Ուղեցույց Թիֆլիս քաղաքի. 1912 թվական

Հեղինակ:

20140312171303380

Ողորմի հոգիներին` Վանո Խոջաբեկովի, Փիրոսմանի, Կարապետ Գրիգորյանցի, Եթիմ Գուրջի, Գիգո Շարբաբչյանի, Կարա-Դարվիշի, Գևորգ Ջոտտոյի, Բաժբեուկի, Կարալովի և «Թիֆլիսյան Օրդենի» մյուս դարդիմանդների:

 

Թիֆլիսի ամենամեծ ու շքեղ փողոցը Գոլովինսկին է: Իսկ եթե մենք հետևենք Թիֆլիսի անհայտ, բայց հանճարեղ նկարչի այս գործին ու գնանք նրա ցուցամատի ուղղությամբ, նա մեզ կտանի ծուռ, փոքրիկ ու սապատավոր փողոցներով, որտեղ տխրությունը գինու համ ունի, և ժամանակը քացախի պես պղպջակներ է տալիս…

Թիֆլիսի մեջտեղում Քուռն է: Քռի վրա վեց կամուրջ կա` Միխայլովսկիի, Վերայի, Մուխրանսկու, Հավլաբարի, Մետեխի, ու ամենանշանավորը` Մնացականովի: Այս կամուրջը կառուցել է պարոն Մնացականովը 25 հազար ռուբլով և նվիրել քաղաքին: Դա իրավունք է տվել նրան դառնալու Թիֆլիսի պատվավոր քաղաքացի: Ասում են` նա այդ օրվանից իր ունեցած դրամները կամուրջներով է հաշվել: «Էսօր բիրժայում երկու կամուրջ շահեցի»: Աղջկան հանդիմանում էր` «Քո շորերի և գլխարկների վրա վեց կամուրջ ծախսեցի»: Եվ մտքի մեջ նա փայփայում էր Սանկտ-Պետերբուրգին, Փարիզին, Լոնդոնին կամուրջներ նվիրելու հեռանկարը… Ու շոյում էր իր «բուլանժե» մորուքը երևակայելով ` «Լոնդոնի Վաթերլոոյի կամուրջի կողքին` Մնացականովի կամուրջ, ուխայ…»:

Այս կամրջի ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ նրա տակ ապրում է Խեչո Չոփուրովը: Նա Շինիխ գյուղից է: Երբ նա բոլորովին փոքր էր, նրա հայրը`  Չոփուր Եթիմովը զարմանալի պատմություններ էր անում, որ Խեչոն քնի. հայրը նրան պատմում էր այն երազը, որը փոքրիկ Խեչոն իբր թե  պետք է տեսներ քնի մեջ: Բայց նա պատմում էր երազի միայն կեսը` երկրորդ կեսը թողնելով, որ Խեչոն տեսներ քնի մեջ: Եվ Խեչոն քնում էր: Բայց երազների երկրորդ կեսերը նա այդպես էլ չէր տեսնում: Հետո, շատ ուշ , երբ Խեչոն մեծացավ և սկսեց քնել Մնացականովի կամուրջի տակ, նա հասկացավ, որ երազի երկրորդ կեսը սա է… Այս կամուրջը` իր գլխի վրա, Քռի բերած ցուրտը և հեռվում լսվող ձայներն ու խոսակցությունները, որ գալիս են ու գնում` գործ չունենալով իր հետ…

Պարո՛ն Մնացականով, պարոննե՛ր… Դուք ապրում եք տաքուկ և բարեկեցիկ: Դուք ամեն ինչ ունեք` ինչ պետք է և ինչ պետք չէ: Դո՛ւք պարոններ, ունեք ջերմություն, քնելու տեղ, փող, ուտեստ … Ձե°զ, պարոններ, պարոն Մնացականո՛վ,  պակասում է միայն մի բան. դժբախտ մարդ, որ մրսում է, որ սոված է, որ ճակատագրականորեն դժբախտ է… Ձեզ պետք է այդպիսի մարդ, որպեսզի գիշերով, երբ կշտանաք ու պառկեք անկողնում, հիշեք այդ մարդուն ու համեմատեք ձեզ հետ… Այդ համեմատությունը ձեզ պետք է, որպեսզի ավելի ուժգին զգաք ձեր տաք վիճակը, բավարարվածությունը, ձեր փափուկ անկողինը, առողջ, թավշյա մաշկը, ձեր երջանկությունը… Այդ մարդը Խեչոն է: Համեցեք կամուրջի տակ, և դուք կտեսնեք նրան… Նա ոչինչ չի ունեցել և չունի: Նա նույնիսկ հրաժարվել է իր ցանկությունից` հանուն շրջապատի ցանկությունների…Նա իր չունեցածն էլ տվել է առաջին ցանկացողին… Նա միշտ մրսել է և անհարմարության մեջ եղել… Նա իրեն ձեզ է հանձնում: Վերցրեք և էլ ավելի հարմարավետ կզգաք ձեր անկողինը, ապահով ` ձեր կյանքը…

 

 

Թիֆլիսում օդի ճնշումը 706 է:

Առևտրական Թամամշևի վրա` 404:

Վորոնցով-Դաշկովի վրա` 308:

Իսկ մեր Կարա-Վուրթիի վրա` հազար: Գուցե պատճառներից մեկը դա է, որ նա տուն-տեղ չունի, բայց երկնքի տակ է քնում` փոքր-ինչ թեթևացնելու համար ճնշումն ի վերուստ…

Քնում է որտեղ պատահի. գարնանը կառքերի մեջ, ձմեռը` Միրզոևի բաղնիքում, ամառը` Մուշտայիդի այգում…

Վուրթին ամեն ինչ ծաղրում է` տունը, փողը, հագուստը:

Բայց մի բան պիտի հագնի, ախր, նա, ու Վուրթին լայնեզր գլխարկ է դնում, վրան հավի փետուր, սյուրտուկի գրպանում` ծաղկի փոխարեն` կարմիր բոլոկի: Մի տեղ հաց ուտել է պետք, ախր, և նա դուքաններում ու քուչաներում մտքեր է վաճառում, կենացներ հնարում, գերեզմանաքարերին լեզու դնում, օրինակ` «Աստված կենդանի պահի սպանվածներին»: Մարդիկ ձեռ են առնում Վուրթիին, բայց նրա խոսքերն ու մտքերը տանում են, պատմում իրենց կանանց ու երեխաներին, ընկերներին ու սիրուհիներին… Եվ Վուրթիի մտքերն ու տառապանքը դառնում են ուրիշների սեփականությունը…

Ահա Կարա-Վուրթիի խոսքերը, որոնք նա շպրտեց «Բոմոնդ» ռեստորանում հանդիսավոր հավաքից հետո փողոց դուրս եկած «Կավկազսկի օտդել պոպեչիտելստվա իմպերատրիցի Մարիի Ֆեոդորովնի ինտելիգենցիի-պոկլոննիկով Վոլտերա», այսինքն` Վոլտերի երկրպագուների ընկերության կուշտ ու տակավին ատամները քչփորող անդամներին:

«Դուք քաղքենիության ամենահարազառ ներկայացուցիչներն եք… Ես մարդու հանճարը կանվանեմ միտք: Վոլտերը միտք է և ոչ թե մտավորականություն: Եվ նրա ամենաոխերիմ թշնամին դուք եք` մտավորականությունը, էժանագին սպառողը, պարազիտը, որ բազմանում եք մտքի շուրջը, մտնում նրա մեջ, ուտում եք, բանտարկում միտքը… Դուք` կեղծավորներ, սպանում եք միտքը և կուռք դարձնում դիակը»:

Այս ելույթի համար Կարա-Վուրթիին մեկ ամիս պահեցին Մետեխի բանտում: Այսօր նա Անտոնի կառքի մեջ է գիշերում, և եթե չեք վախենում կծու խոսքերից, կարող եք այցի գնալ նրան…

 

 

 

Կինոթատրոն «Մուլեն-էլեքտրիկ»:

Երբ փողոցներում մարդիկ նվազում են, «Մուլեն-էլեքտրիկի» դաշնակահարուհի մադամ Աուֆերմանի նվագը դուրս է գալիս փողոց, և մադամը գիտե, որ նա նվագում է արդեն նաև փողոցի համար… Վերջին սեանսը նրա բենեֆիսն է, նրա ոգևորության աղբյուրը, նրա փառքի ժամը…

Մտնենք «Մուլեն-էլէքտրիկ»` տեսնելու համար պառավ Աուֆերմանին և, ամենագլխավորը, աֆիշներ նկարող կռնատ Տաշիին: Տաշին իսկապես կռնատ է. նրա երկու ձեռքերն արմատից բացակայում են: «Աստված իր գործը գիտի,- ասում է Տաշին:- Աստված չի ուզում, որ իրենից բացի որևէ մեկն ստեղծագործի: Նա նկարել է աշխարհը ու չի հուզում, որ որևէ մեկն ընդօրինակի իրեն, փոխի իր արածը: Բեթհովենը խուլ էր, Հոմերոսը` կույր, ես էլ կռնատ եմ, թիֆլիսեցի Տաշին, միակը աշխարհում… Եվ գիտի, որ ես էլ աշխարհ կարող եմ ստեղծել, ձեռքերս է խլել… Տո, ես քու…- Ու Տաշին ատամներն է կրճատցնում, ոռնում երկնքի վրա, հայհոյում աստծուն:- Բայց ես հանդգնում եմ նկարել… Տեսեք` Վերա Խոլոդնայա, Մարիոն Լեոնարդ… իմ հրեշտակները երկար թերթևունքներով…»:

Տաշին փռում է պաստառը «Մուլեն-էլեքտրիկի» սպասասրահի հատակին, ոտքի մի շարժումով դեն նետում կոշիկները, ապա ոտքի մատներով վերցնում վրձինները, խաղացնում ու հաստատ իջեցնում կտավին… Նա ասես ապացուցում է իրեն ու աստծուն, որ մարդուն ձեռքեր պետք չեն: Նա զարմանահրաշ կեցվածքներ է ընդունում, պառկում է, կողքի ընկնում, պարում աֆիշի վրա, ճախրում, հաճախակի ծխախոտը ոտքով հանում բերանից, քրտինքը սրբում մյուս ոտքով և կրկին նկարում…

Հանդիսասրահում մերթ ընդ մերթ ուժեղանում են մադամ Աուֆերմանի դաշնամուրի հնչյունները, և լսվում նրա ոսկրոտ մատների տկտկոցները մաշված ստեղների վրա… Ու երբ սրահում պայթում է հանդիսատեսի ծիծաղը, սպասասրահը ավելի ամայի է թվում, ու Տաշին` մենակ, ինքն իր հետ, մի ֆանտաստիկ արարած… Իսկ աշխատանքից հետո, ուշ գիշերով, նա գնում է Պեսկիի կողմերի գետնափոր միկիտանը` ճանապարհին վերցնելով կառքի միջից Կարա-Վուրթիին ու կամրջի տակից Խեչոյին… Հետո ոտքի մատներով բարձրացնում է գավաթը ու խմում կռնատ իր բախտի և Թիֆլիսի կենացը…

Թեպետ Տաշին կենացների արանքում ատամները կրճտացնում է երկնքի վրա… բայց վերջում, քնելուց առաջ, օ, զարմանալի՜ աշխարհ, զարմանալի՜ Թիֆլիս, Տաշին լալիս է հոնգուր-հոնգուր. «Ներիր ինձ, աստված, խղճա ինձ, աստված»…

Ու ոտքի մատներով խաչակնքվում…

 

 

 

Քուռը օր ու գիշեր հոսում է, մեկ լաչակը գլխին առած, ամոթով` իր ծանծաղ մարմնից դուրս ցցված քարերի համար, մեկ փրփուրը ափերին փռած` զամբիկի պես վրնջալով… Երբեմն դանդաղում է, տնտղում ափերի ջրաղացների սևն ու սպիտակը, հետո կանգնում է տեղում` ականջ դնելով ջրերի վրա կախված պատշգամբների աղոտ լուսամուտներից  լսվող թառի ու քյամանչայի հնչյուններին, հետո նույնիսկ վերադառնում` կրկին անգամ ախ քաշելու Սայաթ-Նովայի մրմունջից…

Հոսում է Քուռը և բոլորովին նրա պետքը չէ, որ ափին գտնվող «ֆրանցուզսկոյե պարախոդնոյե օ-վո «Պակե ի կօ», «Սեվեվերնոյե պարախոդստվո», «Ավստրիյսկի Լլոյդ» և «Գերմանսկի Լլոյդ» շոգենավային ընկերությունները թքում են երեսին, իրենց աղբը թափում նրա մեջ ու հեռազանգում են` թիֆլիսեցի իշխաններին և միլիոնատերերին հրավիրելով դեպի Ատլանտյան օվկիանոս, ուր կառնավալային երթի պիտի դուրս գա «Գլոբուս» նավը:

Քուռը կուլ է տալիս թուքն ու մուրը, մարսում է նրանց աղբը և տխուր գիտե, որ իր տերը Թիֆլիսն է, ու ինքը հավերժական է Թիֆլիսի մեջ…

Վանքի հենց դիմաց կեղտաջրի մի նեղ թունել կա, որի միջոցով եթե դուրս գանք, կընկնենք Բեդոյի ապարանքը… Այստեղից թունելը մտնում է եկեղեցու տակ և դուրս գալիս մի աշխարհ… Թիֆլիսի կենտրոնում մի ուրիշ աշխարհ… Որտեղ կեղտաջուրը ձևավորվում է և թունելով գալիս դեպի Քուռը… Կեղտաջուրն էլ կարող է ջրվեժ դառնալ, ոգևորվել, մռնչալ ու ցած թափվել…

Քոչքոչանը Թիֆլիսի Նիագարան է. հազար տեղերից եկող կեղտաջրերը` խարչոյի մնացուկները, մորթվող ոչխարի արյունը, գիշերանոթների պարունակությունը, թույն ու հազալորձանքը գալիս են Քոչքոչան ու ասես հանկարծ պոռթկում, գահավիժում աղմուկով, լրբորեն ցույց տալիս, փայլեցնում արևին իրենց ուժն ու կիրքը…

Տարօրինակ բուսականություն է այստեղ, կանաչ-կանաչ, ոլորուն-ոլորուն, իրար հյուսված, խիտ-խիտ… Նրանք հաճախ միջատներ, սողուններ են թվում` կանաչ մողեսներ, կանաչ որդեր, կանաչ օձեր, որոնք փաթաթվել են իրար, կեսը հողի մեջ, կեսը դուրսը, կծում են իրար, փախչում են իրարից, մտել են իրար մեջ… Երբեմն ասես շարժվում են նրանց պոչերը… Երբեմն նրանք լալիս են, երբեմն ծիծաղում, սուլում ու մլավում…

Վերևում, կանաչ մթության մեջ Շուշանիկի տունն է` ցերեկները քմծիծաղ առաջացնող, գիշերները` երկյուղ ու շփոթմունք… Այդ տունը ասես մամռակալել է, դարձել է քանդակ… Ձորի բույսերն էլ կարծես ձգտում են Շուշանիկի տան կողմը, մագլցում պատերն իր վեր, ուզում են փաթաթվել, վարագուրել միակ պատուհանը` Թիֆլիսից թաքցնելու համար Շուշանիկի պատմությունը…

Հասարակ աղջիկ էր Շուշանիկը: Նա պատուհանի միջից նայում էր Թիֆլիսին ու երկար հյուսում էր երկար մազերը… Եվ եթե թողներ, որ երկարեին հյուսեքերը, նրանք կիջնեին գոտկատեղից էլ ցած, հետո կգնային-կհասնեին կրունկներին, ապա ավելի հեռու կտարածվեին, կհյուսվեին բակի կանաչներին, նրանց տամուկ ու գաղտնապահ ցողուններին… Եվ կանաչավուն-մանուշակագույն ծաղիկներով, սև խոտերով, մութով, տնքոցով հյուսված այդ մեծ ծամերը կփաթավեին պատերին, կսահեին, կգրկեին հազար անգամ:

Իսկ եթե Շուշանիկը ազատ արձակեր վարսերը, նրանք անհամբերությամբ կփարվեին Թիֆլիսին` մի մասը կծածանվեր դրոշի նման, մյուսը` կծածկեր քունջ ու պուճախ` և՛ Մնացականովի կամուրջը, և՛ «Մուլեն-էլեքտրիկը», և՛ գետնափոր միկիտանները…

Հասարակ աղջիկ էր Շուշանիկը. հուրախություն իր ծեր հոր` հեզ ու ուղղամիտ ուսուցիչ Գաբրիելի, նա սովորում էր Վերայի օրիորդաց ուսումնարանում, և սիրահարվեց «Սոյուզ կոպեյկի» ընկերության երիտասարդ անդամ Գեդևանովին: Իրենց բակի շշուկին էր նման նրանց ամուսնական արարողությունը սուրբ Կարապետ եկեղեցում…

Շուշանիկը հյուսքերը բերում-հավաքում էր իր մարմնին ու երկար շոյում հյուսքերն ու մարմինը. հյուսքերի տակ, Շուշանիկի մարմնի մեջ մի նոր կյանք էր սկիզբ առնում…

Գեդևանովը օրինական ամուսին էր: Նրա դեմքն այնքան կանոնակազմ էր, ձևը ձևին, պինդ, որ երբեք ավելի բան չէր կարող տեղավորվել նրա վրա` ոչ չափից ավելի զարմանք, ոչ չափից ավելի ուրախություն, և ոչ էլ չափից ավելի վիշտ… Երբ մանկաբարձուհի տիկին Խոջապարուխովան դուրս եկավ ծննդկանի սենյակից ու հուսահատ նայեց Շուշանիկի ամուսնուն և հորը, Գեդևանովն արժանապատվությամբ  ընդունեց ճակատագրի այդ հարվածը… Ու նույնիսկ, երբ Շուշանիկի հայրը լաց եղավ ձախորդ ծննդաբերության լուրը լսելիս, Գեդևանովը կրկին անսասան պահպանեց իր դեմքի օրենսդրությունը… Բայց հետո… Իսկ հետոն չափազանց անհասկանալի էր նրա համար: «Իմ բալիկը մարմին չունի»,- ասաց Շուշանիկը իմաստնացած դեմքով: Չգիտեին ինչ ասել և ինչպես վարվել: Շուշանիկը երջանիկ էր ու նա սիրում էր անտեսանելի զավակին: Ամեն ինչ այնպես էր, ինչպես բոլորի մոտ: Կուրծք էր տալիս և հանգիստ ու գոհ նայում դատարկ բարուրին, օրորում էր դատարկ օրորոցը…

Դա այնքան բնական էր, ճիշտ ու աչքի համար հաճելի, որ Գեդևանովն ու Գաբիրելը կրկին ու կրկին անգամ մտնում էին Շուշանիկի սենյակը, տնտղում օրորոցն ու մահճակալը…

Կանչեցին գերմանացի բժշկի. «Պատահում է… Հոգեկան տրավմա է… Հանգիստ է հարկավոր…»: Բայց Շուշանիկը ավելի ու ավելի էր սիրում իր դատարկ օրորոցը. խոսում էր հետը, երգում նրա համար… Շուշանիկը երջանիկ էր, ու սա էր հատկապես վախեցնում յուրայիններին… Հրավիրեցին հոգեբույժ Գոցիրիձև-Գոմարթելուն: Նա երկար մտածեց, հոնքերը վեր բարձրացրեց և ասաց. «Հոգեկան խանգարում չկա»… Հետո շփոթված մի քանի դեղատոմս գրեց, նորից նայեց շուրջը և հանկարծ  պատառոտեց այդ դեղատոմսերն ու մռմռաց. «Բժշկության մեջ նման դեպք չի պատահել… Ով գիտե… Գուցե ինչ-որ մի ճիշտ բան կա… Նա հոգի է ծնել… առանց մարմնի… հը՞… ի՞նչ եք կարծում….:

Ու գնաց: Ահա այստեղ էր, որ Գեդևանովի դեմքը քանդուքարափ եղավ: Գեդևանովը վախեցավ  կորցնել շրջապատի կարծրության զգացողությունը և հեռացավ, փախավ օձագալար բույսերից, երկար հյուսքերից, կանաչ կապույռ հուռութքից և հոգի ծնող կնոջից: Շուշանիկի հայրը մի քանի օրից մահացավ…

Ասում են, որ Շուշանիկը շարունակում է հոգի ծնել… և Թիֆլիսը նրան անվանում է «հոգի ծնող Շուշանիկ»: Էլի ասում են, որ նա շատ արագ ոտքի է կանգնեցնում իր զավակներին և ուղարկում Թիֆլիսի ծուռտիկ-մուռտիկ փողոցները, գետնափոր միկիտանները, կամուրջների տակ… Ու եթե ուզում եք խոսել նրանց հետ, տեսնել նրանց, ապա հեռացեք Դվորցովայա փողոցների շքեղ ու կուշտ խանութների պայթուցիկ փայլից և միշտ շարունակեք գնալ «ходи по палцам» ցուցամատի ուղղությամբ: Ու մի վախեցեք, բացեք ձեր սիրտը, պատմեք ձեր վշտերն ու տառապանքները, անկեղծացեք մինչև վերջ, միայն թե նյութ մի պահանջեք նրանցից, ապրանք մի ցանկանաք, առարկա մի ուզեք, փող մի տենչացեք, գործի մասին մի խոսեք. նրանք չեն հասկանում առարկայի ռեալությունը, նրանք չեն շոշափում նյութի ամրությունը, նրանք չգիտեն նյութի իրավունքի մասին…

Եթե ճշմարիտ խոսեք և անկեղծ լինենք, դուք կտեսնեք նրանց ու նրանք ձեզ կասեն ամենաբարդ ու ամենահասարակ բանը` ինչպես լինել երջանիկ…

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք