Այս կարմիր-կանաչ աշխարհը

 

IMG_6512

…Հիմա չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել Ուիլյամ Ֆոլքների խոսքը, որում բնութագրում էր ամերիկյան գրական իր սերնդին, ասելով՝ մեր սերնդի բոլոր գրողներն էլ երևելի գործեր են ստեղծել, բայց մեզանից միակը, ով տեսավ Աստծուն, Հեմինգուեյն էր Ծերունին ու ծովը իր վեպում.

Աշխարհում ապրում էր մի ծերունի, աշխարհում ապրում էր նաև մի մեծ ձուկ, և այդ ծերունին պիտի որսար այդ ձկանը, աշխարհում ապրում էին նաև շնաձկներ, որոնք պիտի ուտեին ձուկը, և Աստված բոլորին սիրում էր:

Չգիտեմ ինչու, գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի պատկերասրահ-արվեստանոց մուտքի առաջին իսկ պահից մարմնումս մենակ չէի այս խոսքերի հետ, իսկ խոսքը մարմին հագնելու աներևակայելի ուժ ունի ճանաչելի հագ ու կապի և դիմագծի  վերածվելու համար, ճանաչելի միայն մեզ համար, որովհետև իր ազատ ճախրանքի մեջ ինքն իրենից ու իրերից դուրս է, չնայած ի՞նչ գիտենք, որ խոսում ենք… և իսկապես, ի՞նչ գիտենք: Բայց և այնպես, շուրթին տրվող բառը միշտ իր ժամանակի մեջ է լինում:

Զարմանալի գունեղ ու խնդուն մի աշխարհ բացվեց բարուր քնից նոր արթնացած զվարթ մանկան հայացքի պարզությամբ… և ինչպե՞ս ես չէի մտածել, որ այսքան հեշտ կարող էր լինել: Աշխարհին մեկ այլ աչքով նայելու և կտավից կտավ թափառ հայացքի զգայություններիս զուգահեռ, գեղանկարիչը պատմում էր, որ իր գործերը ներկայացված են տարբեր երկրների պատկերասրահներում, հավաքածուներում և բժշկական կենտրոններում: Վերջինս եկավ վկայելու, որ շուրթին տրվող բառը միշտ էլ  իր ժամանակի մեջ է լինում:

Գեղանկարչի  աշխատանքները այսօր գտնվելով Նյու Յորքի, Կ.Պոլսի, Միացյալ Էմիրությունների, Լոս Անջելեսի,  Ֆրանսիայի, Բեյրութի, Մոնրեալի նշանավոր ցուցասրահներում, Ամերիկայի կոնգրեսում՝ ներկայացված են նաև աշխարհահռչակ մի շարք բժշկական կենտրոններում, որպես ինքն իրենով  հաշտեցնող, հոգին բուժող դեղահաբ: Իսկ արվեստը իսկապես բուժում է… առավել ևս, երբ արվեստագետը խոսում է կյանքի և խնդության գույներով:

Մեր հանդիպման ընթացքում նկարիչն ասաց, որ պատրաստվում է Միացյալ Նահանգներ մեկնել՝ անհատական ցուցահանդեսի, և այն հարցին, թե հնարավո՞ր է երբևէ  հաստատվի Նահանգներում, ասաց… Ամերիկաներում ուրիշ գույներ  են:

Նայելով Շմավոն Շմավոնյանի կտավներին՝ ես ուզում եմ ապրել, ես ուզում եմ տեսնել վաղը, ես տեսնում եմ նաև ինձ ծեր ու թոռներով շրջապատված… որովհետև այսպես էր գրված, և որովհետև հնարավոր չէ մեկ մազ սպիտակ կամ սև դարձնել, և որովհետև աշխարհը, կյանքը հիասքանչ է: Ու նաև երանի մեզնից հետո եկողներին, որ պիտի ճանաչեն այս կարմիր-կանաչ աշխարհը:

 

Անի Տեր-Գուլանյան

 

Անդին 11, 2014

 

a    2

Share

Կարծիքներ

կարծիք