Մթնագարը

20142111131856895

Կարճահասակ մարդը բացակա հայացքով հեռուստացույց էր դիտում, ստեպ-ստեպ նայում պատի ժամացույցին: Դրսում մթնշաղը վաղուց էր խտացել, իսկ հեռախոսը լռում էր: Տուփից սիագարետ հանեց, սկսեց մատներով տրորել, ապա միտքը վարգաձիու պես չափի գցելով՝ թողեց, որ գտնի խոհի արահետը. Տերն իր հոգու մանվածքը սիրուց է հյուսել, բայց ո՞վ է ծուռոտն գաճաճին նայելու: Դեռևս դպրոցում, դասընկերուհիների խղճացող-կարեկցող հայացքները բռնելով, լցվում էր անասելի մաղձով, որը տարիների հետ թանձրանալով՝ վերաճեց ատելության: Դա քամահրանք էր աշխարհի, հատկապես իգական սեռի նկատմամբ: Այդպես էլ մեծացավ՝ վշտից լայնացած բիբերով: Հիմա քսանհինգի շեմին է, բայց դեռ չի ճաշակել կանացի հրայրքները. ցերեկն այլոց համար լոգասալիկներ է շարում, մթնժամին թափառում շենքերի հետնամասում:

Բախտաբաժնի ժամանակ, երևի, Աստված իրեն չնկատելու է տվել կամ նայել է մյուս՝ ապակյա աչքով, որովհետև տրված շնորհը սոսկ անպտուղ որձությունն է: Անկողնային որոշ շնաձնկեր կուզենային իր չափ սիրառատ լինել՝ կանանց համար սրտակեր ասպետ դառնալով, բայց, դե՜, Տերն ամենին օժտում է գիտեցածի չափով. իր չափաբաժինն էլ դա է: Այն, ինչ բնական վիճակում է տեսել՝ սոսկ թանձր վարագույրների ճեղքից՝ պատուհանից պատուհան վազելով. իրիկնաժամերին, շենքերի հետևում թափառելիս, գողունի ծիկրակել է և քնելու համար զգեստափոխվող կանանց մտովի հոշոտելով՝ հագուրդ տվել կրքերին, որպեսզի հետո, անկողնում պառկած, վայելի վերապրածը՝ մերկ զիստերի շլացնող ձյունագույնը…

Կարճլիկը նկատելի մռայլվեց, քորեց ծնոտը. իսկ մթնագարությունը սկսվում է արևամուտից հետո, երբ մեռնում են արևի վերջին շողերը, երբ կատուները, կտուրների վրա շրջելիս, կրքաշունչ մլավում են, և երբ գոյավորվող զառանցանքը, հայացքի առջև հառնելով, նայում է իրեն պեծպեծուն աչքերով. հա՛, լուսավառ պատուհաններն իրեն ձգում են մագնիսի ուժգնությամբ, ինչպես փետրավորված թռչնին՝ անդունդների խորությունը: Չէ՛, չի բռնվել, բայց մշտարթուն տագնապը սպանել է բերկրանքի զգացումը, ներսը պատել պաղ սարսուռով: Միայն մեկ անգամ, երբ ոտնաթաթերի վրա ձգվելով նայում էր, թե անծանոթ կինն ինչպես է զգեստափոխվում, լույսը դավադրաբար մարեց: Սպասողական հայացքը մութ ննջարանին էր, երբ որսաց ոտքերի թփթփոց: Հասցրեց ճողոպրել, մի քանի օր դուրս չեկավ տանից, բայց հետո…

Մարդը հառաչեց. թերարժեքության ցավը փուշ է դարձել կյանքի ճանապարհին: Հա՛, երբ բախտը երես է թեքում կամ քրքրում անձկության մենախցում՝ ո՞վ է վայելքի չափաբաժին գծելու: Ո՜վ գիտե, գուցե սա հիվանդություն է, ներփակ սեռագարության չախտորոշված տեսակ, որի ելքն ամուսնության մեջ է…

Գաճաճն ավելի խոժոռվեց. ամուսնությա՞ն:  Չէ°, մոր արնաշաղախ պատկերն ամեն գիշեր հայտնվում է ցնորածին երազում՝ իրեն այն աշխարհ տանել-բերելով:

Եվ հեռուստացույցը նյարդային անջատելով՝ ափերը դրեց գլխի տակ. դեռ երեխա էր, երբ տեսավ արնաթաթախ մորը, երբ հայրը, Ռուսաստանից անսպասելի վերադառնալով, նրան բռնեցրեց միլպետի տեղակալ քենակալի հետ անկողնում լկրտվելիս: Կացնի բութ մասով, իբրև արջառի, երկուսին էլ զգետնեց, որպեսզի դատից հետո բռնի գժանոցի ճանապարհը…

Տղամարդը ջղագրգիռ սևեռվեց հեռախոսին, տարուբերեց գլուխը. չէ՛, իր առջև փեշ չեն բարձրացրել, չեն կոտրատվել կանացի սեթևեթանքով, և միակը, ում հետ քիչ թե շատ մտերիմ է, պառաված օրիորդ Մանուշն է, որի հետ գիշերային զբոսանքներից առաջ զրուցում է հեռախոսով:

Սիգարետը վառեց, ծուխը փչեց վեր. ո՜վ գիտե, գուցե հոգու մեջ դև է մտել կամ թե հոր ախտածին արյունն է, որ շարունակում է ծաղկել իր երակներում: Իսկ գուցե թիկունքի  կապտավուն խա՞լն է ամեն ինչի պատճառը, աստղատես այդ խալը…

Ասում են՝ տերտերն իրեն մկրտելիս ու մեջքի հնգաթև պատկերը տեսնելով՝ մեկեն կապտել է:

«Սեդա՛ քույրիկ,- ասել է,- վատ նշան է, տես փորձանքի չգաք»:

«Փորձա՞նք»,- զարհուրել է մայրը:

«Տղայիդ խալը հնգաթև աստղի տեսքով է, իսկը՝ սատանայի կնիք…»:

«Հերիք է մեզ վախեցնես,- բարկացել է հայրը,- մեր ցեղը սատանա պայտողների ցեղ է»:

Տերտերը թուխպի պես մթնել, ասել է.

«Սատանա պայտելով, Մուկո՛ւչ, ձեռքից չես պրծնի. նալբանդն ինքն է»:

«Տե՜ր հայր,- նվաղել է մայրը,- մի՞թե կորցնելու եմ մինուճարիս»:

Սուրբ հայրը լռել, ապա մեղանչած հոգևորականի հայացքով, որ աղոթքի կեսին կորցրել է մտքի թելը, հավելել է.

«Ամեն ոք առաքելություն ունի, և քանի դեռ Տիրոջ կամքը չի կատարվել՝ մահվան կնիքը չի բացվելու…»:

Իսկ արդեն հետո, տուն դառնալու ճանապարհին, մորը հանգստացնելու համար հայրն արհամարհաբար նետել է.

«Սեդա՛ ջան, գիտունի հետ քար քաշի՛ր, անգետի հետ փլավ չուտես…»:

Այդ ամենը պատմել էր մորաքույրը, երբ գտնվում էր մահվան մահճում: Ինքը լսել էր նրան թանձրամիտ մանկան անտարբերությամբ, մտապահել…

Հեռախոսը զնգաց: Ձեռքն ընկալուչին տանելով՝ արագ մոտեցրեց ականջին.

-Ինչո՞ւ չէիր զանգում, Մանո՛ւշ:

Պատասխան չհնչեց՝ անհևք շնչառություն էր:

-Ուզում էի դուրս գալ,- մզզացրեց,- մտածեցի՝ գուցե…

Ու նորից լռություն:

-Քեզ ի՞նչ է եղել, աղջի՛:

-Ոչինչ…,- հնչեց ձայնը:

-Չէ՜,- դյուրագրգիռ ընդհատեց,- հետդ ինչ-որ բան է կատարվում:

-Հոգնած եմ, Մհե՛ր, գլխացավ ունեմ:

Կարճլիկը շուռումուռ եկավ աթոռին:

-Չես ուզում խոսել,- նեղացավ,- քո գործն է:

-Խոսենք, բայց ուրիշ բաներից:

-Ուրի՞շ…,- ու մի տեսակ հեգնաձայն:- Չլինի՞ ամուսնությունից:

Կինը մի պահ լռելուց հետո անարյուն հարցրեց.

-Մի բան ասեմ՝ հո չե՞ս նեղանա:

Փսփսաց՝ անկիրք, պատահականորեն արտաբերված խոսքի երանգով, բայց որը եկավ, գտավ թիրախը:

-Մեր մասին էի մտածում,- ասաց,- հիմա գիտեմ՝ ամեն ինչ սուտ է:

Մհերը նկատելի այլայլվեց: Զշգաց, որ տագնապը ծառս է լինում ներսում՝ չթամբած հովատակի խենթությամբ: Ու լսածն իմաստավորելու ճիգերից քրտնելով՝ մտածեց, թե կինը հայտնվել է երևի ինչ-որ մեկի լորձահյուս ոստայնում:

-Նոր ընկե՞ր ես ճարել:

Եվ քանի որ Մանուշը չէր արձագանքում, ոռնալու պես գոռաց.

-Ո՜վ է…

Գծի մյուս ծայրում ծիծաղեցին, լրջացան:

-Քո ապրածի մեջ, Մհե՛ր, լրջություն չկա՝ անկանխատեսելի մարդ ես: Սիրտդ թան է ուզում, ասում ես՝ թթու է, ձեռքդ չի հասնում խաղողին, ասում ես՝ խակ է: Հա՜,- ծորացրեց,- տուն-տեղ դնելու շնորհք չունես. չէ՛, մեր ջրերը տարբեր առուներով են հոսում:

Մարդն անակնկալից կարկամել, լռում էր:

-Ամեն ոք օժտված է տեսակը շարունակելու պահանջով, իսկ դո՜ւ…,- կնոջ ձայնը նվաղեց:- Ապրում ես խխունջի պես՝ ինքդ քո մեջ կալանված, իսկ իմ քառասունը սարերի ետևում չէ: Մի՛ նեղացիր, էլ չեմ կարող սպասել…

Մհերը զգաց, որ մաղձաօձն արթնացել, խլրտում է ներսում, բայց ցասումը խեղդելով՝ փորձեց կատակել.

-Թե բախտի հույսին մնացինք, լրիվ կկորչենք…

Կինը չպատասխանեց, բայց շնչառությունը հիմա բեկբեկուն էր: Ու տղամարդն իրեն խաբված զգաց, ավազահատիկի պես մանր, անօգնական մի բան, որին անապատային խորշակն իր մեջ առնելով՝ տանում է, որ խառնի ամենակուլ բլուրներին:

-Ուրեմն վե՞րջ, Մանո՛ւշ:

-Հա՜,- տնքալու պես ասաց,- ինձ ների՛ր…

Անջատված լսափողը որոշ ժամանակ ձեռքում էր, հետո  հեռախոսը վերցնելով՝ շպրտեց պատի կողմը: Շրխկոց լսվեց, սակայն ձայնի արձագանքը չմարեց՝ հոգեվարքեց ներսում: Ուզում էր նոր սիգարետ վառել, բայց մատները դավադրաբար դողացին:

-Ես քո ցեղը, Մանո՜ւշ…

Իսկ քիչ անց, երբ խաղաղվեց, հասկացավ, որ լարախաղացի հավասարակշռություն պահելու իր բոլոր ճիգերն այլևս ապարդյուն են, քանզի մատներն էլ չեն զգում ձողի ամրությունը, այն ամենը, ինչը ճախրանքի պատրանք էր ստեղծում: Եվ հոգում խլրտացող ժահրը պատեպատ խփվեց՝ փախուստի պատրաստ օձի հապճեպությամբ, բայց հեռու չգնաց. խոհանոցի կողմից նենգաբարո ժպտում էր: Ու Մհերը, հացի դանակը գոտու մեջ խրելով, մի պահ մոտեցավ պատուհանին. վաղուց իրիկնաժամ էր, բայց շուրջն ամեն ինչ կարմիր էր, ճչացող կարմիր, ինչպես մոր դեմքին լերդացած արյունը:

«Դարձել եմ այն տիեզերանավորդի պես,- ինքն իրեն ասաց,- որ անկշռելիության բարդույթին չվարժվելով՝ հավասարակշռություն է փնտրում…»:

Հանեց մեծ դանակը, պահեց լույսին. շեղբը կուրացնող փայլեց: Հետո միջանցքի հայելուն մոտենալով ու կիսով չափ շրջվելով՝ վեր քաշեց սպիտակ շապիկը. նիհար թիակների արանքում երևացող հնգաթև խալը կարմրել, դարձել էր արնագույն-բոսոր:

Դուրս եկավ բակ, շաղված հայացքով քայլեց: Մանրաքայլ առաջանում էր՝ սեփական մաղձի մեջ անձայն խեղդվելով: Գիտեր, որ ներսում ճյուղավորված ժահրը քաղցկեղի պես է՝ ոչնչացնելու է թե՛ իրեն, թե՛ ուրիշին:

Ու նորից մտածումի շավիղ մտնելով՝ թաղվեց խոհերում.

«Մի դրա՜ն տես, դրա նեղանա՜լը: Թե սիրած է ճարել, թող այդպես էլ ասի, ի՜նչ է պոչ խաղացնում… Նրան անճարությունից խրտնած մի բան է պետք կամ ջահել բեռնաձի, քանզի ուզում է, որ ինքն իր ցածրությունից տակնիվեր նայելով՝ դառնա  կակղամորթ…»:

Անլսելի հոգոցեց. մշուշի պես թանձր մի բան ծանրացել էր սրտին, շղարշել ուղեղը. հա°, իր կյանքը մամռակալած մատուռ է դարձել, այնպիսի մի բան, որ կորցրել է աղոթքի ոտնահետքը: Ապրեց վախվորած՝ ամբոխի մեջ իրեն կորցնել-գտնելով՝ գիշակերներին ի կեր: Ընկերության մեջ էլ սոսկ Աբել եղավ կամ պարսատիկի քար… Այո՛, հենց նրանք քանդեցին երազների դղյակը՝ թողնելով անտանիք, իսկ դրա վերևում չարախինդ ագռավներին, որ սպասումներից զեղվում-հալվում են…

Գլխահակ քայլում էր և մտմտում, որ Մանուշին ու նրա սիրածին սպանելուց հետո դանակն իր կոկորդին կտանի (հոր պես հո՜ չի կորչելու գժանոցում), բայց երբ տեղ հասավ, զառանցանքը կերպավորվեց և դուրս գալով միջից՝ կանգնեց դեմառդեմ. նենգաժպիտ հայում էր, հետո արհամարհաբար ծպպացրեց, իբր՝ քեզնից ի՜նչ մարդասպան, ու ներս սողոսկելով՝ մեկեն չքացավ. Մհերը փշաքաղվեց:

Զգաց՝ տագնապն ուր որ է կվերաճի սոսկումի, և չընկալեց՝ ինչպես հայտնվեց շենքի հետնամասում: Կանգնել ու գլուխը վեր ծռած նայում էր երկրորդ հարկի պատուհանին, ապա մոտեցավ թթենուն և իր փոքրիկ, բայց ուժեղ մկանները լարելով՝ սկսեց ճարպկորեն մագլցել: Մի պահ գայթեց, մազ էր մնում՝ ընկնի, բայց ծառի միջնամաս հասնելով՝ հարմար դիրքավորվեց. ննջարանի լույսը վառ էր:

Ու սկսեց դողահար դիտել՝ սևեռուն հայացքում ծանոթ սարսուռներ:

Նայում էր բորբոքված հայացքով, և նրան մի պահ թվաց, թե գետի հորձանուտն ընկած ու ջրից քշվող անհույս մեկն է, որ լսում է ջրվեժի մարդակուլ շառաչը:

-Ո՜ւր ես, շա՛ն որդի,- չարացավ,- դուրս արի, տեսնենք…

Միտքը դեռ չէր ավարտել, երբ աչքին մարդկային ստվեր երևաց, որը դեպի պատուհան ձգվելով՝ մեկեն չքացավ: Անզոր կատաղությունից պապանձվեց, կծոտեց շրթունքը, աչքը՝ պատուհանին. չէր ուզում տեսածին հավատալ: Հետո ունկերի մեջ ինչ-որ բան սվսվաց-աղմկեց, թվաց՝ հոր հոգին է, որ քարացել է թիկունքում. ստվերի պես կանգնել, քթի տակ ծիծաղում է:

Մհերը թափահարեց գլուխը, բայց սվսվաձայն աղմուկը չէր մեղմանում. հոգեմաշ ցավը, գանգատուփը ճզմելով, գտել էր սրտի տեղը: Եվ միայն դրանից հետո նկատեց Մանուշին. կիսարձակ խալաթով էր՝ գլխին խավոտ, սպիտակ սրբիչ. եկավ, նազանքով ապառաժվեց հայելու առջև:

-Մենակ է,- մրմնջաց,- բաղնիքից է գալիս…

Սակայն հեռանալու փոխարեն, չգիտես ինչու, սոսնձվեց, մնաց թթենու ճյուղին: Ջղամաշ տվայտանքների մեջ էր, անգամ շարժում արեց ծառից իջնելու, բայց հայացքը գնաց, մագնիսի պես գամվեց լուսավառ պատուհանին: Երկմտանքը կարող էր երկար շարունակվել, բայց անտեսը ներսում գլուխ բարձրացրեց, թե՝ էժան պրծար, մարդ սպանելը քո ի՞նչ բանն է, քոնը, Մհե՛ր, սերն է. Տե՛ս ու վայելի՛ր…

Եվ տաք լափի հոտն առած շան կեցվածքով ու դունչը առաջ տեղում քարացավ. Մանուշն արդեն հանել էր խալաթն ու ձեռքերը՝ մեջքին, ջանում էր քանդել կրծկալի կապիչը. մարդը մարմնով մեկ դողաց: Երակները տաքացան, զգաց, որ նորից է թևածում անկշռելիության տիրույթում: Ու բնազդային մի հզոր, անկառավարելի մղումով հայացքը գնաց, սեպվեց մերկ ստինքներին. չէ՛, դա Մանուշը չէր, այլ օտար, անդեմ կանանցից մեկը, որոնց քանիցս հոշոտել է ապակիներից անդին:

Տեղը փոխելով՝ կիսականգնեց:

Չզգաց՝ ինչպես դանակը գոտուց սահելով՝ գահավիժեց, և երբ արդեն արյան տաք, բռնկուն տենդի մեջ էր, իսկ գոլ սարսուռը գլորվում էր ողնաշարն ի վար, լույսն անջատվեց. Մհերը տնքաց: Որոշ ժամանակ նույն դիրքում քարացել, սրտդող նայում էր մթնած պատուհանին, ապա կատաղությունից դողալով՝ քինաշունչ նետեց.

-Լի՜րբ, լրբի՛ ծնունդ…

 

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք