Չեչեն գրոհայինները ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում աշխույժ  քննարկվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի խոստովանությունը և գնահատումները պատերազմի, հայերի ու ադրբեջանցիների մասին: Այդ տեքստը համացանցում առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին, պարզվել է նաև հեղինակի ինքնությունը, որը ներկայում բնակվում է Աբու Դաբիում: 

Մենք նպատակահարմար ենք համարում բավական պերճախոս այդ տեքստի որոշ հատվածներ ներկայացնել ընթերցողի ուշադրությանը՝ հավելելով այլ մանրամասներով ու վկայություններով: 

Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Անդին

 

Ալի Համզատովը Ղարաբաղի մասին

 

Ես ակկ եմ (ակկ, ակկիացի — չեչենական ցեղախումբ, տոհմ — Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք «եղբայրների» հետ կռվում էինք «անհավատների»  դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար:

1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական — Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին:

Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի: Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը — Անդին) 60-70 հոգի էին:

Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով:

Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ:

Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին:

Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին — Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար:

Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին:

Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից —Անդին),  և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց:

Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից:

ԻնշաԱլլահ:

Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի… Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո:

 

Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին:

Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում:

Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդըգնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցինք «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին:

Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մեկիս փող չտվեցին, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև թյուրք-ազերիների նկատմամբ:

Հայերը խիզախ և ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կհասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրենքները հարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկե, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաև արժանի բարեկամներ:

Մենք կորցրեցինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են:

Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին:

Ցավոք, ռուսները գրավել են մեր երկիրը, և ես ստիպված եմ հայրենիքից հեռու գտնվել, սակայն կգա օրը, և ես կվերադառնամ, կհավաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռվել եմ Ղարաբաղում, ու կփորձեմ գտնել հայ ֆիդայիններին, որոնց դեմ կռվել եմ Ղարաբաղում: Մեկին կոչում էին Մարդ/տ/իրոս Ս/Կ/ամսարյան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցե մեկն ու մեկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թե՞ զոհվել է:

Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դեմ կռված եղբայրները Իչկերիայում նույնպես պատմում էին հայերի մասին: Նույնպես մեծ հարգանքով ու ջերմությամբ: Մենք չէինք հիշում, որ նրանք անհավատներ են: Եվ մի՞թե կարելի է այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկե՝ ոչ:

Խոզությունը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զենքերը, որ մեզ հետ տարել էինք կռվելու, հետո ուզում էին բաժան-բաժան անել մեզ և առաջ գցելով՝ օգտագործել իբրև վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրավորներին թողնում էին, այնինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խոսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից:

Իմ խորհուրդը ձեզ. մի հավատացեք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մոտիկից է տեսել ազերիների «ուղղափառությունը»:

Ղարաբաղում իսլամի զինվորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհվեց հերոսաբար:

Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերություն ազերիների, որոնց «խիզախությունը» ի հայտ էր գալիս անզենների նկատմամբ միայն:

 

VITALI-BALASANYAN

Վիտալի Բալասանյան

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս

 

Ղարաբաղյան պատերազմում չեչեններին տված դասը

 

Մինչ 1993 թվականին Աղդամի ազատագրումը տարբեր ճակատներում, մանավանդ Աղդամի ուղղությամբ, հայերի դեմ կռվում էին ոչ քիչ վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Չեչնիայից և այլ վայրերից: Ժամանակին մենք ունեինք բավականին ռազմագերիներ, դիակներ և փաստաթղթեր, որոնք ներկայացրեցինք միջազգային հանրությանը, ապացուցելով, որ վարձկանները մարտական գործողությունների մասնակցել են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև հետո:

Դրանից անմասն չէին նաև չեչեն ահաբեկիչների խմբավորումները՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: Աղդամի կրակակետերը մեր կողմից ոչնչացվելուց հետո նրանք կենտրոնացան Բաշ-Կարբենդ գյուղի դպրոցում և հարձակողական ու ահաբեկչական գործողություններ էին կատարում մեր դեմ: Ռազմաճակատի այդ հատվածում գործում էր Ասկերանի գունդը, որի հրամանատարը ես էի:

Մեր տեղեկություններով, Բասաևի խմբավորման անդամները ժամանակ առ ժամանակ փոխվում էին: Այդպիսով նրանք հնարավորություն էին ստանում առավելագույն թվով մարտիկներ պատրաստել իրական պատերազմի պայմաններում: Չեչենները մեր տարածաշրջանում հայտնվել էին կրոնական դրդապատճառներով, նրանք եկել էին սրբազան պատերազմի՝ Ջիհադի, որպեսզի սատարեն ադրբեջանցիներին:

Չեչենները լավ կազմակերպված, մարտունակ, ուժեղ ոգի ունեցող ռազմիկներ էին և համեմատության եզր անգամ չունեին ադրբեջանցիների հետ: Մենք ռադիոկապով բազմիցս հաղորդակցվել ենք նրանց հետ, բացատրել, որ սա իրենց կռիվը չէ, որ մեր միջև խնդիրներ չկան, այստեղ խաղի այլ կանոններ են, համոզում էինք հեռանալ Արցախից: Սակայն մեր բանակցությունները անարդյունք էին: Մնում էր բացատրել ուժով:

Չեչենների վերջին մարտը մեր դեմ տեղի ունեցավ 1993 թվականի աշնանը: Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ կրեց, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը: Մենք գյուղն ազատագրեցինք գեղեցիկ հակահարձակմամբ: Ելնելով ռազմավարական նկատառումներից և նկատի ունենալով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, չենք տարածում Բասաևի խմբավորման ջախջախման գործողության մանրամասները, սակայն այդ ամենը ներկայում հանդիսանում է մեր զինվորների ուսուցման ծրագրերի մաս:

Չեչենները բազմաթիվ զոհեր տվեցին, և մենք նրանց հնարավորություն տվեցինք տանել իրենց ընկերների դիակները: Նրանք մեկընդմիշտ հեռացան Արցախից: Չի բացառվում, որ անհատ չեչեններ հետո էլ են մասնակցել մարտական գործողությունների, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել:

Շամիլ Բասաևը մի քանի անգամ արտահայտվել է ղարաբաղյան պատերազմի իր փորձառության մասին: Հետագայում նրանք կռվել են Աբխազիայում, Վրաստանի դեմ: Եվ երբ չեչենները Աբխազիայի հայկական գումարտակի հետ հաջողության հասան, գործողությունից հետո ընթրիք կազմակերպվեց: Հայերը հրավիրեցին նաև Բասաևին իր մարտիկների հետ, սակայն նրանք հրաժարվեցին, հրաժարումը բացատրելով նրանով, որ Ղարաբաղում իրենք կռվել են հայերի դեմ, ուստի չեն կարող նրանց հետ սեղան նստել:

Արժանապատիվ և խիզախ, զենքի եղբայրության գինն իմացող մարդիկ էին այն չեչենները, որոնց ես հանդիպել եմ մարտում: Մեր ժողովուրդների ներկայացուցիչներն իրար հետ ապրել են դարեր շարունակ, Չեչնիայում մինչև օրս էլ հայեր են ապրում: Ցավում եմ, որ չեչենական որոշ խմբավորումներ մասնակցել են Ղարաբաղի պատերազմին: Մեր ժողովուրդները ունակ են վերացնելու այդ վրիպումը: Միևնույն ժամանակ, այս օրինակը դաս պիտի լինի նրանց, ովքեր Արցախ են գալիս թշնամական նպատակներով: Այսօր էլ մենք ունենք անգերազանցելի ուսուցիչներ, ովքեր կարող են արժանի դաս տալ նրանց:

 

ANATOLI-ZINEVITCH

Անատոլի Զինևիչ. «Աղդամի մատույցներում Բասաևը օգնություն էր աղերսում»

 

Այն, որ չեչեն գրոհային Բասաևը կռվել է Աբխազիայում, հանրահայտ է, իսկ հայերի դեմ նրա մղած մարտական գործողությունների մասին գիտեն քչերը: Դա հենց իր՝ Բասաևի «վաստակն է», որը «հպարտանալու» որևէ բան չուներ այս հարցում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետ, Աֆղանստանն անցած գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը 1996 թվականին պատմել է հետևյալը. «Բասաևը 1993 թվականին կռվել է այստեղ, Աղդամի մատույցներում: Եթե մենք այն ժամանակ գիտենայինք, որ նա այդքան ողբերգական դեր է խաղալու Ռուսաստանի պատմության մեջ, կթքեինք բոլոր միջանցքների վրա և կվերացնեինք նրա խմբավորումը» (Աղդամի գրավման ժամանակ հայկական զորամիավորումները քաղաքում մնացած խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել, որից օգտվեցին նաև զինվորականները, այդ թվում՝ չեչենները նույնպես):

Անատոլի Զինևիչը Բասաևի մասին խոսում էր վատ թաքցրած արհամարհանքով. «Մենք որսացել էինք նրա ռադիոբանակցությունները, որոնց ժամանակ նա բառացիորեն աղաչում էր օգնական ուժեր ուղարկել իրեն: Հետագայում Բասաևը խոստովանել է, որ Ղարաբաղում կռվելը նպատակահարմար չէ. ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»:

Ինքը՝ Բասաևը, 2000 թվականին հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որի ժամանակ ընդունել է իր մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին. «Մենք Ղարաբաղ եկել էինք ոչ թե ռազմական հաղթանշանների համար, այլ հանուն Ջիհադի»: Սակայն, պատմում էր Բասաևը, «երբ մենք տեղ հասանք և տեսանք իրադրությունը, հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշույլ իսկ չկա»: Նա ասում էր, որ ադրբեջանական բանակում շատ քիչ են բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: Բացի այդ, հայտարարեց Բասաևը, «հայերն ավելի լավ էին պատրաստված պատերազմին»:

Շամիլ Բասաևն ասում էր, որ Շուշիի անկումը պայմանավորված էր անհրաժեշտ կազմակերպվածության բացակայությամբ և ադրբեջանական զորքերի ղեկավարման անճարակությամբ: Նրա խոսքով՝«ՙ100 զինված մարդ կարող էին Շուշին մի տարի պահել»: Բասաևն ասում էր նաև, որ վերոհիշյալ պատճառներից ելնելով էլ իրեն ենթակա չեչենական խմբավորումները Ղարաբաղից դուրս բերելու որոշում է կայացրել 1993 թվականին:

2000 թվականին Բասաևը, չգիտես ինչու, հաճախ էր հիշում Հայաստանի և Ղարաբաղի մասին: Հունիսին նա բաց նամակով դիմել է Իրանի ղեկավարությանը և գրել. «Ինչո՞ւ եք ընդդեմ Ադրբեջանի օգնում Հայաստանին, երբ ադրբեջանցիները մեծամասնությամբ՝ և դավանանքով, և էթնիկ պատկանելությամբ, ձեր մերձավոր ազգակիցներն են»:

Իսկ նույն թվականի հոկտեմբերին, ըստ երևույթին մոռանալով հայերի դեմ կռվելու դառը փորձը, Շամիլ Բասաևը նամակ է գրում Հեյդար Ալիևին:

Finansical Times թերթը 2002 թվականին գրում էր, որ, իր տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Խատաբը, որը վերացվել էր նույն՝  2002 թվականին, Բասաևի մահից 4 տարի առաջ:

 

Բասաև

 

Բասաևի նամակը 

Ադրբեջանի պրեզիդենտ Հեյդար Ալիևին

/հատված/

 

Հանուն բարեգութ Ալլահի

Բարձրագույն ռազմական Մաջլիսուլ Շուրից

Ադրբեջանի պրեզիդենտ Հեյդար Ալիևին

 

Նախ և առաջ կամենում ենք հավաստիացնել Ադրբեջանի պրեզիդենտին և ի դեմս նրա ամբողջ ադրբեջանական ժողովրդին, որ մենք լիովին աջակցում ենք ձեր արդարացի պայքարին հանուն ձեր ազգային անկախության և տարածքային ամբողջականության:

Մենք միշտ ուշադիր հետևում ենք Ադրբեջանի իրադարձություններին և Ադրբեջանի ժողովրդի ցանկացած ողբերգություն ընդունում իբրև մերը:

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չորս կողմից շրջապատված է թշնամիներով: Իրանը, որը պետք է լիներ ձեր բնական դաշնակիցը, մեծավ մասամբ վարում է հայամետ քաղաքականություն: Դա գիտակցելը դառն է: Ալլահը տեսնում է, մենք լրջորեն մտադիր ենք օգնելու Ադրբեջանի մահմեդական ժողովրդին, այն բանից հետո, երբ պարտության մատնենք ռուսական նվաճողներին: Եվ կասկած չունենք, որ այդ օրը հեռու չէ:

Երկրորդ, 1994 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ պատերազմի ողջ ընթացքում և մինչև հիմա մենք զգում ենք ադրբեջանական ժողովրդի բարոյական աջակցությունը: Մեր վիրավորներից, հաշմված և ավարառված մեր քաղաքացիներից շատերը օգնություն և ապաստան են գտել ձեր հանրապետությունում:

Մենք դա չենք մոռանա:

Կովկասի մոջահեդների բարձրագույն ռազմական Շուրի անունից՝

Աբդուլլահ Շամիլ Բասաև

 

 

 

Անդին 9, 2013

Share

Կարծիքներ

կարծիք