Անդալուզիայից քշվածները

Հեղինակ:

20140909145837139

-Դուք անգլերեն գիտե՞ք,- հարցրի Թաիեբ Մ’հիրի պողոտայում գտնվող կաշվե իրեր վաճառող փոքրիկ խանութի աշխատողին:

-Այո՛, ի՞նչ է պետք,- ասաց աշխատողը:

-Այս պայուսակը կաշվի՞ց է:

-Այո՛, իհարկե, մեզ մոտ ամեն ինչ կաշվից է, տարբեր որակների, գների: Ձեզ ի՞նչ է պետք:

-Ամենօրյա աշխատանքային ձեռքի պայուսակ: Ոչ շատ թանկարժեք:

-Սա, 45 դինար, 40-ով կտամ` կոկորդիլոսի կաշվից է:

Աշխատողն այնպես ասաց «կոկորդիլոսի կաշվից է», կարծես ինքն էր որսացել այդ կոկորդիլոսին, հետո քերթել, մշակել ու պայուսակ կարել:

-Դա քանի՞ դոլար կլինի:

-Դե, մի 32, 33: Թա՞նկ է:

-Լավ, կվերցնեմ: Որակյա՞լ է, շուտ չի՞ մաշվի:

-Ո՛չ, ո՛չ, այս պայուսակից հազար տարի արտադրում են, երբեք անորակ չի եղել: Հանգիստ եղեք:

Առաջին անգամ Աֆրիկայում կարևոր իր էի գնել: Շատ ուրախ էի: Այդ պայուսակը հավանել էի, երբ տաղավարում էի տեսել: Մի քիչ թանկ էր, բայց կոկորդիլոսի կաշվից էր և շատ գեղեցիկ: Երեք մասից էր բաղկացած, գրիչների տեղ ուներ: Որոշել էի այդտեղ պահել բոլոր գրառումներն ու տեղեկություններն Աֆրիկայի մասին:

Թունիսում էի: Սֆաքսում` փոքրիկ քաղաքում, ուր հիմնականում տեղաբնիկներն են ապրում: Միջերկրականի ափին գտնվող քաղաքը բնակչության թվով երկրորդն է (մոտ 1,5 մլն) Թունիսում: Սֆաքսում ամեն ինչ համեմատաբար էժան էր, քանի որ զբոսաշրջության գոտի չէր համարվում: Այստեղ ամենուրեք արհեստավորների կրպակներ էին, նեղ փողոցներ, քաղաքը նոր թաղամասեր նույնպես ուներ: Քաղաքի դիմաց գտնվում էր Քերքենահի կղզեխումբը, ուր այդպես էլ չգնացի: Ինձ անընդհատ օգնում էր փոքրիկ քարտեզը, որը գտել էի պայուսակիս միջից, այնտեղ մանրակրկիտ պատկերված էր քաղաքը: Հավանաբար, այդ քարտեզը նվեր էր, քանզի փաթեթավորված էր և փակցված պայուսակի ներսում:

Աֆրիկայի չափանիշներով համեմատաբար փոքր պետությունը (163,610 քառ.կմ) շատ գեղեցիկ էր, տպավորություն թողեց ինձ վրա: Արդեն գիտեի, որ ամեն մի անծանոթի հետ չպետք է զրուցեմ, ամեն տեղ քիթս չխոթեմ: Ամուր բռնել էի պայուսակս և քայլում էի Բուրգուիբա պողոտայով, որտեղ և գտնվում էր այն հյուրանոցը, որտեղ գիշերելու էի: Երեքաստղանի, միջին կարգի հյուրանոց էր, լավ զարդարված, բայց հին և ծանր ոճի. անունը «Թամարիս» էր, իսկ դիմացը մի քանի հեծանիվներ էին:

Քայլում էի և մտածում: Իրոք, մի պահ կտրվել էի աշխարհից, կարծես միևնույն էր, թե որտեղ էի, կարևորը ես էի և իմ նոր, թանկարժեք պայուսակը, որը, չգիտեմ ինչու, ավելի ծանր էր, քան պատկերացնում էի: Մատներս սահեցնում էի նրա ճակատային մասով և զգում էի կաշվի փափկությունն ու մակերեսը: Կարծես փոքրիկ կոկորդիլոս գրկած լինեի: Պայուսակն այնքան էր գերել ինձ, որ չէի նկատում ոչ մի տեսարժան շինություն, փողոց, հրապարակ, որոնք քիչ չէին Սֆաքսում:

Բայց չէր կարող ամեն ինչ երկար շարունակվել, անուշադիր լինելը իմ սովորությունն է: Երկու րոպեով մտա խանութ, հյութ գնեցի և հանկարծ զգացի թևիս տակի դատարկությունը: Որտե՞ղ էի դրել պայուսակս: Ցավոք, մեկ ժամ նույնիսկ չհասցրի հիանալ դրանով:

Նեղ, սալարկած փողոցով իջա դեպի մի խուլ թաղամաս, որտեղ մեկ-երկու առևտրական միրգ էին վաճառում:

-Ներեցե՛ք, այս կողմով գող չանցա՞վ, ձեռքին պայուսակ` կոկորդիլոսի կաշվից,- ասացի մի վաճառականի:

Վաճառականը տնքաց, հավանաբար անգլերեն չգիտեր:

-Հա, հա, ասա,- մեջ մտավ մի այլ վաճառական, որի աչքերից երևում էր, որ ազնիվ է, չէր խաբի, նույնիսկ մի պահ մտածեցի, որ ուզում է ինքնասպան լինել:

-Չե՞ք տեսել գողին, մտա խանութ, դուրս եկա, պայուսակս չկա:

-Չեմ տեսել, բայց բրուտ Ալի Նաֆթիի տղան թռցրած կլինի, նա շատ է սիրում պայուսակներ:

-Ո՞վ է նա: Որտե՞ղ է բնակվում:

-Ուղիղ իջի՛ր, հետո` ձախ, Ֆարհաթ Հաչեդ փողոցում է բնակվում: Ում էլ հարցնես բրուտ Ալիի տան տեղը, կասեն:

-Եղավ, շնորհակալություն:

Վազեցի դեպի Ալիի տուն: Չգիտեմ ինչու, հավատացի այդ վաճառականին: Նա տեղաբնակ էր, հաստատ բոլորին լավ կճանաչեր: Վերջապես գտա տան տեղը: Չգիտեի` ինչպես ներս մտնել, կասկածում էի, բայց չէի կարող վստահ ասել, որ նրա տղան էր գողը: Որոշեցի մի քիչ սպասել, մինչ որևէ մեկը տանից երևա: Շուտով գլխաշորով մի կին նայեց պատուհանից, հենց ինձ տեսավ, վախեցած ետ քաշվեց: Բղավեցի: Մի րոպե անց մի կացնի նման, բեղավոր մարդ բացեց դուռը:

-Ո՞վ է,- ասաց:

-Կներեք, սա բրուտ Ալիի տո՞ւնն  է:

-Այո՛:

-Դո՞ւք եք Ալին:

-Ոչ: Ես նրա եղբայրն եմ:

-Իսկ ինքը տա՞նն  է:

-Ալին անցած ձմեռ մեռավ:

-Կներեք, իսկ նրա տղա՞ն:

-Չէ, տղան ողջ է, բայց մանկատուն ենք ուղարկել:

-Ինձ ասացին, որ նրա տղան կաշվե պայուսակներ է հավաքում: Ճի՞շտ է:

-Ոչ:

-Այդ դեպքում գուցե նա գողանո՞ւմ է այդ պայուսակները:

-Ի՞նչ եք ուզում ասել,- հանգուցյալի եղբայրն աչքերը սրեց:

-Ձեր եղբորորդին գող է՞:

-Ջոմասը երեք ամիս է` այստեղ չէ, այդ վաճառողին ասեք, թող ամեն գողություն նրա վրա չբարդի:

Ալիի եղբայրը փակեց դուռը:

Հավանաբար վաճառողն անտեղյակ էր այս ամենին: Չգիտեմ ինչու, հավատացի նաև այս մարդուն: Պայուսակիս գողը վախից փախած կլիներ: Որտեղի՞ց պիտի գտնեի:

Մոտակայքում մի բացօթյա սրճարան կար` «Լա Պեռլա», անանուխի թեյ էին վաճառում`1,55 դինարով: Մտա սրճարան: Թեյ պատվիրեցի: Տխուր էի: Հիշում էի պայուսակս, մտածում էի` էլ երբեք չեմ գտնի: Չէի ուզում նորը գնել:

«Հանգի՛ստ եղեք, հազար տարի է` արտադրում ենք»,- հիշեցի խանութի աշխատողի խոսքերը: «Երևի հազար տարվա իր էր, դրա համար թռցրին»,- մտածեցի:

-Կիտրոն կուզե՞ք,- ասաց մատուցողը:

-Ի՞նչ, չէ, պետք չէ: Ներեցեք, մի րոպե կարելի՞ է:

-Լսում եմ:

-Ձեր քաղաքում գողեր կա՞ն:

-Որտե՞ղ չկա:

-Շա՞տ են:

-Չէի ասի:

-Պայուսակս գողացել են: Լավ պայուսակ էր, այսօր էի գնել: Ուզում եմ փնտրել գողին:

-Գիտեմ, Բուազիզիի ձեռքի գործն է: Խանութո՞ւմ եք կորցրել:

-Այո՛, ի՞նչ իմացաք:

-Այնտեղից հեշտ է թռցնելը: Հաստատ Բուազիզին գողացած կլինի:

-Բուազիզին ո՞վ է:

-Հեծանվորդ է, սև մարզազգեստ է հագնում: Տհաճ մարդ է:

-Չքավո՞ր է: Փողոցայի՞ն է:

-Չքավորին որտեղի՞ց հեծանիվ: Նախկին, չհաջողված հեծանվորդ է: Մանր-մունր գողություններ է անում:

-Ինչո՞ւ չեն ձերբակալում:

-Որ գտնեն՝ կձերբակալեն,- մատուցողը սրբեց ձեռքի կիտրոնը և դրեց գրպանը: Նա անկեղծ հայացք ուներ, թեև բոլոր թունիսցիներն անկեղծ մարդիկ էին թվում: Գուցե ճիշտ էր ասում:

-Վստա՞հ եք, որ ինքն է գողը:

-Էլ ո՞վ: Ուրիշ գողի չգիտեմ:

Վճարեցի 1,55 դինարը և վազեցի դեպի Բորգուիբա պողոտա, ուր տեսել էի մի քանի հեծանվորդի: Որտե՞ղ կարելի էր գտնել այդ Բուզիզիին թե Բուազիզին, այնքան անհասկանալի անգլերենով էր խոսում մատուցողը, որ գողի անունը լավ չտպավորվեց:

Հասա, բայց հեծանիվները չկային, միայն մի մոտոցիկլետ էր կանգնած, որի տերը շուտով հայտնվեց:

-Կներեք, դուք մոտոցիկլի՞ստ եք:

-Չէ, ձուկ եմ տեղափոխում, ձկնորս եմ:

-Իսկ հեծանիվ ունե±ք:

-Այո: Ինչո՞ւ:

-Պատահմամբ ձեր անունը Բուազի, Բուզիզի չէ՞:

-Բուազիզի՞:

-Այո:

-Այո, ինչպե՞ս իմացաք, Բուազիզի է անունս: Ծանո՞թ  ենք:

-Դուք կաշվե պայուսակներ սիրո՞ւմ եք:

-Դա ի՞նչ կապ ունի:

Չգիտեի ինչ ասել, դեմքից կասկածելի չէր, հատկապես որ գլխի չէր ընկնում: Եվ հետո՝ նա հեծանվով չէր:

-Պայուսակս ինչ-որ մեկը գողացել է, գողին եմ փնտրում: Կներեք, որ կասկածեցի, մատուցողն ասաց՝ Բուազիզին է գողը:

-Ե՞ս:

-Երևի նա ուրիշին նկատի ուներ, ասաց, որ հեծանվորդ է:

-Չէ, չգիտեմ: Բայց այստեղ գողին չեք գտնի, չե՞ք տեսնում ինչ փոքր փողոցներ են: Լաբիրինթոսի է նման:

-Այո:

-Այստեղ մի քանի երեխա կա, այդպիսի մանր գողություններ են անում, նրանք արած կլինեն:

-Եղավ, շնորհակալություն:

Բոլորը վստահ էին խոսում: Մեկը մյուսին էր մեղադրում, բոլորն անմեղ էին, ոչինչ չէի հասկանում: Պայուսակի փնտրտուքն ինձ օգնեց տեսնել Սֆաքսը: Ճիշտ է, նյարդայնացած էի, բայց շքեղ շատրվանները, կավե տնակներն ու սպիտակ կամարները չէի կարող չնկատել: Իրոք, լաբիրինթոսի էր նման: Գունավոր տանիքներով ցածրահարկ տներ էին (քաղաքի հին մասը) և գույնզգույն սալիկներով զարդարված նեղ փողոցներ: Ճիշտ է, շփոթված էի, բայց պայուսակը կրկին ինձ ուղղորդում էր:

Ընտրությունն իմ ձեռքում էր, կարող էի ցանկացածին կասկածել, բոլորը խորամանկ էին և բարի, անմեղ հայացքներով, բայց խաբելու ունակությամբ օժտված:

Արդեն երեկո էր, պետք է հյուրանոց գնայի, բայց պայուսակս հանգիստ չէր տալիս, որոշել էի այնքան մնալ Սֆաքսում, մինչև գտնեի այն: Ֆրանսերեն բառեր լսեցի. զբոսաշրջիկներ չէին, Թունիսում ֆրանսերենը նույնպես գործածվող լեզու է (մինչև 1956 թ. եղել է Ֆրանսիայի գաղութը), երեխաներ էին, բղավելով աջ ու ձախ էին վազվզում: Թե 10-12 տարեկան երեխաները որտեղից էին սովորել ֆրանսերեն՝ չգիտեմ, բայց միանգամից հիշեցի ձկնորսի խոսքերը.

-Անգլերեն գիտե՞ք,- ասացի` մտածելով, որ եթե ֆրանսերեն գիտեն, անգլերեն նույնպես կիմանան:

-Ի՞նչ է պետք,- ասաց ավագը:

Ուշադիր նայեցի նրանց ձեռքերին: Դատարկ էին: Կասկածելու տեղ չունեի:

-Դուք կաշվե լավ պայուսակ չե՞ք տեսել:

-Տեսել ենք:

-Որտե՞ղ, ո՞ւմ մոտ էր:

-Խանութում:

-Չէ, դա գիտեմ: Նկատի ունեմ գողի ձեռքին:

-Բայց ի՞նչ իմանանք՝ գող է, թե ոչ:

-Ճիշտ եք, գնացեք քնեք, ուշ է:

Անհեթեթ զրույց ունեցա, ինքս ինձանից զզվեցի: Երեխաներն ի՞նչ կապ ունեին: Չպետք է հավատայի ամեն մեկի ասածին: Արդեն ուշ էր, գիշեր էր, հոգնել էի, սոված էի, ամբողջ օրը պայուսակ էի փնտրել: Որոշեցի թքել ամեն ինչի վրա, գնալ հյուրանոց ու քնել: Իսկ հաջորդ օրն արդեն պետք է Ալժիր գնայի:

Մտա հյուրանոց, դռնապանը բացեց դուռը: Նայեցի նրան, անհույս հայացք ուներ: «Չի իմանա»- մտածեցի:

-Ի՞նչ,- ասաց նա:

-Ոչինչ, բան չասացի: Ձեզ ինչ-որ բան թողե՞լ են, որ ինձ փոխանցեք:

-Ոչ:

-Ուշ է, գնամ քնեմ, բարի գիշեր,- ասացի:

-Բարի գիշեր, բան պետք է թողնեի՞ն:

-Պայուսակ, սև պայուսակ, կոկորդիլոսի կաշվից, 40 դինար արժեր:

-Պետք է ի՞նձ տային:

-Ոչ, պարզապես հարցրի, կորել է:

-Փնտրե՞լ եք:

-Իհարկե, բոլորին հարցրել եմ, գողացել են:

-Կարևոր բաներ կայի՞ն մեջը:

-Քարտեզ: Կարևորը պայուսակն էր:

-Լա՞վ պայուսակ էր:

-Չքնաղ, փափուկ, ինչպես մանդարինը: Թաիեբ Մ’հիրիի պողոտայի կաշվե խանութից էի գնել:

-Լավ խանութ է,- դռնապանը կարծես մի բան հիշեց իր մանկությունից: Նրա աչքերը փայլեցին:

-Վաճառողն էլ ասաց, թե հազար տարի արտադրում են:

-Ճիշտ է ասել:

-Տեսե՞լ եք այդ պայուսակից:

-Այո:

-Գուցե կիմանաք` ո՞վ է գողացել, իմաստուն մարդու դեմք ունեք:

-Ի՞նչ ասեմ,- դռնապանը նայեց աչքերիս,- դուք հաստատ գնել ե՞ք այդ պայուսակը:

-Այո, իհարկե: Այսօր առավոտյան:

-Գուցե շփոթե՞լ եք:

-Ինչպե՞ս եմ շփոթել: 40 դինար վճարեցի, վաճառողն էլ ասաց` մոտավորապես 32-33 դոլար է:

-Գուցե ուրիշ քաղաքի՞ց եք գնել կամ ուրիշ երկրից:

-Ինչպե՞ս, այսօր եմ գնել, ես խելագար չեմ, որ շփոթեմ: Ինչո՞ւ եք այդպես ասում:

Դռնապանն այնպես էր խոսում, կարծես այդ նույն խոսքերը բազմիցս ասել էր: Նա, իրոք, շփոթեցրեց ինձ: Մի պահ կարծեցի, որ չեմ գնել պայուսակը, հետո փորձեցի հիշել, թե որտեղից եմ գնել: Գուցե իրոք ուրիշ քաղաքից կամ երկրից: Բայց ոչ, ես այս առավոտ էի գնել: Ամեն ինչ խառնվեց իրար:

-Ինչո՞ւ եք այդպես ասում,- հարցրի:

-Որովհետև արդեն քսան տարի է, ինչ այդ պայուսակից չեն կարում: Ես էի այդ խանութի միակ կաշեգործը, հիմա կոկորդիլոս չի մնացել,- դռնապանը կրկին հիշողությունների գիրկն ընկավ:

Ես բան չհասկացա, թեև նրա խոսքերը համոզիչ էին, և նա նույնպես չէր խաբում: Գիտեի, որ կարիք չկար, բայց հենց այնպես կրկնեցի.

-Իսկ ո՞վ է գողացել պայուսակս:

Նա անհույս նայեց ինձ:

-Անդալուզիայից քշվածները  գողացած կլինեն:

-Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ գտնեմ:

-Թունիսում բոլորն են Անդալուզիայից քշված,- դռնապանն անջատեց շքամուտքի լույսը,- գնանք քնենք, էլ մարդ չի գա:

 

 

«Թռչող հոլանդացին» ժողովածուից

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք