Մի անգամ աշխարհում

Հեղինակ:

20140310135203793

Ճակատին բացված վերքի թռիչքից շագանակագույն կեղև էր կախվել:

Ծառի թարմ բույրը դաղում էր մաշկը: Չէր տեսնում, բայց գիտեր կեղևի մասին: Ճակատին տրոփող ծառի թարմ բույրը ապստամբում էր ցավի դեմ: Գլխարկը վաղուց էր կորցրել ու քայլում էր մերթ փակ, մերթ բաց աչքերով՝ խփվելով ծառաբներին, ընկնելով խայթող դալարիքի, կարծր մացառների մեջ: Աչքից հոսած ցեխաջուրը այտով ձգվել էր մինչև բերանը: Բղավում էր, ճանկռում թշերը: Եղունգների տակից արյան գծեր էին հոսում: Ցավը անակնկալ էր սաստկանում, ասես գանգի մեջ երկաթե կեռեր էին խրում, ձգում վեր, անխնա թափահարում: Ձեռքը սեղմած ցավին՝ որձկում էր, մի քանի անգամ գոռում, լռում էր ամոթով: Շուրթերի արանքից փչող քամին սկզբում խռպոտություն ուներ, հետո այլանդակվում էր, վերածվում սուլոցի: Վերջում քամին կլանչում էր երկար ու աղերսոտ:

Երկու ժամ դիտախորշում:

Շնագայլի ձագ էր: Բարուրի մեջ փաթաթված երեխա: Մառախուղի մեջ երեխա կա: Չէ, շնագայլի ձագ է: Պիտի տարբերել: Կրակահերթ էր արձակում: Փամփուշտները խրվում էին ձագի բերանը: Ձագը ատամ չունի: Հենակետում դեղատուփի մեջ ցավազրկող չկա: Յոդի դատարկ սրվակ, նշտարի պոչ, անտիսեպտիկներ: Շաքարավազը անձրևի պես մաղվում է ծխախոտին: Ձագը լիզում է քաղցր շերտը: Չի օգնում: Հենակետի դեղատուփի մեջ ցավազրկող չկա: Ձայնը լռում էր: Էլ երբ պիտի կրակեր մառախուղի մեջ ու երբ պիտի տեսներ լուսատտիկ փամփուշտների հալոցքը: Գլուխը խրում էր փխուր, դուրեկան ցեխի մեջ: Ցեխը սեղմում էր ավտոմատի ձգանը:

 

***

 

Պուլպիտ էր:

Գումարտակի բժիշկը առանց ցավազրկելու փորձեց ատամը քաշել: Հետին պատը ղրճտոցով փլվեց, անսարք իծոտնուկը խրվեց ներվի մեջ: Ուշքը գնաց: Մինչև մարտական հենակետ բարձրանալը ողջ օրը ատամի փշուրներով լցված մածուցիկ արյուն էր թքում, բերանը ողողում աղաջրով: Բոլորից մեկ առ մեկ ցավազրկող էր խնդրում: Օրորում էին գլուխները:

Մարտական հենակետում պաղ օդի շոյանքից ներվը մի փոքր հանդարտվեց:

Ճաշելու ու զենքը մաքրելու ընթացքում էլ ատամը լուռ էր, բայց դիտախորշում հերթապահելիս հանկարծ մանկան սուր լաց լսեց, ու թվաց՝ աշխարհը սրընթաց ընկավ՝ հատելով մարմնի ու գիտակցության ուղիղ կեսը: Հետո զենքի փողն էր տեսնում ու փողի պռունկին նստած իր ստորացումից գալարվող շերեփուկ մարմինը, որից առաջին անգամ հրաժարվել ուզեց: Ցավը ծովի պես հետ էր քաշվում ու խփում ահռելի թափով: Բռնելով հանդիպակաց որևէ ճյուղից՝ բղավում էր, ծամածռում մարմինը: Հրավառությունը ճարճատում էր բերանի մեջ, կայծերը լցնում կոկորդը:

Հեռվում:

Ատամնաբույժի աթոռին նստած էր, նայում էր տատի բարի ու խոնավ աչքերին: Ձեռնափի մեջ սեղմել էր նրա նվերը: Կավե ձուկ էր՝ երեք թեփուկով, պոչին գրված «Յո-Յո»: Տատը մատները հպել էր շուրթերին ու համբույրներ էր հղում: Բժիշկը փորում էր ատամը, իսկ ինքը նայում էր տատին: Տատն էր ասել, որ աչքերը ուրիշ ոչ մի տեղ չտանի, միայն իրեն նայի ու սեղմի ափի ձուկը: Տատի վտիտ թևերի ու ոտքերի վրա նույնպես յոյոներ կային: Հանկարծ մինչև որովայնը հասնող խայթոց զգաց: Երբ աչքերը բացեց, տատը ծնկել էր դիմացն ու համբուրում էր ձեռքերը:

Զորակոչից առաջ:

Ատամնաբուժարանում ընկերուհու սպիտակ թաշկինակն էր սեղմել: Ատամնաբույժի աթոռին նստած տեսնում էր աղջկա վարսերը, քթիկն ու ներքևի շրթունքը: Ասեղը մտավ պուլպայի մեջ, քերթելով պոկեց: Բժիշկը հաղթական վեր պարզեց փքված նյարդաթելը, ասես սոված նախամարդու ագահությամբ լճից տեգով ձուկ էր բռնել: Փակեց աչքերն ու համբուրեց աղջկա ներքևի շրթունքը:

 

***

 

Վաղուց անտառից դուրս էր եկել ու կունձոտ բլուրն էր հաղթահարում:

Հիմա ատամը անընդհատ էր ցավում: Զսպվող ցավի ժամանակ ուժերը մի փոքր վերականգնվում էին, բայց անընդհատ ցավը վերջնականապես ջախջախեց կամքը: Թվում էր՝ մեկը փորի մեջ մկրատով ներքին օրգաններից նախշեր է կտրատում: Անկանոն թռիչքներով վազում էր: Վազում էր՝ ցավը վազում էր, կանգնում էր՝ ցավը կանգնում էր: Լայն բացում էր բերանը, երկու մատով աքցանում ատամն ու ողջ ուժով սեղմում: Ավտոմատի փողը դնում էր ոսկորին, փորձում զգուշորեն կտկտացնել: Մտածում էր՝ գուցե ցավը տեղաշարժումից մոռացվի: Զառիթափին ոտքը դիպավ հողի վրա խուրձ եղած ծառի արմատին: Երբ սթափվեց՝ դեմքն ու բերանը եռում էին: Ձեռքը տարավ քթին՝ լխկվել էր: Նույն պահին ատամի մեջ սրեր խլրտացին:

Բլուրից ներքև ձգվում էր գարու դաշտը:

Զենքը ուսից գցեց, հանեց խեբեն: Շաչող հառաչներ, գոռոցներ, ճիչեր այլևս չէր լսում: Հեռու, հնացած բաներ էին թվում: Գիտեր, որ ծնվել են իր հետ, սիրում են, ուզում են սիրվել: Բայց հիմա միայն ցավն էր ուղեկցում, ձեռքը ուսին դրած, հավատարիմ ընկերոջ պես, ով երբեք ավելորդություններ թույլ չի տալիս, չի հեգնում, չի կեղծում, պարզապես գալիս է, քայլում գլխիկոր՝ հարգելով որոշումը, հարգելով արյունն ու հիշողությունը: Դիմացը լողում էր գարու դաշտը: Քայլեց: Բաց կանաչ, փիրուզե հասկերը շրշում էին քամու շեղակի հարվածներից, և դաշտը փոխում էր իր խաղը և ցնծում արևի խոր համբույրների տակ: Քայլում էր դաշտի միջով ու մտածում երջանկության մասին, որ այստեղ էր, այս անպարտադիր տարածության մեջ, ուր բացակա էր հորինված մարմինը, հնարած երանգը: Միայն զմայլող սոսափյուն էր, մենության մեջ զվարթ վեհության հասնող հպանցիկ կատարելություն և հասկեր, հասկեր, հասկեր:

 

***

 

Բժշկի տան տեղը մանրամասն բացատրել էին:

Կարմիր տանիքով ու մոշուտով շրջապատված ցանկապատի դիմաց կանգնել, ցնցվում էր: Կոտրված քիթը փակել էր ձախ աչքի տեսադաշտը: Բերանը բաց էր, շուրթերին՝ լերդացած արյուն ու հող: Մի քանի անգամ պտտվեց տան շուրջը՝ դարպասը չգտավ: Մոշուտը այնքան խիտ էր, որ ոչ մի ճիգով ցանկապատի որևէ բացվածք չերևաց: Որոշեց փշրելով ճեղքել: Հետ-հետ գնաց, թափով խփվեց մոշուտին: Նորից ու նորից, նորից ու նորից: Մարմնից մաշկի կտորներ էին թռչում: Փշերը խրվում էին ճակատը, կոպերը, այտերը: Ընձյուղները ջարդելով՝ խորշ բացեց ու սողոսկեց բակ: Տան դուռը կիսաբաց էր: Ճոճվելով քայլեց հյուրասենյակ:

Ժամացույց էր տկտկում: Սենյակի մեջտեղում սեղան կար, որի վրա սուրճի բաժակ, մոխրաման ու մի տուփ ծխախոտ: Ստվերի մեջ դուռ նկատեց, շարժվեց առաջ: Ոտքը կոշտ իրի կպավ: Ներքև նայեց՝ բաց դեղատուփ էր: Դողդողալով կռացավ, վերցրեց տուփը, մատներով սկսեց քչփորել: Յոդի դատարկ սրվակ գտավ, ներարկիչներ, ռետինե ձեռնոցներ, գլխարկներ, բամբակ: Ցավազրկող չկար: Գցեց տուփն ու ննջարան մտավ: Պատուհանի դիմաց՝ մեջքով դեպի դուռը, մարդ էր նստած: Ճերմակ, երկար մազերը թափվում էին աթոռի հոլաձև ճաղացանցին: Մոտեցավ, շրջանցեց աթոռը ու կանգնեց դիմացը: Բժշկական ճղրտված խալաթը հագին, կապտավուն մորուքով նիհար ծերունի էր: Աչքերը փակ էին: Նա ձեռքը տարավ, հպեց ծերունու զարկերակին, հետո դանդաղորեն ծունկի եկավ, այտը դրեց նրա ծնկին ու հեկեկաց:

 

 

 

Անդին 12, 2013

Share

Կարծիքներ

կարծիք