Շառլ Բոդլերի նամակը Ռիխարդ Վագներին

20142811122729990

Ուրբաթ, 17 փետրվար 1860 թ.

Պարո՛ն,

Ես միշտ այն պատկերացումն եմ ունեցել, որ որևէ մեծ արվեստագետ, որքան էլ վարժված լինի փառքի ու մեծարանքի, չի կարող անտարբեր մնալ ու չազդվել շնորհավորանքից, երբ այդ շնորհավորանքը նմանվում է երախտագիտական բացականչության, և մանավանդ որ այդ բացականչությունը կարող է ունենալ առանձնակի արժեք, երբ այն գլիս է մի ֆրանսիացուց, այսինքն՝ մի մարդուց, որը ծնված լինելով մի երկրում, ուր մարդիկ այլևս շատ բան չեն հասկանում ինչպես բանաստեղծությունից և նկարչությունից, այնպես էլ երաժշտությունից, հեշտությամբ խանդավառվող մեկը չէ:

Ամենից առաջ ուզում եմ Ձեզ ասել, որ ես Ձե°զ եմ պարտական երաժշտական այն մեծագույն վայելքը, որ զգացել եմ երբևէ: Ես այն տարիքին եմ, երբ հռչակավոր մարդկանց նամակ գրելն այլևս դադարում է զվարճանք լինելուց. և դեռ երկար ժամանակ ես կվարանեի նամակով իմ հիացմունքն արտահայտել Ձեզ, եթե ամեն օր իմ աչքին չընկնեին ծիծաղելի  և անարժան այնպիսի հոդվածներ, ուր հնարավոր բոլոր ջանքերն ի գործ են դրվում անարգելու, անվանարկելու համար Ձեր հանճարը: Դուք առաջին մարդը չեք, Պարո՛ն, ում համար ես ցավ եմ զգացել և ամաչել իմ երկրից:  Վերջապես ցասումն ինձ մղեց հայտնելու Ձեզ իմ երախտագիտությունը: Ես ինձ ասացի. «Ուզում եմ տարբերվել այս բոլոր տխմարներից»:

Առաջին անգամ, երբ գնացի Իտալական թատրոն՝ ունկնդրելու Ձեր գործերը, այնքան էլ լավ չէի նախատրամադրված և նույնիսկ, խոստովանեմ, լեցուն էի վատ նախապաշարումներով: Բայց ես մեղավոր չէի, որովհետև հաճախ եմ խաբվել. այնքա՜ն եմ լսել մեծ հավակնություններ ունեցող շաղակրատների երաժշտությունը: Ձեզանով ես իսկույն պարտության մատնվեցի: Աննկարագրելի է այն, ինչ ես զգացի այդ երեկո, և եթե բարեհաճեք չծիծաղել, կփորձեմ բացատրել Ձեզ իմ այդ զգացումը: Նախ կարծեցի, թե ինձ ծանոթ է այդ երաժշտությունը, իսկ հետո, խորհրդածելով, հասկացա, թե որտեղից է գալիս այդ պատրանքը: Ինձ թվում էր, թե այդ երաժշտությունը ի°մն է, և ես այն ճանաչում եմ, ինչպես ամեն մարդ ճանաչում է այն բաները, որ սիրում է: Ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ մի մտավորականի համար այս խոսքը կարող է չափազանց ծիծաղելի թվալ, մանավանդ երբ այն գրվում է մի մարդու կողմից (ինչպիսին ես եմ), ով չգիտե երաժշտություն, և ում երաժշտական ամբողջ կրթությունը սահմանափակվում է այն բանով, որ լսել է (ճիշտ է, մեծ հաճույքով) մի քանի գեղեցիկ կտորներ Վեբերից և Բեթհովենից:

Այնուհետև այն, ինչ հատկապես ինձ զարմացրեց, Ձեր երաժշտության մեջ զգացվող մեծությունն էր, վեհությունը: Ձեր երաժշտությունը ներկայացնում էր վեհը, ունկնդրին մղում դեպի վեհը: Ձեր գործերի մեջ ես ամենուրեք զգացել եմ մեծ ձայների, մեծ աղմուկների հանդիսավորությունը, բնության մեծ երևույթների շքեղությունը, մարդու մեծ կրքերի հանդիսավորությունը: Քեզ իսկույն զգում ես վերացած, նվաճված, տիրապետված:

Իմ մեջ երաժշտական մի նոր զգայություն առաջացնող Ձեր ստեղծագործության ամենատարօրինակ կտորներից մեկն ինձ համակեց կրոնական հափշտակվածությամբ: Չափազանց խոր ազդեցություն գործեց ինձ վրա հրավիրյալների մուտքը բեմ և հարսանեկան տոնախմբության տեսարանը: Ես զգացի մեր կյանքից ավելի ընդարձակ մի այլ կյանքի ողջ շքեղությունն ու մեծավայելչությունը:

Մի ուրիշ բան ևս. ես հաճախ մի շատ տարօրինակ զգացում էի ունենում. դա հասկանալու, ներթափանցելու, տիրապետելու հպարտությունն ու հրճվանքն էր, իսկապես զգայական մի հեշտանք, որ նմանվում է օդ բարձրանալու կամ ծովի ալիքների վրա թավալվելու հեշտանքին: Եվ երաժշտությունը միաժամանակ արտահայտում էր երբեմն կյանքի հպարտությունը: Ընդհանրապես ինձ թվում էր, որ այս խորունկ ներդաշնակությունները նման են այն գրգռիչ նյութերին, որոնք արագացնում են երևակայության զարկերակը:

Վերջապես ես ունեցա նաև (և աղաչում եմ, չծիծաղեք) այնպիսի զգայություններ, որոնք հավանաբար առաջ են գալիս իմ մտքի յուրահատուկ կերտվածքից և իմ հաճախակի մտահոգություններից: Ձեր երաժշտության մեջ ամենուրեք կա ինչ-որ բան, որ վերանում է և վերացնում, ինչ-որ բան, որ մեզ մղում է բարձրանալու ավելի վեր, ինչ-որ բան, որ գտնվում է ծայրահեղ և գերադրական աստիճանի վրա:

Որպես օրինակ նկարչությունից փոխ եմ առնում հետևյալ  համեմատությունը. ենթադրում եմ, որ իմ աչքերի առաջ՝ պաստառի վրա, կա մուգ կարմիր գույնի մի ընդարձակ տարածություն: Եթե այդ կարմիրը ներկայացնում է կիրքը, ապա ես տեսնում եմ, որ աստիճանաբար, կարմիրի և վարդագույնի բոլոր անցումներով այն գալիս հասնում է հնոցային շողարձակ սպիտակության: Թվում է, թե դժվար, նույնիսկ անհնարին կլիներ հասնել ավելի պայծառ, ավելի հրավառ ինչ-որ բանի. և սակայն մի վերջին շողարձակում գալիս գծում է առավել սպիտակ մի ակոս այն սպիտակի վրա, որը ֆոն է ծառայում դրան: Դա, եթե ուզում եք, կլինի իր ծայրագույն աստիճանին բարձրացած հոգու գերագույն ճիչը:

Ես սկսել էի գրի առնել մի քանի խորհրդածություն Թանհոյզերի և Լոհենգրինի այն կտորների մասին, որ մենք ունկնդրեցինք. բայց շուտով  անդրադարձա ամեն ինչ ասելու անհնարինությանը:

Ես կարող էի այսպես անվերջ շարունակել այս նամակը: Եթե Դուք կարողացաք ինձ կարդալ և հասկանալ այն, ինչ ցանկացա Ձեզ ասել, ապա հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը: Ինձ մնում է միայն ավելացնել մի քանի բառ: Այն օրվանից, երբ ես լսեցի ձեր երաժշտությունը, անընդհատ ասում եմ ինքս ինձ, մանավանդ իմ վատ ժամերին. «Եթե կարողանայի՜ գոնե այս երեկո մի քիչ Վագներ լսել…»: Անկասկած, իմ կերտվածքով ուրիշ մարդիկ էլ կան: Մի խոսքով, կարծում եմ՝ պետք է գոհ մնացած լինեք ներկա գտնվող հասարակությունից, որոնց բնազդը շատ ավելի բարձր էր, քան  լրագրողների վատ լռությունը: Ինչո՞ւ մի քանի համերգ ևս չեք տալիս՝ նոր կտորներ ավելացնելով սրանց վրա: Դուք մեզ տվեցիք նոր վայելքների  մի նախաճաշակ. իրավունք ունե՞ք մեզ զրկելու մնացածից:

Պարո՛ն, մի անգամ ևս հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը. Դուք իմ ես-ը վերադարձրեցիք ինձ և դեպի վեհը իմ կյանքի այս ծանր ժամերին:

Շառլ Բոդլեր

Հ.Գ.- Ես չեմ գրում իմ հասցեն, որ չկարծեք հանկարծ, թե ինչ-որ բան ունեմ Ձեզնից խնդրելու:

Ծան.- Չնչին տեղեկություններ են պահպանվել այս նամակին Ռիխարդ Վագների վերաբերմունքի մասին: 1860 թ. մարտի 4-ին տիկին Սաբատիեին ուղղված մի նամակում Բոդլերը նշում է, որ Վագներից հրավեր է ստացել, որին, սակայն, չի կարողացել արձագանքել առողջական վիճակի պատճառով: Բացի այդ, Բոդլերի սույն նամակին Վագներն անդրադառնում է «Իմ կյանքը» վերնագրով ինքնակենսագրականում՝ գրելով հետևյալը.

«…Առավել հետաքրքիր էր նաև իմ ծանոթությունը բանաստեղծ Բոդլերի հետ: Նա ինձ ներկայացավ մի նամակով, ուր ասում էր, թե ինչպիսի զգայություններ է ներշնչել իրեն իմ երաժշտությունը, և թե մինչ այդ կարծել է, թե ինքն օժտված է միայն գույների զգացողությամբ և ոչ թե հնչյունների: Նրա արտահայտած մտքերի և անկեղծ խոստովանությունների անսովոր և համարձակ շեշտը ինձ հուշեցին, որ հանձին Բոդլերի ես գործ ունեմ տարօրինակ մտքի տեր մի մարդու հետ, որը մոլեգին եռանդով և մինչև վերջին մանրամասնությունները վերլուծում էր այն տպավորությունները, որ ստացել էր իմ երաժշտությունից: Ստորագրությունից հետո նա չէր գրել իր հասցեն, որպեսզի, ասում էր, հանկարծ չկարծեմ, թե ինչ-որ բան է ուզում ինձնից: Այդուհանդերձ ես կարողացա գուշակել իր ցանկությունը, և նա շուտով միացավ մտերիմների այն շրջանակին, որոնց ես հավաքում էի իմ տանը չորեքշաբթի երեկոներին»:

Եվ վերջապես,1860 թվականի դեկտեմբերին Բոդլերը մի նամակով հայտնում է իր բարեկամ Պուլե Մալասիին, որ ստացել է Վագների գրած մեկ գիրքը՝ ուղարկված հենց հեղինակի կողմից: Դա Վագների հրատարակած մի աշխատություն էր՝ «Չորս օպերային պոեմներ» վերնագրով («Ուրվականների նավը», «Թանհոյզեր», «Լոհենգրին» և «Տրիստան և Իզոլդա»), ֆրանսերեն արձակ թարգմանությամբ և երաժշտությանը նվիրված մի նամակով: Այդ նամակը շատ արժեքավոր էր Վագների մասին Բոդլերի գրած քննական այն աշխատության համար, որը լույս տեսավ 1861 թվականին  «Ռիխարդ Վագները և Թանհոյզերը Փարիզում» վերնագրով:

 

 

Բնագրից թարգմանեց Պարգև Շահբազյանը

 

Անդին 7, 2014

Share

Կարծիքներ

կարծիք