Անզուսպ

Հեղինակ:

20140809175301693

Ես անգույն մատներս քսում եմ բարակ շուրթերիդ՝ վերապրելով գերզգայուն համբույրի խոնավ չափաբաժինը: Ժպիտից ծանծաղ դեմքս, որ րոպեներ առաջ թաղված էր տաք մաշկիդ ծակոտիներում, բարձրացնում եմ վերև, աչքերիդ, շնչիդ այնքան մոտիկ, որ շնորհակալ լինեմ ինձ քեզ մոտ, անսահման մոտ թողնելու և ուրանալու համար: Իմ հակադրություն, իմ հաշտություն, որ փռված ես ներկայիս ու անքեզ երեկվա սահմանին, իմ քմահաճույք, որ սանձել ես տեսիլքներս, որ քեզ ունեն: Սա նման է չվերջացող մի խաղի՝ երկու հանդիսատեսով, երկու մրցակցով: Ես՝ ճանապարհից հոգնած, անուժ տապալվում եմ թևերիդ մեջ տիրաբար ու աղոթող շնորհակալությունս երկինք նետում այս պարզ գիշերին, որ դու ուղարկվել ես ինձ համար, մեզ համար, մեր երջանկության, մեր միաձայն առավոտների ու թաց համբույրների համար: Ես սիրում եմ քեզ, քո համառությունը, քո տունը, սենյակդ, տանդ բանալիները, քո թղթերը, քո հոգսերը, քո ձեռքերն ու այն երկուսին, որոնց շնորհիվ դու դու ես: Ես երախտապարտ եմ նրանց քո կույս գոյության համար, քեզ մեծացնելու, քեզ կյանք պարգևելու, ինձ տալու համար: Իմ չհյուսված բառ, իմ հում արև, որ դեռ որքան պիտի ծնկես, մինչև եփվես, մինչև միախառնվենք: Չգրոտված եմ, թեկուզ կիսատ, թեկուզ թվացյալ անիմաստ ու անսեր, բայց դու ես ԻՄԸ, դու ես այն կետը, որին ՊԻՏԻ հասնեմ, որին ձգվում եմ կապանքված նեղացկոտությանս միջից, որին հանձնվում են փակ մտքերիս բանալիները, որին Տիրակալ են հռչակում ապագայի սպասումներս: Կույր է հպարտությունս, կույր են աչքերդ, որ լույսից զրկված չեն թափանցում անդունդը, հատակը սրտիս, վեր հանում ինձ հան•ած կրակներից, արդեն հանգած: Ես սեղմվում եմ քեզ այս լքված գիշերվա մթում, զ•ում եմ սրտիդ հևքը, սեղմվում ավելի, համարձակ մատներդ տանում բարակ շուրթերիս, սեղմվում ավելի, դու որսում ես մարմնիս դողը, ու մենք տարրալուծվում ենք մեր լռության մեջ:

 

Քարե սավաններ

 

Չխնամված ձեռագրով կամ անսանր մտքերով՝ ես պառկած եմ քո երազանքի մակերևույթին: Նույն անտարբերությամբ, ինչպես լվանում եմ տանս ափսեները, ես հետևում եմ չհատվող համբերությանդ: Դու փափուկ մորթիդ կատվային նազանքով հրամցնում ես ինձ, որ շոյեմ քեզ՝ հպարտությանդ: Բաց ես պառկած եմ. արդյոք ալարո՞ւմ եմ ձեռքս պարզել քեզ, թե՞ չեմ կարողանում, թե՞ չեմ կամենում: Դու կմրափես ավելի շուտ, քան ես կթողնեմ տաք բույնս:

Քո մուգ, մուգ շագանակագույն մոլորակները, որ աչքերի են նմանվում, ինձ կողպել են, որ ես սիրով նայեմ քեզ, սիրով սովորեմ ամեն քայլդ, սիրով… սիրով: Գժվելու աստիճան գժվել, սպառվել եղունգներդ հասնող, ծորացող կարոտից: Լցվել, զսպվել համբերություն քարոզող սիրուդ շշուկներից ու դառնալ, վերադառնալ քեզ նորից… Ենթարկվել, ստվել, սպանել, բայց մեծանալ քեզնով…

Քեզնից ուժի բույր է ելնում, ես կխաբվեմ քո ջերմությանը: Ձգվում եմ առաջ, կիսով չափ դուրս եմ գալիս երազանքիդ մակերևույթից. մինչև գոտկատեղս մերկացած եմ… Էլ չեմ կարող, ոտքերս չկան, ծանրացած են, առաջ չեն թողնում… Ես ձգվում եմ, դու ասես դիտավորյալ, ինձ պատժելու համար մի քայլ հետ ես գնում… Ես էլի եմ ձգվում, հիմա ոտքերս, սիրտս կպայթեն այս ծանրությունից, ես ցավի ճիչ եմ արձակում… Ես ուզում եմ հասնել քեզ… մի՛, մի՛ խաղա ինձ հետ: Դու թունավոր անտարբերությամբ, որով ես լվացքս եմ չորացնում, շարժում ես պոչդ, մի փոքր էլ, ու ես կդիպչեմ թանկարժեք մորթուդ… Դու երևի խղճում ես ինձ՝ լացակումած աչքերս տեսնելով կամ նվաղած ձայնս լսելով, չգիտեմ, բայց մոտենում ես այնքան, որ մատներս խրվեն մորթուդ մեջ… Աստված իմ, միթե տիեզերքը չի խնայել քո աստվածային փափկության անեզրությունը: Մատներս գրկում են մորթիդ, վազում խորը, աներևակայելի խորը, հասնում մարմնիդ: Ես ունեմ քեզ, մարմինդ ունեմ: Դու երևի իմ հանդգնությունից հաճույք ես ստանում կամ վախենում: Մաշկիդ փոքր-փոքր գնդիկներ են հայտնվում. ես հրճվում եմ, որովհետև սիրո լավագույն ապացույցը փշաքաղությունն է: Ես փշաքաղությունդ ունեմ: Դու թուլացել ես արդեն, կորցրել զգոնությունդ, ես կարծես թե վարժեցրել եմ քեզ: Վայրկյաններ անց չգիտեմ՝ ինչ է կատարվում հետդ, դու զարթնում ես, ընկրկում… Էլեկտրահարվածի պես ետ ես թռչում ու լկտի չարությամբ նայում հիասթափությունից անկենդան աչքերիս: Մի՛, մի՛ խաղա հետս, սատանա…

Դու սիրում ես ինձ, գիտեմ: Ես վերջին փորձ եմ անում՝ նետվելու առաջ, թերևս թվում է, թե նետվում եմ, իրականում նույն տեղում եմ, միայն մարմինս, ռետինի պես ձգվելով, քիչ է մնում անջատվի ոտքերիցս: Ես գոռում եմ, օգնություն խնդրում կամ անիծում քեզ քո ցանկահարույց, բայց սառը դաժանության համար: Նույն հաճույքով, որով ես նարինջս եմ վայելում, դու սիրում ես ինձ այդպես տապալված, այդպես անդամալույծ: Ես հոգնում եմ, մերկ մարմինս (ինձ անգամ մերկությունս չի ամոթահարում) ետ քաշում նորից երազանքիդ մակերևույթի տակ, որտեղ ժամեր առաջ պառկած էի, ու շենքի վերջին պատուհանին մարող վերջին էլեկտրական լամպի պես հանգելով՝ կիսաբորբոս կոպերիս տակից նայում… Թե ինչպես կատվային սերդ ներծծվում է զգայարաններս, բայց դու ընկած ես թողնում ինձ սավանների, քարե սավանների տակ…

 

Մերկ կակաչներ

 

Սպիտակաթույր խոնավ մարմինը ծածկեց նույնքան սպիտակ սրբիչով, հետո նստեց անկողնու եզրին՝ չխախտելով նախորդ գիշերվա լռությունը: Զգում էր՝ ինչպես ջրի կաթիլները հատ-հատ ներծծվում էին փափուկ սրբիչին՝ առաջացնելով մաքրության զգացումից ծնված երանության հոսք: Երակներում դեռ չէր հանգել րոպեներ առաջ մարմնի վրա տեղացող ջրի շիթերի տաք հոսանքը: Սպասեց, մինչև սրտի աշխատանքը կանոնավոր դարձավ, կանգնեց, մի պահ երերաց գլխապտույտ հաճույքից, հետո քայլերն ուղղեց խոհանոց: Ննջասենյակից խոհանոց անցումը ծրագրեց այնպես, որ չնկատի միջանցքի բազմոցին փռվածին:

Վերջինս առավոտի հորանջի հետ իր ներսից բաց թողեց գիշերվա ցնորքը, որ հարբածության հետևանք էր: Ծուլությունը հաղթեց քայքայված ստամոքսը լցնելու պահանջին, նորից ետ ընկավ բարձին ու մտածեց:

«Այն ուժգնությամբ, որ հողմն է ավլում հատակը, այդպես գոցիր աչքերս հիվանդ, որ չտեսնեմ ճպռոտ գոյությունդ: Անգամ ընկածիս հարվածիր կրկին, տապալիր անհագ, որ հավատամ նվաստ ուժիդ, որ կենդանական քո մենությունն է ծնել: Արնոտ կակաչներ ցանիր ոտքերիս առաջ, որ զգամ քեզ՝ կարմիրի տեսքով կյանքս լցված: Արնաքամ մարմինս սպիտակաթույր տուր անձրևին, որ նա՛ մաքրի ճղճիմությանդ հետքերը թաց: Թող որ հոգիս մեռնի ատամներիդ խրած վերքերից, որ լսեմ ոռնոցդ կորուստիդ: Հետո համբուրիր մատներս դալուկ ու ցաված գույն քսիր աչքերիս, որ հավատամ հրաշքիդ: Մերկ կակաչներով ծածկիր կարմիր մենությունս, որ ապաստան գտնեն կիրք տենչող շնչումներդ: Քշիր առավոտներդ տաղտուկ, պատուհանիցս կախիր գիշերները մեղմաձայն, որ բուժվեն երազներդ ինձ շրջանակող: Պարզիր մշուշները քո գոյի, որ առավոտներս քեզնով սկսվեն: ԳՈՂԱՑԻՐ ԻՆՁ ԻՆՁԱՆԻՑ, ԹՈՂ ԻՆՁ ՔՈ ՄԵՋ ՈՒ ԱՆՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԶԱՅՐՈՒՅԹՍ ՄԵՂՄԻՐ: Իսկ ես ինչ էլ գրեմ, ԴՈՒ ես»:

Հիմա կգնա ու ներում կաղերսի, եթե պետք լինի, թաց ոտքերը կհամբուրի, ախր առանց նրա ինքն ով է: Հիմա, հենց հիմա կշտապի, միայն թե, մի փոքր էլ քունն առնի, հետո:

Խոհանոցում հանդարտ շարժվողի քայլերը փութով մարում էին:

 

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք