«Սովորական ծնոտով մարդը» շարքից

Հեղինակ:

nkar

***
Կուզեի որ շաբաթը յոթանասուն օր լիներ
Որպեսզի կեռասները ընդմիշտ
Մնային ճյուղերի վրա

***
Մի ուղևորի ճամպրուկը
Լցնում է մենությունը իջևանատան
Օրը
Մենությունը ուղևորների
Ուղևորները անձնագրերով
Իջևանատները ցուցանակներով
Ես կանգնել եմ
Խորհում եմ քամու մենության մասին
Քամու մենության
Որ երբեք բացի փչելուց ուրիշ անվանում չի ունեցել

***

Ֆորուղին*

Հայելու դիմաց մեծանում եմ
Չեմ խորհում ծաղիկների զուգավորման մասին
Փողոցում էլ քամի չկա
Ինձ սեղմում եմ գրկիս մեջ
Կիսամերկ շորով
Դուրս եմ նետվում հայելուց
Ոչ խորհում եմ ծաղիկների զուգավորման
Եվ ոչ էլ այս ամուլ փողոցի մասին
Հենց այն հողային հղին եմ
Որ մատները օղակել է շրջագոտիս

***
Քո երկինքը քեզ համար
Իմ երկինքը ինձ համար
Մենք երկուսս մի անգամ ենք ծնվում
Մի անգամ ենք մեռնում
Ես քո երազանքներն եմ հագնում
Դու գրկիր իմ մղձավանջները

***
Ինձ կախել եմ իմ վզնոցից
Որպեսզի հավատամ
Կյանքը երբեմն սրանից զատ չի կարող լինել
Վզնոցը որ կապում ես ստվերիդ կոկորդին
Ստվեր որ մի մեծ պարանով
Իրեն կապում է իր ցնորքներին

***
Այս հնամաշ ճամպրուկով
Չես կարող ամբողջ ծովը քեզ հետ տանել
Ծալիր հավերժական առագաստները
Դիր ճամպրուկիդ մեջ
Եվ ուղևորվիր երկնքի ճանապարհով
Մենակ գնա
Հիշողությունները սիրահարված են հողին

***
Սուզվում եմ օրվա մնացուկի մեջ
Ինչպես թեյի գավաթը
Ինչպես գիշերը
Օրվա մնացուկի մեջ
Ինչպես տունը…
Սուզվում եմ իմ մնացուկի մեջ
Հայացքիս մեջ
Օրը անցնում է անփայլ վերջին լուսամուտներից

***

Ինքն իր խամաճիկն էր
Անձայն ծիծաղում էր
Լալիս էր
Տիկնիկային թատրոնի տիկնիկը
Մի հավերժական ներկայացման մեջ
Ինքն իր խամաճիկն էր

Խաղում էր բոլոր չգրված դերերը
Ծիծաղից լաց
Լացից ծիծաղ

Տիկնիկային թատրոնի տիկնիկը
Որ կախված չէր ոչ մի թելից

***
Տարիներ հետո
Ես և դու
Մի հեծանիվով
Կգնանք դեպի արևը
Քո Սենյակը կընդարձակվի
Եվ սպիտակ մի զամբիկ
Իրեն ձորը կնետի
Մենք մոռացված հուշ ենք
Սառցե ուրվականները
Փոքրիկ երկու գերեզմանների կողքին
Մեր ձեռքերից սև թութ են քաղել

***
Անձրև է գալիս
Այստեղ մութ է
Իմ դիմացի գրադարանը
Ես գրադարանի դիմացը
Այստեղ հենց այս պատի ետևում
Կարող է լուսավոր լինել կամ մութ
Շորերի ձայնը մարմնիս
Կարող է մութ լինել
Կամ լուսավոր
Գրադարան
Ձայներ
Ես
Բոլոր դեպքերում
Սիրում եմ արճճե թիթեռներին
Եվ անձրևին
Մոտենում եմ
Իմ դիմացի գրադարանը կանգնել է
Բոլոր արճճե տողերը
Այստեղ իմ դիմաց
Արճճե թիթեռները
Թռչում են մթության մեջ

*Ֆորուղ Ֆարրոխզադ — վաղամեռիկ պարսկուհի բանաստեղծ

պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Անդին 5, 2014

Կարծիքներ

կարծիք