Անանուն

Հեղինակ:

Javaxyan

Չմեռնեմ, ինձ մեծ գրող տեսնեմ: Տեսնեմ` Հովհաննես Թումանյանը նստած գրում է, իսկ թիկունքում իր պաշտամունքի` Լևոն Ջավախյանի նկարն է: Ժամանակներն են մեղավոր: Օրերն ու տարիները խառնվել, եռ են գալիս գլխումս: Ներկան անցյալ է դարձել, անցյալը` ներկա: Փոքրն իր մեջ է առել մեծին: Շատերի պես ես էլ կարող էի լինել հաջողակ` արժանանալով չնչին իսկ ողորմելի գրական ճակատագրի: Սակայն հայտնվեցի կյանքի հորձանուտում` դադարեցնելով սուզումը նախկին հարմարավետ ճահճում: Վերնիսաժներն ինձ նմանների համար են: Այդպես է: Երազանքներս առագաստներն են իղձերիս: Գրիչն իմն է, թուղթը` ևս: Որ կողմն ուզենամ, կլողա ցանկություններիս նավը: Առայժմ այն բեռնված է ծանր մտքերով: Բաղձալի ափը հեռու է: Տեղ կհասնե՞մ, թե՞ ջրասույզ կլինեմ… Մտքերս կրկին ինձ խորխորատներն են տանում: Հարցը լինել թե չլինելը չէ: Խնդիրը և՛ լինելու, և՛ չլինելու մասին է:

Գիտե՞ք, թե ինչու էր ութսունութ թվականը նա այդքան շատ սիրում: Որովհետև մինչ այդ նա կին չէր տեսել: Բոլորիս նման դրսում ինքն էլ էր շատ կանայք տեսել, բայց ներսից առաջին անգամ էր տեսնում: Երբ ոտքերիդ տակ հարթակն է, իսկ առջևում` մարդկային ծովը, և ծովն ալեկոծվում ու ալիք առ ալիք անունդ է արտաբերում, դյուրին է ահռելի հեշտանքից մի կաթիլ կորզելը: Դժվարին տարիներ էին: Խաղատախտակին ազգի ճակատագիրն էր: Ազգովի շախմատ էինք խաղում, բայց մեկը չկար, որ մի ճիշտ քայլ կատարեր: Նա իր քայլն արդեն արել էր: Երեք կին էր ունեցել: Կանանցից բաժանվել, ամբոխի հետ ամուսնացել, սեր էր անում կուլիսներում: Հայոց համազգային թատրոն էր: Ում համար` շարժում, ինձ համար` թատրոն: Ազգովի կանգնել նոր հայրենիք էինք ուզում: Մեր բախտը բերել էր, որ մեր բախտը մեր ձեռքերում չէր: Իսկ նրա բախտը նրա ձեռքում էր. ծիտ էր, ղուշ էր, որ բռնում էր: Իսկական Ռոմեո էր, մեծն սիրահար: Հետո մեծ Ռոմեոն իսկականից մեծավոր դարձավ: Ծտից, ղուշից բացի նաև ուրիշների բախտն էր տնօրինում: Ինչ եղել էր, տեսել էինք, ինչ պիտի լիներ, դեռ պիտի տեսնեինք:

Անժպիտ օրեր էին: Երկիր էր քանդվում, հասարակարգ փոխվում, նոր տնտեսակարգ ձևավորվում, ամենուրեք միտինգներ էին, ազգամիջյան բախումներ… Հարկ էր, որ անցումը ցավագին չլիներ: Հիմնական դեղամիջոցը հիմարացումն էր, որը ժողովրդին ներարկում էին գրեթե ամեն օր: Դրա ներգործության ուժը հաշիշից էլ զորեղ էր: Եթե կրոնը դառն ափիոն էր, ապա հիմարությունը քաղցր կոկաին եղավ: Հեռուստացույցները ողողված էին կաշպիրովսկիներով և չումակներով: Մեկը լռում էր մի բաժակ ջրի առաջ, մեկը` խոսում, մյուսը` ձեռքերով ինչ-որ անհեթեթ շարժումներ անում: Հետո տալիս էին քնաբեր «Լրաբեր»` մուշ-մուշ, անուշ… Հեռատեսիլների առջև բուժվում էին անխտիր բոլորը` և՛ առողջները, և՛ անառողջները: Հիմարությունը բռնել էր բոլորին: Բանականությունը կուլ էր գնում դատարկությանը: Եվ մենք էլ չէինք զգում, թե ինչպես էինք մեր ձեռքերով քանդում մեր տունը:

Ութսունութի փետրվարը նրա նոր կյանքի սկիզբն էր, հին կյանքի ավարտը: Հետո եկավ վերջը: Դա վերջի վերջն էր: Մինչ այդ կարծում էր, որ մինչև դարավերջ իրենց առաջ խաղ չկա: Բայց խաղը ձգվեց դարից էլ երկար: Ես տեսել եմ պարտված իշխանավորների մութ աչքերը, դեմքի մկանների աղետալի կծկումները, թրի պես հատու ձեռքերի շողարձակումները, մարմնի ընդոստ ցնցումները, սելավի պես հրապարակ շտապող ձայնի բամբ ելևէջները… Օ՜, ես տեսել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչների… Նրանք ոչ այլ ինչ էին ուզում, եթե ոչ կորուսյալ աթոռներ…Հայրենիքն ավելի քան տեսանելի էր աթոռի բարձունքից: Մինչև այն չգրավեին, ինչպե՞ս տեսնեին ժողովրդի դարդն ու ցավը: Մինչդեռ դարդատերերն ու ցավատերերն արյան գնով անգամ նրանց իրենց ուզածին էին ձգտում հասցնել: Հերոսը դևին կերել էր, ու ինքը դև դարձել: Մարդիկ նոր հերոս էին փնտրում, նոր սրտակեր, որ ինքնուրույն դառնա գլխակեր: Եվ բարին չար էր դառնում, երբ չարն իսկ բարի էր: «Որովհետև ի՞նչ է չարը, եթե ոչ իր իսկ քաղցով ու ծարավով տանջված բարին»: Նա չար չէր, անգամ երբ բարի չէր: Եվ մենք էլ չհասկացանք, թե ինչպես մեր սիրելի սրտակերը դարձավ ատելի գլխակեր: Նրա հուշիկ կամեցողությամբ փողոցներում ու զբոսայգիներում ինքնաձիգների ու ատրճանակների գնդակներ էին թափառում, որոնք չէին խնայում անգամ իրենց իսկ վարձու անհաջողակ մարդասպաններին: Առեղծվածային սարդոստայնը սովորաբար պատանքում էր նշանավորներին: Այնտեղ, որտեղ գեներալներ, նախարարներ, քաղաքապետներ, գրողներ ու գրողի տարածներ էին անհետանում, ակնթարթորեն դիակներ էին հայտնվում: Աղետյալները քիչ չէին նաև մերձավորների շրջակայքում: Նա մի ախոյան ուներ, որին արդեն մի քանի անգամ աչքով էր տվել: Ճարպկորդին օրը մի պաշտոն էր փոխում: Ասում էր` ծտի պես թռչում ես, արծվի պես սավառնում: Այնքան ասաց, որ վերջը հավի պես ավտոմեքենայի տակ ընկավ: Հեղափոխությունը խժռում էր իր զավակներին: Որքան դիրքով բարձր էին, նույնքան ցածր ու փոքր էին մարդիկ: Հետևաբար՝ Բարձրյալն իրեն կարող էր թույլ տալ նրանց վերաբերվել որպես աննշան զեռունների, որոնք կա՛մ պատահաբար ճզմվում էին ոտքերի տակ, կա՛մ էլ անհետանում մատների արանքում: Ազատության հրապարակում ուրվականներ էին շրջում: Ասում էին՝ մեռյալների ապրող ոգիներն են: Դրանք էլ դարձան իր մշտական ուղեկիցը: Եվ մենք, որ մեր սրտերը վառել էինք՝ մեր ճամփաները լուսավորելու համար, մեր իսկ ձեռքերով մեր գլխին մեր այրված սրտերի մոխիրը ցանեցինք: Ամբոխը ոչ այլ ինչ էր պահանջում, եթե ոչ բաց դուռ դատարան: Հերոսությունից ծնվածը պիտի պատասխան տար անմեղ զոհերի համար, պիտի խոստովաներ, թե ինչպես աղբյուրի գլխին ոլորված իր պոչը պղտորեց ազատ ու արդար ջրերը: Թվում էր, թե վերջ, ամեն ինչ ավարտված է: Այլևս նա մի թշվառ փալաս էր՝ ընկած հրապարակում: Ուր որ է կլիներ ոտքերի կոխան: Սակայն բազմությունը հաշվի չէր առել մի փոքրիկ հանգամանք: Նրա մեջ բնակվում էր երկու մարդ: Եթե մեկը նիրհում էր, ապա մյուսը զգոն հսկում էր շրջապատը: Եվ երբ ամբոխը պատրաստվում էր խելահեղ քայլի, գլուխ բարձրացրեց դիվային այդ մեկը, որը և նրան շալակած դուրս բերեց ասպարեզից: Այլևս ոչ ոք նրան չտեսավ: Անհետացումից տասն օր առաջ էի ես նրան տեսել: Կերած-խմած, քեֆը տռուզ ռեստորանից դուրս էր գալիս: Որպես հին ընկեր մոտեցա, ողջագուրվեցինք: Ատամները քչփորելով նայում էր Աստաֆյանի ուղղությամբ: Արագիլի պես երկար, շորորուն քայլքով երկու նազուկ աղջիկներ էին իջնում: Ասես ոչ թե քայլելիս, այլ պարելիս լինեին:

-Ի՜նչ նանարներ են, է՜…,- ծոր տվեց բավականությամբ:

-Դեռ էն հին խելքի՞ն ես,- ասի կեսկատակ-կեսլուրջ:

Լրջացավ: Կտրուկ իմ կողմը շրջվեց:

-Դու մեր դեմ գրել ես,- ասաց:

-Հետո՞ ինչ…

-Նորից գրի,- ասաց,- ապաշխարի գրածներիդ համար…

-Դե, լավ ա, էլի,- ասի,- մեղքը գործի հայրապետը, խարջը քաշի վարդապե±տը…

-Դե, սիկտիրդ քաշի…,- ասաց: Ասաց ու երես թեքեց:

Էդ սիկտիրն էր ու սիկտիրը… Էլ նրան չտեսա…

Նա չէր կարող ուրիշ երկրում ապրել, բայց և չէր կարող իր երկրում չապրել: Ստիպված էր ծպտվել: Լերկ ճաղատին գանգուրներ հայտնվեցին, իսկ կլոր երեսը փակեցին թավ բեղերն ու խճճված մորուսը: Աչքերը պատնեշում էին գունավոր ապակիները: Առջևում էլի կյանքն էր՝ այնպես, ինչպես եղել էր: Դրանից անդին էլի կյանք էր, սակայն իր և նրա արանքով ասես սառը ապակի լիներ քաշած: Աստծո ամեն օր ինքն իր հետ էր, իր մտածումներով ու հիշողություններով: Նա այն մարդը չէր, որ ինքն իրեն հերիքեր: Բա Սենեկա չլինե՞ր, որին բավարարում էին քչերը, որին բավարարում էր թեկուզ մեկը, որին բավարարում էր նաև ոչ մեկը: Ինքը շատերինն էր, առանց նրանց բավարարում չուներ: Հաճախ էր հայտնվում նույն դրությունում: Ուզում էր կյանքը բռներ: Բայց ամեն անգամ, երբ ձեռքը մեկնում էր առաջ, այն դիպչում էր սառը ապակուն ու կոտրված ճյուղի պես ցած սահում: Սառը ապակին տաք հիշողություն էր, երբ հանդիպում էր հարազատներին: Երեկ կողքով, գրեթե իրեն քսվելով եղբայրն անցավ: Փոքր եղբայրն էր՝ բարի ու մեծ սրտով: Թե ինչու էր եկել՝ չհասկացավ: Չէր էլ կարող հարցնել: Աշխարհն աշխարհով անցավ, բայց նա էլի մնաց իրենց պուճուր քաղաքում` հին ու խարխուլ բեռնատարի ղեկին կառչած: Արյունը քաշում էր, արյունը թույլ չէր տալիս պոկվել եղբորից, սակայն բաժանարար ապակին կտրել էր տրոփուն երակը: Սուր ապակին երակը կկտրեր, բայց մտքի թելը` երբեք… Այն ուղեղի կծիկից քանդվել, արդեն հասել էր գավառական քաղաք… Գնացել էին կինո նայելու: Ինքն էր ու իր պուճուր ախպերը, ունեցած-չունեցածներն էլ՝ մի ճմրթված կինոյի տոմս: Հսկիչն ախպար Նուբարն էր՝ կարճլիկ ու գնդլիկ, սարսափելիորեն իր գործին նվիրված հայրենադարձ: Որպեսզի երկուսով մեկ մարդ դառնան, փոքր եղբոր շալակը ելավ, ու տոմսը «թաթիկի» մեջ սեղմած՝ առաջացան: Նուբարի թրի տակով կամ վրայով առանց տոմսի օձն իր պորտով, հավքն իր թևով բացառվում էր անցնեին: Հսկիչը խոժոռ աչքերով մեկ իրեն էր նայում, մեկ եղբորը: Ասես գողության մեջ բռնված լինեին, պռունկները պատռվում էին: Մինչդեռ Նուբարն աչքի տակով նրանց էր զննում, ծանր ու թեթև անում: Իր և եղբոր միջև եղած տարբերությունն աննշան էր: Նուբարը լուծումը գտավ: Կարգադրեց տեղերը փոխել: Եղբորը շալակն առավ, ու հաղթականորեն մտան կինոդահլիճ: Կինոն ավելի քան միապաղաղ էր ու տաղտկալի, քան սովետական կյանքն էր: Կինոապարատը միալար տկտկոցով ձանձրալիորեն մի սրտամաշ պատմության հանգույց էր քանդում: Չգիտեին՝ նայե՞ն, թե՞ դուրս գան: Մեկ էլ մեկը մի մութ անկյունից.

-Էն ի՞նչն ա, ի՞նչը…

Աշխուժացան բոլորը:

-Ի՞նչը,- մի այլ տեղից հնչեց մի զվարթ ձայն:

-Փորը լիքը ծիծ:

Լռություն: Հանելուկն ավելի քան անսպասելի էր, չգրված ու չլսված: Կինոապարատը ճախարակի պես հանդարտ պտտում էր ժապավենը: Ոչ ոք չէր ուզում անձնատուր լինել: Բոլորն էին ուզում լուծել անլուծելին: Բայց դա վիճակված էր մեկին:

-Կլանի մե՜րը…,- դահլիճի մեջտեղից լսվեց Չերչիլի (ձայնից ճանաչեցին) խանդավառ ձայնը:

-Կլանը քո մե՜րը…,- կացնի պես կտրեց պատասխանը:

Դա արդեն ընդհանրապես անսպասելի էր: Պարզվում էր, որ Կլանն էլ էր դահլիճում, ու միգուցեև նրա միտքն էլ բոլորի պես զբաղված էր նույն գլուխկոտրուկով: Ողջ քաղաքը գիտեր, որ նրա գերծանր մայրը քաղաք է ելնում առանց կրծկալի: Նրա տարածուն ստինքները խաղաղ օվկիանոսի պես ողողում էին անեզր որովայնը: Ինչքան էլ Կլանը գլխին զոռ տար, իգնչ իմանար, որ գլուխկոտրուկն իր մոր ազատական կրծքերի մասին է: Հանելուկ լուծողն էլ որտեղի՞ց իմանար, թե Կլանն էլ, իր նման դահլիճում նստած, նույն հանելուկն է լուծում:

-Կլանը քո մե¯րը…

Սա էր Կլանի պատասխանը Չերչիլին: Մնացյալը քրքիջ էր ու հռհռոց:

…Անցավ, գնաց եղբայրը` հետևից թողնելով պատռված, ծվեն-ծվեն հուշեր ու անմոռանալի պատմություններ: Այդպես էլ չիմացավ` ո՞նց են հայրը, մայրը, քույրերն ու մյուս եղբայրը, հարսներն ու երեխաները… Չիմացավ անգամ նորելուկ Արամիկի ծնունդը… Վիզը ծուռ կանգնել էր: Մինչդեռ կուզեր նրան իր գիրկն առնել, առնել կարոտը մոռացվող հուշի, համբույրներ քաղեր մանկությունից, կարմրակակաչ այտերի բույրն առնել, բույրը նախնյաց, հետո ականջը կմոտեցներ կրծքին ու հարազատի արյան կարկաչը կլսեր…

 

Լինում էին և հանդիպումներ, որոնք ուղեղի այս կամ այն գալարում մանր-մունր հիշողություններ էին արթնացնում: Այ, թեկուզև այն կոկիկ հագուկապով դասախոսը: Ներքին գործերի նախարար եղած ժամանակ էր: Ռեստորանում հանդիպեցին: Ինքն արտաքին գործերի նախարարի հետ էր, իսկ նա` իր ընկերների: Ուրախացան, նրանց տրամադրությունները խիստ բարձր էին, իրենց ներկայությամբ պատված ու շոյված էին զգում: Համազգային շարժման հմայքը տակավին չէր լքել իր հերոսներին: Ուզեց ինչ-որ կերպ փոխհատուցել: Տղաներին զամբյուղով շամպայն ուղարկեց` սառույցով ու մրգերով: Ոգևորությունը կատարյալ էր, ոգևորվել էր հատկապես նա: Իրեն հարցեր էր տալիս, հաճոյախոսում սեղանից սեղան: Ախր, այդքան մոտիկից առաջին անգամ էր տեսնում ազգի հերոսին: Նա ակնհայտորեն իր դուրը գալիս էր: Այդ պահին ներքին գործերի մարմիններում նվիրված, բանիմաց, կրթված ու դաստիարակված կադրերի խիստ կարիք էր զգացվում:

-Արի քեզ տանեմ ներքին գործերի համակարգ,- ասաց՝ դիմելով հմայիչ այդ մտավորականին,- ոստիկանապետ կլինես…

Միանգամից` հընթացս խոսքի… Բոլորն անակնկալի եկան, ավելի շատ՝ նա, այնուամենայնիվ, առարկեց:

-Պարո՛ն նախարար,- ասաց,- ինձնից ի՞նչ ոստիկան…

Արտաքին գործերի նախարարի կոպերի արանքում լույսի ծնծղան խորամանկ ծիկրակեց:

-Իսկ որ ես քեզ հրավիրեմ արտաքին գործերի նախարարության համակարգ, կգա՞ս…,- ասաց:

-Այ, դա ուրիշ բան,- ժպտաց դասախոսը:

Իրեն հակառակվել ընդունված չէր:

-Քեզ 15 սուտկա,- ասաց,- նախարարի հանձնարարությունը չկատարելու համար:

Բոլորը ծիծաղեցին: Ամենից շատ՝ նա: Հրամանը ընդունվել էր որպես սուր կատակ: Համենայնդեպս, հրաժեշտին նա ուզեց կատակին կատակով պատասխանել:

-Պարո՛ն նախարար,- ասաց,- հիմա ինձ 15 սուտկա՞…

-Չէ՛, չէ՛,- ասաց,- դու լավ տղա ես երևում… Քեզ 7 սուտկեն էլ ա հերիք…

Գնացին՝ թիկնապահներով շրջապատված: Իր խոսքն օրենք էր, եթե ոչ այդ թշվառական մտավորականի, ապա գոնե իր ստորադասների համար: Ով-ով, բայց ինքը լավ գիտեր, թե իրենց հեռանալուց հետո նախարարի խոսքը չհարգող մարդը թիկնազորի ուղեկցությամբ որտեղ է հայտնվելու…

Մոլոր ու ինքնամոռաց քայլում էր Երևանի փողոցներով: Ապա ժամերով նստում սրճարանում… Այդ օրը մի սեղան այն կողմ հին ընկերներն էին նստած: Որքա՜ն էին նստել կողք կողքի, մի բաժակ սուրճի շուրջ քննարկել աշխարհի բառն ու բանը, եղբայրաբար հաց կիսել ու լիքը սրտները միմյանց առաջ դատարկել: Եվ համով էր խոսքը, խոսքի խորիզը, որ ամեն Աստծո օր ճաշակում էին միասին: Էսօր էլ կուզեր նստեին միասին, էլի բացեին սրտների բոխչեն, նշխարի պես պատառ-պատառ բառն ու բանը առնեին պռունկներին ու քեֆ անեին, քեֆ անեին մինչև էգուց…

Էն է, Հայկազուն Ազատունին էլի անցել է նաղլապատումին: Ուզում է կյանքի կոչել իր բիզնես պլանը: Նա ևս կարող էր հավակնել «Զակոննի գող» հեղինակավոր տիտղոսին, թեև իր երկարատև կյանքի ընթացքում գրոշ անգամ չէր գողացել: Փոխարենն իր ապրած յոթանասունյոթ տարիներից և ոչ մի օրը չէր նվիրաբերել սև աշխատանքին: Չէր աշխատել ոչ մի ռեժիմում` ո՛չ այն, ո՛չ այս: Նրա ողջ կյանքը բոլորանվեր ընծայում էր բացարձակ ազատությանը` հանուն դատարկապորտ կյանքի և անկախ ու ամբարտավան գոյության: Բայցևայնպես գլխում պտտվող հանճարեղ մտքերը տակավին չէին լքել չոր գանգը: Էլի նույն գործին էր:

-Հարյուր հազար դրամ է անհրաժեշտ, ընդամենը հարյուր հազար դրամ, և մեկ-երկու ամսից ես միլիոնատեր կլինեմ,- ասում էր:

-Եվ ի՞նչ ես անելու այդ հարյուր հազարը,- հարցնում էին:

-Տառականի դեղի արտադրություն եմ բացելու` տառականի դեղ` փոքրիկ հաբերով,- ասում էր:

-Որ տառականները խմե՞ն,- հետաքրքրվում էին:

-Ո՛չ,- բարկանում էր:

-Բա՞…,- «զարմանում» էին:

-Կդնեք խնդրահարույց տեղում,- ասում էր:

-Ինչքա՞ն ժամանակով,- հարցնում էին:

-Հուր հավիտյան,- ասում էր:

-Հետո՞,- քիչ չէին հետաքրքրվողները:

-Կեղեքիչներն իսպառ կկոտորվեն:

-Բա հիմա ի՞նչ անենք…,- աչքով էին անում մեկմեկու:

-Շատ չէ,- բացատրում էր համբերատար,- մարդա ընդամենը հազարից տասը հազար դրամ, և դուք կունենաք այն, ինչ դարերով երազել է մարդկությունը… Շատ չէ,- ասում էր,- ով ինչքան կարող է… և մենք կունենանք տառականների դեմ պայքարի աշխարհում ամենահզոր արտադրությունը…

-Բա որ մեր փողերը կորչե՞ն…,- «տարակուսում» էին:

-Ո՞ւր պիտի կորչեն,- զարմանում էր,- ես ձեզանից պարտքով եմ ուզում, հո չե՞մ փախչում… Էս է` բլոկնոտումս հատ-հատ գրելու եմ, թե ով ինչքան ա տվել, նախկին տվածներդ էլ ա գրած, հա՜…Դուք հանգիստ կացեք, իմ մոտ ոչինչ չի կորչում… Վաղը-մյուս օրը միլիոնատեր դարձա թե չէ, ձեր տվածի կրկնակին եմ տալու…

Ու դրամ առ դրամ գումարը ժողովվում էր: Չէ՛, չկարծեք, թե տառականների համար… Ընդամենը Հայկազուն Ազատունու ազատության ապահովության համար… Եվ այսպես ամեն օր, օրը մի հանդիպում: Նայում էր, լսում իր ընկերներին ու չգիտեր՝ լա՞լ, թե՞ խնդալ… Ազատ էր ու անազատ լայնարձակ, մեծ ու լուսավոր այս աշխարհում: Սակայն իր լացն էլ, խինդն էլ նրանց հետ չէր. համր ոգու պես ապակու հետևում էր ու թեև տեսանելի, բայց և միանգամայն անճանաչելի…

Կողքի սեղանին քաշքշուկ էր սկսվել: Շրջվեց ձայնի ուղղությամբ: Պահպանության տղաները հրմշտելով ինչ-որ երիտասարդի էին դուրս հրավիրում: Ցնցվեց: Տղան իր ջահել օրերի պես բարակ էր ու նիհար, կխտարի պես մեծ ու վախվորած աչքերով: Եղնիկի պես էլ խլշկոտալով գլուխն այս ու այն կողմ էր հածում: Խոսք ու զրույցից հասկացավ, որ հարբեցող է: Անցած անգամ խմած բաժակների համար չէր վճարել, բայց ուզում էր էլի խմել: Դիմադրելն անիմաստ էր: Դա ինքն էլ էր հասկանում, միայն թե ծարավից կոկորդը տոչորվում էր: Եվ ասես ոչինչ չէր եղել… Տղան քայլեց ծառուղով՝ գլուխն օդում բարձր պահած, այրվող սիգարետը ցածում՝ ոտքերի մոտ կողքանց պահած, թախծոտ հայացքը թեք-թեք աշխարհին հառած: Իր տղան էր… Հուզումը հորձանք տվեց: Կուրծքը հնդուհավի պես կոհակվելով բարձրանում էր: Փղձուկը կոկորդ էր սեղմում: Աչքերը սևակնեցին: Ասես գորշ երկնքից կարկուտ տեղար: Կարկուտի պես արցունք էր թափվում դեմքին, կրծքին, գետնին: Երեսն ափերի մեջ թաղել էր: Վեր կացավ: Փախչել էր ուզում, գնալ էր ուզում հեռու, հեռու այս ու այն աշխարհից… Բայց իրենից… իրենից ո՞ւր փախչեր…

Եվ օրը ձգվում, ձգվում ու չէր մեռնում: Ավելի քան անվերջանալի էին գիշերները: Քնում էր, քնում, աչքերը բացում, ու էլի նույն օրն էր: Նոր կերպարով նոր ծանոթներ չուներ ու չէր էլ ուզում ունենալ: Ոչ ոք չկար, որ իրեն իր անունով կոչեր: Միապաղաղ օրերում ու տաղտկալի ձանձրույթում կամաց-կամաց ինքն իրեն մոռանում էր: Այլևս չգիտեր` կա՞ր, թե՞ չկար: Միգուցե և՛ կար, և՛ չկար… Ինքը շատ քիչ բանով էր տարբերվում մեռյալների անմեռ հոգիներից: Հոգին տեսնում էր, բայց չէր կարող միջամտել ապրողների առօրյա կյանքին: Առաջինը մեռավ անունը: Այն կուլ գնաց շրջապատի ու իր միջև բացված անդունդում: Ասում են՝ անունը մարդուց էլ երկար է ապրում: Ասում են…

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք