Քարը երկնքի ծանրությունն ունի

Լուսանկար

Քարը երկնքի ծանրությունն ունի.
Երկինքն ընկնում է, քարը՝ բարձրանում:
Մի անկարելի շունչ է կարծրանում
Արգելափակված ներսում անհունի:

Թե այստեղ էիր՝ որտե՞ղ ես հիմա.
Քնեցիր՝ հուշդ առևանգված է:
Շնչարգելության երախը բաց է,
Որ ստվերներ է որձկում ակամա:

Ուրվագծել են ու նկարել են
Ունայնությունը «ստեղծագործ ջանքի»:
Այլուրեք տանող ծիսամիջանցքի
Բերանը ծեփել-շարաքարել են:

Ուրվագծել են ու նկարել են
Մարած հուշերն ու ապրումները կեղծ-
Բուտաֆորային աստղերով հանդերձ,
Որ երկնասփյուռ շիրմաքարեր են:

Էլ ոչ մի կարոտ չի տանում անդին,
Ու չի բռնկվում ոչ մի հիացում:
Աշխարհն այլևս խորթ է ու խրթին,
Հանց օտար լեզվով մի ներկայացում:

Share

Կարծիքներ

կարծիք