Չար հրեշտակը

Հեղինակ:

20152801170702251

Գիշերային քաղաքի ամայի փողոցներով անցնում էր չար հրեշտակը: Քամին ոռնում էր տների արանքներում, փոթորկում տանիքների վրա. բացի հրեշտակից փողոցներում ոչ ոք չկար: Նա ջլուտ էր և մկանուտ, նա քայլում էր քամուն հանդիպակաց և շրթունքները կիպ սեղմած, արնագույն-կարմիր թիկնոցը թաքցնում էր նրա հսկայական թևերը: Նա փախել էր մայր տաճարից, որտեղ երկար ժամանակ կանգնած էր մնացել նեխահոտ և հեղձուցիչ օդում: Դարեր շարունակ նա մոմի շմոլ  ու խնկի բույր էր ներշնչել, դարեր շարունակ լսել էր իր գլխավերևում կախված առ Աստված առաքվող փառաբանական օրհներգեր ու աղոթքներ: Դարեր շարունակ նա տեսել էր եկեղեցու հատակին ծունկի եկած, գետնատարած մարդկանց` հայացքները դեպի երկինք հառած, զանազան բարբաջանքներ քրթմնջալիս, բարբաջանքներ, որոնց հավատում էին նրանք: Ամեն մի ստախոսությանը հավատի գարշահոտություն  ընծայող վախկո՜տ խառնամբոխ: Վախի, խառնաշփոթ մտքերի նողկալի խառնուրդ, որ խղճուկ հույս է տածում`խուսափե՜լ ճակատագրից, դուրս պրծնե՜լ. վերջապես ճողոպրե՜ց:

Նա ազատվեց իր շղթաներից և ջլուտ ոտքը դրեց զոհասեղանին՝ շուռ տալով սուրբ նվիրաբերություններով թասը: Նա զայրացած իջավ հատակին և աքացիներով դեսուդեն շպրտեց աղոթքների համար դրված փոքր նստարանները: Շուրջբոլորը կախված էին բարեպաշտ, զմայլված տեսքով սրբապատկերներ, վանդակների հետևում դրված մասունքներից նեխած հոտ էր փչում, խորանում լույս էր վառվում, այնտեղ նեխահոտ ծղոտի վրա մի մանուկ էր պառկած, և մոմե մայրը ծնկել էր նրա առջև. կե՜ղծ, անիմա՜ստ անպետքություն: Ոտքի հարվածով նա բացեց դուռը և դուրս եկավ քամոտ գիշերվա մեջ:

Նա ճշմարտությունը կասի:

Դարպասից դուրս գալուց հետո կանգ առավ և շուրջը նայեց: Ահա թե նրանք` մարդիկ, ինչպես են հարմարվել այստեղ: Նրանք այստեղ էլ ապրում են:

Նա կանգ առավ մի տան դարպասի առաջ և այրող հայացք գցեց տան վրա: Ապա սրով, որ կրում էր, դարպասի վրա խաչ փորագրեց:

-Դու կմեռնե՛ս,- ասաց նա:

Այնուհետև գնաց դեպի հաջորդ տունը: Կողքից հրեշտակին նայելիս կարելի էր կարծել, թե նա սապատավոր է. այդ տպավորությունը ստեղծում էին նրա լայն թիկունքին հարմարված թևերը: Այդ տան մոտ նա նույնպես կանգնեց և նույնպես խաչ փորագրեց:

-Դու կմեռնե՛ս,- ասաց նա :

Այսպես նա մի տնից անցնում էր մյուսին և խաչեր փորագրում մսագործի դանակի նման կարճ ու ծանր սրով:

Դու կմեռնես: Դու կմեռնես: Դու կմեռնես: Դո՛ւ էլ կմեռնես: Դո՛ւ էլ:

Նա, պայքարելով ընդդեմ քամու, շրջեց ամբողջ քաղաքը և ոչ մի տուն բաց չթողեց:

Իր գործն անելուց հետո նա քաղաքային պատնեշը թողեց հետևում և ուղղվեց դեպի գիշերային խավար, ուր մարդկային ոչ մի կացարան արդեն չկար: Այնտեղ նա  դեն նետեց թիկնոցը և մնաց մերկ: Եվ տարածելով թևերը՝ հրեշտակը համբարձվեց դեպի լայն բացված խավարը:

Առավոտյան արթնանալով՝ մարդիկ զարմացան, երբ յուրաքանչյուր տան դռան վրա խաչ հայտնաբերեցին: Բայց նրանք ամենևին չվախեցան: Հետաքրքիր է, ասում էին նրանք, թե ինչպես է սա կատարվել և ինչու: Սովորականի պես, նախքան իրենց գործերին գնալը, նրանք զրուցեցին իրար հետ: Այդ ինչ նպատակով են հանկարծ խաչ փորագրել, որն առանց այն էլ լա՜վ հայտնի է իրենց: Կարծես չի կարելի ավելի կարևոր բաների մասին հիշեցնել:

-Մենք ինքներս էլ գիտենք, որ կմեռնենք,- ասում էին նրանք:

Անդին 12, 2013

Share

Կարծիքներ

կարծիք