«Տարվա մարդը» հայ զինվորն է

ԼուսանկարԱնդինի հյուրն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

 

 

-Պարոն նախարար, ուզում եմ միանգամից սկսել վերջին ամենացավալի դեպքից՝ վարժանքի պահին ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը՝ թե իբրև մարդ, թե իբրև զինվորական ու պաշտպանության նախարար:

 

-Շատ, շատ ցավալի երևույթ էր: Անկասկած, այսօրվա իրականության մեջ երբ ինչ-որ բացթողում կամ կորուստ ես ունենում, առաջին արձագանքը վրդովմունքն ու զայրույթն է, թե ինչու այդպես եղավ, ով էր մեղավոր: Իսկ այնուհետև միանգամից սթափվում ես և սառնասրտորեն որոշումներ ընդունում, թե ինչպես գնահատել իրադրությունը, ինչ վերաբերմունք ցույց տալ:

 

-Իսկ իրականում ի՞նչ էր տեղի ունեցել:

 

-Իրականում տեղի էր ունեցել հետևյալը. ուղղաթիռը ուսումնավարժական թռիչքի ժամանակ մի քիչ ավելի էր մոտեցել առաջին գծին, չնայած թռիչքը պլանային էր և ղեկավարվում էր: Եվ հակառակորդը խոցել էր հենց այդ պահին: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հակառակորդի ուղղաթիռներն իրենց առաջին գծով են անցել, և մենք հնարավորություն ենք ունեցել խոցելու, սակայն մեզ զուսպ ենք պահել՝ իրադրությունն ավելորդ լարվածության չհասցնելու համար:

 

-Բայց չէ՞ որ հակառակորդի նման վարքը նորություն չէ: Ուղղաթիռ խփելը ճիշտ և ճիշտ նման էր քնած սպային կացնահարելուն:

 

-Այո, այս անգամ էլ հակառակորդը ցույց տվեց իր իսկական դեմքը: Ամբողջ 2014 թվականը լարված անցավ: Ընդ որում, այս անգամ ոտնձգությունը առավել քան ստոր էր, քանզի ուղղաթիռը ոչ մի սպառազինություն չուներ, միայն վարժանքի համար էր օդ բարձրացել: Եվ այն ստահոդ հայտարարությունները՝ իբր մեր կողմը ուղղաթիռով հարձակում էր կազմակերպել հակառակորդի վրա, բնավ չեն համապատասխանում իրականությանը: Երբ ուղղաթիռները դուրս են գալիս կրակային բնագիծ, նախապես հուժկու կանխարգելիչ կրակ է արձակվում: Բոլորդ էլ տեսել եք հենց իրենց տեսագրությունը: Նման բան չկա:

Բայց հակառակորդի ստորությունը դրանով չավարտվեց: Նա թույլ չտվեց նույնիսկ մեր զոհված օդաչուների մարմինները ետ բերել: Մենք անհրաժեշտ համարեցինք այդ հարցը նախ և առաջ միջազգային կառույցների միջոցով լուծել, բայց մեր զինվորական ղեկավարությունն արդեն քաջ գիտեր հակառակորդի իրական դեմքը, ուստի որոշվեց գործողությունն իրականացնել ինքնուրույն՝ առանց միջազգային կառույցների:

 

-Նման գործողությունների մասին Հոլիվուդը ֆիլմեր է նկարահանում, իսկ մերոնք պարզապես իրականացրեցին աննախադեպ ու անհավանական  թվացող այդ սխրանքը: Մեր նամակագիրներից մեկը գրում է, որ ուղղաթիռի միջադեպից հետո, մանավանդ զոհված օդաչուների աճյունները փրկագործելու գործողությունից հետո  բանակի ոգին ավելի է բարձրացել: Համամի՞տ եք նրա հետ, եթե այո՝ ինչո՞վ կբացատրեք:

 

-Պատերազմն իր դժվարություններով, դաժանություններով ու կորուստներով շատ վատ բան է, բայց պատերազմն այն միակ իրավիճակն է, որ հոգևոր, բարոյական ու նաև ֆիզիկական ուժերի գերլարման արդյունքում մարդկանց տանում է հերոսության: Այդ հերոսություններն արտահայտվում են նմանօրինակ գործողություններով, երբ մարդիկ նույնիսկ կյանքի գնով են սխրանքի գնում:

 

-Կարո՞ղ եք նմանատիպ հերոսության այլ օրինակներ բերել:

 

-2014 թվականը լի էր նման հերոսություններով՝ սկսած հունվարի 19-ից, ապա հուլիս-օգոստոսյան դեպքերը, այնուհետև այս վերջինը, երբ ոչ միայն փայլուն գործողություններ իրականացվեցին, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ այդ կերպ գործողությունների դաշտը տեղափոխելով կամ հակառակորդի տարածք, կամ միջդիրքային տարածություն, որը հնարավորություն տվեց պատժելու, պարտադրելու միջոցով զսպման մեխանիզմ ստեղծել: Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հակառակորդի եռանդն սպառվում է միայն այն ժամանակ, երբ պատժվում է խստագույնս: Դրանից որոշ ժամանակ կարծես զսպվում է, բայց հետո նորից ձեռնամուխ է լինում սադրանքների:

Ինչ վերաբերում է ձեր նամակագրի կարծիքին, ասեմ, որ այո, նման գործողությունները բարձրացնում են զինվորական ստորաբաժանումների մարտական ոգին, բարոյահոգեբանական մակարդակը: Օրինակ՝ հուլիս-օգոստոս ամիսներին մեր զինվորները նույնիսկ չէին ուզում մարտական հերթափոխից հետո դիրքերը թողնել նոր ստորաբաժանումներին: Այդ օրերին նրանք կորյունների նման պատրաստ էին առաջ նետվելու:

 

-Բնականաբար, այդ ամենում իր ծանրակշիռ դերն ունի նաև սպայակազմը…

 

-Անկասկած: Ստորաբաժանումներում այդ գործողությունները արդյունքի հասնում են հրամանատարի խելացի ղեկավարման, մարտավարական նոր հնարքների, ձևերի վերհանման, գործադրման, շարքային զինծառայողների պատրաստակամության և պատրաստվածության համատեղ կուռ գործունեությամբ: Այդ օրերին մեր զինվորների կողքին էին նաև մեր վետերանները, ազատամարտիկները, ովքեր հավատում էին մեր բանակի ուժին, բայց այնուամենայնիվ իրենց փորձը ցանկացան միանգամից փոխանցել նրանց:

 

-Կրկին անդրադառնանք ուղղաթիռի միջադեպին: Ինչո՞վ կպայմանավորեք այն հանգամանքը, որ միջազգային կառույցները անզոր գտնվեցին այս հարցում:

 

-Միջազգային կառույցների կողմից գնահատականներ տալու փորձեր եղան, բայց քանի որ նրանց հիմնական խնդիրը խաղաղ միջոցներով, քաղաքական ճանապարհով հակամարտությունների լուծումն է, միջազգային կազմակերպությունները փորձում են նման պրակտիկ գործողությունների վրա անհարկի վառելիք չլցնել, կրքերը չբորբոքել, ուստի նրանց գնահատականները ևս ընդհանուր են լինում: Թեև գնահատականներից մի քանիսի մեջ մեր հակառակորդը, որպես զինադադարի հիմնական խախտող, դատապարտվում է:

 

-Ժողովրդի մեջ տեսակետ կա, որ մարդասպան Սաֆարովը պիտի դատապարտվի մահվան, այդ մասին հայտարարվի և մահապատիժն իրագործվի: Ձեր տեսակետը:

 

-Մեր հարաբերություններում միշտ էլ այսպիսի խնդիրներ լինելու են, քանի որ կան արժեքների գնահատման տարբեր տեսակներ ու սանդղակներ: Ադրբեջանում հերոսանում են Սաֆարովի նմանները, ովքեր կարող են գիշերը կացնահարել քնած մարդուն, կամ այնպիսիք, ովքեր ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցում են չսպառազինված ուղղաթիռը: Իսկ մեր հերոսներն այլ չափանիշներով են ընտրվում: Մեր հերոսները նրանք են, ովքեր կյանքի գնով, ուժերի գերլարման արդյունքում գնում են սխրագործման՝ հերոսանալով և հերոսներ դաստիարակելով: Մեր զոհված ընկերների գերակշիռ մասը հրամանատարներն են, նրանք, ովքեր պատի կամ թմբի ետևից չեն ղեկավարել, այլ առաջին գծում հերոսաբար կռվել են՝ իրենց ետևից տանելով զինվորներին:

Կարծում եմ, որ Սաֆարովին պատժելու ամենածանր դատավճիռը հենց այս վիճակում թողնելն է, անվերջանալի սարսափի ու սպասման մեջ ապրելը, թե ուր որ է ինչ-որ բան կլինի:

 

-Հայտնի է, որ բանակները հաղթում են ոչ թե թվով կամ սպառազինությամբ, այլ հմտությամբ, կազմակերպվածությամբ, ոգով, նպատակի և պարտքի սրբազան գիտակցումով: Բայց չպիտի ուրանալ, որ կարևոր է նաև ուժերի հարաբերակցությունը: Ինչպիսի՞ն է այն այսօր:

 

-Մենք այսօր կարողանում ենք ուժերի հարաբերակցության պահպանման շնորհիվ ժամանակավոր հրադադարի վիճակը պահպանել: Մեզ համար քանակական տվյալները դեռևս որոշիչ գործոններ չեն, որ կարող են ազդել պատերազմի վրա, քանի որ քանակը պետք է վերածվի որակի, սպառազինության, կամ անձնակազմի քանակն ունենա ոգի, բարոյական, հոգեբանական, պատրաստվածության բարձր հատկանիշներ ու որակներ:

Մեծ քանակությամբ զենք գնել դեռ չի նշանակում, թե այդ զենքը միշտ պատրաստի վիճակում է, կամ, որ ավելի կարևոր է, գտնվում է հմուտ, վստահելի ձեռքերում: Ուստի մենք չենք մտնում սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ ընդհակառակը՝ ձեռք ենք բերում ժամանակակից այնպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա, պահպանում այն, ինչ ունենք, որը հնարավորություն կտա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, զսպիչ մեխանիզմներ ձևավորել, իսկ լայնածավալ մարտական գործողությունների դեպքում տեխնիկան ու զինատեսակները արագորեն տեղափոխել հակառակորդի տարածք և անսպասելի ու անկասելի հարված հասցնել:

Այսօրվա ուժերի հարաբերակցության մեջ մի բան պետք է գիտակցել. ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում երկու գործոն կա, որ որոշում են ցանկացած հաղթական ելքը՝ մարդը և սպառազինությունը:

Յուրաքանչյուր պետություն իր հնարավորությունների սահմաններում շեշտը դնում է այս կամ այն գործոնի վրա: Իհարկե, հզոր պետություններն ավելի շատ սպառազինության վրա են շեշտը դնում: Այնուամենայնիվ որքան էլ սպառազինությունը շատ լինի, որոշիչը, գործարկողը մարդն է:

Մեր պարագայում, երբ սպառազինությունը քանակական առումով զիջում է հակառակորդին, շեշտը դրվում է պատրաստվածության վրա: Մեր բանակը մարդակենտրոն կառույց է, որտեղ հնարավորություն է տրվում մարդուն՝ զիվորին և սպային, զարգանալու, վերադաստիարակվելու, պատրաստվելու որպես հայրենիքի պաշտպան: Այդ պարագայում ոգին և ընդհանուր բարոյահոգեբանական հատկանիշները որոշիչ են ամեն ինչում գաղափարական հենք ներարկելու համար: Ուստի ուժերի հարաբերակցությունը հակառակորդի օգտին գնահատելը սխալ է, քանի որ քանակը բնավ էլ որոշիչ չէ: Մենք դա ցույց ենք տալիս առաջին գծում մարտական հերթափոխի ժամանակ՝ պարտադրելով կամ պատժելով:

2015 թվականի իմ ուղերձում ես գրել եմ, որ այսուհետ ևս հաշվի առնելով 2014 թվականի իրողությունները և ուսումնասիրելով հակառակորդի բնույթը՝ միշտ պետք է պահպանել «կանոնավոր ծեծի» սկզբունքը:

 

-Դուք որոշ չափով անդրադարձաք բանակի մթնոլորտի կարևորության հարցին, այնուամենայնիվ խնդրում ենք փոքր-ինչ մանրամասնել. Դուք գո՞հ եք բանակում տիրող ընդհանուր մթնոլորտից, բարոյահոգեբանական, դաստիարակչական աշխատանքներից: Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում, ի՞նչ է արվում դրանք լուծելու համար:

 

-Բարոյահոգեբանական մակարդակն ու ոգին հենց այնպես չեն ձևավորվում: Դրանք պայմանավորված են երկու կարևոր հատկանիշներով. առաջինն այն է, որ այդ ոգին ամրապնդվում է առօրյա գործնական, մարտական պատրաստվածության տասնյոթ առարկաների պարապմունքների ժամանակ, և երբ դրանք արդեն հղկվում ու ներդաշնակվում են, զինվորները կարող են ետ նայել և գիտակցել, որ իրենք այլևս այն դեռահաս պատանիները չեն, այլ արդեն առնականացած, ինքնավստահ տղամարդիկ են: Եվ երկրորդը՝ երբ խոսում ենք ոգու և ներդաշնակ գործողությունների մասին, ապա պիտի ասենք, որ այստեղ անվերապահ մեծ դեր ունեն մարդկային հարաբերությունները, հրամանատարների անձնական օրինակը, զինվորների գիտակցաբար ենթարկվելը հրամատարական կազմին, մեկը մյուսին լրացնելն ու մյուսի համար պատասխանատու լինելը:

2010 թվականին ՀՀ նախագահը հարց տվեց՝ «Ինչպիսի՞ն է հայոց բանակի ոգին»: Ես, իհարկե, ասացի ճշմարտությունը, պատասխանեցի, որ ոգին բարձր է, բայց ասացի նաև. «Եթե Դուք հարցնում եք, ուրեմն ինչ-որ բանով մտահոգված եք, ուստի ես հավելյալ միջոցառումներ կձեռնարկեմ մարտական ոգին բարձրացնելու համար»: Ես մեթոդական ցուցումներ գրեցի մարտական ոգու բարձրացման և զգոնության պահպանման վերաբերյալ և դրանցում հստակ ձևակերպեցի ու  սահմանեցի հենց «մարտական ոգի» հասկացությունը, նշեցի այն բոլոր մեթոդներն ու ուղղությունները, որոնց գործածման շնորհիվ հնարավոր է ստեղծել ու ամրապնդել այդ մարտական ոգին:

Երբ խոսում ենք բարոյահոգեբանական մակարդակի մասին, անհրաժեշտություն կա անդրադառնալու նաև բանակում տիրող կարգապահությանը, որը, պետք է ասել, ամրապնդվում է տարեցտարի: 2014 թվականին մենք որդեգրել  ենք «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», «Մեր օրենքներով», «Միասնական բարքեր ընդդեմ փողոցային բարքերի» կոչերը: Միջանձնային հարաբերությունների խախտման և հանցագործության հանգեցնող պատճառները հենց նման արատավոր բարքերն են՝ մականուններ, փողոցային խոսակցություններ, հայհոյանքներ, ինչը կարող է հանգեցնել բախման ու ծեծկռտուքի՝ ստեղծելով անհանդուրժողականության մթնոլորտ: Ցավոք, վերջինս երբեմն արտահայտվում է զենքի կիրառմամբ կամ ինքնասպանության դրդմամբ:

Այսօր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը շեշտում է, որ հասարակության մեջ հանդուրժողականության բացակայությունն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը: Պետության մեջ բանակը ամրոց և միջնաբերդ է, որը նաև զտիչ հատկություն ունի, ուստի նորաթուխ, անփորձ, խակ զինվորի փոխարեն կարող է հասարակություն վերադարձնել բարոյական կայուն արժեհամակարգ ունեցող քաղաքացի:

Նշեմ, որ քրեածին հանցագործությունները և կորուստները 2014 թվականին երկուսուկես անգամ նվազել են: Այդ համապատկերում հարկ եմ համարում նշել նաև, որ նույն թվականին ավելացավ առաջին գծում մեր զինվորների կատարած հերոսությունների թիվը: Ճիշտ է, եղան նաև կորուստներ, ինչը, իհարկե, ցավ է, բայց և հպարտություն: Երբ զոհված զինվորների հուղարկավորության ժամանակ ասում են՝ մենք կորցրեցինք մեր զավակներին, ես, ցավը զսպելով, ուզում եմ ասել՝ մենք չկորցրեցինք նրանց, մենք գտանք մեր իրական հերոսներին:

-Պարոն նախարար, ի՞նչ նշանակություն ունեն ղեկավարության՝ նախագահի և նախարարի անձնային հատկանիշները բանակաշինության գործում:

 

-Անձնական հատկանիշները, որոնց մեջ պետք է ներառել ընդհանուր աշխարհայացքն ու մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպչական ջիղը, հռետորական հմտությունները, արագացնում կամ դանդաղեցնում են ցանկացած գործընթաց: Եթե անձը տիրապետում է այդ բոլոր հատկանիշներին և հմտություններին, ստեղծել է համախոհների և աշխատողների հուսալի խումբ ու կարողանում է առաջ տանել համակարգը, կնշանակի, որ հաջողության հասնելու հեռանկարն անհամեմատ ավելի մոտ է: Սակայն պակաս կարևոր չեն նյութական, ֆինանսական կարողությունները, որոնք իրադրությունն իրական հաղթանակի են վերածում:

-Իմ կարծիքով՝ այս տարվա հերոսը հայ զինվորն է: Դժվարանում եմ հիշել հայոց պատմության մեկ այլ շրջան, երբ հայ զինվորն այսքան կարևորված լինի: Եվ եթե Անդին ամսագիրն ունենար «Տարվա մարդ» կոչում, այն անվերապահորեն կշնորհեր հայ զինվորին:

Նոր տարվա շեմին Դուք ի՞նչ կուզենայիք մաղթել հայ զինվորին:

 

-Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ «Տարվա մարդը», իրավամբ, հայ զինվորն է: Սակայն եթե զուգգահեռներ անցկացնենք և՛ բանակի, և՛ քաղաքացիական այլ գործունեության միջև, պարզ կդառնա, որ մենք կարող ենք մեր երկիրը առաջ տանել բոլոր ոլորտներում զինվորագրվելու հաշվին, քանի որ զինվոր են բոլորը՝ հրամանատարից մինչև շարքային զինծառայողն ու քաղաքացին, և, թերևս, վատ է այն ղեկավարը, ով դադարում է հոգով զինվոր լինելուց:

Ես ուզում եմ նախ և առաջ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր զինվորներին, հատկապես առաջին գծում կանգնած տղաներին: Եթե առկա է ոչ խաղաղ, ոչ էլ պատերազմական իրավիճակ, այո, հենց առաջին գծում կանգնած զինվորն է տարվա հերոսը:

Զինվորներին կմաղթեի խաղաղ ծառայություն, կապույտ երկինք, ծնողներին՝ հպարտություն, որ որդիները կարողանում են դժվարին իրավիճակում պահպանել մեր երկիրը, ապահովել ժողովրդի խաղաղ արարումը և հուսալի հիմքեր ստեղծել մեր հայրենիքի զարգացման համար:

Եկել է պահը, երբ մենք պետք է երբեմնի 88 թվականի ոգին ու համախմբումը վերակենդանացնենք: Եվ եթե այն ժամանակ այդ ոգին բարձրացրեցին կամավորականներն ու մտավորականները, ապա այսօր այդ սուրբ գործը պետք է իրականացնեն հայ զինվորն ու հայ մտավորականը:

 

Անդին 12, 2014

Share

Կարծիքներ

կարծիք