Վաղուց էր

20152502150714612

Գիշերային էսքիզներ շարքից…

 

 

Երբ անցյալը դառնում է բեռ, մարդը, անկախ իրենից, դառնում է բեռնակիր:

Նա ծաղկի էր նման՝ բյուրեղյա ծաղկի, որին վախենում ես դիպչել` կարծելով, թե կվնասես: Եվ այս բյուրեղյա ծաղկի յուրաքանչյուր բյուրեղիկի մեջ ապրում էր մեկի անունը, ում անգամ անուն չեմ ցանկանում տալ, որովհետև միշտ էլ անդեմ ու անանուն է եղել:

Չգիտեմ էլ, թե որտեղից գտավ նրան, սողոսկեց նրա նուրբ աշխարհը, կարճ ժամանակում տակնուվրա արեց այն ու հեռացավ՝ նրան թողնելով ծանրացած հիշողությունների բեռը:

Ես միշտ նրան մենակ եմ տեսել: Թախծոտ աչքերով, նեղացկոտ բնավորությամբ, աշխարհի ալեկոծություններին անտեղյակ ու այդ ալեկոծություններին հանդիպելիս ինքնամփոփ դարձող մեկը:

Հիմա նա մենակ չէ: Նա նստած է լուսավոր սենյակում, որի պատերը թաքնվել են շքեղ, սակայն, անճաշակ կահ-կարասիի հետևում: Կենտրոնում դրված է սեղանը, վրան՝ բաժակով գինի:

Իսկական լեդին մտորում է անցյալի՝ իր միակ հավատարիմ ընկերոջ մասին մեկ բաժակ գինով:

Բեռը նրա վզին մի շղթա էր հագցրել, նստել նրա դիմաց՝ ծաղրական ժպիտը դեմքին:

Եթե անդեմը տեսներ նրանց երկուսին միմյանց հետ՝ մտքով անգամ չէր անցնի, որ այս երեկո նրանք միասին են… իր մասին մտածելու համար:

Անդեմի մտքով ինչպե՞ս կարող է անցնել, որ ինքը ինչ-որ մեկի ներկա բեռն է՝ անցյալից եկած:

Սենյակում լսվեց ձայն. բեռն էր.

-Լռում ես, ու լռությանդ հետ շղթաներն ավելի ու ավելի են ամրանում: Առաջ ատում էի քեզ, շարունակ փախչում քեզնից, իսկ դու անընդհատ կառչում էիր ինձնից:

Նրա այտով արցունքի փոքրիկ կաթիլ հոսեց: Կարծում էր, թե նորից անդեմի ձայնն է լսում, որ անդեմը կանչում է իրեն, որ իր կարիքն ունի: Բայց նա ի՞նչ իմանար, որ անդեմն այժմ իրեն յոթերորդ երկնքում է զգում, որ իր ճանաչած անդեմն իրականում որպես այդպիսին գոյություն էլ չունի:

Գինու բաժակը կիսատ էր արդեն:

-Հիմա ես քեզ հետ եմ: Դու ինձ համար այնքան բաց ես, որ ես քո մի մասնիկն եմ դարձել: Ի°մ սիրելի օրիորդ, դու գերվել ես սիրում:

Գերության մեջ հեշտ է բոլորին մեղադրել՝ բացի սեփական անձից: Նա նախընտրում էր մեղքը տալ անդեմին: Նա համառորեն դեռ տեսնում էր չեղածը:

Նա այնքան անմիտ էր, որ մտքերով դեռ կառչում էր անդեմից: Նա այնքան հավատացյալ էր, որ հավատում էր անդեմին դեմք տվող իր հորինած կերպարին:

Բաժակը դեռ լի էր կիսով չափ:

-Դու խամաճիկ ես: Իմ ունեցած երբեմնի ամենագեղեցիկ ու համառ խամաճիկը,- մեղմ շոյելով նրա վիզը՝ ասաց բեռը:

Բաժակը դատարկվեց: Նա գինովցավ: Հայացքը հառեց բեռին: Ու բեռն ապշեց, որովհետև այժմ օրիորդը տեսնում էր թե՛ շղթաները, թե՛ բեռը: Նա նայում էր բեռին, ինչպես հրամանատարն է նայում թշնամու զորքին, երբ պատրաստվում է սկսել մարտը:

Բեռը, կարծես հանձնվելով, նահանջեց:

Արդեն սկսվում էին բեռի լռության ժամերը: Բեռը լուռ հավաքեց շղթաները: Մոտեցավ դռանը, հրաժեշտի վերջին հայացք գցեց նրան ու բացեց դուռը: Սենյակի պատերը հանկարծ փշաքաղվեցին օրիորդի ձայնից․

-Մի գնա, խնդրում եմ: Ինձ մենակ մի թող: Ես քեզնից բացի ոչինչ այլևս չունեմ:

Բեռն իր թիկունքում զգաց նրա շնչառությունը: Բեռի դեմքին հայտնվեց մի ժպիտ, որն անգամ աչքերին փայլ հաղորդեց:

Սենյակի լռությունը մի պահ խախտվեց շղթաների զրնգոցից…

 

 

 

Անդին 11, 2014

Share

Կարծիքներ

կարծիք