Ճանապարհ

20141909175237619

Վարորդը հոգնած ու ջղային էր: Ճանապարհի փոսերը երթևեկությունը դրախտի ճամփա էին դարձրել ու ավելի տագնապալի: Սիրտը նեղված էր:

«Շուն շան որդի, 500 դոլար որտեղի՞ց տամ»,- ինքն իրեն կռիվ էր տալիս բժշկի հետ վարորդը:

«Թե դու ասա, այ ոչ մարդ, ես իմ 30 հազար  աշխատավարձով, երեք երեխաների հոգսը վզիս որտեղից պետք է 500 դոլար ճարեմ»,- չէր հանգստանում:

Աղջիկն էր հիվանդ: Բնածին թեթև կաղություն ուներ և վիրահատվելով կարող էր նորմալ քայլել: Եվ որովհետև վիրահատությունը, բժշկի ասելով, հիմա պետք է արվեր, փողը հենց հիմա էր պետք:

Կինը արցունքն աչքերին, շոյելով ամուսնու գլուխը, ասաց.

-Ոչինչ, Աղաս ջան, եթե չես կարող ճարել, թող մնա հետո, ի±նչ անենք, ուրեմն Աստծո տված իր բախտն է:

Աղասը նայեց իր նազուկ աղջկա սևորակ, անտակ ծովի նման աչքերին, բարակ, դեղնավուն մատներին, չթե շապիկի տակից նոր ձևավորվող կրծքին, որ սրտի ամեն զարկի հետ վեր ու վար էր անում, և սիրտը լցվեց: Իր կոշտուկոտ, մեքենայի յուղն ու մուրը  ամիսներով իր մեջ ներծծած ափով սրբեց սեղանին չեղած հացի փշուրները, աղջկա գլուխը առավ գիրկն ու շոյեց.

-Ոչինչ, մի բան կմտածեմ,- ասաց Աղասը:

Ու հիմա էլ էս բեռը, քարուքանդ ճանապարհի կողքի անդուր փշերը, բժշկի կուշտուկուռ դեմքը: Ամուր բռնեց ղեկը ու ոտքը սեղմեց ոտնակին:

Բլուրից այս կողմ՝ գյուղ չհասած, մի սև կետ երևաց ճամփեզրին: Երբ մոտեցավ, տերտերը ձեռքը բարձրացրեց:

Չորուկ-մորուկ տերտեր էր:

-Օրհնյալ լինես, զավակս,- ասաց տերտերը՝ սրբելով ճակատի քրտինքը և տեղավորվեց վարորդի կողքին:

-Մինչև քաղաք կհասցնես, որդյակ, ամեն ինչ լավ կլինի,- նորից ասաց տերտերը:

-Ի՞նչը լավ կլինի,- բռնկվեց Աղասը,- քո երկու կոպեկ փողը ինձ պետք չէ, քո սուտ

քարոզներն էլ ինձ պետք չեն, սուս ու փուս նստիր:

Տերտերը զարմացած լայն բացեց մանկական աչքերն ու ակամա շարժումով ուղղեց վզից կախված խաչը: Հետո չորուկ մատներով ձիգ բռնեց Ավետարանը, որի եզրերը երկար գործածվելուց մաշվել էին, ու մոմլաթի տակից երևում էր թղթյա կազմը:

-Հիմա կասես՝ Աստված ողորմած է, որդյակ, ամեն ինչ լավ կլինի, Աստծո ամենատես աչքը քեզ կօգնի, չէ՞,- արդեն քիչ մեղմացած նորից մեջբերեց Աղասը:

-Չէ, չեմ ասի,- կարճ կապեց տերտերը:

Չորուկ տերտերը ճանապարհի խորդուբորդից վեր-վեր էր թռչում, ու ամեն թռչելու հետ Աղասին թվում էր, որ նրա ոսկորների չխկչխկոցն է լսվում: Ոտքը կամաց հետ քաշեց՝ ընթացքը դանդաղեցնելու համար:

Երբ տերտերը շոյեց մորուքը, Աղասի աչքը ընկավ ոսկյա ադամանդահուռ մատանուն, որի ակը արևի շողից մի պահ պսպղաց ու նորից թաքնվեց:

«Հլը սրան նայի, երևի փողով կնունք ու հարսանիք, թաղում ու տնօրհնեք է անում, կուշտուկուռ ուտում, ոսկի ու ադամանդ առնում»,- մտքում չարացավ Աղասը:

«Տեսնես ինչ կարժենա էս մատանին՝ երևի մի հազար դոլար»,- մտածեց նորից:

«Մի էսպիսի մատանի որ ունենայի, կծախեի, երեխայիս հոգսը կհոգայի առոք-փառոք, ձմեռվա վառելիք կառնեի ու…»,- երազեց Աղասը:

«Չբռնե՞մ էս բիձու ձեռքից մատանին հանեմ, իրեն էլ քցեմ էս չոլի մեջ»,- հանկարծ անցավ մտքով: Ո՞վ պիտի իմանա: Այդ հանկարծակի միտքը Աղասին այնպես կլանեց, որ նա ոտքը ավելի ուժեղ սեղմեց ոտնակին:

«Երկու մատով կխեղդեմ, մի ծպտուն  էլ չի հանի, եղած-չեղածը հիսուն կիլո հազիվ լինի: Էդպես էլ կանեմ, ինչ լինում է, թող լինի, կարևորը էրեխես է, մանավանդ որ տերտերի նստելը ոչ ոք չի տեսել»,- ինքն էլ էս ամայի չոլում կարող է տերտերին հանգիստ պարտկել ու ճամփան շարունակել: Ոչ ոք չի իմանա: Լավ միտք է: Թե չէ, փողով կնունք, փողով հարսանիք, փողով թաղում…

-Ի՞նչ,- հանկարծակիի եկավ Աղասը:

-Մի րոպե կանգնիր, իջնեմ,- խնդրեց տերտերը:

Աղասը ուրախացավ, որ տերտերը ինքն է իջնում: Տերտերը տնքալով իջավ մեքենայից և թեքվեց դեպի մեքենայի հետևը: Աղասը հայելու մեջ տեսավ, որ նա այլևս չի երևում, ձեռքը մեկնեց պտուտակահանին, քաշեց, հանեց նստարանի տակից ու իջավ: Երբ մոտեցավ մեքենայի թափքի ետևին, տեսավ, որ ոչ ոք չկա: «Երևի նստեց»,- սրտնեղեց Աղասը ու վճռական շարժվեց դեպի դռնակը: Սակայն տերտերը մեքենայի մեջ չէր: Երկու անգամ պտտվեց մեքենայի շուրջը, նայեց թափքի մեջ. ոչ մի տեղ չկար: Չքվել էր:

-Այ քեզ բան,- զարմացավ Աղասը,- կարո՞ղ է աչքիս երևաց էս տերտերը:

Մի քանի րոպե շվարած նայեց ղեկին, ապա մեքենան գործարկեց ու մտամոլոր քշեց դեպի քաղաք: Տան բակում մեքենան կանգնեցրեց ու երբ մտնում էր տուն, ինչ-որ բան շրխկաց ոտքի տակ: Կռացավ, նայեց ու զարհուրած վերցրեց. տերտերի ձեռքի մատանին էր:

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք