Շատ համեղ է

20151901175508818

Ոչխարի հոտը` աշխարհի դավերին անտեղյակ, մակաղած էր խոտերին: Արևն արդեն նշան էր արել, որ արթնանալու ժամանակն է. սկզբից ոսկեզօծեց դիմացի թեք բլուրը, հետո ջերմացրեց ոչխարների մարմինները: Վրայի բուրդը, իհարկե, տաք է պահում, բայց երբ վաղորդյան արևն այնքան ուշադիր է լինում, որ դիմացի բլրին իջնելուց անմիջապես հետո իրենց է անդրադառնում, ուղղակի երանություն է: Շողերը խտղտում են բրդի վրա. և՛ խուտուտ է գալիս, և՛ փշաքաղվում են, և՛ ջերմանում: Չէ՛, շատ ուշադիր է Արևը իրենց հանդեպ:

Սկզբում լսվում է Հաստակոտոշի մայունը: Նա միշտ առաջինն է արթնանում ու իմաց տալիս ցեղակիցներին: Նրան նմանակել է ուզում Սևաբուրդը. ճիշտ նրա պես սկսում, բայց վերջին հնչյուններն ավելի բարձր է վերցնում: Թե ի՛նչ բնավորություն է, դու էլ քո «բարի լույսը» քո ձևով ասա, ի՞նչ պարտադիր է ուրիշին նմանակելը: Իսկ այն Հաստադմակը ալարում է մի բերան «բարի լույս» մայել, բայց ի՞նչ է լինում որ: Արևը նրանից չի նեղանում, ամեն առավոտ նորից ջերմացնում է նրա բուրդը: Հետո ամեն մեկն սկսում է իրեն ցույց տալ (շատ լոպպազ արարածներ են ոչխարները) ու ցուցադրել իր ձայնային արժանիքները: Առջևում դեռ ամբողջ մի օր կա, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու անգամ բերանները բանան կամ չէ, կալարեն ձայն հանել, իսկ հիմա իրար հերթ չեն տալիս: Ինչևէ: Մայունը տարածվում է հոտով մեկ, ու պարզ է դառնում, որ արդեն առավոտ է. հարկավոր է անցնել սննդի հարցերը հոգալուն` կյանքի իմաստը նորոգելուն:

Թվում է` շուրջը լի է բարիքներով, բայց իրականում այդպես չէ. ամեն բան բերանն առնել չի լինի: Երբեմն դառնահամ կանաչներ են պատահում, երբեմն` փուշ ու տատասկ, երբեմն` արտաքին գեղեցկության մեջ անհյութ, չոր ու ցամաք խոտեր: Կյանքը  հեշտ չէ ամենևին, բայց հիմա առավոտ է, և որկորը պատրաստ է կեր ընդունելու. համեղ խոտի փնտրտուքի մղումն ավելի է ուժգնանում, արյունը սկսում է արագորեն հոսել երակներում, հյութալի խոտ բերանն առնելու անհագ ցանկություն կա: Օրը պարգևել է այսուայնտեղ աճած մատղաշ բուսականություն, ու կյանքը հիասքանչ է: Վայելում է ծաղկառատ խոտն ու մշմշալով մայում` «Շատ համեղ է»:

Ամենահաճելին կեսօրն է: Վաղ առավոտից սննդի որոնման հոգսերն ավարտելուց հետո հոտը վերջապես հանգստանում է բլրալանջին: Թեպետ հանգստանալն էլ հարաբերական է: Յուրաքանչյուրն հանրագումարի է բերում իր կատարած աշխատանքը. ետ է բերում կուտակածը ու դանդաղ, մանրակրկիտ որոճալով վայելում սեփական տքնանքը: Դրանից հետո գալիս է արդեն վաստակած հանգիստը` անփոխարինելի երանություն. խոտերին փռված, աչքերը` կիսախուփ, վայելում են իրենց աննման բույրը, Արևի շողերը: Էլ ի՞նչ է պետք, մանավանդ որ ոչ հեռու իրենց անդորրն է հսկում Երկոտանի  Աստվածությունը` պահապան հրեշտակ հովիվը: Իրենք ամենից շատ հենց նրան են վստահում. որ ուղղությամբ քշում է, այդ ուղղությամբ էլ հնազանդ գնում են` առանց կասկածի ու ընդդիմանալու:

Ընդհանրապես իրենք համախոհների հոտ են` չհաշված ներքին կռիվները: Վերջերս արուների միջև են ընդհարումներ լինում. որձերի կռիվ է, էգ գեղեցկուհիների հաշիվ կա: Որ կատաղեցին` պրծավ, իրար կոտոշ կջարդեն:  Բայց հիշաչար չեն, բարի արարածներ են ոչխարները:

Ժամանակավոր առանձնացավ իր համախոհ քույր-եղբայրներից դեպի նորածիլ կանաչը: Այդտեղից նշմարվեց, որ պահապան Երկոտանու մոտ ինչ-որ մեկը եկել է: Դրանցից այդտեղ շատ չեն գալիս: Ուրիշ բան, որ իրենք են միշտ իջնում այնտեղ, ուր երկոտանիներից շատ են հանդիպում: Բայց այս մեկը կարծես ուրիշ է. ձեռքին փայլուն մի իր կա, անընդհատ հոտի կողմն է նայում ու ինչ-որ բան ցույց տալիս: Հիմա էլ դեպի իրենց է մոտենում: Կանգ առան: Անծանոթ Երկոտանին ուշադիր զննեց ու ցույց տվեց Բրդաշատին: Մոտեցավ, հաստ, պինդ ձեռքերով բռնեց ու բարձրացրեց գետնից: Բրդաշատը ցնցվեց, թափ տվեց իրեն: Սա ցած դրեց Բրդաշատին, նա էլ փախավ հեռու: Բոլորը խառնվեցին իրար, հոտի մեջ տագնապ ընկավ: Հետո Երկոտանու աչքերը կանգ առան ի՛ր վրա, արագ կողմնորոշվեց ու մոտեցավ:

Ինքն, իհարկե, գիտեր, որ նման դեպքերում փախչել է պետք, բայց, չգիտես որտեղից, Հաստադմակը հայտնվեց դիմացը, ոտքերի տակն ընկավ, ու ինքը չկարողացավ փախչել: Երկոտանի անծանոթն ամուր բռնեց մորթուց ու պառկեցրեց գետնին: Սա ի՞նչ բան է: Ի՞նչ է նրա ուզածը: Մի անգամ նման բան էլի արել են իր հետ, բայց հետո բաց են թողել, ինչպես քիչ առաջ Բրդաշատին: Նման բռի խաղերը ամենևին իր դուրը չեն գալիս: Շատ կոշտ ու կոպիտ է վարվում: Հերիք չի ձեռքերն ամուր մխրճել է բրդի մեջ, հետն էլ քաշքշում է: Երևում է` այս մեկը տեղյակ չէ, որ ինքը չի սիրում նման կատակներ: Ուրեմն պետք է ինչ-որ ձևով հասկացնել, եթե չգիտի, հարկավոր է դիմադրություն ցույց տալ: Բայց այս կպչուն Երկոտանին կարծես չի էլ ուզում հասկանալ. շատ բութ արարած է երևում: Կամ երևի շփոթել է մեկ ուրիշի հետ, երևի` հովվի շան: Ստիպված ինքն էլ անցավ կոպտության, սկսեց ոտքերով հարվածել նրան: Երկոտանին ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց իր ձևով, երևում է` դժգոհ է ու ավելի ամուր սեղմեց  գետնին: Հետո առջևի ոտքերը քիփ իրար վրա բերեց ու պարանով կապեց: Սարսափելի անհարմար դիրք է, ո՛չ կանգնել է լինում, ո՛չ պառկել: Այնքան էլ տհաճ է, երբ կպչուն ձեռքերով շարունակ ոտքերիցդ կառչում են: Ինքը ետ է հրում, իսկ նա նորից ու նորից բռնում է ոտքերը: Հիմա էլ հետևի ոտքերն ամուր բռնեց, ոլորեց, կապեց, ինչպես խոտի խուրձ: Չէ, այս անմիտ խաղն ինչ-որ երկար է տևում: Երևի այս խաղը նրան դուր է գալիս, ի տարբերություն իրեն: Ինչպիսի՜ տարօրինակ հակումներ: Այս մեկը բոլորովին նման չէ իրենց պահապան Երկոտանուն. նա միշտ սիրալիր է իրենց հանդեպ: Ի դեպ, նա, չգիտես ինչու, շրջեց գլուխն ու հեռացավ իրենցից: Ի՞նչ է դա նշանակում: Դե, իհարկե, նա նույնպես չի սիրում նման խաղեր: Իսկ գուցե դիմադրելու փոխարեն փորձի հնազանդվե՞լ: Հնարավոր է` այդ դեպքում այս կոշտուկոպիտ բթամիտը վերջապես խաղաղվի ու վերջ տա սույն անմտությանը: Հա՛, այդպես էլ կանի, կենթարկվի ու կսպասի, թե ինչ է լինելու. ի վերջո, ի՞նչ է այս վայրենու ուզածը:

Իհարկե, ինքը ճիշտ էր. հնազանդվելը խելամիտ որոշում դուրս եկավ: Բթամիտն էլ կարծես ինչ-որ չափով հանգստացավ, դադար տվեց, շունչ քաշեց, թևքով սրբեց երեսի քրտինքը: Վերջապես: Վերջապես հասկացավ, որ նման խաղերն ամենևին իր սրտով չեն, ու վերջ կդրվի այս տարօրինակ անիմաստությանը:

Քիչ հետո Երկոտանին նորից կռացավ, խոտերի միջից վերցրեց իր դրած երկար, փայլուն իրն ու մի ձեռքով ուժգին բռնեց վզից: Հիմա՞ ինչ նոր բան հնարեց, ի՞նչ գործ ունի իր վզի հետ: Այս հիմարը վիզն այնքան ուժգին ձգեց դեպի վեր, որ ողերը ճրճտացին, վիզը սկսեց ցավել: Անտանելի անհարմար դիրք է: Այլևս  հնարավոր չէ գլուխը շարժել կամ ինչ-որ բան տեսնել: Միակ բանը, որ հնարավոր է տեսնել, մի ամպ երկինքն է գլխավերևում:

Այս ամենն արդեն չափազանց տհաճ է դառնում: Երբեք չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է վիզն այդ դիրքով  պահել: Այս ի՞նչ սուր բան քսվեց կոկորդին. այն երկար, փայլուն իրը չէ՞ արդյոք: Սա ավելի անդուր է, քան բռնակալի ձեռքը: Կոկո՛րդը… Կոկորդը կարծես թե բացվեց, ճիշտ այնպես, ինչպես ծնոտն է բացվում խոտ արածելիս… Սա արդեն շատ է տարօրինակ: Հենց սկզբից էլ այդ փայլուն, երկար իրը դուրը չեկավ… Հիմա ողջ ուժով կմայի ու օգնության կկանչի իր եղբայր-համախոհներին, պահապան հրեշտակին… Ու սա կհասկանա վերջապես, որ սխալվել է, իր հետ այսպես վարվել չի՛ կարելի… Բայց ի՞նչ է կատարվում… Ձայնը կորել է, չկա… Իր թրթռուն, երգեցիկ ձայնը չկա… Ինչպե՞ս է լուսաբացին մայելու: Չէ, այստեղ սխալմունք կա, թյուրիմացություն է… Կոկորդից ինչ-որ բան բլթաց ու սկսեց դուրս հորդալ: Կարծես հեղուկ լինի, այն էլ` տաք: Ինչքան էլ շատ է` հոսո՜ւմ է ու հոսո՜ւմ: Օ՜հ, վերջապես այս անհասկացողը բաց թողեց իր գլուխը… Հիմա կուղղի գլուխն ու ազատ կշարժվի… Ի՞նչ է սա… Շուրջը ամբողջը թաց է, լիճ է գոյացել… Կարծես իր պահապան Երկոտանին… մոտեցավ… վերջապես… հիմա… ամեն բան… լավ կլինի… սխալը կուղղվի…թյուրիմացություն է… վաղն ևեթ… կմոտենա …Սպիտակաբուրդին… նրան, ում… աչք է դրել…

Ամեն բան սկսեց երևալ մշուշի մեջ ու պտտվել շուրջը: Արևի շողերն այլևս չէին ջերմացնում, ընդհակառակը, սառեցնում էին թուլացած մարմինը: Մի ամպ երկինքը, որ քիչ առաջ տեսնում էր գլխավերևում, ճոճվում էր դանդաղ ու իջնում իր վրա: Բլուրն ասես գլխիվայր շուռ էր եկել, կանաչը` գորշացել: Անհույս թպրտաց անգլուխ մարմինն ու հանգավ արնով ցողված խոտերին:

Ամեն բան ընկղմվեց թանձր մթության մեջ` բլուրը, հոտը, Երկոտանին:

2

Սեղանի շուրջ դանակ-պատառաքաղների ռիթմիկ զնգզնգոցն ընդմիջվում էր մշմշուն բացականչություններով` «Շա՜տ համեղ է»:

Ոչխարի խաշլամա էին ուտում:

 

 

 

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք