Մեծ մայրը

20140312180834722

Թող իջնի ձյունը փայտե տանիքին, և աղավնիները ավելի խորը թաքնվեն իրենց բներում՝ նախքան վերադարձ կանխատեսող գարնանային թռիչքը: Աստվածուհիները կպատռեն հագուստը՝ թափվող ջրվեժի հայելու վրա հիանալու իրենց հոլանի մարմնի գեղեցկությամբ: Կնոջ մարմնի բույրով արբեցած՝ ձկնորսները շփոթահար բաց կթողնեն կարթը: Աստվածուհիները կքրքջան բարձր-բարձր, երբ մեծ մայրը գազօջախից կնճռապատ ձեռքերով կվերցնի միակ թեյնիկը թեյ պատրաստելու համար: Շաքարի մի կտոր կլուծվի ջրի մեջ ու կքաղցրացնի տարիներից դառնացած բերանը:

Հանդերձանքի ժամն է: Մեծ մայրը չթե գիշերազգեստով կանգնել է հայելու առջև: Նա ծիսական դանդաղությամբ սանրում է երկար, ձյունե վարսերը, հավաքում է գլխի վրա իրեն հատուկ ձևով և գոհանում ամենօրյա ու միակ սանրվածքով: Ամուսնու սնդուկից վերցնում է սաթե մանյակը, գցում վիզը: Կարմրաշագանակագույն զգեստը հագած՝ մեծ մայրը գնում է մի քանի քայլ հեռավորության վրա ապրող հարևանից լվացքի փոշի գնելու:

Նա ձեռքերը մեջքին ծալած իջնում էր բակ, միայն թեթևակի խոնարհում էր գլուխը, երբ բարձրաձայն բարևում էին Մուխանաթափայի բոլոր բնակիչները: Մուխանաթափան տասնյակ բլուրների վրա կառուցված բրոնզեդարյան թաղամաս է: Մանկությանս տարիներին մեծ մայրն ինձ հանձնարարում էր մատաղ բաժանել հարևաններին, ես բլուրից բլուր էի շրջում ու հիշում՝ ինչպես էր մեծ մայրը տարբերակում բլրամերձ ապրող մարդկանց. բնակիչներ, ովքեր քիթ չունեն, արջի դեմ կռված տղամարդիկ, ռուսներ, չախկալներ, Մարո, Հենզել, Նինրո, եզդիներ: Մարոն բարձրահասակ, նիհար կին էր, առավոտյան վաղ էր արթնանում: Հենզելի աքաղաղը կանչում էր լուսադեմին, բնակիչները, սակայն, զարթնում էին Մարոյի ձայնից: Մեծ մայրը պատշգամբից հետևում էր արթնացող թաղամասի անցուդարձին և գործերին չէր խառնվում մինչև օրհասական պահի հասունանալը: Հեծանիվով պատանին սուրհանդակի արագաշարժությամբ թակում էր դուռը կարծիք հարցնելու:

Մեծ մայրն ամենայն լրջությամբ պատասխանում էր, նույնիսկ եթե իրականում պատկերացում չուներ՝ խոսքն ինչի մասին է, սակայն այդպես հազվադեպ էր պատահում: Սուրհանդակին կոնֆետ կամ միրգ էր տալիս, խնդրում էր իր խոսքերը անպայման բառ առ բառ փոխանցել:

Քիթ չունեցող բնակիչները մուրացկանություն էին անում Մուխանաթափայից հեռու, որտեղ նրանց ոչ ոք չէր ճանաչում: Շուկայից արկղեր էին հավաքում, կապոցը ուսին գցած բարձրացնում էին բլուրն ի վեր՝ ձմեռն անցկացնելու: Արջասպան տղամարդիկ օտար լուսամուտի տակ բարձր խոսելու իրավունք չունեին:

Մուխանաթափայում մեկի պատուհանը հաղորդակից էր մյուսի բակին, այստեղ գաղտնիք պահելն ամենադժվար բանն էր: Ռուսները, չախկալները մեծ մորն առանձնապես չէին սիրում, սակայն ջերմ բարևում էին, սոսկ չտարբերվելու համար: Նինրոն ամեն առավոտ բլուրից ներքև էր իջնում և վերադառնում օրաթերթը ձեռքին: Թոռնիկներից մեկին խնդրում էր թերթ կարդալ իր համար, ինչպես միշտ նա մոռացել էր ակնոցը անհայտ մի տեղում: Մեծ մայրն ինքնագոհ ժպտում էր, միայն նա գիտեր գաղտնիքը՝ Նինրոն տառաճանաչ չէ, բայց դա չէր խանգարում նրան հարցուփորձ անել կարևորագույն իրադարձությունների մասին և արտահայտել սեփական տեսակետը: Մեծ մայրը թերթ կարդալու ժամանակ չուներ, նա շարունակ աչքը դրսում էր պահում, որպեսզի ոչ մի իրադարձություն բաց չթողնի: Շքախմբով իջնում էին եզդիները, նրանց՝ ծիածանի նման վառ տարազը գունավորում էր փայտաշեն տների արձակած ստվերները: Խշխշան հագուստի օրորից ահաբեկված մանուկները հեռու էին փախչում գլխավոր ճանապարհից:

Մեծ մայրը մեզ հավաքում էր սեղանի շուրջը, նստում սեղանի եզրի մոտ ու սպասուհու նման մատուցում ճաշատեսակները: Ձեռքի մի շարժումից միանգամից լռում էինք: Մեծ մայրը հանդիսավոր կրկնում էր, որ քրմական հզոր տոհմից է, աստվածները ականջալուր են իր աղոթքներին: Ձյունե վարսերով քրմուհին նայում էր հեռու, նրա փոս ընկած աչքերին անծանոթ էր թախիծը: Նա անայլայլ խմում էր իր մահվան կենացը, բայց ուզում էր երկար ապրել՝ հսկելու ծոռների հարսանիքի ծիսակատարությունը: Լսվում էր բաժակների զրնգոցը, մեծ մայրը ծորուն ձայնով երգում էր միշտ նույն երգը՝ ծիրանենու ծաղկելու մասին:

Լինում էին ժամանակներ, ես կոտրում էի բաժակը, ձեռքս խփում սեղանին, գլխակորույս ճչում: Մեծ մայրը մոտենում էր, կիտած հոնքերի տակից ասում. «Ինձ մի՛ նեղացրու, մոմե մատներով աղջիկ ես արդեն ծեր եմ»: Հետո ուղղում էր մեջքը, նույնքան անթարթ, ինչպես անցել էր պատերազմի միջով, շորորալով ու կարծես անտարբեր անցնում էր իմ կողքով:

Մեռնում էր տոհմածառի վերջին քուրմը: Ընդամենը ժամեր առաջ նա շարունակում էր ծիծաղել բժիշկների անկարողության վրա, որ չեն գտել անմահության դեղատոմսը: Նա բարձր-բարձր երգում էր իր հիմնը. իմ մահվանից հետո թմբուկ զարկեցեք: Բարձրացրեք ձեռքերն ու պար բռնեք: Ջրեք ծիրանենիները, որ ծառը ծաղիկ տա, կինը ծառ դառնա, թռչունները բույն հյուսեն՝ ապավինելով ճյուղերի հավատարմությանը: Դուք կհարատևեք երկար, որովհետև աշխարհը զառամյալ կնոջ մահվամբ թոթափեց իր ծանր բեռը:

Մեր մատների հպումից նրա հինավուրց ժպիտն ուղղվում է ոչ թե ինձ, այլ իր ապրած ժամանակին: Ես դուրս եմ գալիս տնից՝ վերադառնալու խոստումով, և մեր բաժանումը դառնում է անդառնալի: Այլևս ոչ ոք ձեռքերը չի դնի կոնքերին, ինչպես մեծ մայրը, չի հիանա ձյունե վարսերով և հնազանդությանը անճանաչ աչքերով չի հսկի բլուրների անդորրը: Մեծ մայրն այնքան ծեր էր և հպարտ, որ ոչ ոք չհամարձակվեց արտասվել, ինձնից՝ վերջին քրմուհու միակ թոռնուհուց բացի:

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք