«Քո հողի վրա ուրիշ մարդ ես»

Լուսանկար

Քանդակագործ Գրիգոր Մանուկյանը ծնվել է Բեյրութում: Ապրել և ստեղծագործել է Հայաստանում, Էստոնիայում և ԱՄՆ-ում: Արդեն տասնմեկ տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել հայրենիքում՝ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Գրիգոր Մանուկյանի հետ զրուցել ենք ստեղծագործական որոնումների, հայրենիք վերադառնալու և մի շարք այլ հարցերի շուրջ:

Մայրս երազում էր

Մայրս Ադանայից էր, հայրս՝ Կեսարիայի Թալաս քաղաքից։ Բեյրութում են հանդիպել: Ծնվել ենք ես և երկու քույրերս:

Փոքր էի, երբ մայրս ինձ ջութակի տարավ: Հայտնի ջութակահար ազգական ունեի Հունաստանում: Երազում էր, որ ես էլ ջութակահար դառնամ: Չէի սիրում ջութակ, բայց հաճախում էի դասերի: Իսկ երբ ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան, ջութակը մի կողմ թողեցի:

Ջութակի հանդեպ սեր առաջացավ ԱՄՆ-ում ապրելու տարիներին: Շաբաթը մեկ անգամ նվագում էի եկեղեցում: Շատ նուրբ զգացումներ կան ջութակի մեջ: Երբ եկեղեցուց տուն էի գնում, նորից էի նվագում: Մորս դեմքն էր գալիս աչքիս առաջ: Այդ ժամանակ մայրս արդեն չկար:

 

Լիբանանից Հայաստան

Մայրս պատմում է՝ մի օր հայրդ եկավ աշխատանքից ու սկսեց վարագույրները հանել, հարցրի՝ ինչ ես անում, ասաց՝ գնում ենք Հայաստան:

1947 թվականն էր, երբ  Հայաստան եկանք: Մեզ հողամաս տրամադրեցին Նոր Արեշում: Հայրս և հորեղբայրս այնտեղ երկհարկանի տուն կառուցեցին: Չորս տարի այնտեղ ապրելուց հետո տեղափոխվեցինք Արաբկիր՝ Խնկո Ապոր փողոց: Հայրս այնտեղ նոր տուն կառուցեց: Ծանր տարիներ էին: Դուռ ու լուսամուտ փակում էինք, որ հանկարծ մի սխալ բան չլսեն ու մեզ աքսորեն Սիբիր:

Խնկո Ապոր փողոցում ընկերացա նկարչի և քանդակագործի որդի Սուրեն Բաղդասարյանի հետ։ Միասին նախապատրաստական կուրս անցանք  Թերլեմեզյանում, իսկ արդեն հաջորդ տարի ընդունվեցինք գեղանկարչության բաժին:

 

Գույն, ոչ թե ներկ

Նկարիչներ Ցոլակ Ազիզյանն ու Գրիգոր Աղասյանն էին իմ ուսուցիչները Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Ազիզյանն ասում էր՝ ներկը անմիջապես կտավի վրա խառնեք, ոչ թե  ներկապնակի, որ թարմ գույն ստացվի, ոչ թե ներկ։ Գրիգոր Աղասյանն էլ խորհուրդ էր տալիս քիչ խոսել և շատ գործել: Հիմա ես շատախոսում եմ (ծիծաղում է,-հեղ.):

Թերլեմեզյանն ավարտելուց հետո կրթությունս շարունակեցի Էստոնիայի գեղարվեստի ակադեմիայում: Երեք-չորս ամիս անց արդեն խոսում էի էստոներեն։ Մտերմացա մի էստոնուհու հետ, ամուսնացանք, ծնվեցին երկու որդիներս: Տանը էստոներեն էինք խոսում՝ առանց մտածելու, որ այդպես երեխաները հայերեն չեն իմանա։

 

Հեքիաթի մեջ

Երկրորդ կինս Լոռու մարզից է՝ Վարդաբլուր գյուղից: Այնտեղ էլ ենք ապրում: Գյուղում ապրելը, ամեն օր այդ օդը շնչելը, այդ բնությունը տեսնելը, ուրիշ բան է: Հեքիաթի մեջ ես ապրում։ Շատ գոհ եմ իմ ճակատագրից, որ հայտնվեցի նման գեղատեսիս վայրում:

 

Պատկեր, թե՞ ծավալ

Սկզբում պատկերներ էի սիրում, հիմա՝ ծավալներ: Մտածում եմ՝ Գրիգոր հորեղբորիցս է եկել քանդակի հանդեպ սերը: Պատմում են, որ ձեռքին միշտ դանակ և փայտ է ունեցել, ինչ-որ ֆիգուրներ փորագրել: Գրիգորին թուրքերն են սպանել: Ես նրա անունն եմ կրում:

 

Ապրիլ 24

Իմ «Ապրիլ 24» քանդակը տեղադրված է Ստեփանավանի դպրոցներից մեկի բակում: Խաչի վրա հենված կին է: Ցանկացել եմ ասել, որ մենք մեր հավատով փրկվեցինք: 1915 թվականը խորհրդանշող մի քանդակ էլ ունեմ. քառակուսի սյուն է: Սյունն ուժեղ հարված է ստացել, թվում է՝ ուղղելն անհնար է. պետք է փորձենք: Նախքան իմ մահը կուզեի այդ քանդակս կանգնեցված տեսնել:

 

Ամերիկա՜, Ամերիկա՜

Ամերիկա բառն անգամ ինձ համար տհաճ է հիմա։ Ինչքան խենթ եմ եղել, որ գնացել եմ։ Երիտասարդ ես, լսում ես՝ Եվրոպա՜, Ամերիկա՜: Մտածում ես՝ գնամ, գնամ, գնամ:  Գնա, տեսնեմ՝ ինչ պիտի անես։ Ափսոսում եմ, թեև շատ ձեռքբերումներ ունեցա0: Մշակութային միջավայրը Էստոնիայում, ԱՄՆ-ում ինձ ուրիշ է դարձրել: Եթե մնայի Երևանում, չէի լինի այն, ինչ եմ:

 

Դեպի կինո

ԱՄՆ-ի պատկերասրահներից մեկում հարյուրից ավելի աշխատանքներ ունեմ: Պատկերասրահը դրանք վարձակալության է տալիս ֆիլմարտադրող ընկերությունների։ Քանդակները վերցնում են որոշ ժամանակով, որ իրենց ֆիլմի որևէ դրվագում նկարահանեն: Տղաս է ինձ տեղյակ պահում: Զանգահարում  է, ասում՝  այս ֆիլմում քո քանդակն եմ տեսել։

 

Քանդակներ, թե՞ ծավալաձևեր

Էստոնիայում, ԱՄՆ-ում, եթե եռաչափ է, ուրեմն քանդակ է: Հայաստանում իմ աշխատանքները քանդակ չեն անվանում: Քանդակագործներ կան, որ ասում են՝ քո արածը քանդակ չի, ասում եմ՝ լավ, քանդակ չի, քանդակ չի (ժպտում է,-հեղ.): Ինչ, որ արել եմ, դրան եմ հավատում։

 

Քո հողի վրա ուրիշ մարդ ես

Հայրենիքում քո ձվի կեղևի մեջ ես, ուրիշ մարդ ես: Ես դա զգացի, երբ քսանհինգ տարի դրսում ապրելուց հետո վերադարձա Հայաստան: Անբացատրելի զգացում էր: Հիմա էլ փշաքաղվում եմ այդ օրերը հիշելիս:

 

Ստեղծագործ միջատ, թե՞ սխալմունք

Տիեզերքը էլեկտրամագնիսական մեքենա է, որն անընդհատ աշխատում է: Մարդն է այն միակ միջատը, որ ստեղծագործում է տիեզերքում: Ստեղծագործ միտք ունենալով՝ նա կարող է փչացնել ամեն ինչ: Եթե ստեղծում ես ատոմային ռումբ, սպանում ուրիշներին ու վտանգում քեզ, ուրեմն դու սխալմունք ես տիեզերքում:

 

Մարդուն տրված ժամանակը

Մարդ արարածը ժամանակի ճիրանների մեջ է։ Կյանքը քեզ հասունացնում է, ինչպես ծառի պտուղ: Երբ հասունանում ես, գնալու ժամանակն է։

 

Կարևորի մասին

Ամենակարևորը ինքդ քեզ հետ ազնիվ  լինելն է, այն, ինչ անում ես, անել սիրով:

 

Իմ երազանքը

Երազանքս մոնումենտալ ծավալաձևերի պուրակ հիմնելն է, որտեղ ներկայացված կլինեն իմ հիսուն քանդակները: Հիմա դրանք փոքր մակետներ են միայն: Կուզեի, որ վիլսոնյան Հայաստանը (նկատի ունի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված տարածքները,-հեղ.) մերը լիներ և այդ Հայաստանում տեղադրեինք քանդակներս։

1234

Զրուցեց Աննա Կարապետյանը

Share

Կարծիքներ

կարծիք