Այդ անտանելի հայերը

Հեղինակ:

Լուսանկար

Լինքոլն Սթեֆընսի հարցազրույցը Լորենս Արաբացու հետ

 

Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին և հարաբերաբար փոքր, թույլ և գերծանրաբեռնված: Հաշվի առնենք` մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը և առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Բրիտանական կայսրությանը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ ծովերի ազատությունը ցամաք հանվի, այսպես ասած, և երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների, ապա Մեծն Բրիտանիան կկարողանա և պետք է կարողանա ուրախությամբ ընդառաջ գնալ՝ հաղթահարելու մի այնպիսի ցնցում, որ ես (նա հենց այդպես էլ ասաց` «ես» ) առաջարկում էի Հայաստանում: Բայց ոչ հիմա, ոչ այժմ: Ոչ կայսրության դեռ մանուկ հասակին:

 

-Բացի այդ,- հարեց նա,- բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է, ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով` որպես այդպիսիք:  Անգլիացիները գործնական մարդիկ են, ոչ իդեալիստներ, հասկանում եք: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման գաղափարների և իդեալների, սկզբունքների և ժողովուրդների, այլ շոշափելի բաների վրա՝ նավթ, հանքանյութ, օդային տարածություն, ծովեր:

 

-Բայց, առարկեցի ես,- (և կարող եք տեսնել, թե ուր էր հասցնում նա ինձ. առարկում էր հօգուտ իր երկրի` իմ երկրին ընդդեմ), հարուստ հողեր և շահավետ հանքավայրեր կան Հայաստանում:

 

Նա լուռ մնաց: Այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու և պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում եմ` դա կթեթևացներ ինձ էլ, նրան էլ: Բայց ոչ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց, ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, թե լսած կլինեմ, ինչպես, ասաց, ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, որ ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ`հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:

 

-Բայց,- դարձյալ առարկեցի ես,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով բնական հարստությունները,- համբերությամբ բացատրեցի նրան,- ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի, որ պետք է փորի ու զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:

 

Տեսնում էի` տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար հետևից օրինակներ էի բերում ամերիկյան, ինպես նաև բրիտանական գաղութներից` նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Պետք է միասին օգտագործվեն դրանք, միասին զարգացվեն, և այդպես էլ արվում է սովորաբար: Չկա ուրիշ ճանապարհ: Նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, երբ կջանան օգտագործել Հայաստանի հարստությունները: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց` բավականին հաջող:

 

-Ես կոչ եմ անում,- գոչեցի վերջապես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն` «Հայերը Հայաստանի համար»:

 

Նա ինձ նայում էր ոտից գլուխ չափելով, հետաքրքրությամբ` ինձ թվաց: Կարծես մի նոր պատկերացում էր ստանում ամերիկացիներիս մասին: Ասել էի, որ չգիտե մեզ, և նա թե.

 

-Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու:

 

Շատ էլ չեմ ըմբռնում, թե ինչ էր ուզում ասել դրանով, բայց դրա նման դատողություններն էին, որ ինձ տալիս էին այն խռովիչ տպավորությունը, թե նա բոլորովին սխալ էր պատկերացրել մեզ: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նա և շատ եվրոպացիներ հետևեցրել են նախագահ Վիլսոնի օրինակից և նրա 14 կետերից: Բայց նա չափազանց երկար ու լուռ ուսումնասիրում էր ինձ: Սկսեցի մտածել, որ ինչ-որ սխալ էր գտնում իմ մեջ կամ մեր մեջ: Գուցե ես շատ էի թեքվել գործնականության կողմը: Հիշեցի, թե ինչպես էր նա հայերին կշտամբում դրա համար: Ուստի դարձ կատարեցի: Ավելի գաղափարապաշտորեն և, հուսով եմ, հայրենասիրաբար խոսեցի կրկին:

 

-Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:

 

-Այո, այո, մենք հասկանում ենք այդ բոլորը,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը:

 

-Լավ ուրեմն,- ասացի պատշաճորեն,- պետք է դրանում տեսնենք նաև հենց այդ նպատակը, որպեսզի հայերին ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու, պետք է աշխատեցնենք նրանց: Ու քանի որ չես կարող մի ժողովուրդ աշխատեցնել առանց մի այնպիսի բանի, որի վրա աշխատեցնես, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի և հանքերի: Ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, որ ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության և… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ և լավ քաղաքացիներ:

 

Շփոթահար, ուռած տեսք էր ընդունել նա: Չգիտեի` ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել:

 

-Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, երդվյալ քրիստոնյաներ:

 

Իհարկե գիտեի: Պարզապես, ոգևորությանս մեջ, մի պահ մոռացել էի այդ բանը: Համենայն դեպս նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի վերադարձրեց ինձ իմ շրջանի սկզբին:

 

-Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը՝ լինի անհատի, լինի ազգի համար աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար:

 

-Հայերը չեն աշխատելու,- ասաց նա: Դա է ցավոտ կետը ձեր ծրագրում, դա է հայերի էլ ցավոտ կետը: Ճիշտն ասած, դա է ցավոտ կետը բոլոր այս հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած, կորցրել են իշխանությունը և դեգրադացվել, ինչպես դուք ասում եք: Կամ էլ, ինչպես ես եմ ասում, շարունակել են, առաջ գնացել` տրամաբանականորեն, հոգեբանորեն, բնախոսականորեն: Նրանք չեն սիրում համառ, եռանդուն աշխատել: Դա է, որ նրանց տարբերում է այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Նախնական ժողովուրդները պարզապես ծույլ են: Նրանց կարելի է ստիպել աշխատել, զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Մի որոշ հույս կա նրանց համար, մի որոշ օգուտ նրանցից: Իսկ այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն: Նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական, բնածին, անուղղելի, անհուսալի շահագործողներ: Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից, նրանք մարդ են աճեցնում: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կազմավորում են իրենց մոտ: Այս հին ժողովուրդները բնաշրջության արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափերին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, աճեցնում, բնաշրջում եք ձեր հայրենիքում: Հին ցեղերից նրանք, որ այստեղ ապրում են դեռ, վերապրածներն են մի քաղաքակրթության, որ բնույթով առևտրական էր, ինչպես ձերը:

 

-Մերը,- ուղղեցի ես՝ անգլիացիներին էլ մտցնելու համար խնդրի մեջ: Նա ուղղակի վրա տվեց:

 

-Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական և անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում է ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և պաշտամունքացնում հեզին, միջակին, խորամանկին, նրբամիտին ու խնայասերին, որովհետև սրանք առևտրական առումով պիտանի են: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների, և իրենց տհաճ հատկանիշներն այն տևական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից, ինչպես իրականում կենսագործում էին հին հույները: Ոչ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները խոսում, երգում ու կերտում էին այդ մշակույթը, այլ հենց այնպես, ինչպես միջին հույները կենսագործում էին գործարարությամբ, ուզում եմ ասել`այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Արդի եգիպտացիները, ինչպիսիք ժառանգել ենք բրիտանացիներս, եգիպտական մշակույթի ամենահեռավոր-հեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբը հին, փառավոր Արաբիայի արվեստներց, բարքերից, գործարարությունից զուրկ է. նա անապատի փոշին է…

 

Նա կանգնեցրեց իմ մի նոր առարկությունը` կանխելով.

 

-Հնադարյան հույները, նաև եգիպտացիները, սիրիացիները, վերջապես թուրքերը և մյուսները` նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու արվեստագետները, իրենց զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում, իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրասերյալները, ազնվապետությունները, հարստապետությունները չհարատևեցին: Նրանց հետնորդները ժառանգորդներ չեղան, չվերապրեցին նույնիսկ: Հաջողակների, հարուստների, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցը գնացին, և նույնը լինելու է ձեզ մոտ: Եվ աշխատուժի էլ հաջորդական սերունդները, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգ-կանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Պարզվեց ու պարզվում է, որ միջին դասակարգն է ունակ վերապրելու այդկերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասակարգը: Ոստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք, փաստորեն, միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով. ու սերված լինելով գնող-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու: Ոչ թե ստեղծելու, ոչ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առևտրականներն են ապրում, և նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, ուր սողոսկում-թափանցում են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում, առևտուր են անում, հարստանում են: Իսկ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…

 

-Եվ հրեաներին,- հուշեցի: Անտեսեց:

 

-Իմ այս հին ժողովուրդները,- ասաց,- կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան աշխատեցնելու, խորամանկորեն կխիզախեն` հեզորեն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո՛, նրանք գործ են անում: Այնպես են գործ անում, ինչպես բիզնեսմենը միայն կանի` հարատևորեն, համառորեն, մնալով հենց միայն շահի նեղ լուսանցքում: Բայց,- շեշտեց նա,- չե՛ն աշխատի նրանք: Չե՛ն կարող: Չեն կարող հասկանալ «աշխատավարձի համար աշխատելու» դրույթը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, մի ուշիմություն, որ զարգացվել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսական շների այս կամ այն ցեղի մեջ: Նրանք իրենց արյան մեջ իսկ գիտեն, որ աշխատավարձով, նույնիսկ բարձր աշխատավարձով աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հաջողության հասնել ու հարստանալ: Ոչինչ չկա, ոչինչ չի կարող լինել հնարավոր որևէ բարձր աշխատավարձի մեջ` ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաղադրյալ առաջտվություն: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, դա նրանց կյանքն է: Նրանք խելոք են, ինչպես հին մի ցեղ կարող է խելոք լինել` որսալու խաղին պատրաստ: Քոթոթի իրենց աչքերը բանալու պահից արդեն տեսնում են արարող աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը միայն դիտել ու սպասելն է՝ մինչև հարստությունն արտադրվի, ու հետո մի կերպ արտադրողից այն ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն` ինչ կերպ անեն այդ բանը, ինչպես կենդանին գիտե իր կենդանական գործը և բույսն էլ գիտե իր բուսական գործը` բնազդով: Ուստի կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ էլ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը հասարակական ընդհանուր հարստության ավարտված, վերջնական, դրոշմված ձևից, երբ հասարակ ժողովուրդն արդեն ստեղծել է այդ հարստությունը: Իսկ դուրս գալ ու ճակատի քրտինքով արդյունահանել երկրի հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների` ոչ: Հին ժողովուրդները չեն հանդուրժում անել այդ բանը, իսկ ինչ վերաբերում է ձեր հայերին`նրանք պարզապես չեն անի:

 

Լռեց մի պահ՝ դիտելով ինձ, ու երբ տեսավ, որ ինքս չեմ դիտում իրեն, իր պրոպագանդի սլաքներից դեռ մի քիչ էլ արձակեց ինձ վրա:

 

-Հայերը,- ասաց,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսակետից:

 

Ես կրկին տվի իմ թեկնածուի անունը:

 

-Հրեանե՞րը,- արձագանքեց:- Առաջ էլ ասացիք նրանց մասին և ինձ բավականություն պատճառեցիք: Դա ցույց տվեց, որ գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին իմ ասել ուզածից: Քիչ ճամփաներ անցած մարդու համար հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և այո, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ ավելի վատ, որ նրանք ստեղծագործող էլ են, հնարամիտ ու սենտիմենտալ: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Անկատար են նրանք: Քաղաքակրթության անավարտ մի արդյունքն են, կիսատ մնացած: Ես հասկանում եմ, թե ինչու իրենց հանդեպ վախ ու ատելություն են հարուցում նրանք. ունեն ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել ձեր այդ հրեաներին կամ չեն թողել, որ գործ անեն իրենց մոտ: Նրանք չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների վզին: Իրենց լավ են զգում Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում և, անշուշտ, Միացյալ Նահանգներում, այո, այո, նրանք: Բայց չինացիներն, օրինակ, չինացիները կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը՝ փոքր ձկներին: Մեր շոտլանդացիները ողջ-ողջ քերթում են նրանց: Այդպես են անում արաբներն էլ, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…

 

Շունչ քաշելով՝ շարունակեց.

 

-Հրեաներն իրենք այնպես են զգում հայերի հանդեպ, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաների հանդեպ են զգում. ճիշտ նույն կերպ էլ հույները, թուրքերը և բոլոր այն մյուս ցեղերը, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ: Զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեին: Ու կլծեն: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները, առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, և բացի այդ քրիստոնյաներ են:

 

Կանգ առավ՝ ոչ թե ասելիքի համար բառեր գտնելու. կրթված անգլիացին, ենթադրում եմ, լավ գիտի անգլերենը: Ավելի ճիշտ` կարծես խուսափում էր իր եզրակացությունն ասելուց, նախընտրելով ինձ ստիպել, որ ինքս բռնեմ իր եզրակացությունը, քան թե իր բերանից մեջբերեմ: Ու քանի որ խայծը չէի կլլել, նա տաղտկալիորեն շարունակեց` ևս մի պատեհություն տալու ինձ:

 

-Հայերը,- ասաց,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, նույնիսկ ոչ իսկ հօգուտ իրենց: Ուզում են այդ հողերը, այո, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձու կտան ուրիշներին` գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում, ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակված դրամի:

 

-Շատ մարդիկ կան այդպես,- ասացի:- Միայն հայերը չեն:

 

-Տեսնում եմ, որ դուք դեռ չեք ըմբռնում բուն խնդիրը,- ասաց նա:- Իրոք, ուրիշներ էլ կան, որ կուզենային այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, մանավանդ մեր այսպես կոչված բարձր դասի այն դժգոհները, որոնք գնում են գաղութներ կառավարելու, բայց ինքնամփոփվում են` իրենց համար «Փոքր Անգլիա» ստեղծելով տեղում: Նրանք կուզենային ոչինչ չանել, բայց ծախսել: Ու ծախսում են իրոք, հասկանում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր այդ հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Դարերով բնաշրջություն է պետք` իսկական առևտրական ոգու այդպիսի կատարելություն զարգացնելու համար, իսկ բնաշրջությունն աստիճան առ աստիճան զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և… մենք բոլորս, որ գիտենք նրանց: Ուրեմն…

 

Նա կրկին ինձ վրա էր գցում, որ ասեմ եզրակացությունը, բայց ես չէի ուզում ասել: Ուստի խթանեցի նրան.

 

-Ուրեմն…, -ասացի:

 

-Ուրեմն,- պոչը թեքեց նա, ինչպես ամերիկացիներս ասում ենք կոպտորեն,- ուրեմն պետք է բաժանենք նրանց` Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա՝ ուրիշ մանդատ:

 

-Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիներիս: Շատ լավ: Երկու հարց է ծագում: Ձեր դաշնակիցն ի՞նչ կարող է անել Հայաստանում առանց աշխատուժի: Ու վերջապես ի՞նչ կարող ենք անել ամերիկացիներս հայերի հետ առանց Հայաստանի:

 

-Օ՜,- ասաց,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց ազգեր, որոնք աշխատուժ  կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան և աշխատանքի լծել: Աշխատուժի պակաս չկա:

 

-Ուրեմն դա կլուծի բրիտանական՝ գործնական խնդիրը,- ասացի:- Գանք իդեալիստական՝ ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ:

 

Չէր ուզում ասել: Իր բրիտանական հումորը կամ իր դիվանագիտական զգուշավորությունը և կամ չգիտեմ ինչը չէր թողնում նրան ասել: Խուսափելով խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում:

 

-Ուրեմն,- ասացի ես ոչ առանց մի քիչ (ամերիկյան) հումորի: — Ուրեմն…

 

Մի ստվեր անցավ աչքերում, բայց ոչ ձայնի մեջ: Կրկին զվարթորեն խոսեց «ամերիկյան իդեալիզմի»  մասին: Հոգնել էի այդ բանը լսելով, սոսկալի ձանձրացել, բայց դրա մասին խոսել նա սիրում էր: Եվ այս անգամ մի քիչ փոխեց երգի բանալին: Երիտասարդ կոչեց ամերիկացիներիս, ասաց, որ մենք դեռ անփորձ ենք ուրիշ՝ ավելի հին ցեղեր ղեկավարելու մեջ: Եվ ուրեմն, անտարակույս, հակված ենք խստորեն դատելու գաղութային վարմունքը բրիտանացիների և այլ գործնական կառավարիչների, որոնց ամենախղճմիտ գործակալն անգամ երբեմն անհրաժեշտ էր գտնում սպանել կամ ուրիշ կերպ Աստծո վախը ներշնչել ենթակա մի ժողովրդի փոքրամասնությանը` մեծամասնության ընդհանուր շահի և ներդրված կապիտալի ապահովության համար:

 

-Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է մի տարօրինակ, մի օտար ժողովուրդ կառավարելը:

 

-Սխալվում եք,- ասացի ջղագրգռված ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտե մեզ:- Դուք նույնքան անտեղյակ եք իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան ասում եք, որ մենք ենք անտեղյակ եվրոպացիների, թուրքերի, հայերի և մյուսների մասին:

 

Ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Ու հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ ունենք հենց մեր մեջ: Առանց պատճառի չէ, որ Միացյալ Նահանգները ձուլարան են կոչել: Ինչ օտարականներ ասես չունենք այնտեղ: Նույնիսկ նրա հայերին ենք աշխատեցրել: Պնդեցի, որ մենք էլ մեր դժվար գործն ենք արել, ինչպես որևէ կառավարություն երկրագնդի երեսին, չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար նրան, որ գործնական ենք մենք, պատմեցի, թե տեսել եմ` ինչ է արվել օտար աշխատուժի նկատմամբ մեր Նոր Անգլիա նահանգներում, հարավային նահանգներում, մեր արևմուտքում և ամենուրեք: Բայց պատահեց, որ հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին`ամերիկյան հնդկացիներին:

 

Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ:

 

-Այդ է ահա,- գոչեց:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն այն է, ինչ պետք է հայերի հանդեպ:

 

Անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ինչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա ասաց, թե իր հասկացածով մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ… բոլորին: Այնպես չէ՞:

 

Ես նայեցի նրան ոտից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով այդպես նայեցի:

 

-Այդպես ուրեմն,- ասացի մի երկար դադարից հետո,- ուրեմն դուք մտածում եք` այդ է, որ պետք է հայերին անենք… պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին:

 

-Ոչ, ոչ, ոչ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում:

 

Բոլորովին էլ չէր ուզում ասել, թե մենք պետք է կոտորածն ընդունենք որպես քաղաքականություն: Գիտեր, որ չենք անի, չենք կարող անել դա:

 

Դե լավ, ի՞նչ էր ուզում ասել ուրեմն: Ի՞նչ պետք է անենք: Չասաց: Իրենք իրենց շուրջ պտտվող մի զույգ դերվիշների նման պտտվեց ու պտտվեց կլոր-կլոր: Հոգնեցուցիչ էր: Բայց ի վերջո հասկացա: Պետք է ինքս ասեի իր ասել ուզածը. երևի այդ էր ճիշտը: Չուղղեց ինձ:

 

Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված կերպով գնանք բնաջնջելու հայերին: Բոլորովին ոչ: Պարզապես հույս ուներ կամ հավատում էր, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո մենք պետք է հարցը վերջացնենք այդ Բանն անելով: Ու նաև հիմնավոր անելով: Չթողնելով ոչ մի Ադամ ու Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել…

 

-Բայց դա սկանդալ չի՞ դառնա,- ասացի:

 

Կարծում էր` ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և այնպիսի համբավ ենք վայելում մեր մարդասիրության համար, որ թվում է` զորու ենք որևէ բան անելու բանականության սահմաններում՝ առանց կորցնելու մեր իդեալիզմը կամ մեր բարի անունը:

 

-Հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականության մեջ խայտառակություն չկար, այպես չէ՞,- հարցրեց:- Ու երբեք էլ չեք դադարել մտածելուց, թե ձեր արածը ճիշտ էր, այո՞: Նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, ազատագրել եք Կուբան և գրավ եք դրել դրա վրա, գնել եք Դանիական կղզիները, ձեր ծովային հետևակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում և զորքը մոռացել այնտեղ: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգ ու կանոնը միացյալ Մեքսիկայում: Եվ սակայն,- ասաց նա, կարծեմ հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ երբ պատրաստ լինեք` մեծ կայսրություն եք դառնալու: Եվ սակայն դուք հակաիմպերիալիստներ եք: Հենց նոր պատերազմ մղեցիք գերմանական իմպերիալիզմի դեմ, և…

 

-Դուք էլ,- արձակեցի կրակոցս:

 

-Օ՜հ, դա տարբեր է,- հակադարձեց նա իմ կրակոցը:- Մենք իմպերիալիստներ ենք: Մենք մեզ անկեղծորեն կայսրություն ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք մեր կայսրության համար գերմանացու կայսրության դեմ: Իսկ դուք` դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման:

 

Կար մի կետ դրա մեջ, և զգացի` նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ դրան: Բայց հենց ուղղակի չէի կարող այդպիսի վայրկյանին, ու երբ չպատասխանեցի, նա շարունակեց.

 

-Ես կարծում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք որևէ բան անել ու տարակուսանքի չենթարկվել ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ինքներդ ձեր կողմից: Մի սքանչելի բան կա դրա մեջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար մի բան: Դա թույլ է տալիս մտածելու, որ ամերիկացիներդ բուն Հայաստանում կարող էիք հիմնավորապես անել ու վստահաբար կանեիք այն, ինչ պետք է արվի այնտեղ: Կանեիք աստիճանաբար, բայց կատարելապես, առանց բաց թողնելու մի առանձին կամ, ավելի ճիշտ, ամուսնացած հայի, և այդ ամբողջն առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր այն հավատքը, թե դուք… ինչպե՞ս ասեմ… դե՛հ, դուք նման չեք մեզ` անգլիացիներիս կամ ֆրանսիացիներին,  գերմանացիներին, թուրքերին և, վախենամ, դույզն իսկ նման չեք հայերին էլ: Եվ,- շտապեց ավելացնել նա,- պետք է որևէ մեկը լուծի Հայկական հարցը: Ինձ թվում է՝ բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն և հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին:

 

Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Բրիտանական հումո՞ր էր սա: Նայեցի նրան խիստ-խիստ: Աչքն էլ չթարթեց: Նստել էր այդ փքված տեսքով, որ նկատել էի առաջ, բայց, չէ՛,  մկան չի շարժվում դեմքին: Ծանր բան է անգլիացու հետ հարցազրույցը, և վտանգավոր: Հիշեցի, որ ասաց` ժխտելու է հարցազրույցը, եթե ամենաթեթև իսկ առարկություն լինի: Որոշեցի հենց ուղղակի փորձել նրան:

 

-Ինչպես հասկանում եմ,- ասացի,- ամերիկացիներս առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել:

 

Նա գլխով արեց: Ես շարունակեցի.

 

-Նրանք մտածում էին, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ՝ մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որ կախյալ են ուրիշների արտադրական աշխատանքից, ուրիշների, որոնց նրանք չեն կառավարում հիմա, և որոնք ատում են նրանց, որովհետև նրանք կարող են որևէ մեկին մատի վրա խաղացնել առևտրի մեջ և ապրում են առանց աշխատելու, ստախոսներ են, չարաշահորդներ, մակաբույծներ ամենագործնական ուղեղով և ամենաքրիստոնեական իդեալներով ու վարվելակերպով:

 

-Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում, ասաց նա:- Չեք կարող գտնել ոչ մի անգլիացու, որ այդքան հստակորեն բանաձևեր որևէ այդպիսի բան:

 

-Եթե ամերիկացիներս կարողանայինք այժմ, մեր ներկա դրությամբ, այս տեսակ մարդու զարգացման նախնական փուլում, եթե կարողանայինք, կառավարելով հայերին, մոտիկից տեսնել մեր մշակույթի կիրառման գործնական ձևերն ու արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, որ այն, ինչ ստուգում ու քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…

 

-Վաղվա,- շտկեց նա:

 

-Ապա ուրեմն,- շարունակեցի ես,- գուցե հուսախաբ լինեինք հայերից, գուցե, ջղայնացած, ոչնչացնեինք նրանց բոլորին…

 

-Ահա, ահա:

 

-Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց պիտի տուն գնայինք…

 

-Հեռագրեինք,- հուշեց նա,- ավելի արագ է դա:

 

-Հեռագրեինք տուն,- ընդունեցի փորձի համար,- հեռագրեինք զգույշ լինելու մի ահազանգ. «Զգուշացեք գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից»: Չափից շատ բիզնեսը և չափից շատ իդեալիզմը կարող են վնասել այս երկու լավ բաներին ու մեզ էլ` որպես ժողովրդի:

 

-Ահա, ահա,- բացականչեց:

 

-Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել Հայաստանի, որը բրիտանացիներն ու ռուսները (ապագայի) պիտի «անհրաժեշտ» գտնեին վերցնելու որպես մանդատային` երկու մասի բաժանված, մեկը` բուն իսկ Միացյալ Նահանգները, Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար:

 

Նա լուռ մնաց: Սպասեցի տեսնելու, թե որևէ չափով զգո՞ւմ է ամերիկյան հումորը: Նա էլ մի պահ սպասեց ու հետո, տեսնելով, որ մի բան եմ ակնարկում, խոսեց:

 

-Ձեր այդ գաղափարը…,- սկսեց:

 

-Ի՞մ գաղափա՜րը,- պայթեցի ես:

 

-Այո,- ասաց:- Դա գաղափար է: Լավ գաղափար է, լավ է տեսականորեն, բայց… Էությամբ իդեալիստական է: Ես նկատի ունեմ գործնականը: Հավատո՞ւմ եք իրոք, որ հայերին կառավարող ամերիկացիք բավական գիտակից կլինեն՝ տեսնելու համար, որ հայերը նման են ամերիկացիներին:

 

-Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ նետեցի երեսին:

 

-Ճիշտ է,- համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս, տեսնում ենք դա: Բայց վստահ չեմ ու մտածում եմ` կարելի± է արդյոք մեր, այսպես կոչված, բարձր դասի դժգոհներին բերել այն գիտակցության, որ կանխատեսեն իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:

 

Ես պարտված էի, անօգնական, շշմած: Բարեբախտաբար նա չտեսավ իմ վիճակը: Աչքերը խոնարհվել էին: Վեր կացավ, բայց խորը մտածմունքի մեջ էր, երբ ինձ առաջնորդում էր դեպի դուռը: Այնտեղ աչքերը բարձրացրեց:

 

-Գնաք բարով,- ասաց,- ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ թե գործնականում դա չաշխատի, բայց գրեցեք դրա մասին: Թելադրական է: Զգույշ գրեցեք, ոչ շատ հստակ և, իմիջիայլոց, մի՛ մեջբերեք ինձ: Ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք