Մարինկան

20140112180049930

Մարինկան քննություններից հավաքել էր 17 միավոր, անցողիկը 18 էր: Երկու ամիս գալիս էր դասի: Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ամենաաչքի ընկնող աղջիկն էր՝ աչքերը սև ու խոշոր ու կլոր, կրծքերը հասուն ու կլոր, կոնքերը կլոր /շրջազգեստն ավելի էր ընդգծում դա/, գերող ու կլորավուն, սրունքները ազդեցիկ ու կլոր: Ինքը միջինից բարձր հասակով, սպիտակաթույր, դեմքը հին հունական մարմարե մաքրությամբ: Փարթամ էր ու փարթամաշուք: Կարծես վերոնշյալ բարեմասնությունները քիչ էին, Մարինկան ուներ նաև ծովածուփ, ներկայանալի, տղամարդու սիրտը խշխշացնող մազեր, որոնք մերթ թափվում էին փափուկ ուսերին ու գիրգ մեջքին, մերթ հավաքվում հպարտ գլխին: Բարձրակրունկների վրա շորորվում էր ինքնավստահ, ծանր: Սակայն հենց խոսում էր, ամբողջ վեհության մի մասը կորչում էր անմիջապես, թլոլ էր, բառերը կլոր-կլոր էին:

Երբ տղաներից մեկն այդ պահերին փորձում էր խիզախել ու օգտվել նրա թլոլությունից ու մերձենալ հավասարի իրավունքով, Մարինկան աջ հոնքը ձախից վեր էր բարձրացնում, մի քիչ կողքանց նայում ու հասկացնում էր՝ դու իմ թայը չես: Մի անգամ մեր կուրսեցի Էդգարը Մարինկայի ծննդյան երեկոյին նրան պարի հրավիրեց: Էդգարի թևերը կարճ էին, նա փորձեց գրկել աղջկա մեջքն ու… ստացավ արժանի հակահարված, Մարինկան ասաց թլոլ.

-Այ տղա, շատ քիփ ես պարում:

Եվ փորով այնպես հրեց Էդգարին, որ նա մի քանի քայլ ետ գնաց, ձեռքերը բացված կանգնեց ու հիմար ժպտաց: Դա Մարինկայի առաջին ու վերջին պարն էր, որ տեսանք:

Մարինկային երկու ամիս անց համալսարան ընդունեցին, որպես երկկողմանի որբի: Նա ապրում էր ավագ քրոջ հետ, սեփական երկհարկանի տունը սազում էր Մարինկային, մենք դա տեսանք առաջին ու վերջին անգամ:

Սովորում էր լավ և ավարտելուց հետո բանասեր դառնալու փոխարեն դարձավ ոչ լրագրող, ոչ գիտնական, ոչ էլ գործիչ, ուղղակի աշխատում էր կոմկուսի գլխավոր թերթի խմբագրությունում որպես չգիտեմ ինչ, բայց շատ կարևոր էր իրեն պահում:

Տարիներն անցնում էին, և Մարինկային ոչ մի տղա ու տղամարդ չէր մերձենում, ո՞վ կփորձեր թռչել անդունդի վրայով: Մարինկան ավելի էր շքեղացել, աղջկական շուքին գումարվել էր ինքնավստահ երիտասարդ կնոջ վեհանձն կեցվածքը, ավելին, դրան գումարվել էր նաև գլխավոր կուսակցական թերթի ողջ ամենազոր խստությունը: Նրան գաղտնի սիրահարվում, և գաղտնի մերժվում էին: Այդպիսիների շարքերը երկարում էին, նրանց մեջ կար մեկը, որը բարձր պաշտոնյա էր, ապա տնօրեն՝ հրատարակչական հզոր հիմնարկում:

Այդտեղ էին հրատարակվում բոլոր թերթերն ու ամսագրերը: Մարինկան տեղափոխվել և աշխատում էր այդ կառույցում: Տնօրենը՝ Վազգենը, մի անգամ ծուռ ակնարկ էր արել: Նա գյուղում էր ծնվել, և այնպիսի շրջանում, որտեղ ցանկությունն արտահայտում են կոպիտ բարբառով ու անվախ. նրանց «ապարանցի» են ասում. տնօրենը խիստ պատասխան էր ստացել, աղջկա թլիկությունը չէր մեղմել հարվածի ուժը: Տնօրենը վախեցել էր՝ Մարինկան վերին դասին կհասցնի իր գեղջկական ակնարկը: Բայց Մարինկան դրանցից չէր, նա իր հարցերը ինքն էր լուծում:

Երբ Հայաստանն անկախացավ, շատ բաներ փոխվեցին, պատերազմի հոտ էր գալիս Արցախի կողմից, Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններից, երկրի տնտեսությունը ցնցվում էր, փակվում էին գործարաններ ու խանութներ, խմբագրություններ ու միություններ, փողոցներում վխտում էին հրացանավոր, մորուքավոր տղաներ, մեքենաների գողության դեպքերն այլևս սովորական էին: Ամեն ինչ փոխվում էր ըստ նոր կացութաձևի, անգամ կուսկոմի տպարանն էր խեղճացել, չէր ջեռուցվում, արտադրամասերում ցելոֆաններով բաժանում էին հսկա տարածքները, աշխատողների թիվը կրճատվում էր: Միայն Մարինկան չէր փոխվում: Նույն շքեղն էր ու ազդեցիկը, անձեռնմխելին:

Նա տեղափոխվեց Մոսկվա: Լուրեր հասան, որ նա արտասահմանցիների օֆիսում լավ գործ է գտել: Այդ ընթացքում տնօրեն Վազգենը բավականին հարստացել էր ու բիզնես կապեր հաստատել Մոսկվայի գործընկերների հետ: Թուղթ էր բերում, օղի էր արտադրում և այլն: Իր նազիր-վեզիրների հետ թռել էր Մոսկվա: Գորկու փողոցում պատահականորեն հանդիպել էր Մարինկային, ռիսկ էր արել ու պաչել էր նրա ձախ այտը, մի քիչ ետ էր հրվել, սակայն ոչ վերջնական, հույսի ծվենը բռնած ասել էր.

-Մարինկա, գնանք ռեստորան:

-Հիմա՞,- հարցրել էր Մարինկան:

-Ի՞նչ կլինի,- հարցրել էր Վազգենը:

-Գործի եմ, շեֆս սպասում է,- արժանապատիվ պատասխանել էր Մարինկան:

-Իսկ իրիկո՞ւնը,- համառել էր Վազգենը:

-Հա,- համաձայնել էր Մարինկան ու ավելացրել,- կլինի՞ շեֆիս հետ:

-Չի խանգարի,- վստահ ասել էր Վազգենը,- «Կարուսել» ռեստորանի մոտ կսպասեմ, գիտե՞ս տեղը:

-Գիտեմ, մի մոռացիր, որ երկու տարի այստեղ եմ,- սեթևեթել էր Մարինկան:

-Ժամը 7-ին, հարմա՞ր է,- հարցրել էր Վազգենը:

-Շատ,- կարճ կապել էր Մարինկան:

Ժամը 7-ին «Կարուսել» ռեստորանի դիմաց ծանոթացան Մարինկայի շեֆ Անտոնիոն և Վազգենը: Պարզվեց՝ Անտոնիոն իտալացի է, Միլանից: Նա Մարչելլո Մաստրոյաննիի բեղից ուներ: Փողկապով էր, ժպտում էր իր արժեքն իմացողի վստահությամբ: Վազգենը հիշեց, որ ինքը փողկապ կապել է միայն տնօրենի պաշտոնում նշանակվելու օրը:

Ռեստորանում ընդամենը մի սեղան էր ազատ: Նստեցին, ու մատուցող տղան վարժ շարժուձևով մոտեցավ.

-Ի՞նչ կպատվիրեք:

Վազգենը մենյու նայող չէր:

Նա՝ Մարինկային.

-Պատվիրեք ինչ ուզում եք:

-Գոսպոդին Վազգեն, Անտոնիոն իտալացի է և նախընտրում է իտալական կերակուրներին մոտ ուտելիք:

-Ինչ ուզում է, դա էլ պատվիրեք, ինձ էլ, իմ համար մեկ է, աղչի Մարինկա, ես ի՞նչ գոսպոդին,- ասաց Վազգենը:

Մարինկան պատվիրեց նախուտեստ, տաք կերակուրներ:

Մատուցողը հարցրեց.

-Իսկ ի՞նչ եք խմելու:

Մարինկան դիմեց Վազգենին.

-Անտոնիոն ֆրանսիական գինի է նախընտրում, դու երևի օղի, չէ՞:

-Ես էլ գինի կխմեմ,- անփույթ ասաց Վազգենը:

-Ի՞նչ գինի,- հարցրեց Մարինկան:

-Ամենաթանկը, համ էլ հարցրու Անտոնիոյին,- վստահ ասաց Վազգենը:

Այդ ժամանակներում Երևանում էժանագին օղիներն ու գինիները հոսում էին շան ոտի հետ: 20 դոլարով մարդիկ ապրում էին մի ամիս: Կոմունիզմը մարել էր, եկել էր աղքատ կապիտալիզմի չորեքթաթ վիճակը:

Մարինկայի հետ կարճ զրույցից հետո Անտոնիոն մատը դրեց մենյուի գինիներից մեկի վրա:

Մատուցողն իր գրքույկի մեջ նշեց նաև գինու անունն ու գնաց:

Երեկոն թեթև անցավ, ուտելիքներն համեղ էին, բայց գինին քչություն արեց, ևս մի շիշ պատվիրեց Վազգենը, ինքը օղի խմող էր, մի երկու բաժակ գինին ի՞նչ է որ:

Վազգենը երեկոյի ընթացքում ըմբռնեց, որ Անտոնիոն ու Մարինկան կապված են միմյանց ինչ-որ ջերմ թելերով, բայց ոչ ճոպաններով, էլի հույսի ծվենը թրթռաց Վազգենի հոգում, և նա ևս մի անգամ խմեց Անտոնիոյի կենացը:

Նրա շինարարական բիզնեսին, Մարինկան էր այդպես ներկայացրել, ցանկացավ հաջողություն, ինչպես Իտալիայում, այնպես էլ Ռուսաստանում և, ինչու չէ, Հայաստանում:

Մարինկայի կենացն էլ խմեց հոտնկայս, բայց էդ Անտոնիոն լրիվ չկանգնեց, կարծես խմած լիներ: Վազգենը մտածեց՝ «ինչ շուտ հարբեց շան տղեն»: Նրա մտքով նաև անցավ, որ էս Անտոնիոն երևի իտալացի չի, ռուս է, Մարինկան խաբում է, որ կարևոր թվա: Մարինկայի ու Անտոնիոյի ռուսերենը մի քիչ իտալերեն էր, ավելի շատ՝ թլոլ և ավելի շատ՝ հումորիկ:

Վազգենը բավականին ձանձրացել էր և հարցրեց.

-Մարինկա, երևի ավարտենք, չէ՞, սուրճ պատվիրենք:

-Անտոնիոն նեսկաֆե է խմում, ես էլ էքսպրեսսո, դու էլ՝ թուքական, չէ՞,- հարցրեց Մարինկան:

-Աղչի, ի՞նչ թուրքական, լրիվ կորցրել ես քեզ, ես հայկական եմ խմում,- նեղացած ասաց Վազգենը:

-Այստեղ «հայկական» չեն ասում, մեր սուրճին «սև» կամ  «թուրքական» են ասում, — բացատրեց Մարինկան:

-Լավ, ուրեմն՝ սև,- մռթմռթաց Վազգենը և կանչեց մատուցողին:

Պատվիրելուց հետո ասաց.

-Հաշիվն էլ կբերես:

Սուրճը մատուցելուց հետո մատուցողը հաշիվը դրեց Վազգենի դեմը:

Սև սուրճը խմելուն զուգընթաց Վազգենը նայում էր հաշվի թվերին ու չէր հասկանում՝ ռուսական գումարո՞վ է, ամերիկյա՞ն, թե՞ իտալական: Թիվը շատ մեծ էր, զրոները շատ, ինչ-որ շատ էր շատ: Նա վեր ելավ, Մարինկային ասաց.

-Մի քիչ հետո կգամ:

Միջանցքում մոտեցավ մատուցողին և հարցրեց.

-Էդ ի՞նչ հաշիվ է, դոլարով ինչքա՞ն կանի:

Մատուցողն ասաց.

-Մոտավորապես 3600 դոլար:

-Ո՞նց,- շշմած հարցրեց Վազգենը:

-Դուք երկու շիշ գինի եք խմել, ամեն շիշը՝ 1600 դոլարի չափ, մնացածը ուտելիքն է,- հանգիստ պատասխանեց մատուցողը:

-Լավ,- շփոթված ասաց Վազգենը և գնաց զուգարանի կողմը:

Նրա գրպանում կար ընդամենը 1400 դոլար: Ռեստորանի միջանցքում հեռախոս կար, շտապ զանգեց «Ռոսիա» հյուրանոցի ընդունարան, խնդրեց կապել մասնաշենքի 435 սենյակ: Կապեցին: Իր հիմնարկի գլխավոր ինժեներ Անուշավանին ասաց.

-Արա, քյալագն եմ ընկել, շտապ փող հասցրու, ինչքա՞ն ունես:

-3000 դոլար,- ասաց Անուշավանը:

-Շտապ թռի «Կարուսել» ռեստորան:

Անուշավանը շեֆին շատ էր սիրում, բայց դեռ չէր փորձել Մոսկվայից գնած կոշիկները, հները գցել էր խանութի դիմացի աղբարկղը:

Շորերը հագավ, կոշիկները նույնպես, ոչինչ, ոտքերը լավ մտան կոշիկների մեջ, քուղերն ագուցեց ու դուրս ելավ հյուրանոցից, գրպանում՝ ռուսական 75 ռուբլի և 3000 դոլար:

Չէր հասցրել դոլարի մի մասը փոխել ռուսականի:

Մինչև 75 ռուբլով սպասարկող տաքսի գտավ, հոգին ելավ, 100 էին ուզում, դոլարով էլ չէին համաձայնում:

«Կարուսել» ռեստորանի մոտ զգաց, որ կոշիկները սեղմում են: Նա ընդհանուր սրահում նկատեց Վազգենին, նա էլ՝ իրեն: Վազգենը եկավ միջանցք, գումարը վերցրեց ու գնաց իր տեղը:

Անուշավանը ոտքերի ցավից որոշակի ջղաձգվել էր: Նա չֆայմեց Վազգենից գոնե 100 ռուբլի ուզել: Կամ էլ սպասի նրան: Դուրս եկավ, քայլեց «Ռոսիա» հյուրանոցի կողմ: Ամեն քայլի հետ նվում էին ոտքերը, հարվում կրունկները: Գրպանում հայկական դրամ էր և 4 դոլար: Մի երկու տաքսի կանգնեցրեց, չհամաձայնեցին դոլարով տանել: Լռվեց մի քիչ, շունչը տեղը բերեց, էլի քայլ, էլի ցավ, ու ցասումը բռնում է ներսը: Ճամփեն երկար է, մութ ու մառախլապատ: Թեթև անձրև սկսվեց: Ցավը կուլ տալով քայլում էր Անուշավանը, ասես ձվերի վրա ոտքը դներ: Անիծեց նոր կոշիկները, հները գցելու հիմարությունը, իր անֆայմ լինելը: Շշերից գարեջուր խմելով անցնում են մի քանի աղջիկ: Քիչ է մնում Անուշավանը անիծի նրանց: Ծանր տքնանքով հասավ «Արմենիա» խանութի մոտ: Խանութի անունը չփրկեց նրան, ոչ էլ ոգեշնչեց, նա հանեց կոշիկները, նստեց մայթին, նայեց մյուս մայթին՝ հեռվից իրեն նայող Պուշկինի արձանին ու լաց եղավ: Հոնգուր-հոնգուր լաց էր լինում, չէր ամաչում, չէր ամաչում իր տարիքի համար, լալիս էր երեխայի պես ու մոտ եկած աղջիկներին ոչինչ չէր պատասխանում: Խանութը փակ էր: «Արմենիա» խանութի ներսից Անուշավանին էին նայում հայկական կոնյակները, գինիները, բաստուրմաները, պահածոները և Արարատ սարի պատկերը: Նրանք չէին հասկանում հասուն և լացող տղամարդուն, առաջին անգամ էին տեսնում այդ տարիքի լացկան հայորդու: Արարատի պատկերը ճանաչում էր տղամարդուն, չէ՞ որ նա 5 տարի սովորել էր Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում և հաճախ էր այցելում հայահոտ խանութ: Անուշավանի լացը գնալով ուժգնանում էր գլխին թափվող անձրևի նման: Երկու բոմժ մոտեցան, օգնություն առաջարկեցին: Անուշավանը չնայեց նրանց երեսին ու, լացի ռիթմը փոխելով, հասկացրեց իրեն մենակ թողնել: Չէր ընկալում, որ իր լացն արթնացրել է բոմժերի ու պոռնիկների խիղճը, մյուս մարդիկ քայլում էին շտապ, գորշ թիկնոցներով ու անձրևանոցներով:

Անուշավանի ոտքերը թրջվել էին, գուլպաները՝ կպել ոտքերին:

Կոշիկները դրեց թևի տակ ու ընկավ ճամփա: Անձրևին խառնած լացն այլևս թույլ էր, ոտքերը չփչփում էին անձրևաջրերում, ոտքերի նվոցն անցել էր, բայց սառը ջրերից մրսում էին: Զգաց, որ կրունկներին վերք է գոյացել: «Էշի մեկն ես». մտածեց: Կրեմլի հրապարակով անցնելիս ձգվեց. Լենինի դամբարանը դեռևս պահպանել էր վախազդու լրջություն, համ էլ հսկող զինվորներն էին նայում սթափ: Հրապարակի սալահատակով քայլելը կհիշի որոշ ջերմությամբ՝ ողորկ էին, և «Ռոսիա»  հյուրանոցն էլ մոտ էր արդեն: Թրջված մտավ հյուրանոց: Չամաչելով սպասեց վերելակին: Սենյակ ընկավ ու կոշիկները նետեց իրենից հեռու: Շտապ հանեց թրջված գուլպաներն ու շորերը, ճամպրուկից ճանկելով արագ հագավ տնից բերած շապիկն ու վերնաշապիկը, պառկեց, մի մեծ կատաղություն թոթափել էր հոգուց: Այդպես էլ կքներ, եթե դուռը չծեծեին:

Բացեց: Վազգենն էր.

-Արա, տեսա՞ր ինչ օրը դրեց էդ լիրբը:

-Բա՜,- հառաչեց Անուշավանը:

-Մի բան եմ մտածել, գնաս, բերես էդ հաշիվ կոչվածը, տեսնենք էդ ի՞նչ գինիներ են,- ջղային ասաց Վազգենը,- կարևորը փողը չէ, գիտես,  համ էլ ինձ էդ փսլնքոտ մատուցողը խաբի՞:

-Շեֆ,- խեղճացած ասաց Անուշավանը,- ոտքերս վերքերի մեջ կորել են:

-Ի՞նչ վերք, արա,- զարմացավ Վազգենը:

Անուշավանը մանրամասն պատմեց եղելությունը:

-Դե լավ, մեր տղերքից հիմա կուղարկեմ,- ասաց Վազգենն ու զանգելով իր աշխատողներից մեկի սենյակ՝ հրահանգեց գնալ ՙԿարուսել՚ ռեստորան, բերել իր հաշիվը,- Անուշավան, հո երեխա՞ չես, չգիտե՞ս, որ օտար քաղաքում նոր կոշիկով ման չեն գա, հետո գրքերից ես խոսում:

Մի ժամ հետո տղերքով հավաքվել էին Վազգենի կիսալյուքսում և ուսումնասիրում էին ռեստորանի հաշիվը:

Գինիների անունը՝ «Շատո Պետրիուսե»:

-Շեֆ, հլը քիչ են հաշվել, կարող էին ավելին ուզել, էս տեսակի գինիները շատ թանկ են, մեկը կա՝ 9000 դոլար,- բանիմաց ասաց Անուշավանը:

-Ուրեմն լա՞վ եմ պրծել,- հարցրեց Վազգենը:

-Շատ լավ,- ասաց Անուշավանը:

-Անուշավան ջան, բայց գինի էլ չէր, զկեռի ջուր էր,- կատակեց Վազգենը:

-Դե լավ, շեֆ, հո չասիր, կարգին բան եք խմել, փոխանակ հպարտանաս՝ անուն ես դնում,- իր իմացությունը ցուցադրեց ինժեները:

-Դե կոնյակը բացենք, խմենք Մարինկայի կենացը, ես Մարինկայի… Տղերք, շատ ենք հետ մնացել աշխարհից:

Վազգենը միանգամից խմեց երկու հարյուր գրամ կոնյակ ու ժպտաց .

-Իմ խելքն ասա, ապարանցին ո՜ւր, իտալացին ու Շատոն ուր, տղերք, Երևանում հանկարծ չպատմեք էս մասին:

Անուշավանն ասաց.

-Շեֆ, ճամփին մրսել եմ, ջերմությունս բարձրացավ, աչքերիս տեսիլքներ են երևում:

-Այ տղա, ի՞նչ տեսիլք,- զարմացավ Վազգենը:

-Աչքիս երկրագնդի քարտեզը փոխվել է, նոր երկրներ են ի հայտ գալու:

-Պա՜հ-պա՜հ,- ասաց Վազգենը:

-Աչքիս էս «Ռոսիա» հյուրանոցը քանդելու են, տեսնում եմ տեղը դատարկ,- վերև նայելով մրմնջաց Աշոտը:

-Արա, ցնդե՞լ ես, Վանգան ես դառել,- ասաց Վազգենը:

Նրանց ընկերները զարմացած լսում էին ու նայում Անուշավանին: Հաշվապահ Լիպոն հարցրեց.

-Բա ի՞նչն է հաստատ մնալու:

Աչքերը կկոցելով՝ Անուշավանն ասաց.

-Միայն Մարինկան,- ու մի պահ լռեց, ապա վրա բերեց,- շեֆ, փորս ցավում է, ես թռա:

-Գնա, գնա, Նոստրադամուս,- ետևից ասաց Վազգենը:

Անցավ ժամանակ: Հիմա Վազգենն այնքան հարուստ օլիգարխ է, որ լսի պատմել ենք այդ մասին՝ կսպանի մեզ կամ  «Շատո»  կխմեցնի: Բայց որ ճիշտն ասեմ՝ ոչ մեկն էլ չի անի. օղի կխմեցնի ու կասի.

-Վա՜յ, Մարինկա, քո ինչն ասեմ, համա լավն էր շան աղջիկը, թե էլի տեսնե՜մ…

Հա, պետք է ասել, որ երկրագնդի քարտեզը որոշակիորեն փոխվել է, նոր երկրներ են ի հայտ եկել, «Ռոսիա» հյուրանոցը քանդվել է, տեղը նոր հյուրանոց են կառուցում, միայն մի բան է հաստատ, արդեն կռահեցիք՝ նրա անունը…

 

Անդին 7, 2014

Կարծիքներ

կարծիք