Մոմիկ՝ միջնադարի խնկաբույրը

ԼուսանկարՀարցազրույց անիմացիոն ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանի հետ

 

-Հայկ, Ձեր ֆիլմերի այլընտրանքայնությունը բացատրում եք նրանով, որ դրանք պետք է հանդիսատեսն ընկալի իր այլընտրանքային զգայարաններով: 21-րդ դարի մարդու համար վերբնական այդ զգայարանները դեռ բա՞ց են: 

-Քանի դեռ մարդ տեսակը շարունակում է երազներ տեսնել և իր կամքից անկախ ընկղմվել ամենաանսպասելի, անհավանական ու անկառավարելի  իրավիճակների հորձանուտում, կարելի է համարել, որ նա դեռևս չի սպառել իր այլընտրանքային զգայարանները՝ լինի նա 21-րդ դարի մարդը, թե գալիք դարերի կենվորը:

Երբ նկարում էի առաջին այլընտրանքային ֆիլմս, այս նույն հարցն ինքս ինձ շատ էի տալիս՝ բա՞ց են, արդյոք, հանդիսատեսի այլընտրանքային զգայարանները, չէ՞ որ ստեղծածս ո՛չ խաղարկային, ֆիլմ էր, ոչ էլ անիմացիոն ֆիլմ: Հենց առաջին ցուցադրության օրը ես ստացա՝ տեսա պատասխանը՝ դահլիճի  մութ անկյունից զննելով հանդիսատեսի հայացքները: Նրանք Բաց էին, գուցե հենց այդ պահին էին Բացվել… բայց նրանք առանց դիմադրելու ընկալում ու կլանում էին մի բան, որը մինչ այդ անծանոթ էր իրենց. հիմա չեմ խոսում այն քչաթիվ անհատների մասին, ովքեր մշտապես Բաց ու Մաքուր են պահում իրենց՝ այլընտրանքային տեղեկության ներհոսքի համար… նրանք էլ ներկա էին ցուցադրությանը: Երբեք չեմ մոռանա. մի տարեց կին դիտումից հետո մոտեցավ և, ձեռքս սեղմելով, ասաց

-Տղա ջան, շնորհակալ եմ, դու ինձ տարար իմ մանկություն, տարար մեր տուն, տարար ծնողներիս մոտ….

Մեկ ուրիշն էլ ասաց, որ նոր ու շատ կարևոր տեղեկատվական պաշար ստացավ ֆիլմի ընթացքում, բայց եթե իրեն խնդրեն պատմել այդ մասին՝ չի կարողանա:

Հենց սրանք են լավագույն փաստարկումները այն բանի, որ մարդը դեռևս չի սպառել իր այլընտրանքային զգայարանները՝ անվանենք դա երևակայության թռիչք, երազանքի թևեր, թե կարոտի թևեր, ինչպես մանկություն տեղափոխված կնոջ դեպքում էր. սա այլընտրանքային տեղեկության ներհոսք է, որը խարիսխ է գցում մեր ենթագիտակցության խորը շերտերում:

 

 

-Ակնհայտ է, որ Ձեր ֆիլմերի թեմաները պատահական չեն ընտրված: Ո՞ր աշխարհներից են ծնվում ֆիլմերի հերոսներն ու թեմաները:

-Թերևս հենց այդ նույն շերտերում են ծնունդ առնում բոլոր ֆիլմերիս թեմաներն ու հերոսները՝ այնտեղից սերում ու նյութեղեն տարիներիս հետ թրծվում մեր աշխարհի բառ ու բանի հետ միևնույն կաթսայում, այս աշխարհի գույնն ու ձայնը հագնում, այս աշխարհի ծիծաղ ու լացի մասին պատմում ա՛յն Եզերքի լեզվով…

Կա նաև Մանկություն՝ գեղազարդ մի արկղիկ, ուր հոգատարությամբ ամփոփված են բոլորիս կյանքի լավագույն պատառիկները՝ հնչեղ ու երփներանգ պատկերներ, որոնք առավել հնչեղ ու գունեղ են դառնում հատկապես, երբ կանգնած ենք Հերթական Սահմանագծին: Մի՞թե կա առավել մաքուր Սկիզբ, քան  Մանկությունը, առավել կենարար ակունք, որից պիտի ումպ անի ստեղծագործ մարդը: Եվ կարևոր չէ՝ դառն է եղել մանկությունդ, թե քաղցր, որովհետև Երեկվա դառնահամը դառը չէ այլևս, իսկ յուրաքանչյուր Երեկ արդեն իսկ Մանկություն է:

-Արդեն երկար ժամանակ է՝ համացանցում շրջանառվում է «Մոմիկ» անիմացիոն ֆիլմի սեղմազդը՝ ստիպելով մարդկանց շունչները պահած սպասել մինչ ցուցադրումը: Ինչպե՞ս ծնվեց այս ֆիլմի գաղափարը, և վերջապես՝ ե՞րբ կտեսնենք Մոմիկին:

-Մի քանի տարի է արդեն, ինչ պատրաստվում էի «Մոմիկ» ֆիլմի ստեղծմանը: Ի տարբերություն մյուս ֆիլմերիս, այստեղ ես պատմում եմ մի մարդու մասին, ով ծնված չէ իմ երևակայության մեջ կամ մանկությունից չի գալիս, չնայած Մոմիկն իմ կողքին քայլում է ավելի երկար ժամանակ, քան մյուս ֆիլմերիս ու կտավներիս կերպարները: Դա էլ իր պատճառներն ունի. ես ու Մոմիկը միևնույն աղբյուրներից ենք ումպ արել (Հայկ Սայադյանը ծնունդով Վայոց Ձորից է, ինչպես և Մոմիկը.- Մ. Լ.):

Այս ֆիլմում պատմում եմ մի որոշակի ժամանակաշրջանի մասին, իրական պատմական անցքերի մասին, և ամբողջի առանցքում՝ այդ ամենն իրենով պտտող մարդու մասին, ով անջնջելի Հետք է թողել այս աշխարհում՝ նոր լուծում ու վառ գույն տվել միջնադարի հայ արվեստին: Անհերքելի հանճար, ում կենսագրությունը միայն բավարար նախանձելի նյութ է գեղարվեստական գրքի կամ ֆիլմի համար՝ հաշվի առնելով նաև այն բոլոր լեգենդները, որ ժողովուրդը հյուսել է նրա անվան շուրջ: Իհարկե, նման պատասխանատու և ծավալուն աշխատանքին հարկ է մոտենալ ամենայն լրջությամբ՝ չդադարելով մնալ ստեղծագործող: Ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանը՝ նախորդող և հաջորդող մի քանի դարերի ամփոփումով, ուսումնասիրել պատմաաշխարհագրական բոլոր հուշումները, ուսումնասիրել տվյալ ժամանակի մարդուն, նրա մշակույթը, նրա դավանանքը, նրա վախերն ու ցավերը, նրա հաղթանակները և ուրախությունները, նրա սովորույթները, նրա հագուկապը, չանտեսել ցանկացած մանրուք, չնչին թվացող ցանկացած հուշում: Միայն այս կերպ կարելի է ճշգրտությամբ վերարտադրել պատմական որոշակի ժամանակահատված:  Միայն այս կերպ հնարավոր է 12-13-րդ դարերի խնկաբույրը բերել ու սահեցնել 21-րդ դարի թվայնացված պատերն ի վեր: Եվ այս պատախանատու ճշմարտագրումին զուգահեռ չմոռանալ, որ դու ոչ թե վավերագրող ես, այլ ստեղծագործող՝ մանավանդ երբ հերոսներդ ոչ թե կենդանի դերասաններ են, այլ նկարներ՝ մատիտանկար ու ջրանկար, ծնունդ առած սեփական մատներից… չեղծելով պատմությունը, չաղավաղելով իրական պատկերը՝ համեմել այս ամենը քո՝ ստեղծագործողիդ, հեղինակիդ գույն ու համով:

-Հայկ, թեև չեմ ուզում փակագծերը շատ բանանք, բայց այնուհանդերձ ինչպիսի՞ն մեզ կներկայանա փաստացի անծանոթ Մոմիկը:

-Մոմիկ մանրանկարիչը, Մոմիկ ճարտարապետը, Մոմիկ հանճարն այս ֆիլմում առաջին հերթին կներկայանա իբրև Մոմիկ անհատ, մարդ՝ իր բոլոր թուլություններով ու հույզերով, թերություններով ու առավելություններով: Նա շատ ուշագրավ ու կարևոր, բայց և շատ հակիրճ ու ամփոփ տեղեկություններ է թողել տարբեր տարիների իր ծաղկած Ավետարանների հիշատակարաններում, որոնք իրենց բնույթով նաև շատ անսպասելի են ու, թերևս, ոգեղեն Մոմիկի մարդեղենության ամենավառ ապացույցն են: gfgfg

«…Զի բեկ սրտիւ և թախանձեալ մարմնով գրեցաւ…»  կամ «…Զի թեպետ անհմուտ էի, այլ ժամանակս ձմեռ էր և տունս նսեմ…» մի՞թե առավել թանկարժեք նյութ կարելի է գտնել միջնադարի հանճարի մասին, քան իր իսկ ձեռամբ ամրագրված զուսպ ու համեստ հիշատակումները:

Փակագծերը շատ չեմ բանա, միայն կասեմ, որ այս ֆիլմում շատ-շատ զուգահեռներ կան: Հենց իր՝ Մոմիկի կյանքի շուրջ հյուսված բոլոր լեգենդներն են այստեղ զուգահեռվում՝ անսպասելիորեն բացահայտելով նոր ու անհայտ անցքեր: Զուգահեռվում են ծայրահեղ աղքատ շինականի ու գյուղացու գորշագույն կենցաղն ու իշխանական տների շլացնող գույները, և Մոմիկը՝ իբրև կամուրջ այդ երկու տարբեր աշխարհների միջև: Կան նաև Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակը՝ իբրև Մոմիկից առաջ և հետո սուրացող մոլորակներ՝ յուրաքանչյուրն իր ուղեծրին թիկնած միևնույն Արևի շուրջ պտույտ գործելիս, Կիլիկիա և Վայոց Աշխարհ, և էլի Մոմիկը՝ իբրև կամուրջ այդ երկու աշխարհների միջև… ու էլի շատ ու շատ զուգահեռներ…

-Ձեր առաջին ֆիլմը՝ «Նազարե»-ն, դիտել եմ հենց առաջին ցուցադրության ժամանակ՝ գրեթե չորս տարի առաջ: Այսօր արդեն աշխատում եք վեցերորդ հեղինակային ֆիլմի վրա, և, անշուշտ, Ձեր ինքնատիպ ոճը նկատելի է գրեթե բոլոր կտավներում: Ինչպե՞ս կբանաձևեք Ձեր գեղարվեստական ձեռագիրը: 

-Գեղարվեստական ձեռագիրս բանաձևելու փոխարեն փորձեմ բանաձևել «Մոմիկ»-ը, քանզի այստեղ են իջևանել բոլոր տարիներիս ձեռագրերը՝  գեղեցիկ ու արտասովոր, հուզական ու անսպասելի, բոլոր տեսակի կանոններից ու սահմաններից անդին:

 

Զրուցեց Լազարևա Մարիան

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք