՝ Բեյրութ: Տեղի հայերը գալիս էին հյուրանոցի առջև՝ մեզ հանդիպելու: Դե, շատ էին սիրում «Արարատին»: Մի օր էլ հյուրանոցի առաջ կանգնած ենք մեզ համար: Երկու եղբայր եկան, փողկապի խանութ ունեին: Մեզ համբուրեցին ու սկսեցին զրույցը՝ ինչպե՞ս եք, լա՞վ եք. ա՛յս, ա՛յն: Հետո թե՝ տղաներ, ուզում ենք ամեն մեկիդ երկու-երկու կռավատ /ֆրանսերեն փողկապ/ նվիրել:

Մեկ էլ ողորմածիկ Ֆուրմանն ասաց.

-Այ ցավդ տանեմ, էստեղից մահճակալը ո՞նց պետք է տանենք:

Հայրենասեր տղա՝ մեկ էլ՝ մահճակալ:

-Այ մարդ, մահճակալն ի՞նչ եմ անում,- շարունակեց:

Ընդհանրապես, առանց բացառության, բոլորը թասիբով տղաներ էին: Ամեն մեկն իր գործը թասիբով էր անում, թասիբով էր ապրում:

Լրագրող.- Դրա համար էլ հաղթեցիք, Սերգեյ ջան:

Իշտոյան.- Բայց շատ սահուն ձևով վռնդեցին մեզ: Մտածեցին, որ հաջորդ օրն իրենք նոր տղաներ կհավաքեն ու նույն ֆուտբոլը կունենան:

Թղթակից.- Մեր ֆուտբոլի վատն այն էր, որ սերնդափոխություն տեղի չունեցավ: Ինչո՞ւ այդպես եղավ:

Իշտոյան.- Մարդիկ կային, որ մեր հաջողությունների հաշվին ցանկացան բիզնես անել: Մոտավորապես այսպես՝ Սերգեյին հանենք, Իշտոյանին հանենք, Զանազանյանին հանենք, էն մարդու տղուն բերենք: Ինչ-որ լրագրողներ էլ եղան, որ հօգուտ այդ մարդկանց աշխատեցին. թիմը պետք է երիտասարդացնել, թիմը պետք է երիտասարդացնել՝ կանչում էին…

Իսկ մեր տարիքն ի՞նչ էր. ընդամենը 27, 28 տարեկան էինք: Էն դեպքում, երբ աշխարհի լավագույն թիմերի, ասենք՝ Մադրիդի «Ռեալի» նման, խելքը գլուխները չի գալիս, եթե սերնդափոխությունը ճիշտ չի լինում:

Իշտոյան.- Երբ մենք գավաթը վերցրեցինք ու չեմպիոն դարձանք, մեզ «Վոլգա-24» մեքենաներ հատկացրին: Իհարկե, մեր փողով. ձրի չէին տալիս: Սպորտկոմիտեի նախագահը Լորիս Քալաշյանն էր: Լուրեր հասան, որ մեզ հատկացված մեքենաները ճանապարհին «պակասել են», մի 4-5 հատ է մնացել: Մարզիչներին ասացինք՝ ինչո՞ւ են էսպիսի բան անում, մենք ենք հաղթել, ուրիշնե՞րն են էդ մեքենաներին տեր դառնում:

Ու որոշեցինք գնալ Քալաշյանի մոտ: Հանդիպման ժամանակ սա թե՝ Իշտոյան ջան, այս անգամ այս մեքենան տանք մեկ ուրիշի, հետո երբ դու մեքենա ցանկանաս, Կենտկոմը մի բան կհատկացնի: Ես էլ, ինքնաբերաբար, ինքս էլ չիմանալով ոնց ստացվեց, պատասխանեցի.

-Լավ, ես համաձայնեցի, բա ժողովո՞ւրդն ինչ կասի:

Բոնդարենկո.- Դա թիմը քանդելու առաջարկ էր. ուզո՞ւմ ես ընտանիքդ քանդվի. երեք տղա ունես՝ երկուսին մի բան տուր, մեկին մի տուր: Արդեն տունդ քանդվեց: Հիմա՝ սրանք. 15 հատ եք հատկացրել թիմին՝ տվե՛ք: Թե չէ էդ ի՞նչ էիք անում:

Բանն այն է, որ շատերը մտածում են, թե էդ ավտոները մեզ են հասել: Հենց երեկ մի լրագրող ինձ էդ մասին ասաց: Ասում է, որ սաղ քաղաքը մինչև հիմա էլ համզված է, որ ձեզ ավտո են տվել:

Մեզ մենակ պատվոգրե՛ր են տվել: Մի 50 հազար հատ ունեմ: Հրաժեշտի առիթով մի արկղ բերեցին, մտածեցի՝ հեռուստացույց է: Ասացի՝ լավ է, մի աղքատ ընկեր ունեմ, կտամ նրան: Բայց բացեցի, տեսնեմ պատվոգրեր են:  Է՛լ Լամպերի գործարանից, է՛լ Կոշիկի ֆաբրիկայից… Բոլորն էլ՝ շնորհակալություն, որ աշխատել ես հայ ազգի համար, Բոնդարենկո ջան…

Լրագրող.- Շնորհակալություն, տղաներ, ձեզ և թիմի բոլոր անդամներին: Դուք, իրոք, անգնահատելի ծառայություն եք մատուցել մեր ժողովրդին, սկիզբ դրել մեր ազգային երազանքի իրականացմանը…

Զրույցը վարեց Վարդան Թադևոսյանը

 

Խմբագրության կողմից.- Տեղեկանալով, որ Անդինը հյուր է ընդունել Արարատ-73-ի ֆուտբոլիստներին, խմբագրություն զանգահարեց ԵՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և խնդրեց նրանց պատմություններին հավելել ևս մեկը, որին ականատես է եղել ինքը Կիևում:

Կիևից «Արարատի» հետ նույն ինքնաթիռով Երևան էր գալու նաև Սերո Խանզադյանը, բայց ուկրաինացիները այնպես էին հյուրասիրել նրան, այնքան խմացրել, որ Սերո Նիկոլայիչը հազիվ էր քայլում: Օդանավակայանի աշխատակիցները նրան թույլ չէին տալիս ինքնաթիռ նստել, թե՝ հարբած է, նույնիսկ քայլել չի կարողանում: Այդ ժամանակ նրանց է մոտենում Ալեքսանդր Կովալենկոն, թե՝ քայլել չի կարող՝ մենք ձեռքերի վրա կտանենք մեր նշանավոր գրողին: Գրկում է նրան ու տանում ինքնաթիռ…   

 

Անդին 10, 2013

Կարծիքներ

կարծիք