Մահվան հետ դու-ով խոսողը

Լուսանկար

Հարցազրույց սրտաբան Լևոն Խաչատրյանի հետ

 

-Պարոն Խաչատրյան, որքան գիտեմ, դեռ Երևանում Դուք ունեիք երևելի սրտաբանի անուն: Կարո՞ղ եք պատմել երևանյան գործունեության մասին, և ի՞նչը ձեզ ստիպեց տեղափոխվել Փարիզ:

-Երևանում ես սկսեցի սովորել սրտային վիրահատության այբուբենը, հետո ինչ-որ մի պահ՝ այդ դպրոցն անցնելուց հետո, սեփական արահետը գտնելու փնտրտուք սկսվեց…

 

-Հայաստանից եկած մարդու համար հե՞շտ է աշխատել Ֆրանսիայում:

-Իհարկե հեշտ չի, բայց դա տրամաբանական է, որովհետև կան համակարգային տարբերություններ, դպրոցների, արժեքների, փիլիսոփայության տարբերություններ, այդ բոլորը, բնականաբար, հանգեցնում են նրան, որ այլ համակարգի մեջ միանգամից ընդգրկվելը դյուրին չի լինում:

Ես անցել եմ այդ ճանապարհը՝ առանց համեստության, առանց նաև     հպարտությունս փաստելու ակնկալիքնեով, բայց հեշտ չէր իսկապես: Սակայն եթե նպատակներ ունես, որքան էլ փշոտ լինի ճանապարհը, հաղթահարում ես:

Հետո ինձ բախտը ժպտաց, և հենց սկզբից իմ ճանապարհները խաչվեցին իմ նոր ուսուցիչների հետ, ովքեր փարոսի նման լույս սփռեցին իմ ճանապարհին, օգնեցին: Տարիներ անց, իհարկե, ես հարց տվեցի իմ ուսուցչին, թե՝ չլինելով Ձեր ընտանիքի անդամը, Ձեր զավակը, Դուք ինձ վերաբերվում եք այնպես, կարծես Ձեր հարազատ զավակը լինեմ: Եվ նա ապշեցուցիչ պատասխան տվեց, թե՝ հենց այդպես էլ կա, որովհետև այն, ինչ որ ես քեզ փոխանցում եմ, դու սովորում ես, և աշխարհի որ անկյունում էլ լինես, դու ես անելու, և քո անունը ով էլ տա՝ իմ անունը ետևից տալու է: Ինչքան դու բարձրանաս՝ ինձ ես բարձրացնլու:

Այսինքն՝ փոխհարաբերությունը մասնագիտական առումով հայր — զավակի է, ինձ համար զարմանալի էր, որ դեռևս կան այդպիսի մարդիկ, ու առաջին դասը, որ քաղեցի նրանից, այդ հավատամքին դավանելն է:

 

-Ձեր կարիերայի ճանապարհին եղե՞լ է, որ ձեր հայ լինելը խանգարի Ձեզ:

-Եղել են պահեր, որ հայ լինելը ինձ խանգարել է, բայց ես դա օգտագործել եմ իմ օգտին:

 

-Կա՞ն նմանություններ հայկական և ֆրանսիական բժշկական համակարգերի միջև: Իսկ տարբերություննե՞ր:

-Նմանությունը միայն բյուրոկրատական համակարգի զանազանությունը և զարգացվածության մակարդակն է: Ամեն տեղ էլ կա այդ բյուրոկրատիան, որով էլ իրար նմանվում են ֆրանսիական, հայկական և այլ երկների բժշկական համակարգերը:

Տարբերություններն ավելի արմատական են, չմոռանանք, որ այսօր ֆրանսիական բժշկական համակարգը Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից ընդունված է որպես ամենաորակյալը, այդ իսկ իմաստով, կարծում եմ, օրինակ վերցնելու առիթներ շատ կան՝ իհարկե հաշվի նստելով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հնարավորությունների հետ:

Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ ֆրանսիական կառավարությունը ֆինանսավորում է միայն պետական հիվանդանոցները, որքանով գիտեմ՝ Հայաստանում պետությունը ֆինանսավորում է նաև մասնավոր հիվանդանոցները, քանի որ կա, այսպես կոչված, «պետպատվեր» հասկացությունը, որ թույլ է տալիս անվճար ծառայություններ մատուցել ցանկացած պետական, այդ թվում նաև, մասնավոր հիվանդանոցներում:

Ես դա կտրականապես սխալ մոտեցում եմ համարում, որովհետև կարծում եմ, որ պետպատվեր հասկացողության մեջ է, որ տեղի է ունենում ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը, ուստի իմ պատկերացմամբ մոդելը Հայաստանում պետք է լինի հետևյալը. պետությունը ֆինանսավորում է միայն և միայն պետական հիվանդանոցներ, պետությունը պարտադրում է, բարի կամքով իհարկե, որ հանրահայտ և արհեստավարժ բժիշկները, պրոֆեսորները պարտադիր կերպով որոշակի չափաբաժնով անվճար աշխատեն հիվանդանոցներում: Այս համակարգը գալիս է դեռևս Լյուդովիկոս 14-րդի ժամանակներից, որը պարտադրեց, որ ժամանակի հայտնի բժիշկները շաբաթական որոշակի օրեր անվճար աշխատեն արգելանոցներում՝ այսինքն անվճար հիվանդանոցներում՝ աղքատ բնակիչների համար:

Ինչ վերաբերում է պետական հիվանդանոցներին, դրանք պետք է լինեն բժշկական սարքավորումներով հագեցած, ամբողջ ֆինանսական միջոցները պետք է ուղղված լինեն սարքավորումներ ձեռք բերելուն, բժիշկների վերապատրաստմանը, օտարերկրյա մասնագետների հրավիրմանը, ինչն իր հերթին նպաստելու է բժիշկների տեղում վերապատրաստմանը:

Իսկ մասնավոր հիվանդանոցները պարզապես պետք է ձգտեն դիմանալ մրցակցությանը, եթե դիմանան՝ հրաշալի է, իսկ եթե ոչ՝ դա արդեն կլինի անձնական ընտրություն: Այդպես այժմ Ֆրանսիայում է գործում. մասնավոր հիվանդանոցները աշխուժորեն դիմակայում են շատ հզոր հիվանդանոցների. նրանք իրենց մեթոդներն են կիրառում՝ լավ բժիշկներ են հրավիրում բարձր աշխատավարձով և այլն:

 

-Հայաստանում լինո՞ւմ եք, եթե այո՝ ինչպիսի՞ հաճախականությամբ:

-Նախկինում հաճախ էի լինում և Հայաստանում ժամանակակից սրտաբանության մոդել ձևավորելու նպատակ ունեի: Կարելի է ասել, որ դա ինձ որոշակիորեն հաջողվեց. իմ գործընկերների և հիվանդների հետ քննարկումների արդյունքում զգում եմ, որ փոխվել է նաև նրանց մտածելակերպը, ստացել եվրոպական երանգ:

 

-Լրացավ մեծ եղեռնի 100-ամյակը, կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ 100-ամյակով չի ավարտվում, այլ սկսվում է Հայ դատը:

-100-ն ընդամենը մի թիվ է, որ ինձ հիշեցնում է մեր մեծերից մեկի՝ Գրիգոր Խանջյանի խոսքերը: 2000 թիվն էր, երբ հանդիպեցինք հիվանդանոցում, այդ ժամանակ արդեն մտերիմ էինք, և նա այդ մոգական թվացող 2000 թվի մասին ասաց. «Տանել չեմ կարողանում այդ թիվը. մի հատ ծուռտիկ 2 հերիք չի՝ հետևից էլ երեք հատ 0 քցած եկել ա»:

Հիմա, ճիշտն ասած, 100-ամյակ լինի, թե 101-ամյակ, էական բան չի փոխելու մեզ համար, մենք մեր արարման օրից մինչև հավերժություն, մինչև այս հարցի տրամաբանական լուծումը չենք սպառվելու, ավարտ չենք ունենալու, մեր պայքարը չի դադարելու, դա արդեն դարձել է ժառանգական, մեր գեների մեջ է արդեն, որը փոխանցվում է սերնդից սերունդ:

 

-Այս մեծ ցավը վերաբերում է ամեն մի հայի, ամեն հայ պետք է մասնակցի արդարության հասնելու սուրբ գործին: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը:

-Շատ շատերը, նույնիսկ շատ կիրթ մարդիկ մեր մասին գրեթե ոչինչ չգիտեն: Թերևս դա այն բանի հետևանքն է, որ մենք համեստ ենք մեր բնույթով, աղաղակող, ճչացող ազգ չենք եղել, դա լավ է, թե վատ՝ ժամանակը ցույց կտա: Որքան հնարավորություն ունեմ, փորձում եմ իմ և ֆրանսիացիների շրջապատում, պատմել Եղեռնի մասին, իրերի իրական պատմական հաջորդականության, տարածքների, հայի ով լինելու մասին: Եվ կարծում եմ, որ ինձ հաջողվում է, հիվանդանոցում ինձ հենց ՙհայ՚ են ասում, իսկապես, եթե գաք մեր հիվանդանոց և հարցնեք՝ ո՞ւր է հայը, իմ տեղը ցույց կտան:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում Հիպոկրատի երդմանը: Կպատմե՞ք նաև վերջերս Ձեր վիրահատած ադրբեջանցու մասին: 

-Հիպոկրատի երդման օրը ես չգնացի, հոգիս ընդվզեց, և գիտակցությունս էլ ընդվզեց, դա մեծ իրարանցում առաջացրեց: Երդմամբ չի, որ մարդ պետք է լավ բժիշկ դառնա, դա ձևական է: Եթե ի վերուստ ունես ընդունակություն, շնորհք՝ կկայանաս, կդառնաս մասնագետ, իսկ եթե ոչ, ապա ինչ երդում էլ տաս՝ դրժելու ես:

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցուն, հետաքրքիր դեպք էր. ես հերթապահ էի, բայց տանն էի՝ պատրաստ ցանկացած պահի հիվանդանոց գնալու, եթե զանգ լիներ որևէ բարդ հարցի հետ կապված: Այս անգամ զանգը եկավ ոչ թե հերթապահ բժիշկ-վիրաբույժից, այլ հերթապահ վերակենդանացնող բժշկից: Ընդ որում՝ ոչ թե սրտային վիրահատության, այլ ընդհանուր վերակենդանացման բաժանմունքից, և ասաց, որ Ադրբեջանից հիվանդ ունենք, ում շատ արագ զննել է պետք: Խնդիրն այն էր, որ ես արդեն վիրահատության պատրաստ հիվանդ ունեի, բոլոր վիրահատարաններն էլ զբաղված էին: Եվ եթե սպասեինք վիրահատարանների ազատվելուն, ապա ադրբեջանցին հավանաբար արդեն ողջ չէր լինի: Ես իրավաբանորեն կարող էի ասել, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ նրան հիմա վիրահատել, սակայն նման բան բնավ չանցավ մտքովս, և ես առաջարկեցի վիրահատել հենց վերակենդանացման սրահում: Սովորաբար,  վերակենդանացման սրահը նախատեսված չէ վիրահատության համար, իսկ սա արտառոց դեպք էր. վիրահատարանում հիվանդին վիրահատում ես հարմարավետ սեղանի վրա, իսկ վերակենդանացման սրահում ստիպված ես կքած վիրահատել՝ սովորական մահճակալի վրա: Այդ ամենը գիտակցելով հանդերձ ես կազմակերպեցի, որ վիրահատարանից ամեն ինչ իջեցվի վերակենդանացման բաժամունք… Երբ վիրահատության ժամանակ մի պահ գլուխս վեր բարձրացրի, ինձ ապշեցրեց վերակենդանացնող բժիշկների քանակը. մոտ տասնհինգ-քսան բժիշկ մուտքի մոտ հավաքված զարմացած նայում էին, թե ինչ եմ անում:

Ինձ համար շատ շոյիչ էր նաև այն, որ հաջորդ օրը վերակենդանացման բաժանմունքի վարիչը, որը շատ հավակնոտ ֆրանսիացի բժիշկ է, ինձ զանգահարեց և իր անձնական շնորհակալությունը հայտնեց այդ ամենի համար. այստեղ, իհարկե, ադրբեջանցու փրկելու հարցն էր:

 

-Հայի ձեր բնութագիրը. ինչպիսի՞ն է հայը ձեր աչքերով:

-Ես նորից կբերեմ այդ ադրբեջանցու օրինակը. վերակենդանացման բաժանմունքում պառկած է անգիտակից (կոմայի մեջ), նրա մասին խոսում են միայն բժշկական սարքավորումները, որոնք, թերևս, ամենալավ արդյունքները չեն ցույց տալիս, և նա անուժ հյուլե վիճակում պառկած է անկողնում: Այդ ժամանակ իմ մեջ մի ցանկություն կար՝ ամեն ինչ անել, որ նա փրկվի, միևնույն ժամանակ մեջս մի միտք ինձ հանգիստ չէր տալիս. ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքի հետևանքով չորս հայ զինվոր էր զոհվել. հայն էր ընդվզում իմ մեջ, ոչ թե բժիշկը, այլ հայը, այդ հիշեք, այդ է հայը:

 

-Երևելի բժիշկների մեջ ավելի շատ են հրեանե՞րը:

-Հրեաները լավ բժիշկներ են, իրենք էլ բավական սերտ են փոխօգնության հարցում: Հրեա հիվանդները միշտ ձգտում են բուժվել հրեա բժշկի մոտ, դա արդեն սովորույթ դարձած կարծր համակարգ է, որտեղ օտարը դժվար է ընդգրկվում: Իսկ ես նույնիսկ չհարցրեցի՝ կարելի՞ է մտնել, թե՞ չէ: Երբ նոր էի սկսել աշխատել և դեռ «վազվզող» բժիշկ էի, ինձ ասացին, թե ես միջնադարից եկած բժիշկ եմ. նկատի ունեին Հայաստանը: Սակայն ես անմիջապես չպատասխանեցի, այլ պատասխանը տալիս էի ամեն օր՝ քիչ չափաբաժիններով, և արդեն մեկ տարի անց այդ նույն բժիշկը իր հիվանդների խորհրդատվության համար զանգահարում էր ինձ և հարցնում իմ՝ միջնադարից եկած բժշկիս կարծիքը:

 

-Դուք բուժում եք հիվանդի՞ն, թե՞ հիվանդությունը:

-Ես բուժում եմ հիվանդին, դա ամենակարևորն է բժշկությունը՝ որպես արվեստ ներկայացնելու գործում: Սակայն մեզ սովորեցնում են բուժել հիվանդությունը, Ֆրանսիայի բժշկական համալսարաններում բացատրում են, թե ինչ է հիվանդությունը, սովորեցնում, թե ինչպես բուժել այն, բայց չեն սովորեցնում ամենակարևորը, որ ոչ թե պետք է հիվանդությունները բուժվեն, այլ հիվանդը: Միշտ չէ, որ հիվանդությունը բուժելով՝ հիվանդին ես բուժում, դա շատ կարևոր բան է, բայց, ցավոք, կյանքն է դա սովորեցնում, իսկ կյանքի դասերը բավականին թանկ են նստում:

Օրինակ՝ շատ հանրահայտ մի վիրաբույժ, որը համաշխարհային հեղինակություն ձեռք բերեց իր հիպոթեզներով, մեդալներով, այս կամ այն հիվանդությունների բուժումներով, այդ վիրաբույժի վիրահատած հիվանդների մեծ մասը, զարմանալիորեն, մահանում էր, չնայած այն բանի, որ նա համաշխարհային դեմք էր:

Մեկ ուրիշ վիրաբույժ այդքան էլ համաշխարհային դեմք չէր, շատ ավելի քիչ գիտական հիպոթեզներ էր առաջարկել, բայց նրա վիրահատած հիվանդների ճնշող մեծամասնությունը՝ նույնիսկ գերբարդ խնդիրներով հիվանդները, բուժվում էին: Ինչո՞ւ է այդպես: Ես ուսումնասիրեցի առաջին վիրաբույժի մոտեցումը հիվանդին, տեսա, որ նա զբաղվում է միայն հիվանդությամբ: Օրինակ վերցնենք փականագործի, որը զբաղվում է միայն փականի վերականգնողությամբ, նա փականը չի փոխում, այլ վերականգնում է: Այդպես էլ նաև այս բժիշկը, որը  մոռանում է վիրաբույժի ամենամեծ թշնամու՝ ժամանակի մասին: Սրտի վիրաբույժը պետք է արագ անի իր գործը, սիրտը չի սիրում, որ իրեն երկար կանգնեցնում են: Եվ մինչ այս բժիշկը փորձարկումներ է անում հիվանդության հետ, հիվանդն արդեն չկա, մահացել է:

Մյուս վիրաբույժը արագ անում է իր գործը և դուրս գալիս, փորձարկումներ չի անում, ինքնահաստատումների և գիտական նոր հիպոթեզերի վրա ժամանակ չի շռայլում: Հիվանդը եկել է քեզ մոտ և պահանջում է, որ դու իրեն ողջ և առողջ վերադարձնես իր ընտանիքին:

Մի քանի շաբաթ առաջ Հայաստանից մի դեռատի օրիորդ եկավ սրտի գերբարդ արատով. արատների մի խումբը աղավաղում է արյան շրջանառությունը մի ուղղությամբ, մեկ այլ խումբ՝ մյուս, բայց արդյունքում արյունը նորմալ պտտվում է: Այս աղջիկը չի վիրահատվել և քսան տարի անհոգ ապրել է: Արդյոք պե՞տք է վիրահատել այդ աղջկան, իհարկե ոչ, քանի որ կյանքն արդեն պատասխան է տվել այդ հարցին, սովորաբար այդպիսի արատ ունեցող հիվանդները երեքից չորս տարի են ապրում, իսկ նա արդեն քսան տարի է ապրում:

Ես՝ որպես Հայաստանից եկած հիվանդների հետ շփվող բժիշկ, մի բնորոշ գիծ եմ նկատել հայերի շրջանում. չգիտես ինչու, մարդը վաթսունից հետո համարվում է ծեր, յոթանասունից հետո մտածում են՝ ինչո՞ւ վիրահատել: Բայց ես ձեզ հարց եմ տալիս, իսկ ո՞վ է որոշել, թե ով որքան պետք է ապրի: Նույնիսկ Աստված է երբեմն շփորթվում այդ հարցում, և կյանքը բազմիցս ապացուցել է դա:

 

-Ամուսնացա՞ծ եք, քանի՞ զավակ ունեք: Նրանք հայերեն խոսո՞ւմ են:

-Ամուսնացած եմ, ունեմ երեք որդի՝ երեք հայ զավակ: Նրանք խոսում են հայերեն, նրանք մտածում են հայերեն և ունեն հայ լինելու մեծ արժեքը ներկայացնող գիտակցում:

 

Զրուցեց Մարիամ Տեր-Գուլանյանը

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք