Ավանդույթի մասին կամ ավանդական

20152110144052817

Ա

 

Մտքի ծնունդը զարմանալի երևույթ է: Նույնքան զարմանալի է բառի ծնունդը: Մարդու այս երկու ունակությունները նրա հոգևոր (իմա՛ հոգի-ավոր, այսինքն՝ հոգի ունեցող) արարած լինելու յուրահատուկ ցուցիչներ են:

Բառը մարդկային մտքի ծնունդ է, իսկ մտածողություն ձևավորելու տեսակետից նաև ծնող է մարդկային մտքի: Բառը մտքի զգալի հատվածն է, ինչպես որ լույսն ունի աչքի համար տեսանելի սահմաններ: Եվ լույսի անտեսանելի մասերի նման, միտքն էլ ունի բառից անդին հատվածներ կամ արտասահմաններ. դրանք խորհուրդներն են: Ծագելով խորհուրդներում և արտահայտվելով բառում՝ միտքը նաև այդ երկուսի կամուրջն է:

Մարդկային բանականության կառույցում ամեն մի բառի արմատները սնունդ են առնում մտքի խորքերից, և մտքի անբառ խորությունն էլ սկսվում է բառից: Այսպես, միտքն ու բառը և՛ տարբերակվում են, քանի որ տարբեր են, և՛ նույնանում են, քանի որ նույնական են: Այս համեմատությամբ, կարելի է ասել, թե բառերը ա՛յն ճանապարհներն են, որ տանում են դեպի բանականության ներքին ոլորտները, և ա՛յն դռներն են, որ բացվում ու փակվում են բանականության կառույցի պատերին՝ ելքի ու մուտքի նպատակով: Այլ խնդիր է այդ կառույցի գործառնական նշանակությունը՝ տաճար է, թե ապարանք, բնակավայր է, թե ավերակ, ուսումնարան է, թե սպանդանոց:

Այսպիսով, ամեն մեկ բառի հնչական, գրավոր կամ մտավոր կիրարկում՝ հաղորդակցության նպատակով կամ թե՝ ներմտածական ուղղորդվածության, կիրարկողի միտքը տանում հասցնում է խորհուրդների խոր խորքերին, ուրկից, աղբյուրների նմանությամբ, սկիզբ է առնում բառը և բառի իմաստը՝ դառնալու համար կա՛մ քաղցրահամ ակնաղբյուր, հորդահոս գետ, անհատակ օվկիանոս, կա՛մ ծանծաղուտ ու ճահիճ:

Մենք երբեմն օգտագործում, բայց ավելի հաճախ կիրառում ենք բառեր: Դրանք, մեկ առ մեկ, մեր միտքը տանում են բառիմաստների ներմտավոր հայեցումների: Սա բառ երևույթի ներքին զորությունն է: Օրինակ՝ այլ է հնագույն ծագումի ծով կամ բույր և ամբողջովին այլ՝ նորօրյա հեռախոս կամ կիսահաղորդիչ բառերի ներհայեցականության աստիճանը: Եվ բառերի՝ ներհայեցումի տանող այդ յուրահատուկ զորությունը գործում է բնականորեն և ինքնուրույնաբար: Այս առումով, կիրառողի մտքում բառի ներհայեցումի առարկայական գոյության արձանագրումը հաճախ չի ըմբռնվում իբրև փաստական գործոն, քանի որ ամեն մի բառ մտքի ծնունդ և իմաստ ունի կիրառողի կամքից, ընկալումից և գիտակցական գնահատումից անկախ: Ուրեմն՝ բառը և բառիմաստը ինքնուրույն կյանք ունեն:

Բառերի և իմաստների ներքին զորության ընկալման և մտավոր մշակության գործընթացի ամբողջական արդյունքը լեզուն է: Ըստ այդմ, լեզուն բառերի հնչակազմի, բառիմաստների և դրանց փոխհարաբերությունների ամբողջության համակարգ է, որ ձև ու բովանդակություն է մտածողության համար. թե՛ անհատի, թե՛ ազգային ընդհանրության:

Լեզուն կատարում է հաղորդակցության գործառույթ, և լեզվի համակարգին բնորոշ է լեզուն կրողների ազգային միասնությունը: Լեզվին համաքայլ առկա է նաև լեզվական ավանդույթի երևույթը, այսինքն այն, ինչն ավանդված է: Ահա այս ավանդված լեզուն, ինչպես ամեն երևույթ, ունի իր կշիռն ու խորությունը, իր տարողությունն ու զորությունը:

Որքան խորն է բառերի իմաստային առումների և դրանց փոխհարաբերությունների ամբողջության համակարգի, այսինքն՝ լեզվի իրական ներհայեցականության աստիճանը, այնքան խորն է լեզվի, այն է՝ լեզվական ավանդույթի ծագումը, այսինքն՝ այնքան հին: Եվ որքան հին է լեզուն, այնքան մեծ է ավանդույթի հոգևոր կշիռը և արարողակարգային հատկանիշը:

Եթե դիտարկենք բառն իբրև պեղածո հնագույն առարկա և հաշվի առնենք երեք հանգամանք՝ տարիքը, մշակվածության որակը և հազարամյակներ անընդհատ կիրառության իրողությունը, այնուհետև այս երեք հանգամանքների ամբողջությունը բազմապատկենք բառերի հնարավոր նվազագույն քանակով, ապա սրան հավելենք միջբառային փոխհարաբերությունների գործոնի արժեքը՝ մտքի նրբերանգների արտահայտման առումով, և փորձենք գնահատել մեր ունեցվածքի արժեքը, ապա մեր լեզվական ավանդույթը կամ ունեցվածքն անգնահատելի է անվերջորեն: Սա մեր ավանդույթն է, մեր ժառանգությունը՝ հնագույն-հնաոճ իր-իրողությունների մեր հոգեմտավոր ունեցվածքը: Սա աներկբայելի նախնական իրավիճակ է, որը մենք կրում ենք, ըստ ծագումի՝ թե անհատապես, թե հասարակայնորեն: Մենք այդ իրավիճակի կրողն ենք և, միաժամանակ, ապրում ենք այդ իրավիճակի ներքին տարածքում:

Ժառանգություն ստացած արժեքների գնահատումին համաքայլ, մենք մեզ ավանդված հոգեմտավոր ունեցվածքը կամ օգտագործում ենք, կամ ի ցույց ենք դնում մեր մտքի թանգարանային սրահներում, կամ ոտնակոխ ենք անում. կամա, թե ակամա, գիտակցաբար, թե անմտությամբ՝ ինքնագնահատականի խնդիր է (կամ դրա բացակայության):

Խոսքը լեզվի մասին է, իսկ լեզուն յուրաքանչյուր անհատի սեփականություն լինելով՝ միաժամանակ նաև անհատի սեփականությունը չէ, այլ՝ ազգային: Ըստ այսմ, լեզվի նկատմամբ վերաբերմունքը, որի դրսևորումը խոսքն է, անհատական և ազգային գնահատականի և ինքնագնահատականի չափորոշիչ է:

 

Բ

 

Հայերենը պետություն բառով ընդհանրացնում է պետ, այսինքն՝ ինքնիշխան առաջնորդ լինելու մարդու բնութենական վիճակը: Այս վիճակի խորքերում են պահված պետականության գաղափարի ակունքները: Այստեղ են անկախության՝ սեփական հայրենիքում սեփական ոտքերի վրա կանգնած լինելու ներքին դրության հիմքերը: Իսկ անկախ լինելու ներքին դրությունը, այսինքն՝ տրամ-ա-դրությունը, սեփական տեսակի ինքնագիտակցությունն է:

Տեսակը նույն ինքն է ազգ և ազն: Ահա տեսակի ինքնագիտակցությունը հենց ազգային ու նաև ազգայինի գիտակցությունն է: Այն արդեն կատարված և կենսական իրողության արժեք է ունենում այն միակ դեպքում, երբ ազգի՝ ազն-տոհմի մարմնավոր ընկալումը ձեռք է բերում հոգեբարոյական ներըմռնումի արժեք՝ ազնավոր-ազնավուր-տոհմիկի արյունակցականության գիտակցումից վերաճելով ազնիվ-ի (իմա՛ ազն-ովի, ազն ունեցողի) գաղափարին, այսինքն՝ հոգևոր ազնավորության՝ նույնն է թե ազնվության ներքին վիճակի կամ տրամ-ա-դրության: Իմաստային այս առումները բովանդակելու ճանապարհով է անցելազնիվ բառը:

Ունենալ այդ ներքին իրավիճակը՝ կնշանակի պատկանել այդ իրավիճակը կրողների ազգին՝ ազն-տոհմ-ցեղին, լինել այդ ազնավորության-ազնվության-ազնվականության ներկայացուցիչ: Այս լույսի ներքո, արձանագրենք, որ ազնվականությունը, ինչպես մարդն ընդհանրապես, երկու առում ունի՝ մարմնավոր և հոգևոր. լավագույնը համերաշխն է՝ հոգևորի առավելականության գիտակցությամբ: Ահա ազնվականության ներկայացուցիչը ոչ միայն ազնվականության դասին կամ խավին պատկանողն է մարմնավոր առումով (սա բառիմաստի մակերեսն է), որ ինքնին հասկանալի է, այլ նախևառաջ նա, ում կենսագործունեության բոլոր դրվագներում իր հոգևոր պատկանելիության հատկանիշերը առկա են առարկայորեն: Եվ ազնվության կրողը ոչ թե ներկայացնում է իր այդ պատկանելիությունը՝ ի ցույց դնելու իմաստով, այլ ունի և ունենալով՝ փոխազդում է, ինչպես լույսը կամ բույրը, որ տարածվում են, եթե ներկա են և կան:

Այսպիսով, ազգայինի գիտակցությունը տեսակի (ազն-ի) ինքնագիտակցության տրամ-ա-դրություն՝ ներքին դրությունն է, այսինքն՝ ներքին դրվածքը:

Մարդկային այն հասարակությունը, որն ունի և կրում է ազնվության այս ներհայեցական ու հոգեբարոյական վերափոխումն, իբրև ավանդական (իմա ավանդված, ավանդ թողնված) արժեք, արդեն ազգային գիտակցության կրող է և ըստ այդմ է առնչվում աշխարհին և, բնականաբար, ազգային այդ ավանդ-ունեցվածքի պահպանության և փոխանցման խնդրին նույնպես:

Ահա այս իրողույթների կենսագործմանը համաքայլ, պետականության բարոյամտավոր ըմբռնումը ձգտում է նյութականացման: Ուրեմն՝ պետությունը պետականության հոգեբարոյական ներընբռնումի նյութականացումն է:

Արդ, տեսակի կամ ազգի այս ներըմբռնումի բնականոն գոյության արդյունքում ձևավորվում է ազգային պետություն, որի առաջնային գործառույթը ազգային ավանդների պահպանության և անվտանգության ապահովումն է, թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր: Առանց մեկի մյուսը չկա. և լավագույնը համերաշխն է՝ հոգևորի առավելականության գիտակցությամբ: Մեկ մարդու (կամ մեկ ազգային հավաքականության կամ մեկ մարդկության) մտքում, ապա նյութական կյանքում մարդկային հոգեմտավոր կառուցվածքի այս բաղադրիչներից մեկի կամ մյուսի հետևողական թերագնահատումը մարդուն (ուրեմն և մարդկային հավաքականությունը) դարձնում է ճիվաղ:

 

Գ

 

Լիիրավ վստահությամբ կարող ենք ասել, որ հայոց ազգային ինքնագիտակցության ուղեծիրը որոշվել, ընթացել և ընթանում է գրային մտածողության տարածությունում: Այդ տարածությունը մշակույթի տարածություն է, նույնն է թե՝ մշակության… երբ անդաստանը վեր է ածվում ածու-ի… Այն, ինչը կոչելի է հայկական՝ ժայռապատկերից մինչև գաղափարագիր, սեպագիր, ապա այբուբեն՝ որևէ տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթական բոլոր բաղադրիչներով հանդերձ, տեղավորվում է գրի ու գրային մտածողության եզերքում… Եվ հայերենի մաշտոցյան այբուբենը այն վերջին հանգրվանն է, որ ներառում է հայերեն լեզուն, նախապատմական ու պատմական իմաստահնչերանգային նրբագույն նշույլներով հանդերձ…

 

Այսպիսով.

Պետությունը պետականության հոգեբարոյական ներընբռնումի նյութականացումն է, որ գոյանում՝ գոյություն է առնում ազգայինի (ազն-ավորի, տեսակ-ավորի) ինքնագիտակցության ներքին դրվածքի վրա և ապահովում է տեսակի (ազն-ազգի) անկախ լինելու ներքին դրությունը: Վերջինս էլ կառուցվում է լեզվի նկատմամբ վերաբերմունքով, և դրա դրսևորումը խոսքն է՝ իբրև անհատական և ազգային ինքնագնահատականի հարգ:

Եվ ուրեմն, տաճա՞ր է, թե՞ ապարանք, բնակավա՞յր է, թե՞ ավերակ, ուսումնարա՞ն է, թե՞ սպանդանոց… մերազնյա երկիրը… այն սկիզբ է առնում մեզանից ամեն մեկի ու յուրաքանչյուրի ներքին տանը… և նախապես դրսևորվում է հայրենի լեզվի նկատմամբ վերաբերմունքով… ազնիվ ու տեսակավոր կամ այնպես, ինչպես…

 

Անդին 2, 2015

Share

Կարծիքներ

կարծիք