Տեղեկանք՝ ներկայացված սոցապին թոշակի անցնելու համար

20142611151059110

Հայրենական պատերազմի տարիներին ծնված երեխաներին տալիս էին բիազ կտոր: Բիազի համար ունեի երկու ծննդական, իսկականը՝ 1944 թվականի, մյուսը՝ 1946 թվականի: Եվ իմ ամբողջ կյանքի տարիները կապվեցին հենց 1946 թվականի հետ: Իմ սիրելի ընկեր, արձակագիր Հովհաննես Մելքոնյանին ասում էի, որ ես կապ ունեմ իր գրած 46 թվականի հետ, իսկ նա անխոս ժպտում էր:

Գյուղի երեխաները, երբ ոտքի էին ելնում և առաջին քայլերն էին անում, իրենք արդեն աշխատում էին: Առավոտյան շատ վաղ, աչքերը փակ վեր էին կենում, որ ոչխարների պարանոցին փաթաթված պահեն, որ կաթը կթեն և ուղարկեն արոտ, իսկ երեկոյան սպասում էին նախիրի և ոչխարի հոտի վերադառնալուն, և շարունակվում էր ամենօրյա առօրյան:

Երբ արդեն 10-11 տարեկան էի, գնացի իսկական աշխատանքի: 1955-56 թվականներին աշխատեցի որպես հոտաղ՝ սկզբում փոխարինող, եզներին արածացնում էի, հետո արդեն նստում էի գութանը տանող եզների լծին:

Շաբաթներով տուն չէինք գալիս, և գիշերում էինք դրսում՝ մտնելով ջվալի (բրդից գործած պարկ) մեջ, պառկում էինք հերկած ակոսում և մի քիչ էլ հող էինք լցնում պարկի վրա, որ ավելի տաք լինի: Առավոտյան շատ շուտ վեր էինք կենում, երբ դեռ ոտքերդ թրջվում էր վաղորդյան ցողից, մի կերպ քնաթաթախ նստում էինք լծին, երբ գութանի խոփը դեմ էր առնում քարի, լծից ընկնում էինք ցած:

Արևի դուրս գալուց արդեն ոգևորություն կար: Յուրաքանչյուր հոտաղ երազում էր դառնալ մաճկալ, այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում այլ գործ, այլ պաշտոն, քան մաճկալ լինելը: Դա բարձրագույն պաշտոն էր, հրամանատար:

Երբ 1949 թ. հայրս մահացավ, ծանրությունը ընկավ մորս վրա: Եվ մայրս առավոտյան բքին ոտքով գոմեր հասնելով, կոլխոզ, սովխոզ անասնապահական ֆերմաներում կթվորուհի աշխատելով երեք երեխա մեծացրեց:

Մայրս մոմի նման վառվեց և հալվեց:

Պատերազմից հետո մարդկանց ապրելակերպը ավելի վատացավ: Պետությունը անասուններին ավելի լավ էր նայում, քան մարդկանց: Քուսպ   տեղափոխող բեռնատարներից հաճախ գողանում էինք, որ սովամահ չլինենք: Ուտում էինք գարի հաց՝ առանց պանիր և երազում էինք  ցորեն հաց ուտել պանրով:

Պապս երեկոյան ինձ տանում էր օդա, որտեղ հավաքվում էին թաղի տարիքավորները: Հիշում եմ նրանց պատմությունները՝ Քյոռ-օղլուց, երգով և համով զրույցով: Հավաքատեղին Դեմուրչյան Պայրուկի օդեն էր: Պայրուկ քեռին մեր թաղի բրիգադիրն էր, գյուղում կար 6-7 բրիգադ: Գյուղը տարածք ուներ նաև Քուռ գետի ափին:

Գյուղում կար հիվանդանոց, դեղատուն, իսկ մասնագետները բարձրակարգ էին:

Լավ հիշում եմ, 3-4 տարեկան էի. ձմռանը սահելիս սպիտակ ձյանը շատ նայելուց աչքերիս առաջ սևացավ, տեսողությունս վատացավ, հայրս գրկեց-տարավ աշուղ Ջիվանու թաղում գտնվող դեղատունը, որի վերևի բլրի վրա ամեն տարի կատարվում է Ջիվանուն նվիրված միջոցառում:

Կարծախ գյուղը շրջանի ամենամեծ գյուղն էր՝ տարածքով և բնակչությամբ: Երկու դպրոց կար, բայց չէր բավարարում. սովորողների թիվը շատ մեծ էր, դաս էինք անում նաև սեփական տներում: Միջնակարգ կրթություն ստանալու համար գալիս էին շրջակա 3-4 գյուղերից սովորելու:

Այդ տարիներին ձմեռները շատ խիստ էին, ձյունը փակում էր ճանապարհները, տների դռները, անասուններին կերակրելու և ջրելու հարցը դառնում էր մեծ խնդիր:

Իսկ ամռանը գյուղը դառնում էր դրախտավայր՝ ծաղիկներով, մարգագետիններով, անմահական աղբյուրներով: Արդեն գալիս էր խոտհնձի ժամանակը: Ամենամեծ տարածքը համարվում էին սարերը: Մեր գյուղի երկու լճերում ձուկ չկար, իսկ հիմա Խոզապին լիճը ձկան մեծ պաշար է արտահանում: Իսկ բարձրանում էինք սարերը խոտհնձի, սարի գլխից երևում էր Չլդըր լիճը, որը գտնվում է Թուրքիայի տարածքում: Դպրոցական վերջին տարիներին արդեն սայլվոր էի: Դա արդեն ուրիշ աշխարհ էր, սայլին խոտ բարձելը՝ մեծ արվեստ: Սարերից սայլը իջեցնելիս  հաճախ կապում էինք անիվները, և ծանրությունը ընկնում էր եզների վզին, հաճախ ջարդվում էր լուծը, անիվը, թափքը…

…Կենսաթոշակի անցնելու ժամանակ գնացի սոցապ բաժին՝ ինձ հետ տանելով իմ աշխատած տարիների փաստաթղթերը: Գյուղից բերածը չընդունեցին՝ տարբեր պատճառաբանություններով: Եվ երբ ես պատմեցի գյուղում աշխատած տարիներիս մասին, սոցապ աշխատակցուհին լսեց-լսեց, և աչքերը խոնավացան, լաց եղավ:

Իսկ ես այդ տիկնոջ արցունքների հետ իմ այդ տարիների աշխատած օրերը բերեցի տուն:

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք