Ոսկե ծիրանը տասը տարեկան է

Լուսանկար

«Ոսկե ծիրանի» տասը տարին ինչ տվեց և ինչ տարավ…

Այս տասը տարին մեզանից տարավ վախը, որ այնպիսի հզոր զենք, ինչպիսին է կինոն, հատկապես փոքր երկրի համար կարևոր մի միջոց` սփռվելու, տարածվելու, ճանաչվելու, չենք ունենա:

Հաղթահարեցինք այն շեմը, որ ստեղծվել էր Հայաստանում. մասնագետները հեռացել էին երկրից, կինոստուդիան և կինոարխիվը վաճառվել էին… և այդ տագնապը հաղթահարելու համար տասը տարի պահանջվեց:

Առաջին փուլը, կարելի է ասել, ավարտված է: Երբ առաջին տարիների մեկ-երկու ֆիլմի փոխարեն քառասունից ավելի հայ կինոռեժիսորների ֆիլմեր են ներկայացվում, ես հասկացա, որ ինքնանպատակ չէին մեծերի և նոր կինոլեզու ներկայացնողների այցերը Հայաստան:

Ձեռք բերեցինք երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի մեծ բանակ: Շոու անելու ցանկություն չունեինք, որովհետև մենք շոումեններ չենք, սա հեղինակային կինոյի փառատոն է` մտքի և հոգու շարժ, որ սկսենք մտածել, ստեղծագործել և շարժվել առաջ:

Մեր կողքին կան փառատոներ, որոնք քառասուն-հիսուն տարվա պատմություն ունեն, մենք նրանց մոտ մանուկ ենք. նոր ոտքի ենք կանգնել, և փառատոնը  հոգածության կարիք ունի:

Չարացած մարդիկ շատ կան, գիտեմ, իրենք էլ մեղավոր չեն, դժվար կյանքով են ապրում շատերը, արվեստ չեն կարողանում ստեղծել, չեն կարողանում կինո նկարել կամ ինչ-որ բան կազմակերպել… Իհարկե, չարություն է առաջանում, բայց եթե Հայրենիքի և հայկական արվեստի մասին մտածող են` պետք է ուրախանան, որովհետև միջազգային մակարդակներում նսեմ խոսակցությունները երկիրը իջեցնում են այդ մակարդակին, իսկ մենք այսօր ապացուցել ենք, որ փառատոնը լուրջ միջազգային մշակութային գործունեություն է:

Ի՞նչ տարավ մեզանից տասը տարին: Տարավ մեր կյանքից ևս տասը տարի, տարավ մեզանից մեր վախը հայկական կինոյի ճակատագրի հանդեպ և տվեց վստահություն, որ հայկական կինոն երբեք չի կործանվի:

 

Երկու տասնամյակների արանքում

Մյուս տասնամյակում պետք է ստեղծենք հայկական կինոյի տեսակ, որովհետև այսօր չունենք ֆիլմեր, որ ներկայացնենք աշխարհին: Կան, իհարկե, բայց շատ քիչ են…

Կարծում եմ` մի քանի տարի հետո արդեն կունենանք ժամանակակից հայկական կինոյի ծրագիր` ներկայացնելու փառատոներին` հայկական կինոն որպես նոր մտածողություն, նոր, անկախ Հայաստանի արդյունք:

Տասը տարի է անցել, բայց հանգստանալ պետք չէ, որովհետև ծրագիրը մեծ  է, արդեն երրորդ սերունդն է եկել փառատոն, սովորել են փառատոնային գործը, որը բավական բարդ և նուրբ աշխատանք է:

Ֆիլմերը շատացել են, երիտասարդները շնորհալի են, բայց աշխատասեր չեն, նախագծեր չեն կարողանում կազմել, հատկապես տղամարդիկ առավել դանդաղկոտ են:

Փառատոնը հայկական ֆիլմերի ծրագրեր է ներկայացնում դրսում, մեր ներկայացրած ֆիլմերը գնում են տարբեր փառատոներ Հոլանդիայում, Իտալիայում, Բելառուսում, Թուրքիայում, Վրաստանում և այլն: Միջազգային փառատոներում արդեն ստանում ենք մրցանակներ, և այնպիսի ընկերությունների կողմից, որոնք հենց այնպես մրցանակներ չեն բաշխում: Փառատոնը տարածաշրջանում և աշխարհում արդեն նկատելի է, ու այլևս չեն զարմանում, թե էդ ի՞նչ երկիր է Հայաստանը, որ միջազգային փառատոն էլ ունենա, մի քանի կինոթատրոն և այն: Այսինքն` լուրջ քաղքականությամբ է զբաղված «Ոսկե ծիրանը»:

Քննադատությունների շուրջ

Միջազգային փառատոն ենք, և եթե համարձակվել ենք հայաստանաչափ երկրում միջազգային փառատոների հետ ոտք մեկնել, նշանակում է` իրավունք չունենք գավառական բաներ անելու. ավելի լավ է փակենք փառատոնը, գնանք տուն, ինչո՞ւ խայտառակենք ինքներս մեզ: Պետք է պահել միջազգային չափանիշը:

Երբեմն հոգնում եմ,գիտեք… ոչ թե աշխատանքից, հյուրեր ընդունելուց, այլ  մարդկանց բութ և միապաղաղ արտահայտություններից. գետնաքարշ խոսակցությունները մարդու միջից հանում են արվեստը, երեկվա մտածած սցենարը գուցե այլևս չկարողանաս իրականացնել, որովհետև դու նախորդ օրը մի շատ գարշելի հարցի ես պատասխանել, մի գարշելի մարդու ես տեղը դրել… Սա չի նշանակում, որ դու հաղթեցիր. քեզանից շատ բան գնաց` ստեղծագործելու, երազելու ցանկությունը:

 

Կյանքի իմ ժամանակը

… Ֆիլմերս հետաձգվում են. «Ոսկե ծիրանը»  ողջ ժամանակս խլում է, բայց ինձ բավարարում է երեք տարին մեկ ֆիլմ նկարելը: Ես հայրական բնավորություն ունեմ, որ ավելի շատ մտածում է շարունակականության, քան իր մասին: «Պոետի վերադարձը»` աշուղ Ջիվանիի մասին ֆիլմի սցենարը, յոթ տարի մտածում էի, թե ինչպես նկարեմ: Վահան Տերյանի մասին ֆիլմ եմ ուզում նկարել, սցենարը արդեն մտածված է: Անելիքները շատ են` պետք է որոշենք փառատոնի մյուս տարվա ծրագիրը` ի՞նչ ենք անում, Լոկառնոյի փառատոնում հայկական ֆիլմերի մեծ ծրագիր ունենք, ժամանակ չկա, Ջավախքում երկու ծրագիր ունենք… Հրավիրված եմ մի շարք փառատոների և պետք է մի ֆիլմ սկսեմ, զուգահեռ մեկ այլ ֆիլմ պետք է շարունակեմ ավարտին հասցնել: Իմ գործընկեր Սուսաննա Հարությունյանի թոռնիկին պիտի կնքեմ… Ինձ համար ամենակարևոր ժամանակը ներկա ժամանակն է, ներկա ժամանակից ավելի մեծ բան չեմ կարող գտնել:

 

 

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք