Ուստա, թեթև տար

Հեղինակ:

20142309170251183_(1)

1.

Ուստա Վալեռին թաղում բոլորն էին ճանաչում: Մազալու մարդ էր՝ գործ կաներ, բոլորին կօգներ, փողը չէր վերցնի կամ եթե վերցներ՝ էդ փողով բակի երեխեքին պաղպաղակ, գնդակ, կոնֆետ-ծամոն կառներ: Երեխա չուներ, ու փոքրիկների համար ուշքը գնում էր, երեխեքն էլ նրան ծաղրում էին, հերերից լսել էին, որ լուրջ մարդ չի: Կինը ամեն օր հետը կռիվ կաներ, կասեր՝ այ միամիտ, դառար 50 տարեկան, էլի խելք չհավաքեցիր, նույն երեխեն ես: Ուստա Վալեռը խոժոռվում էր, վերցնում էր գործիքները ու դուրս գալիս տանից: Բայց հեռու չէր գնում: Հենց իրենց պատշգամբի առջև (առաջին հարկում էին ապրում) փոքր հողամաս ունեին, էնտեղ ուստա Վալեռը կոշկակարի բուդկի նման մի բան էր սարքել, նստում էր մեջն ու ամբողջ օրը բզբզում: Եթե ամառ էր, կինը՝ Մարին, բացում էր պատուհանն ու փնթփնթում Վալեռի վրա, իսկ Վալեռը չէր պատասխանում, գլուխը կախ իր գործին էր:

Մեր բակում ում մոտ ինչ փչանար՝ կբերեր Վալեռի մոտ: Սկզբում փող էին առաջարկում, հետո տեսան չի վերցնում՝ սկսեցին գարեջուր ու օղի առաջարկել: Թարսի նման Վալեռը չէր խմում: Էդ ժամանակ սկսեցին սիգարետ բերել՝ չէր հրաժարվում: Օրը մի քանի տուփ կծխեր, մտքերով ընկած կնայեր ֆուտբոլ խաղացող երեխեքին՝ խարտոցը կամ բալգառկեն ձեռքում պահած: Անցնող-դառնողը Վալեռին բարևում էր, միշտ մի քիչ ծաղրելով՝ Վալեռ, էլի գործի ե՞ս, կամ՝ Վալեռ, էլի կնիկդ տանից վռնդել ա՞: Վալեռը կամ չէր պատասխանի, կամ էլ հո չէր պատասխանի: Մի անգամ մի լկտի ջահելի ուղղությամբ հերթական կատակից հետո դանակ շպրտեց ու լարվեց հետևից: Եթե բռներ, երևի սպաներ: Էդ դեպքից հետո Վալեռի հետ ավելի զգույշ էին, բայց էլի շահագործում էին՝ Վալեռ, մեքենաս մի հատ նայի, Վալեռ, ժամացույցս փչացել ա, Վալեռ, էս կոշիկիս քիթը պոկվել ա, Վալեռ, ծիլեվիզրից հասկանում ե՞ս:

Ամեն ինչից էլ հասկանում էր ուստա Վալեռը՝ տեխնիկայից էլ, մարդկանցից էլ: Մի անգամ մատով կանչեց ինձ մոտ: Մենակ նստած էի, անելու բան չունեի, մոտ եկա, ասաց՝ գիտե՞ս ոնց են դանակ սրում: Ասացի՝ հա, բա ոնց: Քթի տակ ժպտաց ու քարի վրա սկսեց կենտրոնացած սրել իր դանակները: Էդ պահին նման էր ծովահենի կամ ավազակի, որ զենքերը կարգի է բերում հանցագործությունից առաջ:

-Ուստա Վալեռ, էդ թուշդ ո՞վ ա ճղել:

Նայեց վրաս, դանակը դրեց սեղանին ու ոչ այն է ասաց, ոչ այն է թքեց՝ թուրքը:

-Բա ո՞նց եղավ,- հարցրի,- պատմի էլի, ուստա Վալեռ:

Ուստա Վալեռը ինձ մանրադրամ պարզեց, ասաց՝ երկու հատ պաղպաղակ բեր, կպատմեմ:

-Չէ, չեմ ուզում, կոկորդս ցավում ա:

Վալեռը խիստ նայեց վրաս ու մանրադրամը խցկեց վերնաշապիկիս գրպանը:

Էն ժամանակ բակի տղաները հալածում էին ինձ: Չգիտեմ ինչի համար բոլորով միացել էին իմ դեմ: Ես 12 տարեկան էի, իրենք՝ ինձանից 4-5 տարով մեծ, բայց չէին ալարում, հետս գլուխ էին դնում: Խանութ գնալը իսկական փորձություն էր, որովհետև թշնամիներս հավաքվում էին շենքի անկյան մոտ, ու պիտի իրենց առջևով անցնեի: Էլի պիտի քաշքշեին, ծաղրեին, բայց էս անգամ ինձ տեսնելուն պես ցրվեցին: Մտածեցի, որ վախեցան ինձանից կամ ուղղակի ձեռք են քաշել ու էլ հետս գլուխ չեն դնում, բայց երբ խանութ մտա, ուստա Վալեռի ծանր ձեռքը իջավ ուսիս.

-Մի հատ էլ էն սիգարետից տուր,- ասաց վաճառողուհուն բամբ ձայնով:

Հիշում եմ՝ ինչ ապահով էի ինձ զգում ուստա Վալեռի ներկայությամբ: Հետո իր բուդկայում երկու պաղպաղակն էլ կերա, իսկ ուստա Վալեռն ինձ ցույց էր տալիս, թե ոնց են կաշին կտրում, ոնց տախտակ կտրելուց անկյունը ճիշտ բռնես: Երբ գնում էի, հետևիցս ձայն տվեց, ասաց՝ Աստծուց բացի ոչ մեկից չվախենաս: Ասացի՝ քեզ հեշտ ա ասելը, դու 12 տարեկան չես ու հետևիցդ 16-17 տարեկան յոթ-ութ հոգի ընկած չեն: Ուստա Վալեռը խոժոռվեց, անհանգիստ նայեց շուրջը .

-Դու իրանցից չես,- ասաց դանակը սեղանին դնելով,- դրա համար են հետևիցդ ընկած: Դու գիրք ես կարդում, դու մտածում ես, քո հերը պոետ ա, մտավորական ա: Դրա համար օտար ես սրանց: Հա էլ էդ ա լինելու, ամբողջ կյանքումդ: Ուղղակի, որ մեծանաս, քեզանից կվախենան, բայց հենց թուլացար, հարձակվելու են… Բան ասող լինի՝ կգաս մոտս: Դու իմ փոքր ախպերն ես:

Էդ գիշեր առաջին անգամ մեկ տարվա մեջ հանգիստ քնեցի, ապահով էն մտքից, որ պաշտպան ունեմ, որ մենակ չեմ: Իսկ հաջորդ օրն իմացանք, որ Մարիին սպանել են:

2.

Ուստա Վալեռը տանից դուրս էր գալիս միայն Մարիի հետ շուկա  գնալիս: Գողերը, որ մեր բակից էին, սպասել էին, թե երբ դուրս կգան, ու մտել էին տուն: Մարին ինչ-որ բան էր մոռացած եղել և վերադարձել էր տուն, իսկ Վալեռը գնացել էր շուկա: Մարիին դանակով տասնհինգ անգամ հարվածել էին, չնայած, դատաբժշկի եզրակացությամբ, երկրորդ հարվածից հետո արդեն մեռած է եղել:

Գիտեինք՝ ով էր կազմակերպիչը: Էն լակոտն էր, որի վրա Վալեռը դանակ էր նետել: Բոլորի ներկայությամբ ասել էր՝ Վալեռին սպանելու եմ, կնկան էլ… Ինքը իր վրա քֆուր էր դրել, թե եթե չանի՝ քածից ծնված լինի: Բոլորն էլ լսել էին, իրար հայտնել, բոլորն էլ գիտեին, բոլորը՝ բացի Վալեռից: Ոչ ոք նրան չէր զգուշացրել, ոչ ոք անշառ գլուխը շառի տակ չէր դրել: Էդ լակոտի անունը չեմ հիշում, հիշում եմ, որ հերը դատախազ էր ու բալիկին բոլոր փորձանքներից ազատում էր, բոլորից՝ բացի էս մեկից: Դատախազը ոստիկաններին փող տվեց, որ չբռնեն տղային, փախցրեց նրան Ռուսաստան, իսկ Վալեռի ջոկատի տղաները նրան էնտեղ էլ գտան, տասնհինգ տեղից ծակեցին, գլուխը կտրեցին, տարան: Ասում են՝ էդպես էլ թաղեցին՝ առանց գլխի: Իսկ դատախազի տուն նռնակ գցեցին, երբ տանը մարդ չկար, մեքենան այրեցին, ինքը տունը ծախեց, փախավ Հոլանդիա, որպես փախստական: Մի խոսքով, Վալեռն իր ջոկատով վերադարձել էր մարտական գործողությունների:

Բայց էդ ամենը եղավ Մարիի սպանությունից մի ամիս հետո: Իսկ էդ օրը մեր ուստա Վալեռին տեսանք վերջին անգամ: Հիշում եմ՝ ոնց խցկվեցի մարդկանց միջով ու տեսա նրան կանգնած կնոջ դիակի առաջ, մտքերի մեջ ընկած, մի տեսակ օտարացած, գնումներով տոպրակը մեքենայորեն ձեռքում պահած: Շրջվեց, նայեց բոլոր հավաքվածներին, բոլոր նրանց, որ օգտագործում էին իր բարությունը՝ համարելով իրեն հարիֆ, նրանց, որ չէին զգուշացրել ոչ իրեն, ոչ կնոջը ու երբ լսել էին կնոջ ճիչերը, չէին միջամտել, անգամ ոստիկանություն չէին զանգել, մինչդեռ Մարին տան դուռը բացել էր, հասել շեմքին, չէին կարող լսած չլինել, բայց հին ու տանջված ժողովրդի բնազդ է՝ անշառ գլուխը շառի տակ չդնել, փոխարենը պատուհանների վարագույրները զգուշությամբ մատով մի քիչ բացել ու մի աչքով գաղտնի հետևել, թե ինչ է տեղի ունենում դրսում, հարևանի տանը: Չէին կարող տեսած չլինել, կեսօր էր, Վալեռի տունն էլ բոլոր հարակից շենքերից երևում էր, բակում էլ էդ ժամին միշտ երեխեք կային, ու բիձեքը նարդի էին խաղում: Բայց երբ տեսել էին դատախազի մեքենայից դուրս եկող երեք դիմակավոր ավազակներին, ֆուտբոլ խաղացող թոռների ձեռքից բռնել, փախել էին տուն՝ շառից-փորձանքից, անհամությունից հեռու, ոչ մեկը չէր միջամտել, ոչ ոք Վալեռի հետևից չէր վազել՝ զգուշացնելու, հետ կանչելու, չնայած շուկան հեռու չէր, կարելի էր երեխեքից մեկին ուղարկել Վալեռի հետևից:

Էդ օրը հասկացա, թե ոնց էին Վալեռին բոլորն ատում, ոնց էին ուզում նրա վատը: Ատում էին, որ նման չի իրենց, որ Ղարաբաղում կռվել ա ու դրա մասին չի պատմում, ոչ մեկի աչքը չի խոթում, ոչ մեկին չի մեղադրում, ատում էին, որ ուրիշների նման առևտուր չի անում, տաքսի չի քշում, ծանոթ մինիստրներից պաշտոն չի մուրում, չի հարբում, հետները չի նստում նարդի ու բլոտ խաղում, էս երկրից դժգոհում, իր բուդկում նստած առավոտից երեկո իր գործին է, ինչ-որ բան է բզբզում, ինչ-որ բան է ուղղում, ինչ-որ շատ սխալ ու փչացած բան:

Ոչ ոք Վալեռի աչքերին չէր նայում. գլուխները կախ կանգնել էին, գիտեին, որ հանցակից են, որ տականք են: Հետո գուցե իրենք իրենց խաբեն, արդարացնեն, բայց էդ պահին պարզ գիտակցում էին, որ ոջիլից տարբերվում են միայն նրանով, որ ավելի վնասակար են ու վտանգավոր: Վալեռը հանգիստ նայեց բոլորին, դրեց ձեռքի տոպրակը, ճոճվելով մոտեցավ պահարանին: Ոչ ոք նրան չխանգարեց, ոչ հարևանները, ոչ ոստիկանները: Լարված հետևում էինք, թե ինչ է հանելու պահարանից՝ դանա՞կ, ատրճանա՞կ, նռնա՞կ: Վալեռը բացեց պահարանի դռնակը: Լսվեց ժանգոտ երկաթի անդուր ճռռոցը:

-Էս պիտի յուղվի,- շշնջաց Վալեռը՝ կոպիտ մատներով շոշափելով դռնակը, հետո հանեց պահարանից իր անձնագիրը, բացեց առաջին էջը, բոլորիս ցույց տվեց ու այրեց: Ոստիկաններից մեկը փորձեց միջամտել, բայց Վալեռը նայեց նրան առանց սպառնալիքի ու ցածրաձայն ասաց՝ կսպանեմ: Հետո նայեց մյուսներին ու ավելացրեց՝ գիտե՞ք քանի հատ եմ ձերպեսներից սատկացրել… մի գյուղի գերեզման կլինի: Ասածի մեջ ատելություն չկար, սպառնալիք չկար, բայց բոլորս զգացինք, թե ինչքան ա Վալեռը հոգնել: Անձնագիրն այրում էր մատները, բայց Վալեռը կարծես չէր զգում կրակը: Նայում էր կնոջ դիակին, պահարանի դռանը, մեզ, ասես փորձում էր ի մի բերել դռան ճռռոցը, մեր ստորաքարշ ներկայությունը, ճանճերի տզզոցն ու կնոջ խոշտանգված դիակը, համեմատել իր տեսած ուրիշ հարյուրավոր դիակների հետ, ինքն իրեն համոզել, որ երազ չէ, որ եղել է հնարավոր ամենավատը՝ իր միակին, իր Մարիին, սպանել են, սպանել են նրանք, ում համար արյուն է թափել, կոնտուզիա ստացել, ընկերներ ու ջահելություն կորցրել:

-Հիմա պրծա՞ ձեզանից,- ասաց՝ անձնագրրի մոխիրը բռունցքի մեջ սեղմելով:

Վալեռին էլ չտեսանք: Կնոջ մարմնի հետ գնացել էր անատոմիկ, էնտեղից Մարիին տարել էին Սպայի տուն, հետո՝ գերեզմանոց: Հետաքրքրասեր հարևանները գնացել էին թաղմանը, եկել ոգևորված, իրար ընդհատելով պատմում էին տեսածը՝ ասեղ գցելու տեղ չկար… ասացին՝ Մարին պատերազմի ժամանակ բուժքույր ա եղել, էնտեղ են ծանոթացել… Վալեռն էլ ոչ թե սովորական կռվող ա էղել, այլ ջոկատի հրամանատար… էն տղերքը, որ էն հոգնած 06-ով գալիս էին մոտը, իրա ջոկատի տղերքն էին… Վազգենն էլ էր եկել թաղմանը… Վանոն էլ կար… Վալեռը չէր լացում… մեզ չճանաչելու տվեց… ասացին՝ տունը թողել ա ինչ-որ ազգականի, գնում ա Ռուսաստան… ափսոս, որ տենց եղավ, Մարին լավ կնիկ էր, Վալեռն էլ կարգին մարդ էր, ոչ մի բանում չէր մերժի… էհհհ… ողորմի… ի՞նչ կարաս անես, կյանքը դաժան բան ա…

Բոլորը ոգևորված ու մի տեսակ ուրախացած էին, հպարտություն էին զգում, որ ճանաչել են Վալեռին, որ տենց մարդու հետ նստել-խոսել են, սիգարետ հյուրասիրել, նրան տիրություն արել… ափսոս, որ տենց ստացվեց… ո՞վ կմտածեր, ո՞վ իմանար, որ Վալեռը ջոկատ ա ունեցել, որ Վազգենը Վալեռին ճանաչում ու հարգում ա, որ Վանոն Վալեռին հարգում ա, Մարիի թաղմանը գրկել-ցավակցել ա: Ափսոսում էին, բայց ոչ Մարիի համար, այլ որ Վանոյին Վալեռի միջոցով չեն դիմել, իրենց գործերը առաջ չեն գցել:

-Էէէ, հազար ափսոս,- ասում էին բիձեքը,- իմանայինք տենց կապեր ունի, մեզ էլ լավ կլիներ, իրան էլ կպահեինք, սաղ օրը բուդկի մեջ համբալություն չէր անի: Մարին էլ ով գիտի սաղ կլիներ: Սաղիս համար լավ կըլներ… Իրա էշ խելքից էղավ…

Զզվանքի ու ատելության խառը զգացումը խեղդում էր ինձ: Ահավոր ամաչում էի, որ ես ու էդ բիձեքը նույն ազգից ենք, նույն բակից ենք, նույն օդն ենք շնչում: Էդ օրը որոշեցի լքել մեր բակը: Մի քանի ամսից ընդունվեցի համալսարան ու տեղափոխվեցի տատիս տուն: Բայց էստեղ էլ էին բակի տղերքը մի տեսակ հոտոտում՝ ով եմ, ինչ եմ, ինչի եմ սովորում, ինչի չեմ խմում ու բլոտ խաղում, բորդյուրին պպզում ու մարզվում երկար թքելու մեջ: Բայց Վալեռը ճիշտ դուրս եկավ. հիմա ինձանից վախենում էին, հիմա արդեն մեծացել էի, մարզվել էի, հիմա պատրաստ էի մինչև վերջ կանգնել, հիմա ինչ անում՝ հետևից էին անում, դեմիցս դուխները չէր հերիքում:

Շատ կուզենայի Վալեռին տեսնել, պատմել նրան իմ կյանքի մասին, ցույց տալ, որ ուժեղ եմ դարձել, խորհուրդ հարցնել, օգնել ինչով կարող եմ, բայց Վալեռին էլ չտեսանք, միայն նրա ջոկատի տղերքը Մարիի թաղումից հետո մի քանի անգամ իրենց հոգնած 06-ով եկան, տնտղեցին բակը, դատախազի տունը, նարդի խաղացող բիձեքին: Մեզ հետախուզում էին թշնամու նման, թուրքական գյուղի նման, որը պիտի գրավեն: Հենց մտնում էին բակ, բիձեքը թոռներին առնում փախչում էին տուն, իսկ կանայք ամուսինների հետ վարագույրների արանքից զգուշորեն հետևում էին, շունչը պահած սպասում, թե ինչ է լինելու: Իսկ ի՞նչ պիտի լիներ: Գլխավոր հանցագործի վիզը կտրեցին, նրա ընկերները հերթով հիվանդանոց ընկան, տարբեր աստիճանի կոտրվածքներով, դատախազը ամեն ինչ ծախեց, կնկա հետ փախավ Հոլանդիա: Ասում են՝ Վանոյին խնդրել էր, որ Վալեռի տղերքից իրեն պաշտպանի, Վանոն աղվեսի ժպիտով ասել էր՝ ես քեզ պաշտպանեմ, բա ի՞նձ ով պաշտպանի: Դատախազը հարցրել էր՝ բա ի՞նչ անեմ, շեֆ ջան, Վանոն էլ թե՝ ի՞նչ պիտի անես, արա, սաղ ծախի ու փախի: Չգիտեմ՝ ճիշտ էր, թե հորինած, չգիտեմ՝ ով էր էդ խոսակցությանը մոմ բռնել, բայց ողջ բակը խոսում էր, բոլորը միայն Վալեռից էին խոսում, Վալեռը հանկարծ դարձել էր լեգենդ, հեքիաթի հերոս: Ասում էին, որ Ռուսաստանում իր ջոկատի տղերքով շուկա նայող է, փող է հավաքում վաճառողներից, հարստացել է, բայց կնիկ չի առել, մենակ է ապրում: Երբ հարևաններից մեկը շուկայում մոտեցել էր նրան, Վալեռը միայն ասել էր՝ փախար:

-Ինչ արի, ինչ արի,- ոգևորված պատմում էր տուժողը,- փախա, ի՞նչ պիտի անեի: Իր տղերքի հետ կանգնած, ատրճանակը կողին խփած: Կյանքումս էդքան արագ վազած չկայի:

Գուցեև հորինում էր: Վալեռն արդեն էնպիսի լեգենդ էր, որ նրանից ապտակ ստանալն անգամ պատիվ էր համարվում բակում: Բիձեքը հավաքվում, պատմություններ էին հորինում, թե Վալեռն իրենց ինչեր է պատմել Ղարաբաղի կռվից, Վազգենից, Վանոյից, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ մոտ է եղել Վալեռի հետ.

-Լուրջ տղա էր մեր Վալեռը:

-Հալալ ա տղուն:

-Ոնց էն դատախազի լակոտի բուկը փրթեցին…

-Դատախազն էլ թողեց փախավ… մաշնեն վառին, իրան էլ ով գիտի արդեն քթել, փրթել են…

-Ասում են՝ Վալեռը մենակով գյուղ ա  գրավել…

-Հիսուն թուրք ա իրա ձեռով սպանե… շնից ծնված ըլնեմ՝ իրանից եմ լսե…

-Հիմի երևի էնքան փող ունի, որ գլխիդ տա, ուշքդ կեթա:

-Տենաս որ տղուս ղրգեմ մոտը, շուկայում մի հատ տոշկա կտա՞…

-Չարժի՝ կխփի… գիտե՞ս քանի հատ մեր պես ա խփե… մի գյուղի գերեզմանոց կըլնի… հենց իրանից եմ լսե… շնից ծնված ըլնեմ…

 

Անդին 8, 2013

Share

Կարծիքներ

կարծիք