Քարակերտ երազներ

Հեղինակ:

20152201123324574

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպը՝ Անդինի էջերում

Օրերս Անդինի հյուրն էր Լուսիկ Ագուլեցին: Նրան խմբագրություն հրավիրելու առիթը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վերջերս ռուսերեն հրապարակված «Քարակերտ երազներ» («Дружба Народов», 2012, 12) վեպ-ռեքվիեմն էր, որը մեծ աղմուկ է հանել Ադրբեջանում: 

Աքրամ Այլիսլին լավ գիտի Ագուլիսը. ծնունդով այնտեղից է, Այլիսլի գրական անունն էլ Ագուլիս տեղանվան աղավաղված՝ ադրբեջանական հնչողությունն է. Այլիսլի՝ այսինքն՝ Ագուլիսցի:

Վեպում բավական հաճախ է հիշատակվում Լյուսիկ անունով մի հայ աղջիկ, որը ամառները գալիս է իր տատ Հայկանուշի մոտ և ժամեր ու օրեր շարունակ եկեղեցիներ նկարում: 

Ենթադրելով, որ Աքրամ Այլիսլիի վրա անմոռանալի տպավորություն թողած Լյուսիկը ճանաչված ու սիրված Լուսիկ Ագուլեցին է, նրան հրավիրեցինք խմբագրություն:

Պարզվեց՝ չենք սխալվել: Լուսիկ Ագուլեցին ինքն էլ բավական լավ էր հիշում Աքրամ Նաջաֆ օղլի Նաիբովին՝ Աքրամ Այլիսլիին, որը հույժ կիրթ ու մարդասեր, զգայուն ու բարի երիտասարդ է եղել, մի շարք դրվագներ պատմեց իրենց հարաբերություններից, Ագուլիսի իր հուշերից ու տպավորություններից: Ուշագրավ է, որ ըստ Լուսիկ Ագուլեցու՝ թեև վեպում որոշ գործող անձանց անունները փոխված են, սակայն նրանց նախատիպերը, դեպքերն ու իրադարձությունները տրված են վավերական ճշտությամբ, շատերն էլ ներկայացված են հենց իրենց անվամբ:

Դա հուշում է, որ այդպիսի ճշգրտությամբ են ներկայացված նաև վեպի մյուս գործողությունները, հերոսների կերպարները, ապրումները և ռեքվիեմը, որ ձոնված է թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին:

75-ամյա Աքրամ Այլիսլին Ադրբեջանի ժողովրդական գրող էր, արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի բարձրագույն՝ «Իստիգլալ»  և «Շոխրաթ» շքանշանների ասպետ: Ասում ենք «էր», որովհետև այս վեպի հրապարակումից հետո նրան զրկել են կոչումներից և պարգևներից, հրապարակավ ենթարկել անարգանքի ու սպառնալիքների («Ենի մուսավաթ» կուսակցության պարագլուխները 10 հազար մանաթ՝ մոտ 12 հազար դոլար են խոստացել նրան, ով կկտրի գրողի ականջը…):

Ինչո՞ւ է ճանաչված գրողը, որի ստեղծագործությունները ժամանակին թարգմանվել են Խորհրդային Միության և արևելաեվրոպական բոլոր լեզուներով, հրատարակվել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, որի պիեսները բեմադրվել են Ադրբեջանի թատրոններում, որը մի քանի ֆիլմերի սցենարիստ է, ադրբեջաներեն է թարգմանել Տուրգենևի, Կորոլենկոյի, Չեխովի, Պաուստովսկու, Շուկշինի, Այթմատովի, Մարկեսի, Ռուշդիի երկերը, բանադրանքի ենթարկվում և հալածվում իր երկրում:

Որովհետև Աքրամ Այլիսլին մտավորականի, հումանիստի և ճշմարիտ հայրենասերի խիզախում է ունեցել իր վեպում ճշմարտությունն ասելու Սումգայիթի և Բաքվի մերօրյա ջարդերի ու 1919 թվականի Ագուլիսի կոտորածների մասին, տառապել իր ժողովրդի գործած ոճիրների համար և Աստծուց ներում հայցել:

Վեպի գլխավոր հերոսը՝ հայտնի դերասան ու զտարյուն մտավորական, որի նախատիպը, ըստ ամենայնի, գրողն ինքն է, փորձում է օգնության հասնել Բաքվում դաժան սպանության զոհ գնացող մի հայ ծերունու, սակայն ինքն էլ է վայրագ ծեծի ենթարկվում արյունարբու հայրենակիցների կողմից, տեղափոխվում հիվանդանոց, ուր և մահանում է՝ գիտակցության չգալով:

Վեպի հիմնական սյուժետային գծերից մեկը մահվան թմբիրին հանձնված հերոսի տեսիլքները, վերապրումներն ու վերհուշերն են, որոնք կապված են Ագուլիսի հետ. Ագուլիսի եկեղեցիներն են նրա «քարակերտ երազները», Էջմիածնում իր ժողովրդի մեղքերի թողության համար աղոթելը՝ յուրօրինակ քավություն:

Այս ամենը Աքրամ Այլիսլին ներկայացնում է տառապագին ցավով, Ագուլիսը պատկերելով իբրև տեղի հայերի ձեռքով ստեղծված աստվածային դրախտավայր, ուր թևածում է Աստծու լույսը և ողողում մարդկանց և ամենայն բան:

 

 

 

Նվիրվում է իմ երկրացիների hիշատակին, ովքեր իրենցից հետո թողեցին անամոք ցավ

 

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ

Ծեր հանդերձապահուհու առեղծվածային մահը, նշանավոր դերասանի մահացու վտանգավոր կատակը և ատրճանակ-կուստոմսը

 

Հիվանդի վիճակը շատ ծանր էր. նրան հենց նոր բերել էին Բաքվի խոշոր հիվանդանոցներից մեկի վնասվածքաբանության բաժանմունք:

Պատգարակի վրա անգիտակից պառկած հիվանդին հիվանդանոցի ողջ հարկաբաժնի երկարուձիգ ու կիսախավար միջանցքով տանում էին դեպի շենքի մյուս թևում գտնվող վիրահատարանը: Նրան տանում էին սպիտակ խալաթավոր երկու կին և ևս երկու տղամարդ՝ նույնպիսի խալաթներով: Պատգարակի կողքով քայլում էր և ինքը վիրաբույժը՝ նիհարավուն, ալեհեր, միջահասակ տղամարդ, որն իր գործընկերներից տարբերվում էր զսպվածությամբ, տիրական խստադեմությամբ և խալաթի անբասիր մաքրությամբ:

Եվ եթե կար մի բան, որ անհարիր էր թվում հիվանդանոցային կյանքի սովորական առօրյային, հիվանդին բերած մարդու ողբերգորեն զավեշտալի կերպարն էր և մանավանդ  շարժումները: Նա հիսունհինգից վաթսուն տարեկան փոքրամարմին և վետվետուն տղամարդ էր՝ պստիկ դեմքով, որը բոլորովին չէր համապատասխանում վիթխարի կլոր փորին: Նա վազվզում էր բժշկի շուրջը՝ անընդհատ կրկնելով նույն բանը.

-Բժի՛շկ… հարազա՛տս… բժի՛շկ… սպանեցին: Էսպիսի մարդուն օրը ցերեկով ծեծեցին, ոչնչացրին: Դրանք «երազներն» էին (երազներ- երևանցի ադրբեջանցիներ-ծան. թարգմ.), էդ «երազները» արեցին… «Երազ» տղերքից էին… հինգ-վեց հոգի: Էդ շան որդի փախստականները հեչ չեն հարգում մարդկանց, բժիշկ, հարազատս… Ո՛չ դերասաններին  են մարդու տեղ դնում, ո՛չ բանաստեղծներին, ո՛չ գրողներին: Հապա փորձիր մեկն ու մեկին ասես՝ հայ է, ու վերջ: Միանգամից կբռնեն ոտքի տակ կգցեն ու ջարդուփշուր կանեն վայրի գազանների պես: Բզիկ-բզիկ կանեն, ու ոչ մեկը սիրտ չի անի մոտ գա… Ես իրենց ասում եմ՝ մի՛ խփեք, էս մարդը, ասում եմ, հայ չի, ախր ինքը մեր մարդն է, մեր ազգի որդին, ազգի պարծանքն ու խիղճն է նա: Բայց դե լսող չկա:  Կարգին չթողեցին՝ գոնե անունս ասեմ: Էնպես ոտքով խփեցին կողերիս, որ քիչ մնաց տեղնուտեղը մնայի… Այ էստեղ, բժիշկ, աջ կողքս… ցավը հո չի սպանում…

Բժիշկն այնքան էլ լավ չէր հասկանում՝ ինչ էր ասում հիվանդին բերած մարդը: Հնարավոր է՝ չէր էլ ուզում հասկանալ: Կամ գուցե նույնիսկ չէր էլ լսում, թե ինչ է անվերջ մռթմռթում այդ խուճապահար, ծիծաղելի տղամարդը, որը դեղին փողկապ էր կապել շագանակագույն վերնաշապկին: Սակայն դիտողունակ մարդը կնկատեր, որ բժիշկը մերթ-մերթ խնդմնդում էր բեղի տակ: Եվ ոչ այն պատճառով, որ հիվանդին բերած մարդու ամեն խոսքի, ամեն ժեստի հետ ծիծաղելի իրավիճակ էր ստեղծվում: Ավելի շատ նրա համար, որ պատգարակին պառկած բացգույն մազերով տղամարդը շատ էր նիհար ու բարձրահասակ: Եվ, ով գիտե, այդ երկուսի հակադիր կերպարները բժշկին գուցե հիշեցնում էին Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի պատմության ամենավշտալի էջերը:

Երբ նրանք հասան վիրահատարանի դռներին, սպիտակ խալաթավոր տղամարդկանցից մեկը փակեց դեղին փողկապով մարդու ճանապարհը:

-Թողեք գա,- ասաց բժիշկը:- Կարծում եմ՝ բան ունի ասելու: Թող արտահայտվի:

Վիրահատարանը, որը զգալի փոքր էր միջանցքից, այնուամենայնիվ թվաց ընդարձակ մի սրահ՝ բարձր առաստաղով և հսկայական պատուհաններով: Հենց կենտրոնում դրված վիրահատության սեղանը նման էր այն պատգարակին, որին պառկած էր հիվանդը՝ ծածկոցը վրան: Սպիտակ խալաթավոր երկու տղամարդիկ, որոնք բերել էին հիվանդին, բարձրացրին նրան, տեղավորեցին սեղանի վրա, հայացքով բժշկից դուրս գալու թույլտվություն խնդրեցին և լուռ հեռացան վիրահատարանից:

-Պերոքսի՛դ,- բարձր ձայնեց բժիշկը բուժքույրերին՝ ծալելով խալաթի թևքերը:-Բերեք, սրբեք դեմքը:- Տեսնելով արյան մեջ կորած հիվանդին՝ նա քթի տակ ինչ-որ հիշոցներ քրթմնջաց և շրջվելով դեպի իր ուղեկիցը՝ հարցրեց.- էս ո՞վ է արել…

-Ախր ասացի ձեզ, բժի՛շկ, «երազներն» են: Էդ շան որդի փախստականները, որ եկել են Հայաստանից: Հերիք չի՝ ամբողջ դեմքը արյունլվա արեցին… Դեռ մի բան էլ վայրի գազանների պես գցեցին գետին, սկսեցին խփել փորին: Լավ է՝ հասա, բժի՛շկ: Առավոտ կանուխ ելել էի քաղաք՝ մի քիչ ման գալու: Դուրս եմ գալիս էդ անիծված տեղից, որ Պարապետ է կոչվում, ու տեսնում եմ՝ շատրվանի ծայրում հինգ-վեց բեղավոր տականքներ մարդ են ծեծում: Իսկ մարդիկ մի կողմ քաշված կանգնել ու լուռ նայում են…- Եվ հանկարծ պապանձվեց: Շուրթերը դեռ շարժվում էին, բայց բառերն ասես կոկորդին էլ չէին հասնում:

-Պերօքսիդը վերջացել է, բժիշկ,- որքան հնարավոր է մեղավոր ձայնով ասաց բուժքույրերից մեկը (նրանցից մեկը տարեց էր, մյուսը՝ շատ երիտասարդ):

-Գոնե սպիրտ կա՞,- հուսահատ հարցրեց բժիշկը:

-Ոչ, բժիշկ: Ինչ կար-չկար, երեկ ամբողջն օգտագործվեց…

-Լավ, ջրով լվացեք: Կալիումի պերմանգանատը շատ չլցնեք:- Բժիշկն օճառով լվաց ձեռքերը սենյակի անկյունում գտնվող լվացարանում, այնուհետև մոտեցավ և կանգնեց վիրահատության սեղանի մոտ:- Հանեք բոլոր շորերը: Միայն կիսավարտիքը թողեք:

Հիվանդը, որի դեմքը, քիթը, կզակը, բրդյա վերնաշապկի նարնջագույն օձիքը, երկնագույն պիջակի փեշերը թաթախված էին ալ արյամբ, այնքան հանգիստ էր պառկած վիրահատության սեղանին, ասես այնտեղ՝ Պարապետ կոչվող այդ հրապարակում, ծեծել էին ոչ թե իրեն, այլ իր մահացու թշնամուն: Նա խոր քնած էր, չնայած կրծքավանդակից հաճախակի հնչում էին խռպոտ հառաչանքներ: Եվ բավական չէր՝ քնած էր, կարծես՝ նաև երազներ էր տեսնում, ընդ որում, թվում էր, որ այդ երազները նրան մեծ վայելք էին պարգևում:

Մինչ կանայք լվանում էին հիվանդի դեմքին չորացած արյունը, բժիշկը ստուգում էր նրա զարկերակը: Երբ բուժքույրերը հանեցին հիվանդի շորերը, նա սկսեց ուշադիր զննել հիվանդին և ասես զեկուցել ինքն իրեն կամ թելադրել ինչ-որ մեկին.

-Ստորին շրթունքին երկու կար դնել: Ծնոտի շրջանում կոտրվածքներ չեն նկատվում: Ձախ ձեռքին երկու հոդախախտում՝ արմունկի և դաստակի: Հոդախախտված են նաև աջ ձեռքի երկու մատները՝ բութը և միջնամատը: Ձախ ոտքի մկանային ծանր վնասվածք: Աջ ոտքի ծնկոսկրի կոտրվածք: Մեջքին, կրծքավանդակին, ողնաշարին լուրջ ձևախեղումներ չեն նկատվում: Գանգոսկրի կոտրվածքներ չեմ տեսնում:- Բժիշկը լռեց, ապա կրկին սրտանց հայհոյեց.- Сотрясение мозга!-  Սա չգիտես ինչու նա ասաց բարձր և ռուսերեն, հետո տաբատի գրպանից հանեց թաշկինակը, անշտապ սրբեց ճակատի քրտինքը և նորից ռուսերեն հավելեց.- Избиение зверское!

Բժշկի յուրաքանչյուր բառի հետ հիվանդին բերած մարդու դեմքին թանձրանում էին բոլոր ապրումները, ամբողջ ցավն ու տառապանքը: Նա իրեն հազիվ էր զսպում, որ չփղձկա: Երբ բժիշկն ավարտեց զննումը, միաժամանակ սպառվեց նաև նրա ինքնատիրապետումը: Նա սկսեց հեծկլտալով լալ, խռոված երեխայի պես:

Վիրահատության սեղանի մոտ կանգնած սպիտակ խալաթավոր կանանցից մեկի աչքերը (նրա, ով ավելի երիտասարդ էր) արցունքակալեցին: Տարեց բուժքույրը նույնպես հուզվեց և վշտալի տարուբերեց գլուխը: Բժիշկը ևս խղճաց տղամարդուն: Եվ սկսեց հանգստացնել նրան.

-Դե, ինչ եք անում, այդպես չի կարելի… Ոչ մի սարսափելի բան էլ չկա: Մի տասնհինգ օրից ձեր ընկերը լրիվ նորացած կլինի, ես նրանից «բողկի պես տղա կսարքեմ»:- Գլուխը հակելով՝ նա մտքերի մեջ ընկավ, ապա նորից բարձրացրեց գլուխը և որոշ զգուշավորությամբ հարցրեց.

-Ուրեմն, ասում ես, այս մարդը հա՞յ է…

Մեր կոմիկական հերոսը ապշահար չռեց աչքերը.

-Ո՞նց թե, չե՞ք ճանաչում նրան… չեք ճանաչում Սադայ Սադըղլիի՞ն: Ադրբեջանական թատրոնի պարծանքի՛ն: Թիվ մեկ արտիստի՛ն: Իրո՞ք չեք ճանաչում մեր մեծ վարպետին, բժիշկ: Նույնիսկ հեռուստացույցո՞վ չեք տեսել… Ախր դուք ինձ էլ եք հաճախ տեսել հեռուստացույցով, բժիշկ: Գուցե պարզապես չեք մտապահել… Նուվարիշ Ղարաբաղլի՝ կատակերգական դերերի հայտնի կատարող: Ինձ կարող եք չիմանալ: Ես չեմ էլ նեղանում ձեզնից: Բայց չկա մարդ, ով չիմանա Սադայ Սադըղլիին: Ախր աշխարհում ոչ ոք այդպես Համլետ, Օթելլո, Այդին1, Քեֆլի Իսկանդեր 2 չի խաղացել:

-Իսկ ես ձեզ իսկույն ճանաչեցի,- անթաքույց հպարտությամբ ասաց երիտասարդ բուժքույրը:

-Ես ձեզ՝ երկուսիդ էլ հաճախ եմ տեսել հեռուստացույցով,- չգիտես ինչու որոշ սեթևեթանքով  խոսեց նրա ավագ գործընկերուհին:- Իսկ բժիշկ Ֆարզանին մեղավոր չէ: Նա երեսուն տարուց ավելի ապրել է Մոսկվայում, երեք տարի էլ չի անցել, ինչ վերադարձել է Բաքու:

Գիտակցելով, թե ինչու բժիշկը չճանաչեց իրեն և Սադայ Սադըղլիին, դերասանը արագ հանդարտվեց: Իսկ այն, որ բուժքույրերը, նրանց իսկույն ճանաչելով հանդերձ, չնկատելու էին տվել, Նուվարիշ Ղարաբաղլին վերագրեց կանանց զգուշավորությանը: Նրանք հավանաբար վախեցել էին, որ բժիշկը լավ չի ընդունի դա:

Նուվարիշ Ղարաբաղլին կռահեց, որ իր ոչ մի խոսքը չի հասնում բժշկի լսողությանը: Կամ նա  շատ էր մտահոգված, կամ ինքը՝ Նուվարիշ Ղարաբաղլին, նյարդայնությունից  չէր կարողանում գտնել անհրաժեշտ բառերը: Ուստի ջանաց հնարավորինս կենտրոնանալ և սկսեց ավելի հասարակ ու պարզ վերապատմել այն, ինչ տեղի էր ունեցել Պարապետում:

-Ուրեմն ասեմ՝ ինչպես եղավ, բժիշկ: Ես այսօր շրջում էի քաղաքով: Թե ժամը քանիսն էր՝ ճիշտ չեմ կարող ասել, տասը, գուցե և տասնմեկը: Պարապետում մի տեղ կա՝ շատրվանով: Երևի տեսել եք: Եվ հանկարծ այդ կողմից զարհուրելի ճիչ լսվեց: Կարծես մեկը ոռնում էր: Պարզվեց՝ մի ծեր հայ է: Դուրս էր եկել հաց գնելու և անմիջապես ընկել «երազների» ձեռքը: Հենց տան շորերով… ու հողաթափերով: Երբ ես հասա,, խեղճին արդեն սպանել ու ջրավազանն էին նետել: Իսկ աչքերը բաց էին, և նա ուղիղ ինձ էր նայում, բժիշկ: Ես անձամբ չտեսա՝ նրան ինչպես սպանեցին: Իսկ նրանք, ովքեր ինձնից առաջ այնտեղ էին, պատմեցին, որ հային սկզբում նետել են ջրավազանը, ուղիղ սառցաջրի մեջ: Ծեր մարդ էր, չի դիմացել ջրի սառնությանը: Փորձել է դուրս գալ: Իսկ այդ տղաները կանգնել են ջրավազանի եզրին և ոտքերով խփել նրան, ծեծելով սպանել են: Իսկ Սադայ Սադըղլլիից, Աստված նրան օգնի, փորձանքը անպակաս է: Թե չէ ինչո՞ւ հենց ինքը պետք է հենց այդ պահին հայտնվեր այդ նույն անիծյալ տեղում… Չդիմացավ մարդը, ահա և ամենը… Ախր նա դերասան է, հումանիստ մարդ: Սիրտը չհանդուրժեց: Նետվեց օգնության: Իսկ որտեղի՞ց այդ «երազներն» իմանային՝ ով է նա, և ինչ է նա: Նրանք եկվոր են, տեղացի չեն: Ահա և հայի տեղ դրեցին նրան ու վայրի գազանների պես հարձակվեցին վրան: Եթե մեկ րոպե էլ ուշանայի, նրան էլ կուղարկեին ծեր հայի մոտ: Բայց Աստված ողորմաց՝  ողջ մնաց: Աղաչում եմ, բժիշկ, փրկեք նրան: Այս մեծ մարդու կյանքը հիմա ձեր ձեռքում է:- Այս բարձրագոչ բառերով էլ դերասանն ավարտեց իր խոսքը:

Բժիշկը շտապում էր սկսել վիրահատությունը: Բայց, թվում էր, դրա համար ինչ-որ բան պակասում էր: Բացի  այդ՝ դերասանի պատմածը կարծես ցնցել էր նրան: Նա ոչ մի արտասովոր բան չէր տեսնում այն բանում, որ վիրահատության սեղանին անգիտակից պառկած  Համլետ-Օթելլո-Քեֆլի Իսկանդերը փորձել է փրկել հայ ծերունուն: Բժշկի համոզմամբ՝ հենց այդպես կվարվեր յուրաքանչյուրը, ով իրեն մարդ է համարում: Սակայն այս քաղաքի բնակիչները, ասես պայմանավորված, ձգտել էին հեռու մնալ մարդկայնություն կոչվածից: Թվում էր՝ նրանց արդեն նույնիսկ ձեռնտու էլ չէր պահպանել մարդկային դեմքը:

Ընդամենը տասը-տասնհինգ օր առաջ բժիշկ Ֆարզանին հենց այստեղ՝ այս նույն վիրահատարանում, կատարել էր մի բարդագույն վիրահատություն. տասնչորս-տասնհինգ տարեկան մի աղջիկ էր, ում Աստված գիտի ինչ հրաշքով էին հասցրել հիվանդանոց:

Մետրոյում, որը միշտ լեցուն է մարդկանցով, մի քանի ադրբեջանուհի կանայք հարձակվել են նրա վրա և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հաշվեհարդար տեսել հետը: Իսկ դրանից մի քանի օր առաջ ինչ-որ դեգեներատ բանաստեղծ ներխուժել էր հիվանդանոց և ծեծելով աշխատասենյակից դուրս վռնդել բժշկին, որը քառասուն տարի աշխատել էր սրտաբանական բաժանմունքում, միայն այն պատճառով, որ վերջինս հայ ծնվելու դժբախտություն էր ունեցել: Այդ դեպքից հետո հիվանդանոցում ոչ մի հայ չմնաց՝ ոչ բժիշկ, ոչ սպասարկող: Ոմանք թաքնվել էին տանը, մյուսներն ընդմիշտ հեռացել էին Բաքվից:

-Ամեն ինչ պարզ է, Նումաիշ մուալլիմ: Ինչպես ասում են պարսիկները՝ մեսելե մելում եստ 3,- վիրաբուժական գործիքները դասավորելով, իր ակնհայտ վատ տրամադրությանն անհարիր առույգ ձայնով ասաց բժիշկը:

Նուվարիշ Ղարաբաղլին չվիրավորվեց, որ բժիշկն աղավաղեց իր անունը (Մոսկվայում երեսուն տարուց ավելի ապրած մարդը լիովին ուներ այդ իրավունքը), բայց վերականգնելու փորձ էլ չարեց.

-Ո՞վ է Նուվարիշ Ղարաբաղլին, բժիշկ,- ասաց նա:- Սովորական արտիստ: Հարյուրավոր նուվարիշ ղարաբաղլիներ Սադայ Սադըղլիի ճկույթը չարժեն: Լավ կլիներ՝ սրիկաները նրա փոխարեն ինձ ծեծած լինեին:

-Նա էլ է ղարաբաղցի՞ 4,- հարցրեց բժիշկը՝ հերթական անգամ ստուգելով հիվանդի զարկերակը:

-Ախր, ոչ, բժիշկ: Ես էլ ղարաբաղցի չեմ: Ես ծնունդով Քյուրդամիրից եմ 5: Ղարաբաղլին իմ կեղծանունն է: Իսկ Սադայ Սադըղլին ծնվել է Նախիջևանում, այնտեղ՝ Օրդուբադի շրջանում, Այլիս6 անվամբ մի գյուղ կա: Շատ հին գյուղ է, բժիշկ, թեև ես երբեք չեմ եղել: Մի ժամանակ, ասում են, այնտեղ շատ հայեր են ապրել: Նրանց եկեղեցիներից յոթը կամ ութը ոնց որ թե առ օրս կանգուն են: Երևում է՝ այդ հայերը շատ խելացի, լավ մարդիկ են եղել: Իսկ Սադայ Սադըղլին, բժիշկ, եթե աշխարհն էլ շուռ գա, երբեք սպիտակին սև չի ասի: Ու քանի անգամ կրակն է ընկել իր լեզվի ձեռքը, բայց  էլի չի խրատվել: Մի երկու ամիս անց նա կդառնա հիսուն, բայց այդպես էլ մնացել է տասնամյա տղա: Ինչ մտքին է, այն էլ լեզվին է: Անգամ այս վտանգավոր ժամանակներում  ոչ մի կերպ չի լռում… գոնե մի քիչ: Նա ասում է՝ հայերը չէ, մենք ինքներս ենք վատը: Եվ չի վախենում: Ասում է ամենուր՝ և՛ թատրոնում, և՛ չայխանաներում:

Բժիշկ Ֆարզանին, լայն բանալով աչքերը, այս անգամ հիվանդի դեմքին նայեց ինչ-որ հատուկ հետաքրքրությամբ: Ասես հենց նոր առաջին անգամ տեսավ նրան: Կանայք, որ դամբարանային լռություն էին պահպանում, հանկարծ ինչ-որ բանի մասին սկսեցին աշխույժ  փսփսալ: Ֆարզանին ամուր բռնեց Նուվարիշ Ղարաբաղլիի ձեռքից և տանելով դեպի դուռը՝ ասաց.

-Դե, գնա, երիտասարդ, դու այստեղ այլևս անելիք չունես: Նստիր միջանցքում, հանգստացիր: Իսկ եթե ուզում ես, տուն գնա, մի հարյուր գրամ գցիր, ինչպես ընդունված է նման դեպքերում, և պառկիր քնելու: Հետո կգաս, եթե ուզենաս: Սա, եղբայր, սովորական կույրաղիք կտրել-հանել չէ, այստեղ հիմնանորոգում է պետք, երեքից չորս ժամ կտևի: Անհոգ եղիր: Ընկերդ կապրի: Ես նրանից այնպիսի Օթելլո կկերտեմ, որ Դեզդեմոնան ուրախությունից կուշաթափվի:

Այս խոսքերն ասելով՝ բժիշկը դերասանին ուղեկցեց մինչև միջանցք և նրա թիկունքից ծածկեց դուռը:

Երբ վիրահատարանի երկփեղկ դուռը փակվեց, Նուվարիշ Ղարաբաղլին հանկարծ սուր մենակություն զգաց. ասես ամբողջ աշխարհը մնաց այնտեղ՝ փակված դռնից անդին:

Երկար կիսախավար միջանցքից դամբարանային տխրություն էր փչում: Լույս չէր վառվում: Շուրջը ոչ ոք չկար: Միջանցքի հանդիպակաց պատի մեծ երկփեղկ պատուհանները մռայլորեն խամրել էին՝ ներս չթողնելով լույսը. կամ շատ փոշոտ էին, կամ փողոցում արդեն մթնում էր:

Միայն մի տեղ՝ ապակեպատ պատշգամբից ոչ հեռու, դռան մոտ, նստարան էր երևում: Միջանցքում նստելու ուրիշ տեղ չկար: Գլխապտույտ և վերահաս սրտխառնուք զգալով՝ Նուվարիշ Ղարաբաղլին դանդաղ գնաց նստարանի կողմ: Նա արդեն վաղուց էր ուզում ծխել, բայց նույնիսկ ձեռքը գրպանը տանելու, տուփը հանելու ուժ չուներ:

Մոտենալով նստարանին՝ նա հենց դռան մոտ տեսավ պատին իրար տակ ամրացված երկու ցուցանակ: Վերևինի վրա խոշոր սև տառերով գրված էր. «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ», ներքևինի վրա՝ ավելի փոքր տառերով. «Վիրաբ. բաժ. վարիչ Ֆարզանի Ֆարիդ Հասանի»: Բժիշկ Ֆարզանիի առանձնասենյակի դուռը բաց էր:

Նուվարիշ Ղարաբաղլին որքան էլ տանջահար էր, որքան էլ ուզում էր նստել, բայց չնստեց դռան մոտի նստարանին: Թվում էր՝ եթե հիմա նստի, ապա այլևս երբեք չի կարողանա վեր կենալ: Նա զգուշությամբ հայացք նետեց կաբինետի բաց դռնից ներս՝ սեղան, երկու հին աթոռ, բազմոց, չհրկիզվող պահարան, սառնարան, հին հեռուստացույց, էլեկտրական թեյնիկ, լվացարան… Գրպանից ծխախոտ հանեց, բայց դարձյալ չհամարձակվեց ծխել: Ավելի ու ավելի սուր զգալով մոտալուտ ործկոցը՝ շարժվեց պատուհանի կողմը և, դեռ չհասած այնտեղ, տեսավ, որ վիրահատարանի մյուս կողմից ևս նույնպիսի երկար միջանցք է ձգվում: Ի տարբերություն այս դատարկի, որի մուտքի մոտ գտնվում էր բժիշկ Ֆարզանիի առանձնասենյակը, այնտեղ կային բազմաթիվ պատուհաններ, և միջանցքի երկու կողմերում շարեշար հիվանդասենյակների գորշ երկնագույն դռները նայում էին մութ, մոխրագույն պատուհաններին:

Պատուհաններից մեկի մոտ, անթացուպերին հենված, ծխում էր մի տղա՝ ոտքը գիպսի մեջ: Հեռավոր հիվանդասենյակի դռան մոտ կանգնած էր վիրակապված ձեռքով մի տարեց կին: Այդ երկուսից բացի՝ միջանցքում ոչ ոք չկար:

Նուվարիշ Ղարաբաղլին վառեց սիգարետը, որն այդ ընթացքում  ձեռքին էր, բայց առաջին իսկ ծուխը ներս քաշելուն պես աչքերի առջև մթնեց: Վախենալով, որ հիմա վայր կընկնի, կառչեց պատին, մի կերպ հասավ նստարանին և երկար նստեց այնտեղ, մինչև աչքերը պատած փառն աստիճանաբար ցրվեց:

Նուվարիշ Ղարաբաղլիին փառը չէր մտահոգում: Նա վարժվել էր դրան:

Հիմա նրան ամենաշատը մտահոգում էր այն, թե ինչպես տեղեկացնի Սադայ Սադըղլիի կնոջը՝ Ազադա խանումին:

Նուվարիշը հաճախ էր լինում Սադայ Սադըղլիի տանը: Եվ գիտեր՝ որտեղ է աշխատում նրա կինը: Ազադա խանումը, հավանաբար, դեռ աշխատանքի է: Բայց այդ պահին վեր կենալ և գնալ Ազադա խանումի աշխատավայրը Նուվարիշի համար գրեթե անհնար բան էր:  Նա դեռ չէր կողմնորոշվել՝ ինչպես է պատմելու նրան այս ամենը: Ամենալավն այստեղ մնալն էր և վիրահատության ավարտին սպասելը: Հետո, երբ վիրահատությունն ավարտվի, Սադային վիրակապեն, և նա գիտակցության գա, շատ ավելի հեշտ կլինի Ազադային պատմել տեղի ունեցածի մասին: (Նա մոռացել էր, որ օրը կիրակի է, և Ազադան աշխատանքի չէ):

Նուվարիշ Ղարաբաղլին ամուսնացել էր երեք անգամ, բայց այդ երեկո քաղաքում նրան ոչ ոք չէր սպասում:

Ընտանիք ստեղծելու առաջին փորձը նա արել էր տասնինը-քսան տարեկանում. սիրած աղջկան պարզապես նստեցրել էր տաքսի և առանց նշան դնելու, առանց հարսանիքի, անօժիտ տարել հայրական տուն: Դեռ ոչինչ, որ առանց հարսանիքի, բայց Նուվարիշի մայրը այդպես էլ չկարողացավ ներել հարսին, որ նա ամուսնու տուն եկավ առանց օժիտի: Սկեսրոջ հետ մեկուկեսամսյա պատերազմից հետո աղջիկը հավաքեց իրերը և դուրս եկավ փողոց, որպեսզի այլևս երբեք չվերադառնա:

Հենց այդ՝ երիտասարդ տարիներին,  երբ խաղում էր միայն էպիզոդիկ դերեր, թատրոնի հնագույն աշխատողներից մեկի «բնակարանային պայմանները բարելավեցին», իսկ իր կիսանկուղային խոնավ բնակարանը, որը գտնվում էր Մոնտինայում 7,  տվեցին Նուվարիշին, այնտեղ նա ընդամենը ինն ամիս ապրեց իր երկրորդ կնոջ հետ, որը մահացավ թոքերի քաղցկեղից: Նուվարիշ Ղարաբաղլիի երրորդ կինը՝ Ջուլիետան, թատրոնի անվանի դերասաններից մեկի դուստրն էր՝ երեսունվեցամյա պառաված օրիորդ: Հինգ տարի երեխա չէին ունենում: Հետո ծնվեց որդին: Բայց մի անգամ, երբ մանչուկը երեք ամսական էլ չկար, գիշերը կերակրելիս Ջուլիետան պինդ քնում է, իսկ արթնանալով, գտնում երեխայի կապտած մարմինը՝ խեղդամահ եղած իր կրծքերի միջև: Ջուլիետան չկարողացավ ներել իրեն. մեռած երեխան անընդհատ թնկթնկում էր, լալիս, կաթ ուզում: Եվ մայրը դադարեց ուտել, խմել, քնել: Խեղճը տասն օր էլ չապրեց երեխայի մահից հետո: Չորացավ ծառի կեղևի պես, վառվեց մոմի պես և անհետացավ, ինչպես ստվերը. կարծես երբեք էլ գոյություն չէր ունեցել:

Այժմ՝ արդեն ավելի քան տասը տարի, Նուվարիշը երկսենյականոց լավ բնակարան ուներ քաղաքի կենտրոնում: Մինչև այս տարվա փետրվարը նա այդ բնակարանում վարում էր թեև միայնակ, բայց ներկայի համեմատ հանգիստ, գուցե չափազանց երջանիկ և ազատ կյանք: Եվ ահա, խնդրեմ, ճակատագրի հեգնանք. հիմա Նուվարիշ Ղարաբաղլին ձգտում էր իր բնակարան մտնել միայն գիշերները, այն էլ ճարահատյալ, դրդված սոսկ մի բանից. գնալու ուրիշ տեղ չուներ: Սեփական տանը նա մեկ րոպե իսկ անդորր չուներշ՝ ո՛չ քուն, ո՛չ հանգիստ: Իսկ պատճառն այն էր, որ Բաքխորհրդի  աննշան, բայց շատ փողաբեր պաշտոն զբաղեցնող  աշխատակիցներից մեկը՝ մի հաղթանդամ, ցմփոր աժդահա, հափշտակեց թատրոնի հին աշխատող հանդերձապահուհի Գրետա Սարկիսովնա Մինասովայի բնակարանը, որը նա ստացել էր Նուվարիշիի հետ նույն օրը հարևանությամբ՝ շենքի վերջին՝ տասներորդ հարկում, և սարքեց այնտեղ ամենաիսկական պոռնկատուն: Պատից այն կողմ օրերով աղմուկ-աղաղակ էր: Հին, փորձված պոռնիկների ու դեռ նոր-նոր մասնագիտացող դեռատի աղջիկների անասնական քրքիջն ու ճիչերը, վայելքի  իրական և շինծու տնքոցները խելագարեցնում էին, դերասանին հանգիստ չէին տալիս ցերեկները, իսկ գիշերները չէին թողնում քնել:

Ըստ լուրերի՝ այդ աժդահան Շուշիի հարուստ մարդկանցից մեկն էր:

Բաքվում նա վերջերս է հայտնվել, աշխատանքի տեղավորվել Բաքխորհրդում, չորսսենյականոց բնակարան գնել Նուվարիշի շենքին հարևան կոոպերատիվ շենքում: Նա քառակուսի կազմվածք ուներ: Ապշեցուցիչ չափերի լայն ուսերը դուրս էին բոլոր չափորոշիչներից:  Ուներ ածխի պես սև մազեր, նույնչափ սև ու թավ հոնքեր, կոկորդիլոսի՝ ոչինչ չարտահայտող մանր աչքեր: Նուվարիշ Ղարաբաղլիի համար այդ մարդու նույնիսկ անուն-ազգանունը դաժանության և անաստվածության  նշան էր… Շահղաջար Արմաղանով: Թող գրողի բաժին դառնա նա, ով այդպիսի անուն է տվել այդ անասունին:

Մի օր՝ առավոտ կանուխ, երբ լույսը նոր էր բացվում, բակում աղմուկ բարձրացավ, թե՝ լսե՛ք, մարդի՛կ, այստեղ ինչ-որ հայ կին նետվել է պատշգամբից: Գրետա Սարկիսովնայի վտիտ ու ծերացած մարմինը դեռ հանգչում էր արյան մեծ լճակում, իսկ քաղաքով արդեն արտառոց լուրեր էին շրջում, թե պատշգամբից նետված հայուհին մահից առաջ զղջման այսպիսի նամակ է թողել. «Ատում եմ ինձ հայերի կատարած հանցագործությունների համար: Ես արհամարհում եմ իմ ազգին, և այդ պատճառով էլ չեմ ուզում ապրել այս աշխարհում: Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում: Կեցցե՛ Ադրբեջանը»:

 

Նուվարիշը ո՛չ այդ պահին, ո՛չ հիմա դույզն-իսկ չէր կասկածում, որ այդ «ինքնասպանությունը» հենց նույն շուշեցի հրեշի ձեռքի գործն է: Միանգամայն հնարավոր է, որ հենց ինքը՝ Շահղաջար Արմաղանովն է անձամբ ցած  նետել Գրետա Սարկիսովնային: Այդպիսի ժամանակներ են հիմա: Ամեն օր վերցրու և պատշգամբից ցած նետիր թեկուզ հարյուր հայի: Իսկ նրանց հետ՝ նաև մահմեդականների: Հանգիստ կարելի է երկրի երեսից ջնջել յուրաքանչյուրին, ով զուրկ է այլ մեկի պաշտպանությունից: Եվ դերասանն օրեցօր ավելի ու ավելի սկսեց վախենալ շուշեցուց:  Ո՛չ օրենք կա հիմա, ո՛չ դատարան. մի գեղեցիկ օր էլ այդ մարդը կվերցնի ու անվրդով ցած կնետի և իրեն՝ Նուվարիշին, և դա կներկայացնի որպես ինքնասպանություն: Ո՞վ պիտի քննի նրա հանցագործությունը, ո՞վ պիտի ապացուցի, որ այդ սառնասիրտ, անաստված ու անգութ բաքխորհրդական չինովնիկն ինքը իսկական ավազակ է…

Սարսափելի հոգեկան ցնցումից նա դեռ ուշքի չէր եկել, իսկ դերասանական փխրուն ու զգայուն սիրտն արդեն այրվում էր ատելության ու զայրույթի կրակով: Ախր օրվա մեջ քանի անգամ կարելի է թաղային միլիցիոներին կրկնել նույն բանը, թե՝ մա՛րդ եղիր, խի՛ղճ ունեցիր, փակի՛ր այդ պոռնկատունը, թե չէ շուտով ամբողջ քաղաքը վերածվելու է հասարակաց տան: Դերասանը մեկ անգամ չէ, որ այդ առիթով եղել է միլիցիայի պետի մոտ, և որքան հեռագիր ու նամակ է գրել շրջկոմ, Կենտրոնական կոմիտե, անգամ՝ Բաքխորհուրդ, մինչև վերջապես որոշեց. այս երկրում կամ չկա իշխանություն, կամ այդ իշխանությունը ներկայացնող մարդիկ դահիճ Շահղաջար Արմաղանովի հետ նույն թիմում են: Եվ թատրոնում էլ նա բոլորին պատմում էր՝ ինչ է կատարվում Գրետա Սարկիսովնայի բնակարանում: Միայն Սադայ Սադըղլիին այդ մասին բառ անգամ չէր ասում: Անիմաստ էր համարում, որովհետև Սադըղլին գոյում էր յուր աշխարհում, թևածում էր յուր ամպերում: Բացի այդ՝ Նուվարիշ Ղարաբաղլին չէր ուզում այդ կեղտին խառնել մի մարդու, որի հանճարին հավատում էր ամբողջ սրտով:

Հիմա նույնիսկ ամառվա ամենաշոգ օրերին դերասանը փակում էր բոլոր դռներն ու պատուհանները, և սոսկ Աստծուն էր հայտնի՝ որքան տառապանքներ էր կրում ամեն գիշեր լուսաբացին սպասելիս: Հենց այդպիսի մի դժխեմ գիշեր էլ նա որոշեց՝ ինչ գնով էլ լինի, ատրճանակ ձեռք բերել: Այդ խնդրանքով նա դիմեց միլիցիայում ու զինկոմիսարիատներում աշխատող բազում ծանոթների: Սակայն նրա խնդրանքը որևէ այլ հույզի փոխարեն միայն ծիծաղ շարժեց այդ մարդկանց մեջ, որոնք սովոր էին նրա միայն տեսքից ծիծաղել: Եվ երբ դերասանը զենք հայթայթելու և իր տանը գոնե չնչին հանգիստ գտնելու հույսն արդեն բոլորովին կորցրեց,  մի հայտնի գրող, ում պիեսները բեմադրվել էին իրենց թատրոնում, մատնացույց արեց (ընդամենը երկու օր առաջ) ամենապարզ ելքը: Նրա հավաստիացմամբ՝ այժմ Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ մեկական կան նույնիսկ մի քանի զենք ուներ: Եվ այդ «տղաների» օգնությամբ հնարավոր էր գնել ոչ միայն «մակար» կամ «կալաշնիկով», այլև ամենաիսկական գնդացիր: Եվ ահա, հեղինակավոր գրողի համոզմամբ՝ Նուվարիշ Ղարաբաղլիի պես հայտնի դերասանին ընդամենը բավական է գնալ Ժողովրդական ճակատի շտաբ և մի երկու բառ շշնջալ Գլխավոր Բեյի ականջին:

Բեյին նա վաղուց և շատ լավ գիտեր: Հազար անգամ հետը թեյել էր Բաքվի չայխանաներում՝ Բուլվարում, Մոլոկանսկի սադիկում, Ազնեֆտում, և անգամ երբ գրպանում գրոշներ է ունեցել, ջանացել է՝ միշտ ինքը վճարի թեյի համար:

Եվ ահա այսօր՝ կեսօրին, դերասանը, դուրս գալով տնից, ուղիղ գնաց Ժողովրդական ճակատ: Բեյը դեռ չէր եկել: Դերասանը համարյա մեկ ժամ կանգնեց շտաբի մոտ՝ սպասելով նրան: Հետո գնաց նախաճաշեց «Արազ» կինոթատրոնի հարևան սրճարանում. խմեց հարյուր հիսուն գրամ օղի, կերավ երկու բաժին նրբերշիկ: Իսկ երբ դուրս գալով սրճարանից՝ դարձյալ ուղևորվեց դեպի Ժողովրդական ճակատի շտաբ, այնտեղ՝ շատրվանով ջրավազանի մոտ, հենց այդ սարսափելի պատմության մեջ ընկավ:

Այժմ, հիվանդանոցի միջանցքի նստարանին նստած և սպասելով վիրահատության ավարտին, Նուվարիշ Ղարաբաղլին նախօրոք հրաշալի երկխոսություններ էր մտմտում Գլխավոր Բեյի հետ դեռ չկայացած հանդիպման համար:

-Բարի գալուստ, բե՛յ: Ես անսահման ուրախ եմ քեզ տեսնել:- Այդպես (դերասանի երևակայութան մեջ) սիրալիր և բարյացակամ ընդունեց ամենագլխավոր Բեյը չայխանայի իր հին ընկերոջը:- Ինչպե՞ս են, գործերդ, սիրելիս: Ի՞նչ նորություն կա թատրոնում: Ո՞ւմ պիեսն եք բեմադրում: Գիտե՞ս, հենց երեկ քո մասին տղաներին եմ հարցնում: Ասում եմ՝ էս ո՞ւր է կորել: Ճշտեք՝ ո՞ւր է նա, ինչո՞ւ չի հայտնվում մեր բեմի վարպետը: Գուցե ինչ-որ բանի կարի՞ք ունի:

Լսելով «կարիք»բառը՝ դերասանն անմիջապես սկսեց արտահայտել իր խնդրանքը ցանկալի ատրճանակի մասին: Նաև պատրաստվում էր պատմել հարևան բնակարանում ահագնորեն փթթող պոռնակատան մասին, բայց Բեյը մեծ անհատներին բնորոշ մեծ նրբանկատությամբ հասկացավ, թե ինչն է իր հին բարեկամին բերել Ժողովրդական ճակատի շտաբ, և մեծահոգաբար ազատեց նրան ավելորդ հոգսերից:

-Դա մանրո՛ւք է, բեյ,- այդտեղ Գլխավոր Բեյը թեթևակի շոյում է մորուքը: Հետո բարձր ու ոգեշնչված արտաբերում.- մեր պարտքն է պահպանել ժողովրդին պիտանի մարդկանց:- Այնուհետև վերցնում է հեռախոսափողը և ինչ-որ մեկին կարգադրում:- Արտիստի համար նոր ատրճանակ բերեք: Նա իմ ընկերն է: Մեր մեծ արտիստը: Հա… ծանր ժամանակներ են հիմա, վտանգավոր շրջան է: Մենք որքան հնարավոր է պետք է պաշտպանենք մեր լավագույն մարդկանց:- Գլխավոր Բեյը  (դերասանի երևակայութան մեջ) հենց այդ բառերն է արտասանում և, մեղմ ժպտալով Նուվարիշին, մեղմորեն էլ հավելում հեռախոսափողով.- Փամփուշտ շատ դիր…

Վերջնականապես հավատալով, որ հենց Գլխավոր Բեյից էլ առաջիկա օրերին կստանա ատրճանակը, Նուվարիշ Ղարաբաղլին թախիծով վերհիշեց՝ ինչպես մեկ-մեկուկես տարի առաջ իրենք երկուսով երկար ու քաղցր նստում էին չայխանաներում: Հիշեց 1979-ի մայիսը, երբ այն ժամանակների Ադրբեջանի Առաջին մարդն անսպասելի այցելեց թատրոն և նույն անսպասելիությամբ իրեն բնակարան հատկացրեց քաղաքի կենտրոնում: Հիշեց, թե ինչպես դեռևս 60-ականներին մի անգամ թունդ խմել էր և լավ հարբած քայլելով դեպի ավտոբուսի կան•առը՝ փողոցի անկյունում հանդիպել նրան, ում քաղաքում կոչում էին Տեր: Այդ ժամանակ Նուվարիշ Ղարաբաղլին դեռ հայրական տանն էր ապրում, իսկ թատրոնում դեռ նոր-նոր էր բեմ բարձրանում էդպիզոդիկ դերերով: Սակայն (ախր աշխարհում լինո°ւմ են հրաշքներ) պարզվեց, որ այն ժամանակվա Տերը տեսել էր Նուվարիշի այդ աննշան դերակատարումները: Եվ ոչ միայն տեսել, այլև պինդ մտապահել էր:

Այդ երեկո Տերը հավանաբար նույնպես վերադառնում էր ինչ-որ կերուխումից և գերազանց տրամադրություն ուներ: (Նրա կողքին քայլում էին երկու ամրակազմ տղամարդիկ՝ թիկնապահները):

-Հա. արտիստ, հապա  սպասիր, եղբայր,- ասաց նա:- Այ թե խմել ես… էդ որտե՞ղ ես այդպես հասցրել:- Նա աչքով արեց կողքը կանգնած տղամարդկանցից մեկին:- Ես էլ եմ խմած: Միայն թե, տեսնում ես, չեմ օրորվում կանգնած տեղում…

Այդ ժամանակ Նուվարիշը, բնականաբար, ծանոթ չէր հանրապետության Առաջին մարդու հետ, և եթե Առաջինը ձեռքը չպարզեր և չասեր՝ «Արի ծանոթանանք», ինքը հաստատապես չէր էլ հիշի՝ ում հետ գործ ուներ այն գիշեր Զևինի փողոցի անկյունում:

-Արի ծանոթանանք:- Նա նույնիսկ իր անունն ասաց:- Ես քեզ գիտեմ, դու արտիստ ես: Եվ լավ դերեր ես խաղում թատրոնում: Իսկ հիմա ո՞ւր ես ճամփա ընկել:

Նուվարիշը փաթ ընկած լեզվով հազիվհազ մռթմռթաց.

-Ղը-ղը-ղըրդալան… Գնում եմ ավտոբուս…

Մարդը փոքր-ինչ խորաքնին հայացքով ոտքից գլուխ զննեց դերասանին:

-Դե գնա…- հրամայեց սպառնագին քամահրանքով:- Արդեն ուշ է: Քայլով մա՛րշ: Ու էլ էդպես չհարբես:

«Դու դեռ Ղըրդալանո՞ւմ ես ապրում»: Այս առաջինի բառերը, որ ասել էր ավելի ուշ՝ թատրոնում, դերասանի ականջներում այնպես կենդանի հնչեցին, որ թվաց՝ դրանք լսեցին նաև հիվանդանոցի միջանցքի անկենդան պատերը:

-Ես հիմա ապրում եմ Մոնտինա ավանում՝ երկրից մեկ հարկ ներքև,- համարձակ կատակեց դերասանը իր հին ծանոթի հետ:

-Վաղվանից դու կապրես քաղաքի ամենակենտրոնում՝ տասը հարկ երկրից վերև,- հստակ ասաց Առաջինը՝ կատակին կատակով պատասխանելով:

Այդ երեկո, Ախունդովի «Մյսո Ժորդանը» 8 խաղալուց հետո թատրոնի ամբողջ կոլեկտիվը հավաքվեց տնօրեն Մոպասան Միրալամովի աշխատասենյակում: Նուվարիշը դերվիշ Մաստալի շահ խաղաց ներկայացման մեջ, և պարզ է դարձել, նրա խաղից գոհ է մնացել ինքը՝ Առաջինը: «Դու «Մեռյալներում» Շեյխ Ահմեդ գերազանց ես խաղում,- ասել էր նա:- Հեռուստացույցով երկու անգամ նայեցի: Այդպիսի դերեր շատ խաղա»:

Ակնհայտ էր, որ այդ օրը, ճամփա ընկնելով թատրոն, Տերը նախապես որոշել էր բնակարաններ հատկացնել մի շարք աշխատողների, և երջանիկների թվում անպայման պետք է լիներ Գրետա Մինասովան: «Այստեղ պետք է որ մի հին աշխատող լիներ՝ Մինասովան: Նա դեռ աշխատո՞ւմ է թատրոնում»,- ձևի համար տնօրենին հարցրեց Տերը՝ անշուշտ լավ իմանալով, որ նա թատրոնից երբեք և ոչ մի տեղ չի գնացել: Եվ Գրետա Սարկիսովնան, շփոթված անսպասելի հրավերից, մտավ Մոպասանի աշխատասենյակ մեռյալից ավելի գունատ դեմքով, իսկ դուրս եկավ այնտեղից՝ երջանկությունից արտասվելով և անվերջ կրկնելով. «Շնորհակալություն, որդի՛ս: Անչափ շնորհակալ եմ ձեզ»:

 

Մինչև հիմա էլ դերասանի հայացքի առջևից չէր հեռանում Գրետա Սարկիսովնայի դեմքը, որ տեսել էր այդ երեկո: Հնարավոր է նույնիսկ՝ ավելի խոսուն, քան այն ժամանակ, ավելի արտահայտիչ: Ու նաև՝ Սադայ Սադըղլիի մոխրագունած դեմքը, նրա կարմրած աչքերը, կատաղությամբ և ատելությամբ լի հայացքները:

Չգիտես ինչու, հենց սկզբից էլ նրա հարաբերությունները լավ չէին դասավորվում Առաջինի հետ: Իմիջիայլոց, Նուվարիշի կարծիքով, դրա մեղավորը ոչ թե Տերն էր, այլ Սադայ Սադըղլիի հաստակողությունն ու հպարտությունը: «Բաղնիքի բղով բարեկամներ է ձեռք գցում: Ամեն մեկին մի բան տալիս՝ մարդուց խլում է ամենակարևորը՝ արժանապատվությունը: Ամորձատում է ժողովրդի հոգին, որ բոլորին դարձնի սուսիկ, հնազանդ»: Այսպիսի սարսափելի խոսքեր Սադայ Սադըղլին չէր երկյուղում ասել նաև թատրոնի ղեկավարության ներկայությամբ:

«Իսկ դո՞ւք ինչի կարիք ունեք, պարոն Սադըղլի»,- այն ժամանակ այսպես դիմեց Սադայ Սադըղլիին Առաջինը ճնշված ու անվստահ ձայնով, ինչը բնավ բնորոշ չէր նրան, և, կարծես, նրա ձայնն այդ ընթացքում մի պահ նույնիսկ դողաց: Իսկ «պարոն» բառի մեջ հնչում էր բացահայտ հեգնանք և նույնիսկ թաքուն զայրույթ: Իհարկե, Սադայ Սադըղլիի «աշխարհայացքը» Տիրոջը հայտնի էր: «Ես ոչ մի բանի կարիք չունեմ»,- բարձրաձայն ու մեծամիտ պատասխանեց Սադայ Սադըղլին: Առաջինի հետ խոսելիս բոլորը ոտքի էին կանգնում: Իսկ Սադայը նույնիսկ տեղից չշարժվեց: «Երբ պարապ է մնում, գալիս է այստեղ՝ զվարճանալու: Յուրաքանչյուր ոքի հասանելիք պետական բնակարանն այնպիսի տեսքով է տալիս, կարծես շնորհ է անում, ասես քաղաքի բոլոր տները հանգուցյալ հորից են բաժին հասել իրեն»,- ոչ մեկից չվախենալով, բոլորի ներկայությամբ ասաց նա ժողովի ավարտին: Հաջորդ օրը թատրոնում բոլորը ցավով ասում էին, որ եթե Տիրոջ ներկայությամբ Սադըղլին իրեն փոքր-ինչ «պարկեշտ» պահեր, Տերը քաղաքի կենտրոնում բնակարան կտար նրան, ամենալավ շենքում, բնակարան, որին արժանանում էին ոչ բոլոր մինիստրները:

Դե, արի ու դրանից հետո մի ասա, որ լեզուն մարդու ամենամեծ թշնամին է:

Նստարանի անկյունում կուչ գալով, կծկվելով՝ Նուվարիշ Ղարաբաղլին քնեց, և դերասանին այցելեց երազ, որը գուցե նրա կյանքի ամենամղձավանջային տեսիլքն էր:

Գորշավուն տարօրինակ վայր: Խոնավությունը թափանցել է մինչև ոսկորները: Ոչ տուն, ոչ ծառ. չկա աշխարհում ոչինչ՝ արյան սև լճակից բացի: Գրետա Սարկիսովնան, հենց նոր ձվից ելած և դեպի ջուրը շտապող կրիայի ձագի նման դուրս էր սողում իր իսկ արյան լճակից: Նրա մեռյալ, բայց և միաժամանակ կենդանի, մաշկազերծ մերկ մարմինն այնքան այլանդակ ու զարհուրելի էր, որ հնարավոր է՝ աշխարհի ստեղծման պահից ի վեր դեռ ոչ ոք նման սահմռկեցուցիչ պատկեր չի տեսել: Գրետա Սարկիսովնան սողում ու սողում էր գետնի վրայով՝ գալարվելով օձ պես: Սակայն դա այն շենքի ասֆալտապատ բակը չէր, ուր հիմա ապրում էր Նուվարիշը: Դա լերկ վայր էր, հիշեցնում էր Նուվարիշի ղրդալանյան թաղամասի բակի լերկ հողը, և այդ հողի վրայով սողում էր Գրետա Սարկիսովնան՝ կարծես ձգտելով սողահաս մերձենալ իր մահին: Բայց մահն այդ, ասես գողացված ինչ-որ մեկի կողմից ու ծանակաթաքույց պահած, բնավ չէր մոտենում նրան: Երբեմն, գլուխը բարձրացնելով, նա մրմնջում էր. «Շնորհակալություն, որդի՛ս: Անչափ շնորհակալ եմ ձեզ»: Եվ կրկին՝ անտանելի տանջանքների ու ցավերի մեջ շարունակում էր ճանապարհը դեպ իր մահը… Եվ Նուվարիշը հանկարծ հասկացավ, որ Գրետա Սարկիսովնան սողում է ուղիղ իր կողմ: Այնպես, ասես նրա մահը լոկ Նուվարիշի տնօրինության ներքո էր:

Եվ կամենում էր Գրետա Սարկիսովնան իր մահը նրանից ստանալ, որպեսզի ընդմիշտ ազատի իր մաշկազերծ մարմինը տանջանքից ու տառապանքից… Ինչքան մոտ էր սողում Գրետա Սարկիսովնան, այնքան վախն ու զարհուրանքը ավելի էր համակում Նուվարիշին:

Դերասանը փորձում էր փախչել մեռյալ կնոջից, որը ոչ մի կերպ չէր կարողանում մեռնել: Սակայն ոչինչ չէր ստացվում. Նուվարիշը չէր կարողանում քայլ անգամ շարժվել, նրա ողջ մամինն ասես լի էր հալած կապարով:

Չդիմանալով այդ մղձավանջին՝ դերասանը բացեց աչքերն ու… ո՜վ երջանիկ, հայտնաբերեց, որ գտնվում է ցուրտ, խոնավ միջանցքում: Լույսերն արդեն միացրել էին, և միջանցքի մյուս ծայրի վիրահատարանի դռները լայն բացված էին:

 

Շարունակությունը՝ 2013 թվականի Անդինի 3 և 4 համարներում

Share

Կարծիքներ

կարծիք