Այն Հայաստանը, որ կրկին վաղն է գալու

Հեղինակ:

20150511161819250

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու:

Մի օր մենք արթնացանք մի Հայաստանում, որ երեկվանը չէր և ոչ էլ վաղվանը:

Մովսես Գորգիսյանը իմ կամ էլ քո տարիքին էր, երբ հրապարակից երազում էր վաղվա Հայաստանի մասին: Նա այդ վաղը չտեսավ, բայց մեկն էր այն առաջիններից, ով տնկեց այդ Հայաստանի շիվերը:

Մեր արթնացած Հայաստանը ևս վաղը չէր, բայց մենք ջրեցինք այդ շիվերը, որ արդեն ամրացող բուն էին դարձել:

Վաղվա Հայաստանը կերտվում է հրապարակներից՝ խոսքով, և փողոցից՝ պայքարով, բայց ոչ փողոցային խոսք ու պայքարով: Այն կերտվում է սիրո ու ջերմության մեջ, մեկ ընդհանուր վերմակի տակ և տաք ասֆալտի վրա, որ դեռ երեկ պարզապես կենտրոնական փողոց էր՝ պետական շենքերով: Այդ Հայաստանը կերտելու համար պետք չի ո՛չ զենք, ո՛չ էլ արյուն:

Թերևս՝ մեր մեջ:

Մա՛րդ է պետք, քաղաքացի, ընկեր, քույր, հոգատար մայր ու հայր, և քաղաքը, որ մեր տունն է:

Վաղվա Հայաստանի համար վաղվա երազանք է պետք և ոգեշունչ երիտասարդություն, ով այլևս երկրի ապագան չէ, այլ ներկան:

Միմիայն ներկան:

Եվ վաղվա Հայաստանն այսօր երբեք էլ չի գալու, վաղվա Հայաստանը մեր երազանքն է, երազանքի մեր գաղտնաբառը, որի իրագործումը մեզ օր օրի ավելի մոտ է թվում:

Եվ Մովսես Գորգիսյանը, ով իմ ու քո տարիքին էր, գիտեր այդ, և գիտենք նաև ես ու դու: Գիտենք և համոզված ենք, որ վաղվա Հայաստանը մեր ապրած այսօրն է, մեր միջի պայքարը մեր ներքին թշնամու կերպարի դեմ, ում ներկայությունն էլ մեկ բաժակ ջուր է լցնում այն նույն շիվերի արդեն ամուր արմատներին, որ վաղն արդեն որպես ծառ են վեր հառնելու:

Այո, կեցցե այն Հայաստանը, որ կրկին վաղն է գալու:

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք