Այբից Քէ

20151903152327580

Ինքնակա ձոն

 

Կորյուն վարդապետն իր փոքրածավալ երկասիրության վերջում անում է ուղենիշային մի ցուցում, այն է. «Պատմեցինք ոչ ի պատիվ Աստծո սուրբերի… այլ ի քաջալերիչ օրինակ` իրենց հոգևոր ծնունդների և [այն անձերի], ովքեր նրանց միջոցով աշակետելու են սերնդե սերունդ»:

Այսպէս ասում է «հոգևոր ծնունդ»  Կորյուն վարդապետը: Իսկ ի՞նչ են ասում մյուս «հոգևոր ծնունդները»:

Ահա Պատմահայրը. «Պատմություն Հայոց»-ի երրորդ գրքի 47-րդ գլխում հիշատակում է. «Տեսնելով, որ Հայոց թագավորությունը հասել է վախճանի` Մեսրոպը այդ մտատանջությունն իր համբերության նյութ դարձրեց… որի համար մտադրվեց հնարել-գտնել հայոց լեզվի նշանագրեր»: Սա նշանակում է, թե այդ որոշման իրագործումն, այսինքն` այբուբենը, հենց ի սկզբանե, հղացվում է կատարելու համար (և կատարելու էր, ինչպես տեսնում ենք) գործառույթների մի համախումբ, որն ազգային գոյության նախապայման է` իր բոլոր բաղադրիչներով. ազգային տեսակի, ազգային հավատքի, ազգային մտածողության:

Այսպիսով, Դ դարավերջից ինքնուրույն գրային համակարգի անհրաժեշտությունը պետական-ազգային անվտանգության կենսական հրամայական էր: Մաշտոցյան այբուբենը ծնվեց այ’ս կենսական հրամայականի գիտակցման արդյունքում և առ հավիտենություն կատարում է այդ համախումբ գործառույթը: Այն հայտնվեց և անմիջապես ի գործ դրվեց ա’յս գիտակցությամբ և այ’ս ըմբռնումով:

Ահա և երրորդ «հոգևոր ծնունդը»` Եղիշե վարդապետն, իր շքեղագույն վկայությամբ: Վարդանանց պատմության ավարտին` Յոթներորդ եղանակի «Անուանք նախարարացն» գլխում, պատմելով հայ աքսորյալների կրած դժվարությունների մասին, Եղիշե վարդապետը պատգամում է. «Իսկ երանելիներից շատերը, որ ամենաերիտասարդներն էին,ուսանեցին իրենց հայրենի երկրի դպրությունը, և այն նրանց համար եղավ հոգևոր կերակուր, որով քաջալերվում էին իրենք և մխիթարում էին ընկերներին…»:

Այսպես ուրեմն. ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻ ԴՊՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՒՈՐ ԿԵՐԱԿՈՒՐ Է: Սա, Մաշտոցյան այբուբենի` ազգային գոյության և այդ գոյության անվտանգության գործոն լինելու իրական ըմբռնումի արձանագրություն է: Ըմբռնում, որի բնութագիրն  անհերքելի և «իմացյալ» հայրենապաշտություն է. «մահ իմացյալի»  դիմաց` իմացյալ կյանք, որ նույնն են:

Հոգևոր այս ծնունդներին «սերնդեսերունդ աշկերտողները» հենց այսպե’ս «կերակրվեցին հայրենի երկրի դպրությամբ՚ և սերնդե սերունդ ու զարմից զարմ փոխանցեցին «այբուբենի` հոգևոր կերակուր լինելու ըմբռնումը»: Իբրև ազգային գոյության նվիրան: Իբրև ազգային հարատևության գրավական:

Երգ երգեցին նրանք. ուրախացան, ցնծացին, ապաշխարեցին, տառապեցին, ուսուցանեցին և սիրեցին: Օրհնեցին, խրատեցին, խնջույք կազմեցին ու սգացին կորուստ… Ապրեցին կյանքն, իր ամբողջությամբ` կարոտով, թե լիությամբ, հայրենի պետության հզորության փառք, թե պանդխտության դառնություն ճաշակելով` մի և նույն է` երգեցին:

Երգեցին` հյուսեցին իրենց երգը զարմանալի հյուսվածքներով: Մտքի ափերով բռնեցին ոգեղենը ու վեր խոյացրին «այբբենային տաճարներ ու մատուռներ», հյուսեցին «այբբենային խաչքարեր ու գորգեր», Տիրոջ ողորմությունը խնդրեցին «այբբենային զղջումով»,«այբբենային գովքեր» կամարեցին հայոց երկնքում ու «այբբենային խրատներ» մանրանկարեցին հայ հոգիներից ներս…:

 

Անձինք: Այս բառով պիտի սկսվեր առաջին «այբբենային երգը»` Կոմիտաս  Աղցեցի կաթողիկոսի ձայնով.

Անձինք նըւիրեալք սիրոյն Քրիստոսի,

Երկնաւոր նահատակք եւ կուսանք իմաստունք,

Ի պարծանս ձեր բարձրացեալ տօնէ

Մայր Սիովն դստերօքն իւրովք:

 

Բարբառք երկնաւորք լցին զերկիր,

Քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս.

Ողջակէզք բանաւորք եւ զոհք փրկութեան.

Եւ որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ…

 

Այսպես` տուն առ տուն, երգը պիտի շարժվեր Այբից մինչև Քէ, ու իր առաջին բառը պիտի դառնար անունը` հոդ առ հոդ այբուբենի շղթան հյուսող ստեղծաբանությունների:

Նույն 7-րդ դարում պիտի գար Դավթակ անունով երգիչը և պիտի սգար ու դամբանական հյուսեր Ջվանշիր քաջ իշխանի դավադիր սպանության առթիվ.

Աստուածային բանին արուեստաւոր հոգի,

Յօրինեա իմաստիւ զտխրական երգմունս,

Զի սգալի ձայնիւ անդադար ողբասցուք

Ի վերայ դժնդակ կորստեանս մերոյ:

 

ԵՎ սուգը պիտի ահռելի լիներ, և հայոց այբուբենը` տուն առ տուն, Այբից մինչև Քէ ընթանալով, պիտի կաղապարեր ցավի ահռելիությունը.

Քաղցր էր զայլս ասել եւս եւ միշտ հեծել,

Բայց քաղցրագոյն եւս ընդ քեզ մեռանել:

 

Ապա հայրենի հերկը հերկելու պիտի գար զարմանալի «հոգևոր ծնունդը»` Նարեկա վանքից վանականը ու «Ներբող Խաչի» պիտի հյուսեր: Եվ երբ հյուսվածքը ծավալվեր ու ծովանար, պիտի ամփոփեր այն Այբից մինչև Քէ.

«Աստուածային անբաւ հանճարոյն ամենանկատ տեսութիւն աչացն… Բարեբանեա’լ ես…

Գովեա’լ ես…

Դրուատեա’լ ես…

Երանեա’լ ես…»:

Պիտի ամփոփեր ներբողը` Այբից մինչեւ Քէ, ապա հավելեր. Ահա այսպիսի և այսքան և [առավել] ևս ընտիր ու բարեզարդ բառերով միշտ բարեբանյալ [ես] Քրիստոսյան նշան…»: Այսուամենայնիվ. «…հոդակապ բարառնությամբ [գրված] խոստովանությունը փոքր ու նվազ է քո հիանալիությունը պատմելու համար, որ առավել ես, [քան հնարավոր է] բառերով գովել»:

Եվ Նարեկա վանքից վանականն է, որ «բարառնությամբ» պիտի սահմաներ ծայրասահմանը մարդկային մտքի, ուրկից անդին Լռությունն է… Իսկ մինչ այդ սահմանն այբուբենն է` լեզվի համընդհանուր խտացումը, մարդկային բանականության ասելի մասի համապարփակությունը ձևավորող գործիքը:

Այբուբենի համապարփակության այս ըմբռնո’ւմը պիտի տեսնենք անընդհատ` ասելիք նյութից անկախ` կլինի ներբող, ողբ, խրատանի, թե սիրային կամ ուրախության տաղ, անեծք, թե օրհնություն: Իր ընթացքով` ժամանակի մեջ և, ժամանակի մեջ` ժամանակից դուրս, այբուբենի այս ըմբռնումը պիտի տեսնենք, իբրև «սքանչելի» «հոգևոր կերակուր»:

 

Ահա պիտի գա  հոգու մյուս ճարտարապետը ու պիտի եռակերտի իր զղջումը.

Աշխարհ ամենայն.

Առ իս նայեցեալ.

Ախտակից լերուք:

 

Բանամ ըզշրթունս.

Բարբառիմ լեզուաւս.

Բողոքեմ զանձնէս….

Ապա խոստովանությունը.

Առաւաւտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լո’յս ծագեա:

 

Բղխումն ի Հաւրէ,

Բղխեա’ ի հոգւոյս

Բան Քեզ ի հաճոյս…

 

Շնորհների առատության համար նրան Շնորհալի պիտի մականվանեն, և նա պիտի«ճանաչի իմաստությունը» ու այբբենային զարդ եռահյուսի Այբից մինչև Քէ, անվանելով այն «…Յիշատակարան Առակաց Սողոմոնի» .

Աստուածեղէն Հոգւովն ի սմԱ

Խաղաղութիւն անուն արքԱ

Բարբառեցաւ իմաստութեամԲ,

Զորդիս խրատեաց ըզգօնութեամԲ,

Գեղեցկադիր բանիւն ի կարԳ

Գրիչ եղեւ Հոգւոյն արաԳ:

Դաւթի որդի, վեհ քան ըզմարԴ

Մարգարէին աստուածազարԴ:

Երրեակ տառիւ վերաբերԵ,

Զմարդիկ յերկինս մակադրԵ:

Զգեստ արկանէ տղայոց բեհեԶ

Զհնազանդ լինելն հօր եւ հեԶ:

Էին շնորհօք պսակ կապԷ`

Մանեակ ոսկի զպարանոցԷ

 

Ապա պիտի մտքի հայելում դիտի այդ եռահյուս զարդի արտացոլումն ու գծագրի Քէից մինչև Այբ, անվանելով այն «Անդրադարձութիւն տառից Յիշատակի».

Քաղցրագունիս այս բաղձանօՔ,

Լցեալ հոգիս մեռեալ մեղօՔ,

Փափագեցի սրտատրոՓ

Ես, որ բնաւից բարեաց ամփոՓ:

Ւիւրաքանչիւր բան կենսատոՒ

Պէսպէս ցաւոց իմ լուսատոՒ.

Ցնծամ հոգւով մինչ կարդացիՑ,

Թէպէտ սուրբ ոչ եմ ի յախտիՑ

Այնուհետև պիտի ուսուցանի ու խրատի` Այբից մինչեւ Քէ` պատմելով Այբի մասին, ապա Բենի, ապա Գիմի…

Այբն առաջին զքեզ, տղայ,

Հանէ յիմաստն գերակայ.

Երրորդութեանն մեձակայ

Լինիս երիւք ստեղամբք նորա:

 

Բնութիւն Բանի ի քեզ բղխէ,

Կաթն իմաստից արբուցանէ.

Ձեւովն իւրով վարդապետէ`

Զխոնարհիլն Որդւոյ պատմէ…

 

Մեկ դար անց Գեորգ Սկևռացի անուն «հոգևոր ծնունդը» պիտի ծնող դառնա  ու կրթի իր զավակներին գրչության արվեստի մասին խրատներով` Այբից մինչեւ Քէ` եռաչյա տողերով.

Առ քեզ յիմոյ բազկէ մատանց գիր գրչութեան.

Դուն եւ խրատ եզահոմեալ խուն զարթութեան,

Է իմ առ այս ըստ ծերական թելադրութեան,

Ժամանակաւ ի յոյս տառից լեր քերթութեան…

Ապա` քառաչյա.

Ահա բանամ քեզ գրչութեան դուռն խրատու,

Ե’կ դու զորպէս էակն ընկալ յարուեստ գրելոյ,

Թեւըս ժրութեան ի քեզ լծեա ընթեռնելոյ,

Խորհեաց ծոմով կրթիլ յիմաստս հանճարոյ…

 

15-րդ դարում Մկրտիչ Նաղաշ պիտի գա այնուհետև ու խորհի կյանքի ու մահվան մասին` Այբից մինչև Քէ.

Անցանէ մեծութիւն եւ փառք աշխարհիս.

Աւերի եւ քակտի շինուած տաճարիս,

 

Բայց դու զայս գիտացիր, թէ ի°նչ կու դատիս,

Երբ թողուս օտարաց ’ ւ ի հող մտանիս…

 

Հաջորդ դարում Մարտիրոս Խարասարցի անուն երգիչ պիտի գա. գինու ու խնդության գովք պիտի անի.

Այբն ասէ. Այսօր ըմպեմք,

Բենն ասէ. Բերեք գինի.

Ուրախ լեր, ուրախ լեր, ուրախ լեր,

Տան տանուտէրս ասպնջական, ուրախ լեր:

 

Գիմն ասէ. Գինիս անուշ,

Դան ասէ. Դուր է տեղիս.

Ուրախ լեր, ուրախ լեր, ուրախ լեր,

Տան տանուտէրս ասպնջական, ուրախ լեր:

 

Պիտի երգեն շատեր` երգ ու տաղ ասեն Այբից մինչև Քէ, պիտի սիրեն ու կարոտեն սիրեցյալին` Այբից մինչև Քէ…

Այսպէս «սերնդե սերունդ» պիտի փոխանցեն այբուբենի այս ըմբռնումը` ձեռքից ձեռք ու ափից ափ, և պիտի երգեն հայ ոգու երգը: Չպատահող արշալույս ու մայրամուտ պիտի տեսնեն ու պիտի ընդունակ լինեն բառե շապիկ հագցնելու լույսի ու գույնի ծովերին:

Սերնդե սերունդ պիտի փոխանցեն այբուբենի այս ըմբռնումը ու հասցնեն Գրիգոր Կեսարացի անուն «հոգևոր ծնունդին», ով Դավրիժեցի. պատմիչի խոսքով «…էր այր ահարկու և հույժ խրոխտ և դժուարահավան…»: Այս անձը դամբանական պիտի ասի` իր ուսուցչի մահվամբ որբացած և պիտի այբբենային ութանիստ կոթող կերտի նրա հիշատակին` Այբից մինչև ՔԷ.

Աստուածային հրամանն որ կԱ

Ադամային սեռիս վերԱ,

Առեալն հողոյ ի հող դառնԱ,

Արդար հոգին առ Տէր գնԱ:

 

Բոլորապէս մարդիկք լրմամԲ,

Բաւեալ յերկրի փոխին մահուամԲ,

Բայց եւ արդարք նոյն հրաւիրմամԲ,

Բառնան յերկրէ Տեառն կոչմամԲ

 

17-րդ դարում պիտի ելնի նրանցից մէկը` Մարտիրոս Ղրիմեցի անուն, հավատուրացության և ազգուրացության դեմ: Ծնողին լքողների ատելության սրից` հայրենի հատու սրով` Այբից մինչև Քէ` «բոլոր վեց ուղղություններով», պիտի պաշտպանի հայրենի տունը ու ծնող չլքող եղբայրներին.

 

Արբանեակ չարին,

Անիծեալ կուրին,

Աղբահամ պղծին,

Աչքդ կուրասցին,

Ականջդ խլցին,

Ազգդ ջնջեսցին:

 

Բելիարածին,

Բեհեղզեբուղին,

Բողբոջ Նեստորին,

Բերանդ կարկեսցին,

Բիրքդ թափեսցին,

Բանքդ սպառեսցին…

 

Այբից մինչև Քէ, պիտի խնդա Գալուստ Ամասիացի տաղասաց պատրիարքը ու պիտի ասի «Երգ Սուրբ Աստվածածնի».

 

Անարատ Կոյս, տաճար խորան,

Աստուածածին Կոյս Մարիամ,

Բանին երկնից խորհրդարան,

Բարեխօսեաա’ վասն մարդկան.

Հայր ողորմեա’յ, Յիսուս գթա’յ,

Սուրբ Հոգի զմեզ լուսաւորեա’յ:

 

Գանձարան Կոյս անապական,

Գթա’ ի մեզ միշտ յարաժամ,

Դշխոյ պսակ զարմանազան,

Դաւանողաց մեծ ախոյեան.

Հայր ողորմեա’յ, Յիսուս գթա’յ,

Սուրբ Հոգի զմեզ լուսաւորեա’յ:

 

Ապա պիտի գա Պողոս Տիվրիկեցի վարդապետը, արդէն 18-րդ դար, նորագործ զարդանախշ պիտի հյուսի «Առ Միածնաէջ Մայրս Լուսոյ», առ Սուրբ Էջմիածին` երեսունվեց բառով` Այբից մինչև Քէ.

 

Արփի’ բանետեղ, գեղարկու դիմաց, երագեա’ զարդել,

Էաձի’ր ընծայ, թորգոմեանց ժառանգ` իրակեա’ լուսել,

Խորա’ն ծովածոց, կանթեղ համասփիւռ` ձե’ռն ած ղամբարել,

Ճամբա’ր միածնէջ, յարկ նորասքանչ` շողի’ր որոնել,

Չքնա’ղ պայմանետղ, ջողբօղ ռակայից` սիրակեա’ վարժել,

Տապա’ն Րէնաշէն, ցանկօղ ւիւծելոց` փութացի’ր քահել:

 

Արդէն 1850-ին ծնուած Խորեն Պարթևյան, պիտի բազմահյուսի այբբենային իր մանրաքանդակը` Այբից մինչև Քէ.

 

Անհուն, անքնին, Արարիչ Աստուած,

Ահեղ, ահաւոր եւ անիմացուած,

Անքոյթ ապաւէն, անժամ, անկասկած,

Ամենամեղիս անձաւ անարկած:

 

Բարձրունակ բարւոյդ բողոք բիւրային,

Բառնամ բացագանչ բանիւք բօթային,

Բազմողբերգելի բիծք բոսորային,

Բիւրապատկեցան բծողիս բնաւին:

 

Ահա այսպես. պիտի ծնվեն «ծնունդներ հոգևոր» և պիտի աշակերտեն «սերնդե սերունդ» ու պիտի կերակրվեն, ապա` կերակրեն «հայրենի երկրի դպրությամբ»`  Այբից մինչև Քէ` Սկզբից մինչ Վախճան…

 

Խմբագրության կողմից

Հեղինակը նախապատվությունը միանշանակ տալիս է դասական ուղղագրությանը, բայց տեղի տալով հրապարակումը դյուրընկալելի դարձնելու խմբագրության առաջարկին, համաձայնում է տպագրել ժամանակակից ուղղագրությամբ: Չափածո մեջբերումները տրվում են ըստ բնագրերի:  

 

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք