Աղոթք Ակրոպոլիսի բարձունքում

Հեղինակ:

20152101133300888

(1823-1892, ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, բանասեր, ատվածաբան: Հեղինակ է «Սեմական լեզուների պատմությունը», «Գիտության ապագան» և բազում այլ աշխատությունների: Նշանավոր է նրա «Հիսուսի կյանքը» կոթողային երկը):

 

 

(հատված «Մանկական և երիտասարդական հիշողություններ»  գրքից)

 

Ես իմ մանկության մասին հիշողություններ ունեցա շատ ուշ միայն: Այն հրամայական պարտականությունը, որ իմ երիտասարդական տարիներին ինձ ստիպեց ինքս ինձ համար լուծել (ոչ թե հայեցողական անփութությամբ, այլ այն մարդու ջերմեռանդությամբ, որը պայքարում է կյանքի համար) կրոնի և փիլիսոփայության բարձրագույն հարցերը, թույլ չէր տալիս թեկուզ քառորդ ժամով մի հայացք գցել իմ անցյալի վրա: Այնուհետև, նետվելով իմ դարի հոսանքի մեջ, որին անծանոթ էի բացարձակապես, ես հայտնվեցի մի պատկերի առջև, որն այնքան նոր էր ինձ համար, որքան նոր կլիներ Արուսյակ կամ Երևակ մոլորակի հասարակությունը մեր Երկրի մարդկանց համար, եթե նրանք այն տեսնելու հնարավորություն ունենային: Այն ամենը, ինչ տեսել էի Իսիում  և Սեն-Սուլպիսում 2, գտնում էի թերի և բարոյապես նվաստ: Սակայն Էժեն Բյուրնուֆի 3 նման մարդու գիտական և քննադատական մտքի գերազանցությունը, Վիկտոր Կուզենի 4  խոսքի աննման կենդանությունը, այն մեծ նորոգումը, որ Գերմանիան ի հայտ էր բերում պատմական գրեթե բոլոր գիտություններում, նաև իմ ճամփորդությունները և, վերջապես, ստեղծագործելու իմ անսպառ եռանդն ինձ քշեցին տարան առաջ՝ թույլ չտալով, որ մտածեմ այն տարիների մասին, որ արդեն հեռու էին ինձանից: Սիրիայում իմ կեցությունը առավել ևս ինձ հեռացրեց իմ հին հիշողություններից: Ամբողջապես նոր այն զգայությունները, որ ես գտա այնտեղ, այն հայտնությունները, որ ունեցա սքանչելի մի աշխարհի մասին, որ օտար էր մեր ցուրտ և մելամաղձոտ երկրներին, ամբողջովին կլանեցին ինձ: Որոշ ժամանակ իմ երազանքները եղան Գաղաադի 5 այրված լեռնաշղթան, Սաֆեդի 6 արտևանը, որտեղ հայտնվելու է Մեսիան, Կարմելը 7՝ Աստծու կողմից սերմանված իր հողմածաղիկների դաշտերով, և Աֆակայի 8 խորխորատը, որտեղից դուրս է գալիս Ադոնիսի 9 գետը:

Եվ ահա ինձ համար շատ զարմանալի մի բան. 1865 թ. Աթենքում էր, որ, առաջին անգամ լինելով, ետդարձի մի ուժեղ զգացում ունեցա. դա հոգիս ներթափանցված թարմ զեփյուռի ազդեցության նման մի բան էր, որը գալիս էր շա՜տ հեռվից:

Այն տպավորությունը, որ Աթենքը թողեց ինձ վրա, այնքան ցնցող եղավ և այնպիսի ուժեղ զգացում առաջացրեց իմ մեջ, որի նմանը ես երբեք չէի ունեցել:

Աշխարհում կա մի վայր, ուր գոյություն ունի կատարելությունը. դրա նման երկրորդը չկա. հե՜նց այդ մեկն է դա: Նման այլ բան ես երբեք չէի երևակայել: Դա պենտելիկյան մարմարի10 մեջ բյուրեղացած իդեալն էր, որ երևում էր իմ աչքերին: Մինչ այդ ես հավատացել էի, որ կատարելությունն այս աշխարհին չի պատկանում: Դա միակ հայտնությունն էր, որ ինձ թվում էր, թե մոտենում է բացարձակին: Երկար ժամանակից ի վեր, բառիս իսկական իմաստով, ես հրաշքի չէի հավատում: Այսուհանդերձ հրեա ժողովրդի եզակի ճակատագիրը, որը հանգում էր Հիսուսին և քրիստոնեությանը, ինձ թվում էր ինչ-որ բոլորովին ուրույն մի բան: Արդ, հրեական հրաշքի կողքին իմ աչքի առջև ահա գալիս տեղ էր գրավում հունական հրաշքը, մի բան, որ գոյություն է ունեցել միայն մեկ անգամ, որ չի եղել բնավ, որ չի լինելու այլևս, բայց որի ազդեցությունը տևելու է հավիտյան. ուզում եմ ասել՝ հավիտենական գեղեցկության տիպար, առանց տեղական կամ ազգային արատի: Իմ ճանապարհորդությունից առաջ ես լավ գիտեի, որ Հունաստանը ստեղծել է գիտությունը, արվեստը, փիլիսոփայությունը, քաղաքակրթությունը, բայց ինձ պակասում էր սանդղակը: Երբ տեսա Ակրոպոլիսը, ունեցա աստվածայինի հայտնությունը, ինչպես ունեցել էի առաջին անգամ, երբ զգացի, թե ապրում եմ Ավետարանը՝ տեսնելով Հորդանանի հովիտը Կասյունի բարձունքներից:

Ամբողջ աշխարհն այդ ժամանակ ինձ թվաց բարբարոս: Արևելքն ինձ վիրավորեց իր պոռոտ շքեղությամբ, իր ցուցամոլությամբ և քսություններով: Հռոմեացիներն իմ աչքին կոպիտ զինվորներ եղան միայն. ամենագեղեցիկ հռոմեացիների, Օգոստոսի, Տրայանոսի նման կայսրերի վեհությունն իսկ ինձ թվաց սոսկ արհեստական կեցվածք ընդունած մարդկանց գեղեցկություն՝ այս հպարտ և հանգիստ քաղաքացիների պարզ ազնվականության, նրանց բնական անբռնազբոս կեցվածքի համեմատ: Կելտերը, գերմանները, սլավոններն ինձ երևացին որպես մի տեսակ բարեխիղճ, բայց մեծ դժվարությամբ քաղաքակրթված սկյութներ: Մեր միջին դարը ես գտա վայելչությունից զուրկ, դիմագիծ չունեցող մի ժամանակաշրջան՝ արատավորված անտեղի գոռոզությամբ և բծախնդրությամբ: Կարլոս Մեծն ինձ երևաց որպես գերմանացի ծանրամարմին մի ձիապան. մեր ասպետները թվացին թանձրամիտ շինականներ, որոնց վրա կծիծաղեին Թեմիստոկլեսն11  ու Ալկիբիադը 12:

Գոյություն է ունեցել ազնվազարմ մի ժողովուրդ, մի հասարակություն՝ ամբողջովին բաղկացած բանիմաց, հմուտ մարդկանցից, մի ժողովրդապետություն, որն այնպես է ըմբռնել արվեստի այն նրբագույն երանգները, որ մեր նրբաճաշակ արվեստագետները հազիվ կարողանում են նկատել: Գոյություն է ունեցել մի հասարակություն, որն ի վիճակի է եղել հասկանալու, թե ինչում է կայանում հունական տաճարների և պալատների ճակատային սյունազարդ մասի յուրահատուկ գեղեցկությունն ու Պարթենոնի քանդակների գերազանցությունը: Պարզ և ճշմարիտ մեծությանը վերաբերող այս հայտնությունն ինձ ցնցեց մինչև էությանս խորքը: Այն ամենը, ինչ ճանաչել էի մինչ այդ, ինձ թվաց ճիզվիտական ծամածռված արվեստի ձախավեր տքնություն, ռոկոկո՝ բաղկացած սնամեջ շքեղությունից, շաղակրատությունից և ծաղրանկարից:

Գլխավորապես Ակրոպոլիսում էր, որ այս զգացումները պաշարեցին ինձ: Մի սքանչելի ճարտարապետ, ում հետ ճանապարհորդել էի, սովորություն ուներ ինձ ասելու, որ իր համար աստվածների ճշմարտությունը ուղիղ համեմատական է նրանց պատվին կառուցված տաճարների ամրակուռ գեղեցկությանը: Այս հիմքով դատելով՝ Աթենասն անմրցակից է: Արդարև, զարմանալին այն է, որ գեղեցիկն այստեղ ուրիշ բան չէ, եթե ոչ բացարձակ պարկեշտությունը, բնականությունը, հենց հարգանքը աստվածության հանդեպ: Կառույցի աննկատ մասերը նույնքան խնամքով են մշակված, որքան երևացող մասերը:

Այստեղ ոչինչ չկա տեսողական պատրանք առաջացնող այն կեղծ հնարքներից, որոնք, հատկապես մեր եկեղեցիներում, ընծայաբերված առարկայի արժեքի համեմատ աստվածությանը սխալ ուղու մեջ դնելու մի տեսակ մշտական փորձեր են: Այս բարեխղճությունը, այս ողջամտությունը ամոթահար էին անում ինձ, թե բազմիցս նվիրվել եմ նվազ մաքուր իդեալի: Այն ժամերը, որ ես անցկացնում էի այս սրբազան բլրի վրա, աղոթքի ժամեր էին: Իմ ամբողջ կյանքն անցնում էր աչքիս առջևով որպես ընդհանուր մի խոստովանություն: Բայց ամենից տարօրինակն այն էր, որ, խոստովանելով մեղքերս, ի վերջո սիրում էի դրանք: Դասական դառնալու իմ որոշումները ավելի քան երբեք նետում էին ինձ հակադիր բևեռ: Հնամաշ մի թուղթ, որ հայտնաբերեցի ճանապարհորդական իմ գրառումների մեջ, պարունակում է հետևյալը.

Աղոթք, որ արտասանեցի Ակրոպոլիսի բարձունքում, երբ վերջապես սկսեցի հասկանալ նրա կատարյալ գեղեցկությունը

«Ո՜վ վսեմական շքեղություն, ո՜վ գեղեցկություն պարզ և ճշմարիտ, ո՜վ աստվածուհի, ում պաշտամունքը նշանակում է բանականություն և իմաստություն, ում տաճարը բարեխղճության և անկեղծության մի դաս է: Ես ուշ եմ գալիս ու մտնում քո խորհուրդների շեմքից ներս: Բերում եմ քո խորանին բազում խղճահարություններ: Քեզ գտնելու համար կատարել եմ անվերջանալի որոնումներ: Այն նախնական ճանաչումը, որ դու շնորհում էիր նորածին ժպտադեմ աթենացուն, ես ձեռք բերեցի ծա՛նր խորհրդածությունների և երկա՛ր ջանքերի գնով:

Ով կապուտաչյա դիցուհի, ես ծնվել եմ բարբարոս ծնողներից, ապրել եմ բարի և առաքինի կիմերների 13 մոտ, որոնք բնակվում են ցից ժայռերով ծածկված և ամեհի փոթորիկներից մշտապես ծեծված մռայլ ծովի ափին, որի բնակիչները արևի երես հազիվ են տեսնում: Ծովային մամուռները, ջրիմուռները և այն գունավոր ժժմակները, որոնք գտնվում են ամայի ծովախորշերի խորքում, այդ վայրերի ծաղիկներն են: Թվում է, թե ամպերն այնտեղ գույն չունեն, և ուրախությունն իսկ մի քիչ տխուր է: Բայց այդ ժայռերից պաղ ջրի աղբյուրներ են բխում, և երիտասարդ աղջիկների աչքերն այնտեղ նման են այն կանաչ աղբյուրներին, որտեղ ալեծածան խոտերի պատկերի վրա արտացոլվում է երկինքը:

Իմ նախահայրերը, ինչքան կարող ենք խորանալ անցյալի մեջ, նվիրված էին նավագնացությանը այն հեռավոր ծովերում, որոնց ծանոթ չեն եղել քո արգոնավորդները 14: Երիտասարդության տարիներին ես լսել եմ բևեռային ճանապարհորդություններին վերաբերող երգեր, օրորվել եմ ալեծուփ սառցակույտերի, մառախլապատ կաթնագույն ծովերի, անհամար թռչուններով լցված կղզիների հիշողությամբ, թռչուններ, որոնք երգում են լոկ որոշակի ժամերի և միասնաբար թևածելով մթագնում երկինքը:

Պաղեստինի սիրիացիներից ընդունած մի կրոնի պատկանող քահանաներ հոգ տարան իմ կրթությանն ու դաստիարակությանը: Այդ քահանաները իմաստուն և սուրբ մարդիկ էին: Նրանք ինձ սովորեցրին Քրոնոսի 15 երկար պատմությունները, այն աստծու, որն ստեղծել է աշխարհը, և նրա որդու, որը, ասում են, մի ճանապարհորդություն է կատարել երկրի վրա: Նրանց տաճարները եռակի բարձր են, քան քոնը, ո՜վ Էվրիթմի 17, և նման են անտառների, միայն թե դրանք ամրակուռ չեն և փուլ են գալիս ընդամենը հինգ կամ վեց հարյուր տարվա ընթացքում: Դրանք արդյունքն են բարբարոսների երևակայության, որոնք կարծում են, թե կարելի է կառուցել որևէ լավ բան այն կանոններիրց դուրս, որ դու, ո՜վ Բանականություն, նախագծել և ներշնչել ես քո շինարարներին: Բայց այդ տաճարները դուր էին գալիս ինձ. ես չէի ուսումնասիրել քո աստվածային արվեստը. ես այնտեղ գտնում էի Աստծուն: Այնտեղ երգվում էին օրհներգեր, որ ես հիշում եմ դեռ. «Ողջո՛ւյն քեզ, ով ծովի աստղ… դու դշխոն ես այն մարդկանց, ովքեր հեծեծում են արցունքների այս հովտում»: Կամ՝ «Ո՜վ խորհրդավոր Վարդ, ո՜վ փղոսկրյա Աշտարակ, ոսկյա Տո՜ւն, Ա՜ստղ այգաբացի…»: Ո՜վ աստվածուհի, երբ հիշում եմ այդ երգերը, սիրտս հալվում է, և դառնում եմ գրեթե  ուխտադրուժ: Ների՜ր ինձ այս ծաղրը. Դու չես կարող պատկերացնել այն հմայքը, որ բարբարոս մոգերը դրել են այդ ոտանավորների մեջ. և հիմա որքա՛ն դժվար է ինձ հետևել մաքուր բանականությանը:

Եվ հետո, եթե գիտնայիր, թե որքա՛ն դժվար է դարձել նաև քեզ ծառայելը: Ամեն վեհություն անհետացել է: Սկյութները նվաճել են աշխարհը: Չկա այլևս ազատ մարդկանց հանրապետություն. կան միայն թագավորներ, որոնք չեն սերվել ազնվական արյունից, վեհապետներ, որոնց վրա դու կծիծաղեիր: Հեռավոր հյուսիսի ծանրաշարժ բնակիչները թեթևաբարո են կոչում նրանց, ովքեր ծառայում են քեզ…

Խտոնիկ վտանգավոր մի տոնակատարություն, ամեն տեսակ տխմարներից կազմված մի միավորում աշխարհի վրա տարածում է կապարե մի կափարիչ, որի տակ մարդիկ շնչահեղձ են լինում: Որքա՛ն խղճալի պիտի թվան նույնիսկ նրանք, ովքեր մեծարում են քեզ: Հիշո՞ւմ ես այն կալեդոնացուն17, ով հիսուն տարի առաջ մուրճի հարվածներով ջարդուփշուր արեց քո տաճարը՝ այն Թյուլե18 փոխադրելու համար: Այդպես են անում բոլորը… Ըստ քո սիրած կանոններից մի քանիսի՝ ես գրեցի, ո՛վ Թեոնոե, կենսագրությունն այն երիտասարդ աստծու, ում ծառայեցի իմ մանկության ժամանակ: Նրանք ինձ համարում են Էվհեմեր 19. նրանք գրում են ինձ՝ հարցնելու համար, թե ի՛նչ  նպատակ եմ դրել իմ առաջ. նրանք գնահատում են միայն այն, ինչ ծառայում է եկամտաբեր դարձնելու տրապեզիտների20 սեղանները: Իսկ ինչո՞ւ են գրում աստվածների կենսագրությունները, ո°վ երկինք, եթե ոչ նրա համար, որ սիրել տան նրանց մեջ եղած աստվածայինը և ցույց տան, թե այդ աստվածայինն ապրում է դեռ և հավիտյան կապրի մարդկության սրտում:

Հիշո՞ւմ ես Դիոնիսոդորոսի21 արքոնտության22 ժամանակ այն օրը, երբ փոքրամարմին մի տգեղ հրեա, որ սիրիացիների հունարենով էր խոսում, եկավ այստեղ, չափչփեց քո դիմացը գտնվող հրապարակն ու քո գավիթները՝ առանց հասկանալու քեզ, ամբողջապես սխալ կարդաց քո արձանագրությունները և կարծեց, թե քեզ շրջափակող պարսպից ներս գտել է մի խորան՝ նվիրված այն աստծուն, որ իբր թե եղել է անծանոթ Աստվածը:  Այսպես, ուրեմն, փոքրամարմին այս հրեան իր հետ տարավ այդ խորանը: Հազար տարի, ո՛վ Ճշմարտություն, քեզ հետ վարվել են որպես կուռք, հազար տարի աշխարհը եղել է մի անապատ, որտեղ ոչ մի ծաղիկ չի ծլարձակում: Այդ ամբողջ ժամանակ դու լռում էիր, ո՛վ Սալպինքս 23՝  ո՛վ դու շեփոր մտածման: Ո՛վ բարեկարգության աստվածուհի՝ երկնային ամրության դու պատկեր, մարդիկ մեղավոր են եղել, որ քեզ չեն սիրել, իսկ երբ այսօր, ի գին խղճմիտ աշխատանքի, մեզ հաջողվեց մոտենալ քեզ, մեզ մեղադրում են, որ ծանր հանցանք ենք գործել մարդկային մտքի դեմ՝ խզելով այն շղթաները, որ մերժում էր Պլատոնը:

Դո՛ւ ես միայն երիտասարդ, ո՞վ Կորա 24. դո՛ւ ես միայն մաքուր, ո՛վ Կույս. դո՛ւ ես միայն առողջ, ո՛վ Հիգիաս 25. Դո՛ւ ես միայն ուժեղ, ո°վ Վիկտորիա 26: Դո՛ւ ես պահպանում քաղաքները, ո՛վ Պրոմաքոս: Դու Մարսից27 ունես այն, ինչ հարկավոր է, ո՛վ Արեա: 28 Խաղաղությունն է քո նպատակը, ո՛վ Խաղաղասեր, ո°վ Օրենսդիր՝ աղբյուր արդար սահմանադրությունների: Ո՛վ Ժողովրդապետություն, քո հիմնական սկզբունքն այն է, որ ամեն բարիք գալիս է ժողովրդից, և որ ամեն տեղ, ուր չկա ժողովուրդ՝ սնելու և ներշնչելու համար հանճարին, այնտեղ ոչինչ չկա. Սովորեցրո՛ւ մեզ՝ հանելու մաքուր ադամանդը պիղծ ամբոխի միջից: Ո՛վ Նախախնամություն Յուպիտերի 29, դու աստվածային աշխատավորուհի, մա°յր ամենայն ճարտարագիտության, հովանավո՛ր աշխատանքի. Ո՛վ Էրգանե, դու խորհրդանիշն ես հանդիսանում քաղաքակիրթ աշխատավորի ազնվության և նրան այնքան բարձր ես դասում ծույլ սկյութից: Ո°վ Իմաստություն, դու, ում Զևսը ծնեց ինքն իր վրա գալարվելուց և խորը շնչելուց հետո, դու, որ բնակվում ես քո հոր մեջ՝ ամբողջապես միացած նրա էությանը, դո՛ւ ես նրա կյանքի ընկերը և նրա խիղճը: Ո՛վ Զևսից բխող ուժ, դուրս ժայթքող հուր, որ վառում և անշեջ ես պահում կրակը հերոսների և հանճարեղ մարդկանց մեջ, դարձրո՛ւ մեզ ամենակատարյալ ոգեպաշտներ: Այն օրը, երբ աթենացիներն ու Հռոդոս կղզու բնակիչները կռվեցին իրար դեմ՝ զոհ մատուցելու համար քեզ, դու նախընտրեցիր բնակվել աթենացիների մոտ, որպես ավելի իմաստուն մարդկանց: Քո հայրը, սակայն, Պլուտոսին30 ոսկեգույն ամպի մեջ դրած իջեցրեց հռոդոսցիների քաղաքի վրա, որովհետև նրանք նույնպես մեծարել էին իր դստերը: Հռոդոսցիները հարուստ եղան, բայց աթենացիները գերադասեցին միտքը, այսինքն՝ ճշմարիտ ուրախությունը, հավիտենական զվարթությունը, սրտի աստվածային մանկությունը:

Աշխարհը կփրկվի միայն քե՛զ վերադառնալով, հրաժարվելով իր բարբարոսական կապանքներից: Վազենք, գանք այստեղ խմբովին: Ի՛նչ գեղեցիկ օր կլինի այն օրը, երբ քո տաճարից բեկորներ ձեռք բերած քաղաքները՝ Վենետիկը, Փարիզը, Լոնդոնը, Կոպենհագենը, կնորոգեն իրենց գողոնները, սրբազան հանդիսավոր մի ուխտագնացություն կկազմակերպեն՝ վերադարձնելու համար այդ գողոնները, ասելով. «Ների՛ր մեզ, աստվածուհի», դա նրա համար էր, որ փրկենք դրանք խավարի չար ոգիներից՚, և սրնգի նվագակցությամբ կվերակառուցեն քո պարիսպները՝ քավելու համար վատահամբավ Լիսանդրոսի31 ոճիրը: Ապա կգնան Սպարտա՝  անիծելու համար այն հողը, ուր տեղի ունեցավ անբուժելի սխալներից այդ մեծագույնը, և նախատելու այն, քանզի այլևս չկա:

Հաստատակամ  կանգնած քո մեջ՝ պիտի ընդդիմանամ իմ ճակատագրական խորհրդատուներին՝ իմ հոռետեսությանը, որը կասկած է առաջացնում ժողովրդի ամենազորության նկատմամբ, իմ մտքի անհանգստությանը, որը, երբ գտնված է ճշմարիտը, փնտրել է տալիս տակավին, իմ երևակայությանը, որը բանականության իր խոսքն ասելուց հետո էլ դեռ արգելում է ինձ հանգստանալ: Ո՛վ Արխեգետ, դու հնագույն իդեալ, որն հանճարեղ մարդը մարմնավորել է իր գլուխգործոցներում, ես գերադասում եմ լինել վերջինը քո տանը, քան առաջինը՝ այլուր: Այո°, պիտի փակչեմ մնամ քո տաճարի սյան պատվանդանին, պիտի մոռանամ ամեն կարգավորություն քո կարգավորությունից բացի, պիտի դառնամ սյունաբնակ ճգնավոր քո սյուների վրա, իմ խուցը պիտի լինի քո քովթարի վրա: Եվ, ինչը որ ավելի դժվարին է, քեզ համար (եթե կարողանամ) պիտի լինեմ մոլեռանդ, կողմնակալ: Պիտի սիրեմ միայն քե՛զ: Պիտի սովորեմ քո լեզուն և մոռանամ այն ամենը, ինչ սովորել եմ: Պիտի լինեմ անհաշտ քեզ հետ չկապվող ամեն բանի հետ: Պիտի լինեմ քո որդիներից ամենահետինի սպասավորը, պիտի գովաբանեմ, փաղաքշեմ նրանց: Պիտի փորձեմ սիրել մինչև իսկ նրանց թերությունները: Պիտի համոզեմ ինձ, ո՛վ Հիպպիա32, որ նրանք ծագել են այն հեծյալներից, ովքեր այստեղ՝ վերևում, քո մարմարե սյունազարդերում կատարում են իրենց հավերժական տոնախմբությունը: Ես պիտի պոկեմ իմ սրտից ամեն նյարդ, որ բանականություն և մաքուր արվեստ չէ: Պիտի դադարեմ իմ հիվանդությունները սիրելուց և իմ ջերմախտի մեջ հաճոյանալուց: Ամո՛ւր պահիր իմ հաստատ խոսքը, ո՛վ Կեցուցիչ, օգնի՛ր ինձ, ո՛վ Փրկարար:

Արդարև, ինչպիսի՛ դժվարություններ եմ նախատեսում, ինչպիսի՛ մտավոր սովորություններ ունեմ փոխելու, ինչպիսի՛ սքանչելի հիշողություննե՛ր պիտի պոկեմ իմ սրտից: Պիտի փորձեմ: Բայց ես վստահ չեմ, թե կկարողանամ: Ուշ ճանաչեցի քեզ, ո՛վ կատարյալ գեղեցկություն: Հետդարձի ընկրկումներ, թուլություններ եմ ունենալու: Մի փիլիսոփայություն (հոռի անկասկած) ինձ մղեց հավատալու, որ բարին և չարը, հաճույքը և վիշտը, գեղեցիկը և տգեղը, առողջ բանականությունն ու հիմարությունը փոխակերպվում են մեկը մյուսի մեջ այնքան անզանազանելի երանգներով, որքան անզանազանելի են աղավնու պարանոցի երանգները: Բացարձակապես ոչինչ չսիրելն ու ոչինչ  չատելը դառնում է, ուրեմն, իմաստություն: Եթե մի հասարակություն, մի փիլիսոփայություն կամ մի կրոն ունենար բացարձակ ճշմարտություն, ապա այդ հասարակությունը, այդ փիլիսոփայությունը, այդ կրոնը հաղթած կլիներ մյուսներին և առանձին կապրեր այսօր: Բոլոր նրանք, ովքեր մինչև օրս հավատացել են, թե իրենք իրավացի են եղել, սխալվել են. մենք դա տեսնում ենք հստակորեն: Կարո՞ղ ենք առանց հիմար ինքնավստահության հավատալ, թե ապագան մեզ չի դատելու, ինչպես որ մենք դատում ենք անցյալը: Ահա այն հայհոյանքները, որ ինձ թելադրում է խորապես ապականված իմ միտքը: Ամեն տեսակետից առողջ մի գրականություն, ինչպիսին քոնն է, հիմա այլևս ձանձրույթ կպատճառեր միայն:

Գիտեմ, դու ծիծաղում ես իմ միամտության վրա: Այո՛, ձանձրույթ… Մենք այլասերված ենք, ի՛նչ արած: Ես ավելի առաջ կգնամ, ո՛վ ուղղափառ աստվածուհի. կհայտնեմ քեզ իմ սրտի ներքին ապականությունը: Բանականությունն ու ողջամտությունը բավական չեն: Բանաստեղծություն կա սառած Ստրյումոնի 33 և Թրակիայի բորբոքուն եռանդի մեջ: Կգան դարեր, երբ քո աշակերտները կհամարվեն ձանձրույթի աշակերտներ: Աշխարհն ավելի մեծ է, քան դու կարծում ես: Եթե դու տեսած լինեիր բևեռային ձյուները և ճանաչած՝ հարավային երկնքի խորհուրդները, քո ճակատը, ո՛վ մշտապես խաղաղ աստվածուհի, այդքան պարզ ու պայծառ չէր լինի. քո միտքը կլիներ ավելի ընդարձակ և կընդգրկեր գեղեցկության այլազան տեսակներ:

Դու ճշմարիտ ես, մաքուր, կատարյալ. քո մարմարն անարատ է, բայց Այա Սոֆիայի տաճարը, որ Բյուզանդիայում է, նմանապես աստվածային մի ազդեցություն է գործում իր թրծված աղյուսներով և գաջաքարերով: Դա երկնակամարի ճշգրիտ պատկերն է: Դա կկործանվի: Եթե քո տաճարի ներքնամասը դրա նման լիներ նույնքան լայն՝ իր մեջ պարփակելու համար մի ամբոխ, կկործանվեր նույնպես:

«Մոռացման անսահման մի գետ մեզ քաշում տանում է դեպի անանուն մի խորխորատ: Ո°վ կորստյան վիհ, դու միակ Աստվածն ես: Բոլոր ժողովուրդների արցունքները ճշմարիտ արցունքներ են: Բոլոր իմաստուն մարդկանց երազները պարունակում են ճշմարտության մի մաս: Այս աշխարհում ամեն բան միայն երազ է և խորհրդանիշ: Աստվածներն էլ անցնում են մարդկանց նման, և լավ չէ, որ նրանք լինեն հավիտենական: Այն հավատը, որ ունեցել ենք, կապանք չպետք է լինի բնավ: Մենք մեր պարտքը հատուցած կլինենք այդ հավատի նկատմամբ, երբ այն խնամքով փաթաթենք ու դնենք այն ծիրանագույն պատանքի մեջ, ուր ննջում են մեռած աստվածները»:

 

 

Ֆրանսերենից թարգմանեց

Պարգև Շահբազյանը

 

1. Իսի — արվարձանային փոքր քաղաք Փարիզի մերձակայքում (ծնթ. թարգմ.)

2. Սեն-Սուլպիս — եկեղեցի, որ գտնվում է Փարիզի կենտրոնում, Սեն-Ժերմեն դե Պրե եկեղեցու և Լյուքսեմբուրգի պալատի միջև£ (Ծնթ. թարգմ.)

3. Էժեն Բյուրնուֆ (1801-1852) — ֆրանսիացի հմուտ արևելագետ, որը սանսկրիտի միջոցով վերծանեց զենդերենը: Այս գիտնականն էր, որ արևմտյան ժողովուրդներին ծանոթացրեց բուդդայական ուսմունքին: (Ծնթ. թարգմ.)

4. Վիկտոր Կուզեն (1794-1867) — ֆրանսիացի հայտնի գիտնական և փիլիսոփա: Որպես պրոֆեսոր երկար տարիներ դասախոսել է «Էկոլ Նորմալ» բարձրագույն դպրոցում և Սորբոնի համալսարանում: Համարվում է Էկլեկտիզմի և ոգեպաշտ փիլիսոփայության հիմնադիրը Ֆրանսիայում: (Ծնթ. թարգմ.)

5. Գաղաադ — երկրամաս Պաղեստինում՝ Հորդանանի և Արաբական անապատի միջև: (Ծնթ. թարգմ.)

6. Սաֆեդ կամ Սաֆադ — փոքր քաղաք, որ գտնվում է վերին Գալիլեայում: (Ծնթ. թարգմ.)

7. Կարմել — բարձրաբերձ ժայռոտ սարավանդ, որը Սամարիան առանձնացնում է Հորդանանի հովտից: (Ծնթ. թարգմ.)

8. Աֆակա — փյունիկյան դիցաբանության մեջ Աֆակայի խորխորատը խորհրդանշում է դժոխքը: (Ծնթ. թարգմ.)

9. Ադոնիս — փյունիկյան աստված,  որ սպանվեց  մի  վարազի  կողմից: Նրա սիրուհին՝ Աստարտեն, նրան փնտրելու գնաց այն խորխորատը, ուր ընկել էր նրա մարմինը: (Ծնթ. թարգմ):

10. Պենտելիկյան մարմար — մարմարի ազնիվ մի տեսակ, որ Ատտիկեում է գտնվում: (Ծնթ. թարգմ.)

11. Թեմիստոկլես (528 — 462Ք.ա) — աթենացի զորավար և պետական գործիչ: Մարաթոնի ճակատամարտում  տարած փայլուն հաղթանակից հետո նա Աթենքը դարձրեց հելլենական աշխարհի ծովային հզոր պետություն՝ վերակազմակերպելով հունական նավատորմը: Սալամինում տարած հաղթանակով (480 թ.) նա ազատեց Հունաստանը պարսկական վտանգից: (Ծնթ. թարգմ.):

12. Ալկիբիադ (450-404 Ք.ա) — աթենացի զորավար և ականավոր քաղաքական գործիչ: Մեծացել և դաստիարակվել է իր մորեղբոր՝ Պերիկլեսի մոտ և հետագայում եղել է Սոկրատի սիրած աշակերտը, փրկել է նրա կյանքը Պոտիդեայի ճակատամարտում: Լինելով ժողովրդապետական կուսակցության ղեկավարը և հունական բանակի աղդեցիկ զորավար՝ նա հռետորական իր տաղանդով ոգեշնչել և հմայել է իր զինվորներին և համաքաղաքացիներին: (Ծնթ. թարգմ.):

13. Կիմերներ — հին ժողովուրդ, որ հեռավոր ժամանակներում ապրել է Սև ծովի հարավային ափին: (Ծնթ. թարգմ.)

14. Արգոնավորդներ — արգոնավորդները այն հին հույներն էին, որ Արգո նավով գնացել էին Կոլխիդա՝ տիրանալու Ոսկե գեղմին: (Ծնթ. թարգմ.)

15. Քրոնոս — ըստ հունական դիցաբանության՝ Ուրանոսի և Գեայի որդին՝ Զևսի հայրը: (Ծնթ. թարգմ.):

16. Էվրիթմի — գծերի, գույների, հնչյունների համաչափությունը մարմնավորող դիցուհի: (Ծնթ. թարգմ.):

17. Կալեդոնացի — հնում Կալեդոնիա էր կոչվում Մեծ Բրիտանիայի տարածքի մի մասը, որի բնակիչներին անվանում էին կալեդոնացիներ: (Ծնթ. թարգմ):

18. Թյուլե — հնում այս անունով էր ծանոթ Եվրոպայի հյուսիսում գտնվող կղզիներից մեկը՝ հավանաբար Իսլանդիան: (Ծնթ. թարգմ):

19. Էվհեմեր — փիլիսոփայական հակումներով հույն գրող, որն ապրել է Քրիստոսից առաջ 9-րդ դարի վերջին: (Ծնթ. թարգմ):

20. Տրապեզիտ — հին աթենացի լումայափոխ, որը սեղանի առջև նստած տարբեր տեսակի դրամների փոխանակությամբ էր զբաղվում: (Ծնթ. թարգմ):

21. Դիոնիսոդորոս — Պլատոնի դիալոգներում հանդես եկող հնադարի հույն փիլիսոփա: (Ծնթ. թարգմ):

22. Արքոնտություն — հնադարում արքոնտ էին կոչում աթենացի ատենակալներին: (Ծնթ. թարգմ):

23. Սալպինքս — ուղիղ և երկար շեփոր, որ գործածվում էր բանակներում և հանդիսավոր երթերի ժամանակ: (Ծնթ. թարգմ):

24. Կորա — Հին հունական դրամի տեսակ, որի վրա պատկերված էր Աթենասի գլուխը: (Ծնթ. թարգմ)

25. Հիգիաս — առողջապահության աստվածուհի: Հունական դիցաբանության մեջ պատկերված է երիտասարդ կնոջ կերպարանքով՝ հագին սպիտակ պարեգոտ, ապարոշ, խույրը գլխին օձի հետ, որին կերակրում է մի պնակից: Մեր օրերում գավաթը օձի հետ դարձել է բժշկության խորհրդանիշը: (Ծնթ. թարգմ)

26. Վիկտորիա — հաղթանակի թևավոր աստվածուհի, Զևսի մշտական ուղեկիցը: Հունական դիցաբանության մեջ պատկերվել է կնոջ կերպարանքով՝ մի ձեռքում բռնած արմավենու ճյուղ, մյուսում՝ պսակ: (Ծնթ. թարգմ)

27. Մարս — պատերազմի աստվածը: (Ծնթ. թարգմ)

28. Արեա — ծառազարդ սրբազան գավիթ, որի մեջտեղում հետագայում կառուցվեցին Արևելքի առաջին եկեղեցիները: (Ծնթ. թարգմ)

29. Յուպիտեր — գերագույն աստված: Հունական դիցաբանության մեջ Յոււպիտերը մարմնավորել է չարի ու բարու գաղափարները: Հասկացվել է որպես աղետաբեր մթնոլորտային երևույթների աստված: (Ծնթ. թարգմ)

30. Պլուտոս — դժոխքի աստվածը հունական դիցաբանության մեջ: (Ծնթ. թարգմ)

31. Լիսանդրոս — սպարտացի զորավար, որ խորտակեց աթենացիների նավատորմը Թրակիայի Այգոս-Պոտամոս կոչված գետաբերանում և գրավեց Աթենքը 404 թ. (ն. Ք.)՝ հիմնահատակ կործանելով նրա պարիսպները: (Ծնթ. թարգմ)

32. Հիպպիա — Պլատոնի երկու դիալոգներին տրված տիտղոսը: (Ծնթ. թարգմ)

33. Ստրյումոն — Բուլղարիայի և Հունաստանի միջով անցնող գետ, որը թափվում է Էգեյան ծովը: (Ծնթ. թարգմ):

 

 

 

Անդին 6, 2014

Կարծիքներ

կարծիք