Միշտ անդին

Լուսանկար

Անգելուս Սիլեզիուսը (Յոհան Շեֆլեր, 1624-1677 թթ.) ծնվել է Բրեսլավլում, բժշկություն է ուսանել Ստրասբուրգում, Լեյդենում և Պադուայում: 1653 թվին Բրեսլավլում ընդունել է կաթոլիկություն և Անգելուս անունը (ի պատիվ իսպանացի միստիկ Հովնան Անգելուսի):

Անգելուս Սիլեզիուսը 17-րդ դարի Գերմանիայի մեծագույն կրոնական բանաստեղծն է: Նրա բոլոր բանաստեղծություններն ամփոփված են «Քերովբեական ճամփորդը» գրքում: Սրանք ասույթի համապարփակ խորություն ունեցող և հիմնականում երկտողանի, վերնագրված ձևակերպումներ են՝ տոգորված երևելի միստիկի հոգևոր փորձառությամբ, որ դարերի խորքից ասես միտված է կանոնիկ եկեղեցուց անդին  մի առանձնյակ հոգու սահմանափակ անսահմանությանը: Մեր «առաջադեմ» աստվածազերծ դարում նույնպես, երբ ոչ կյանքն է կյանք, ոչ մահն է մահ, գերմանական միջնադարյան այս հանճարը կարծես դեռ շարունակում է ապացուցել, թե կյանքից ու մահից ավելի կարևոր բան կա…

Դույն հոգևոր փորձի անդինությունն էլ, ենթադրում եմ, կարող է հետաքրքրել  21-րդ դարում հայերեն լույս տեսնող Անդին հանդեսի ընթերցողներին: Ներկայացնում եմ «Քերովբեական ճամփորդը» գրքից մի ծաղկաքաղ, որն իրականացրել եմ Մարտիրոս Հովհաննիսյանի տողացիներով:

 

 

ՄԻՇՏ ԱՆԴԻՆ

Հասանեմ պիտի,- Տերն ինձ կբերի ավելի վերի,

Քան Մարիամը սուրբ, քան կաճառները բոլոր սրբերի:

 

ՍԵՐԸ ԿՐԱԿ Է ՈՒ ՋՈՒՐ

Սերը թե՛ հորձանք է, թե՛ տապ, թող սիրտդ երկուսն էլ ամբարի,

Երբ այրվեն-մոխրանան մեղքերդ՝ բարկությունն Աստծո կմարի:

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Աստվա՜ծ օգնական. թե ինքնյան եղար մաքրություն համակ,

Չարժե ոչ մի կողմ շրջվել — Տեր Աստծուն գտնելու համար:

ՀՈԳԵՎՈՐ  ԱԼՔԻՄԻԱ

Կրակն Աստծո երբ ինձ բերի հրահեղուկ մի վիճակի,

Նույն վայրկյանին Աստված իմ մեջ էությունն իր կներարկի:

ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔԸ ՊԻՏԻ ԳՆԱՍ

Ջուրը միայն ակունքում է անապական ու անբիծ.

Մա°րդ, քեզ վտանգ է սպառնում, երբ չես խմում ակունքից:

ՆՈՐԱԾՆՎԵՍ ՊԻՏԻ

Աստված ի՜նքը մարդեղացավ. աստվածացի՛ր, ապա թե ոչ —

Տիրոջ Ծնունդն ես պարսավում, ծանակում ես Մահը Տիրոջ:

ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է

Լույսն աչքերիդ թե խամրի արեգակի ներքո,-

Ոչ թե լույսինն է մեղքը, այլ՝ աչքերինը քո:

ՃՇՄԱՐԻՏ ԱՐԱՐՈՒՄՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ Է

Արարա՛ծ, արարումը համայն — անզոր ես ընկալել մինչև վերջ.

Այստեղից կվերցվես մի օր — կմնաս ընդմիշտ Աստծո մեջ:

ԻՆՉՈՒ Է ԾՆՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ

Աստված ինքն իրեն մատնեց կորստի,

Որպեսզի իմ մեջ ծնվի վերստին:

ՈԳԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՄԵԶ

Փառաբանում է ու սիրում, որքան կարող է սիրել —

Աստված Ի՜նքը, որ ծնրադիր աղոթում է Ինքն Իրեն:

ՄԱՐԴՆ ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՆ Է

Յուր հավերժում թե ինչ-որ բան Աստված տեսնել կամի —

Պատկերի ու նմանության՝ ի՛մ մեջ կգտանի:

ՀՈՒՅՍ

Հույսը պարան է: Ուստի կարող է անիծյալն անգամ հույս տածել,

Թե Աստված նրան դուրս է քաշելու ճահճուտից, ուր նա խրված է:

ԲԱԲԵԼՈՆ

Բաբելոն էի ինքս իմ մեջ. եթե իմ միջից դուրս չգայի —

Պիտի մնայի հավերժապես՝ ցոփ մի խառնատուն սատանայի:

ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ Է ԶՈՐՈՒ ԽՐԱԽՃԱՑՆԵԼ

Մի կո՛ղմ քաշվեք, Սերովբեներ, ինձ ամոքել դուք չե՛ք կարող,

Մի կո՛ղմ քաշվեք, Հրեշտակներ, դուք իմ ինչի՞ն եք հարկավոր.

Իմ փափագը չեք հագեցնում: Ցանկանում եմ միայն հանգչել

Մաքրամաքուր Աստվածության ծովում, որ դեռ արարված չէ:

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՆՑ ԻՆՁ ՉԻ ԿԵՆՈՒՄ

Գիտեմ՝ առանց ինձ Աստված ոչ մի պահ կենալ չի կարող.

Թե ոչնչանամ՝ Նրան կլքի Ոգին արարող:

ԵՍ՝ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ, ԱՍՏՎԱԾ՝ ԻՆՉՊԵՍ ԵՍ

Այնպես, ինչպես ես՝ փոքր է և Աստված, ես մեծ եմ, ինչպես Աստված արարող.

Նա ինձնից բարձր չի կարող լինել, Նրանից ցածր լինել չեմ կարող:

ՄԱՐԴԸ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ Է

Հավերժություն կդառնամ, երբ ժամանակը լքեմ

Եվ ինքս ինձ Աստծո մեջ, Աստծուն իմ մեջ ներփակեմ:

ԴՈՒ ՀԻՄԱ՛ ՊԵՏՔ Է ԾԱՂԿԵՍ

Սթափվի՛ր, սառցահա՜ր Քրիստոս, մայիսը դռանն է, տե՛ս.

Առհավետ մեռած կմնաս, թե հիմա՛ և այստե՛ղ չծաղկես:

ՀԱՎԵՐԺԻ ՄԵՋ ՉԵՍ ԳՏԱՆԻ, 

ԵԹԵ ԿՈՐՑՐԵԼ ԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ

Չի՛ք հավերժի մեջ՛ ժամանակի մեջ ինչ կորուսված է.

Զուր մի՛ ջանացիր, այն, ինչ փնտրում ես, թեկուզ Աստվա՜ծ է:

ԱՌԱՆՑ «ԻՆՉՈՒ»

Թե ինչ է «ինչու»-ն՝ վարդն անտեղյակ է — փթթելիս լինի թե նորաբողբոջ.

Եվ ուշք չի դարձնում բնավ իր վրա, չի հարցնում՝ իրեն տեսնո՞ւմ են, թե՝ ոչ:

ՍԵՐԸ ՄԱԳՆԻՍ Է

Սերը մագնիս է. ինձ առ Աստված է ձգում ակամա.

Առավել ևս Աստծուն է ձգում Սերը դեպի Մահ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՓՈՓԱՆՔԸ  «ՈՉԻՆՉՆ» Է

Երբ Աստված իր Լույսից քեզ չտա մի նշույլ անգամ՝ դեռ ոչինչ.

Անսփո՜փ իմ, լավագույն սփոփանքդ — կդառնա սոսկական մի Ոչինչ:

ԱՍՏՎԱԾ ՇՆՈՐՀՎՈՒՄ Է, ԵՐԲ ՁԳՏՈՒՄ ԵՍ ԻՐԵՆ

Իրեն բնավ չի պարտադրում. Աստված ազատ է Աստծո պես,

Որպեսզի հենց իրեն բաղձաս՝ քոնը լինի ամբողջապես:

ՀԵՇՏ Է ԼԻՆԵԼ ԵՐԱՆԵԼԻ, ՔԱՆ ԱՆԻԾՅԱԼ

Չէ՞որ դյուրին է ամպի փետրաբարձին օրորվել,

Քան մեղսական ճիգերով դեպի անդունդ գլորվել:

ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԻԱՄ

Պիտի Մարիամը դառնամ, Աստված ծնեմ ինձանից.

Երանություն հավերժող — ինձնաԾինը կտա ինձ:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՀ 

Մահն այն է, որից կյանք չի ծաղկում նոր —

Երբ խուսափում ես մահերից բոլոր:

ՉԵՆ ԱՊՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄԱՀԱՑՄԱՆ

Աստված Ի՛նքն է մահանում, երբ ուզում է կյանք տալ քեզ.

Ինչպե՞ս պիտի առանց մահ — կենաց բարը ժառանգես:

ԱՍՏՎԱԾ ՔՈ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ

Քրիստոս թեկուզ հազար անգամ Բեթղեհեմում ծնանի

Եվ ո՛չ քո մեջ — ամեն ճամփա քեզ կորստյան կտանի:

ԻՆՉՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՏԵՍԱՆԵԼ

Աստվածային Լույսին անհաս՝ ճանապարհը ո՞նց հասանի.

Եթե ինքդ Լույս չդառնաս՝ Նրան երբեք չես տեսանի:

ԱՍՏՎԱԾ Է ՏԱԼԻՍ ԿԱՏԱՐՅԱԼ ՊՏՈՒՂՆԵՐ

Այն, թե Աստված կատարյալ է, դու մերժում ես: Սակայն

Կոտրիր իմ դեմ նախ և առաջ ո՛րթը քո սեփական:

ԵՐԿԻՆՔԸ ՔՈ ՄԵՋ Է

Կա՛նգ, առ, ո՞ւր ես աճապարում, չէ՞ որ քո մեջ երկինք ունես.

Ուրիշ տեղ ես փնտրում Աստծուն ու անդադար սայթաքում ես:

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԱՍՏՎԱԾԱԿԵՐՊ

Թե կամիս դառնալ Աստվածակերպ՝ մարդկանց նմանվել դու մի՛ փորձիր,

Ազատվիր բոլոր գանգատներից, ինքդ քեզանից մաքրագործվիր:

ԱՄԵՆ ԻՆՉ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ Է

Քո մեջ ունես թե՛ երկինք, թե՛ տառապանք դժոխքի,

Եվ ա՛յն է քոնն ամենուր, ինչ ընտրում է քո հոգին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒԺ ԶԳԵՆԱԼ

Նա, ով Որդին Աստըծո ի՛նքը դառնալ չի ուզում,

Դեռ փարախում է, ուր կան ծառայող ու անասուն:

ԱՍՏՎԱԾ ՀԵՆՑ ԱՅՆ Է, ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ

Աստված իմ լույսն է, նեցուկը, նպատակն է, խաղն է, ճանապարհը,

Այն ամենն է, ինչ կամենամ — իմ զավակն է, եղբայրն է ու հայրը:

ՀՈԳՈՒ ԱՇԽԱՐՀ

Երկինքը փոքր է չափազանց, աշխարհը շատ է նեղ.

Հոգուս համար տարածություն ինչպե՞ս գտնեմ, որտե՞ղ:

ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

Ես անցումին եմ ուզում անսալ՝ հավերժության մեջ — ժամանակից:

Բայց տարբերվո՞ւմ է արդյոք, ասա՛,- հավերժությունը ժամանակից:

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Ե°Վ ԳՈՐԾՆ Է, Ե՛Վ ԱՆԴՈՐՐԸ

Խաղաղ լինե՞լը, թե՝ գործելն արդյոք — աստվածահաճո ո՞րն է առավել:

Կասեմ,- մարդ պետք է ի զորու լինի Աստըծո նման երկուսն էլ անել:

ԻՆՉ ՈՐ ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՀԱՄԱՐ Է, ԵՍ ԷԼ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԵՄ

Զի Աստված իմ մեջ Աստված է ու մարդ, մարդ եմ ու Աստված Աստծո մեջ ե՛ս էլ.

Ե՛ս եմ հագեցրել ծարավը Նրա, երբ նեղ էր տեղս՝ Նա՛ է ինձ հասել:

ԴՈՒ ԻՆՔԴ ԵՍ ՔԵԶ ՎՐԴՈՎՈՒՄ

Ո՛չ արարած և ո՛չ Աստված քեզ վրդովել չեն կարող.

Վրդովում ես հենց ինքդ քեզ — իրերի մեջ խանգարող:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատությունն Աստըծով է. Աստծուն տրվիր: Այն ժամանակ,

Երբ կօտարվես ամեն ինչից, ազատության կարժանանաս:

ԻՆՉ Է ՄԱՐԴԸ

Դու հարցնում ես՝ ի՞նչ է մարդը: Ասեմ շիտակ,

Թե մեկ բառով մարդը կոչի՝ գերհրեշտակ:

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՀԱՏՈՒԿ Է ՄԵԶ

Նույնամետ է հավերժությունն ու մեր սրտին մոտ է այնքան,

Որ անկախ մեր ցանկությունից՝ լինե՜նք պիտի հավերժական:

ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՎԵՐՋ ՉԵՆ ԳՏԵԼ

Վերջ չեն գտել տանջանքները Քրիստոսի՝ հանված ի խաչ.

Նա հիմա էլ գիշեր ու զօր տառապում է, ինչպես առաջ:

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՄՔՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է

Թե ունենար Տեր Քրիստոս թեկուզ դույզն-ինչ կամք սեփական,

Որքան էլ որ երանելի՝ կկործանվեր, մա՛րդ, Նա՜ անգամ:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՍՏՎԱԾ

Աստված միայն ինձ է սիրում, Նրա սերը ինչպե՜ս կոչեմ,

Երբ նա մեռնում է այն վախից, թե ես Իրեն նվիրված չեմ:

ՀՈԳՈՑ

Աստծուն մսուրք դրին, երբ մարդ եղև — մեղա՜,

Քանզի ես ո՛չ խտիտ, ո՛չ էլ ծղոտ եղա:

Թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք