Մենք

Հեղինակ:

20141909141828668

Ինչպես միշտ դռան առաջ ինձ էր սպասում իմ կրտսեր եղբայրը:

-Բարև…

-Ողջույն:

-Ո՞ւր կհրամայես:

-Ինչպես միշտ՝ տուն:

Օրը  արևոտ է, փողոցում՝ աղմուկ, աղջիկները՝ խենթացնող, օդը՝  հեղձուկ, մարդիկ՝ անտարբեր, մենք՝ հոգնած:

Մեր մուտքը զով է, ու կարծես զովությունը արթնացում է բերում մեր թմրած ուղեղներին: Սեղմում եմ վերելակի կարմիր աչքը  ու հենվում պատին: Աղվանը, որ ավելի ուշ էր մոտեցել, միանգամից բռնվում է ծիծաղով: Ես մտածում եմ, որ դա նրա հերթական խենթություններից է: Նա ուսերը  ցնցելով ու կքանստած ցույց է տալիս վերելակի դուռը, ու ես կարդում եմ՝ лифт не работает, идет ремонт:

-Ես Ձեր վերելակի էլ, վերելակների էլ,- դռանն իջեցրած ոտքի ուժեղ հարվածից հետո գոռում եմ ես ու կքանստում Աղվանի դիմաց:

-Ձայնդ կտրիր,- գոռում եմ դեռ ցնցվող Աղվանի վրա և հանում իմ անզորության դեղը: Հանում եմ մի հատիկ, վառում, լիաթոք ներս եմ քաշում ծուխն ու խեղճ-խեղճ նայում Աղվանին:

— Չդիմացա՞ր, եղբայր,- հեգնում է նա:

Հարմար պատասխան չգտնելով՝ խեթ-խեթ նայում եմ նրան ու դեմքս դարձնում դեպի շքամուտքը:

Շքամուտքից ներս է մտնում զամբյուղների տակ կքած տիկին Սիրանուշը, և ես ու Աղվանը միանգամից ոտքի ենք կանգնում:

-Բարև Ձեզ, տիկին Սիրանուշ, ի՞նչ լուր ունեք Սեդայից (Սեդան հարսն է՝ լոլոզ Սաքոյի կինը, որին գիշերն են տարել հիվանդանոց):

 

 

 

-Զույգ տղա է ունեցել,- հպարտությամբ պատասխանում է տիկին Սիրանուշը (կարծես ունեցողը ինքը լինի) և, չսպասելով բարի մաղթանքների, լխտիկ ուսի թեթևակի հարվածով բացում է տան դուռն ու ներս մտնում:

Մինչ Աղվանը հեգնանքով նայում էր ինձ ու կշտամբում, թե մի լոլոզ Սաքոյի չափ էլ  չկաս, ես երանությամբ ու թուքս կուլ տալով վայելում էի տիկին Սիրանուշենց տնից եկող ճաշի անուշ բույրը: Հետո Աղվանն էլ մոռացավ իր հեգնանքը, որովհետև  գոյություն ունի ստամոքս, իսկ այդ պահին ստամոքսն ավելի զորու գտնվեց, և նա, միանալով ինձ, թուքը  կուլ տվեց ու…

-Տոլմա:

— Քուֆթա,- աչքերս փակ ասացի ես:

— Տոլմա:

— Հա, թփով տոլմա:

Բացում եմ աչքերս ու տեսնում Աղվանին՝ հպարտ կանգնած, նա իրեն պատկերացնում է ճաշերի լավ գիտակ (հոտառության տեակետից) և տոնում է հաղթանակը: Ես քայլում եմ դեպի աստիճանները, իսկ Աղվանը, մեկ անգամ էլ շնչելով տիկին Սիրանուշենց ճաշի բույրը (կարծես ուզում էր համոզվել իր ճշտության մեջ), հետևում է ինձ: Երկրորդ հարկի սանդղահարթակին մի պահ վարանում եմ ու գլուխս բերելով դեպի Աղվանն ասում.

-Բորշչ:

-Շչի:

-Բորշչ,- չեմ զիջում ես:

-Բորշչ,- նորից խորը շնչելուց հետո հաստատում է Աղվանը, և մենք շարունակում ենք ճանապարհը՝ մեր ալպինիստական, հետախուզական և հոտառական ճանապարհը դեպի 7-րդ հարկ:

Երրորդ հարկում տապակած կանաչ լոբի է:

Չորրորդում՝ խմորեղենի և վանիլի անուշ բուրմունք, որը ձգվում է դեպի վերին հարկերը, ինչպես իմ միտքն է հեռանում ինձնից ու թառում քաղցրավենիքի բլուրներից կքած Նոր տարվա սեղանին: Քաղցրավենիքի բույրը ինձ տանում է վերև, և ես սթափվում եմ 6-րդ հարկում բնակվող «օրիորդ» Ժաննայի բաց դռան առաջ, սրճաբույր մշուշի մեջ: Ինձ անմիջապես պարուրում է սուրճի ծուխը և ներս կանչում Ժաննայի տեսքը, որը գծագրվել էր խոհանոցից թափանցող լույսից: Ուսիս վրայից առաջ է գալիս Աղվանի գլուխը, և ես հազիվ եմ կարողանում աչքերս պոկել Ժաննայի խալաթի բացվածքից: Չգիտեմ, թե ինչ է մտածում Աղվանը, բայց ես մտածում եմ, որ Ժաննայի «Էստի համեցեք» (դիրքը) ժպիտը տեղին ու ժամանակին չէր ու մագլցում եմ ավելի վեր:

Բոված սուրճի ծուխը իր հետ ինձ տանում է վեր՝ թույլ չտալով զգալու ուրիշ ոչ  մի բույր: Մեր սանդղահարթակին մի ծանոթ հոտ կա, որից, ճիշտ է, չեմ խորշում, բայց շատ դժվար եմ տանում: Ապխտած ձկան, սխտորի, սոխի ու թթուների հոտն է, որը գալիս է մեր հարևան Իվան Պետրովիչի բնակարանից:

Աղվանը հասնում է իմ հետևից, և ես միանգամից վրա եմ տալիս.

 

-Սիլոդկա, սոխ, սխտոր:

Նա սթափվում է «Էստի համեցեք» մղձավանջից ու անցնում  հակահարձակման:

-Ապխտած ձուկ, խոզի ճարպ, սխտոր:

-Սիլոդկա, նրբերշիկ գարչիցայով, սոխ և սխտոր,- եզրափակում եմ ես և դուռը բացում:

Մեր սենյակում արև է ու տոթ, փոշին, ինչպես կասեր Աղվանը՝ մատնաչափ, ամեն տեղ թափթփվածություն, իսկ խոհանոցի սեղանին՝ ամեն տեսակի սպասք ու շշեր, բոլորն էլ օգտագործված: Սենյակում ոչ բույր կա, ոչ հոտ, միայն փոշին է մեր ոտքերի տակից փախչում ու արևի շողերով սողում դեպի պատուհանները: Աղվանն իրեն նետում է բազմոց կոչված թախտին, իսկ ես անցնում եմ խոհանոց՝ պրպտումների: Կաթսաները՝ դատարկ, դարակները՝ դատարկ: Բացում եմ սառնարանը, մի շիշ գարեջրից բացի սառնարանում էլ ոչինչ չկա, ու անջատելով սառնարանը, գոհ եղածից (կարող էր դա էլ չլինել)՝ բացում եմ շիշը ու հենց շշից խմում: Սառը գարեջուրը հաճելի էր, ես շիշը ձեռքիս անցնում եմ Աղվանի ոտքերի մոտ:

-Ինձ էլ կթողնես,- փակ աչքերով մտմտում է Աղվանը:

-Գնա, ինքդ քեզ համար վերցրու,- պատասխանում եմ ու մտածում Աղվանի ելնելուց հետո անմիջապես պառկել նրա տեղը: Աղվանը ալարկոտ ելնում է տեղից և անցնում խոհանոց: Ես մեկնվում եմ բազմոցին ու կիսատ շիշը մեկնում դեպի դուռը, որտեղից ներս է մտնում զայրացած Աղվանը: Զայրույթի հիմնական պատճառը ոչ թե այն է, որ սառնարանը դատարկ է, այլ այն, որ ինքը խաբված դուրս եկավ: Վերցնելով իրեն մեկնված կիսատ շիշը՝ հիմա էլ ինքն է տեղավորվում իմ ոտքերի մոտ, իսկ ես վայելում եմ ծխախոտը՝ իմ դեղը: Մեր լռությունը խախտում է հեռախոսի զանգը: Մի հաճելի ձայն Աղվանին է խնդրում, և ես լսափողը մեկնում եմ նրան: Աղվանը հայացքով ասում է՝ գիտեիր, որ քեզ չեն ուզելու, ինչո՞ւ վերցրեցիր: Հետո ես միացնում եմ նվագարկիչը, դնում ընկալուչները: Ականջներումս երաժշտություն է, աչքերիս առաջ՝ Աղվանը, որ խոսում է հեռախոսով ու ինչ-որ բան բացատրում: Հետո նայում է ժամացույցին, մատների վրա ինչ-որ բան հաշվում ու նորից սկսում խոսել: Ես հասկանում եմ, որ նա ժամադրվում է գեղեցիկ ձայնի տիրուհու հետ:

Հետո նա վայր է դնում լսափողը, անջատում նվագարկիչն ու ձեռքիցս քաշելով մղվում դեպի խոհանոց: Ես պատրաստակամ կանգնում եմ գազօջախի մոտ:

Աղվանը գազօջախի ներքևի պահոցից 4 հատ ձու է հանում, և ես բացականչում եմ.

-Կեցցե հավը, որ մեզ ձու պարգևեց, և կեցցե ձուն, որ կհագեցնի մեր քաղցը:

Հետո նա հանում է չոր լավաշ, մի քիչ տնական պանիր ու բանկայով յուղ: Ես նորից եմ ձայնս   գցում գլուխս.

-Փառք գյուղի աշխատավորին, որ հաց արարեց, պահեց կենդանիներ, որոնք մեզ պարգևում են յուղ, պանիր և գյուղատնտեսական զանազան մթերքներ:

-Փառք մեր նախնիներին, որոնք կարողանում են մեզ բաժին հանել իրենց աղքատիկ օրաբաժնից, ՓԱՌՔ, ՓԱՌՔ,  ՓԱՌՔ:

Թավան, որի մեջ միշտ ձվածեղ ենք անում, հիմա կեղտոտ վիճակում ջրի ծորակի տակ է: Աղվանը մի փոքրիկ կաթսայի մեջ յուղ է լցնում և դնում կրակին, և մինչ յուղը կտաքանա, ես լավաշի վրա ջուր եմ ցանում և սկսում պանիր ճաշակել:

-Ի՞նչ ես կեղտոտ ձեռքերդ պանրին կպցնում,- վրա է տալիս Աղվանը:

Ես բարձրացնում եմ ձեռքերս ի նշան հանձնվելու և անցնում լվացվելու: Լվացվում եմ փնչոցով ու երբ վերադառնում եմ խոհանոց, ձվածեղն արդեն բուրում է: Աղվանն ինձ է մեկնում ձեռքում պահած պատառաքաղներից մեկը, և մենք անցնում ենք հարձակման: Ուտում ենք աղմուկով, բայց  զիջելով մեկս մյուսին: Հետո ես անցնում եմ սենյակ, մեկնվում բազմոցին: Աչքի եմ անցկացնում նախորդ օրվա թերթերը, բայց շաբլոն դարձած վերնագրերը ինձ ձանձրացնում են: Ես դրանք մի կողմ նետելով նորից ծխախոտ եմ վառում:

-Դե ինչ, հավանո՞ւմ ես,- ժպտում է Աղվանը, և ես հիացմունքով նայում եմ ոտքից գլուխ փոխված Աղվանին:

-Հիանալի է, դու դուրս ես գալիս:

-Այո, եղբայր, ինձ սպասում են:

-Վատ չես ապրում:

-Կյանքը մեկ անգամ է տրվում, ինչո՞ւ պետք է վատ ապրեմ:

-Ե՞րբ կգաս:

-Օ, չգիտեմ, եղբայր, դա ինձնից չէ կախված:

-Փող վերցրու, մթերք կառնես:

-Միայն մի պայմանով:

-Առաջարկիր:

-Սենյակը լինի մաքուր, սպասքը՝ լվացած, կարգ ու կանոնը՝ տեղը, գազօջախին էլ քլքլթա որևէ ճաշատեսակ:

-Համաձայն եմ:

Աղվանը աչքով է անում ինձ և դուրս գալիս: Ես մոտ եմ քաշում հեռախոսը, հավաքում Անահիտենց համարը ու սպասում:

-Բարև, Անահիտ:

-Բարև:

-Ինչպե՞ս ես:

-Հիշելուդ վրա՝ շատ լավ:

-Կներես, զբաղված էի:

-Ես քո զբաղմունքը գիտեմ, չէիր կարողանում ազատվել երկրպագուներիցդ:

-Դե լավ, մի սկսիր:

-Ինչո՞ւ սկսել, երբ ամեն ինչ ավարտվում է:

-Չեմ հասկանում:

-Հինգ տարվա մեջ չհասկացար, հեռախոսո՞վ ես ուզում հասկանալ:

-Ի±նչ է պատահել վերջապես:

-Ես ամուսնանում եմ…- Տու… տու… տու…

Մի պահ կորցնում եմ ինքս ինձ: Ինչպե՞ս թե, Անահիտը իմը չպետք է լինի, ու ես սարսափում եմ: Նորից եմ հավաքում Անահիտենց համարը ու սրտատրոփ սպասում:

-Անահիտ, լսո՞ւմ ես, արի:

-…

-Արի հիմա, թե չէ հետո կարող է ուշ լինել, լսո՞ւմ ես, ձայն հանիր. մի լռիր, ասա որևէ բան: Ես սպասում եմ քեզ:

 

Լսափողը դնում եմ լծակին ու նետվում դեպի պատուհանը: Մեր շենքերը մոտ են իրար, և ես նայում եմ Անահիտենց շքամուտքին: Նա պետք է գա, չգալ չի կարող, այսինքն՝ նա կարող է, ես չեմ կարող: Մի պահ մտածում եմ՝ իսկ եթե չգա՞… ու սարսափում եմ այդ մտքից ու նետվում բազմոցին: Ծխելն ամոքիչ է, ու ես ներս եմ քաշում դառը ծուխը: Միացնում եմ նվագարկիչը, որ կարողանամ մի քիչ ցրվել: Խելացնոր ռոքնռոլը ավելի է բորբոքում նյարդերս, ու ես նետվում եմ լվացվելու: Բացում եմ ծորակն ու գլուխս մտցնում ցնցուղի տակ: Սառը ջուրը կենարար ազդեցություն է թողնում: Հանելով վերնաշապիկս՝ ձեռքս եմ առնում խավոտ սրբիչն ու գլուխս թաղում մեջը: Դռան զանգը ինձ միջանցք է նետում, և կիսաբաց դռների մեջ հանդիպում եմ արցունքոտ աչքերով Անահիտին: Նա փարվում է ինձ ու սկսում հեկեկալ: Ես գրկում եմ նրան ու թևերիս մեջ առած տանում դեպի բազմոցը: Հետո համբուրում եմ, համբուրում  մազերը, այտերը, շուրթերը, աչքերը ու շուրթերիս վրա զգում նրա արցունքների համը և որոշում, որ էլ ոչ մի տեղ, ոչ մի տեղ նա չի գնա, կմնա ընդմիշտ:

Անահիտին սառը ջուր եմ բերում,նա խմում է կում-կում ու հենվում ուսիս:

-Վերջին անգամ այստեղ իմ լինելուց հետո սենյակը չեք մաքրել, չէ՞:

-Չեմ հիշում:

-Որտե՞ղ է փոշեկուլը:

-Երևի այնտեղ, ուր թողել ես:

-Իմ դրածից ի՞նչ եք թողել տեղում, որ փոշեկուլն էլ տեղում լինի:

-Մենք կանք՝ դա է կարևորը:

-Դուք հազար տարի առաջ էլ կայիք:

-Եղել ենք, կանք, կլինենք

-Եթե այդպես շարունակեք, դուք կլինեք ձեր տոհմածառի վերջին ճյուղերը:

-Ինչո՞ւ:

-Որովհետև դու արդեն 30 տարեկան ես, իսկ Աղվանը՝ 20:

-Դու կլրացնես իմ տոհմածառը:

-Դա արդեն հազար անգամ լսել եմ:

-Իսկ այժմ լսում ես հազարմեկ, բայց վերջին անգամ:

-Եվ քանի՞ հոգու ես նույն բանն ասել:

-Չգիտեմ քանի հոգու, բայց քեզ ասում եմ վստահ ու համոզված:

-Գիժ, երեսունն անց մանուկ:

Ես Անահիտին առնում եմ թևերիս վրա ու սկսում պտտվել սենյակում:

 

 

-Լավ, Աշոտ, բավական է, կընկնենք:

-Եթե անգամ երկնքից ընկնենք աշխարհի ամենամեծ անդունդը, մեզ ոչինչ չի պատահի, որովհետև մենք միասին ենք:

-Լավ, լավ, բաց թող, գործը մնաց:

Ես իջեցնում եմ Անահիտին, համբուրում և պառկում բազմոցին: Անահիտը անցնում է խոհանոց, լսվում է ջրի ձայնը և տարբեր պարագաների ու սպասքի թխկոց-շխկոցը:

Ես բազմոցին պառկած մտորում եմ, երազում փակ աչքերով, մտմտում ինչ-որ բառեր, հորինում պատմություններ ու պատմության պոչը բռնած հեռանում-հեռանում…

Արթնանում եմ ծանոթ երգից, բայց չեմ կարողանում կենտրոնանալ: Էլեկտրական լույսը ծակում է աչքերս, դրսում մութ է, սենյակում գծագրված է երկու կերպարանք, կանացի բուրմունք, գինու թթվահոտ է տարածված և լսվում են ծանոթ «Վեր կաց, լաո, մռնիմ քըզի» երգի անուշ հնչյունները: Երգում են Աղվանն ու Անահիտը, և երբ ես արդեն պարզորոշ տեսնում եմ նրանց՝ երկուսով քաշում են ինձ ու հրում դեպի լոգարան, որտեղ էլ սթափվում եմ սառը ջրից:

 

 

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք