Ռեքվիեմ

Հեղինակ:

Լուսանկար

Ես՝ մի հանճարեղ ինքնասպանության
Շնորհանդեսին կանչված մունետիկ,
Դու՝ վշտի միակ արքայադուստր,
Գաղտնիքս հողե քո մեջ անթեղիր:

Ես՝ ողբերգության վերջին լուսաբաց,
Դու՝ մայրամուտի պերճ կատակերգակ,
Զղջման խոսքերդ՝ մարգարիտի հատ,
Խոզերի առջև դու այսօր շաղիր:

Հույժ կալանավոր սրբապատկերներ,
Մարմարե կրակ, գմբեթարդ լուսին,
Դեռ չինքնորոշված վայրի աստղիկներ
Եվ մի խանձահոտ ու բրոնզե ձի:

Կրակոցներից զոհված մագաղաթ,
Մանրանկարի լուսե քարացում,
Իմ երակների զիգզագով արծաթ
Մարմինը սիրո հողին եմ հանձնում:

Խնկաբույր օղի, մաքառումի ջուր
Ու դեռ թաքնված երազի մարմին,
Վաղորդյան սիրո ատլասե կամուրջ
Ու սպիացած վերքերի փոշի:

Բառի խրախճանք, չարքերի խնջույք,
Չասված խոսքերի թավշե սեպագրեր,
Լեռներից իջնող հանցավոր անուրջ
Եվ ձնծաղիկներ կործանող արև:

Հանգուցյալ արցունք, վերջին հիացում,
Մտերիմ շշուկ անցած օրերի,
Եվ անդառնալի հավաստիացում,
Որ սերը հին է կյանքից ավելի:

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք