Հսկան

Հեղինակ:

20140812121245691

-Ահա եկավ հսկան, մեծ, մեծ հսկան: Էնքան մեծ, մեծ: Ահա եկավ նա, եկավ: Էնքան ծիծաղելի հսկան: Ձեռքերը նրա հաստ են, վիթխարի, իսկ մատները չռված, և ոտքերը նույնպես վիթխարի են, հաստ, հանց ծառեր, հաստ: Ահա եկավ նա… ու ընկավ: Ոտքը դեմ առավ աստիճանին ու ընկավ: Էնքան դմբլո հսկան, էնքան ծիծաղելի դեմ առավ ու ընկավ: Բերանը բացել՝ պառկել է իր համար, էնքան ծիծաղելի, հանց ծխնելույզ մաքրող: Դու ինչո՞ւ եկար էստեղ, հսկա: Գնա, գնա էստեղից, հսկա: Դոդիկն էնքան քնքուշ է, էնքան հիասքանչ, հիասքանչ: Նա էնքան կամացուկ է սեղմվել մորը, նրա սրտին՝ սրտին նրա, էնքան քնքուշ, էնքան հիասքանչ: Նա էնքան լավ աչուկներ ունի, քնքուշ աչուկներ, պարզ, մաքուր, բոլորն էնպես սիրում են նրան: Եվ քիթիկը նրա էնքան լավն է, և շուրթերը, ու նա չարություն չի անում: Էդ առաջ էր նա չարություն անում՝ վազում էր, ճչում, ձիուկ էր քշում: Դու գիտես, հսկա, Դոդիկը ձիուկ ունի, լավ ձիուկ, մեծ, պոչով, և Դոդիկը հեծնում է նրան ու գնում, հեռու- հեռու, դեպ գետակն է գնում, անտառ է գնում: Իսկ գետակում ձկներ են, դու գիտես, հսկա, թե ինչպիսի ձկներ են լինում: Չէ, դու չգիտես, հսկա, դու հիմար ես, իսկ Դոդիկը գիտի՝ էնքան պուճուր, լավ ձկնիկներ: Արևը փայլկտում է ջրի վրա, իսկ նրանք խաղում են. էնքան փոքրիկ, լավիկ, էնքան արագաշարժ: Հա, դմբլո հսկա, իսկ դու չգիտես…

-Ինչ ծիծաղելի հսկա: Եկավ ու ընկավ: Այ քեզ ծիծաղելի: Քայլում էր աստիճաններով՝ հոպ, հոպ, դեմ առավ աստիճանիկին ու ընկավ: Էնքան դմբլո հսկան: Իսկ դու մեզ մոտ մի արի, հսկա, քեզ ոչ ոք չի կանչել, դմբլո հսկա: Էդ առաջ էր Դոդիկը չարություն անում ու վազում, իսկ հիմա նա էնքան հիասքանչ է, էնքան քնքուշ, և մայրը էնքան քնքուշ-քնքուշ է նրան սիրում: էնպես է սիրում՝ ամենքից շատ է սիրում, իրենից շատ, կյանքից շատ: Նա իր արևն է, նա իր երջանկությունն է, նա իր ուրախությունն է: Այ հիմա նա փոքրիկ է, լրիվ փոքրիկ, և նրա կյանքն էլ է փոքրիկ, իսկ հետո նա կաճի մեծ, հանց հսկա, նա մեծ մորուս կունենա ու մեծ բեղեր, ու կյանքը նրա կլինի մեծ, պայծառ, հիասքանչ: Նա կլինի բարի, և խոլոք, և ուժեղ, հանց հսկա, էնքան ուժեղ, էնքան խելոք, ու բոլորը նրան կսիրեն, ու բոլորը կնայեն նրան ու կուրախանան… Նրա կյանքում վիշտ էլ կլինի, բոլոր մարդիկ էլ վիշտ ունեն, բայց կլինեն ու մեծ, հանց արեգակը, բերկրանքներ: Ահա կմտնի նա աշխարհ, գեղեցիկ ու խելոք, ու կապուտակ երկինքը կշողա նրա գլխավերևում, ու թռչունները կերգեն նրա համար իրենց երգերը, ու ջուրը քնքշորեն կկարկաչի: Եվ նա կնայի ու կասի՝ ինչ լավ է աշխարհի երեսին…

-Ահա…Ահա…Ահա… Չի կարող պատահել: Ես պինդ ու քնքուշ, քնքուշ բռնել եմ քեզ, տղաս: Չե՞ս վախենում, որ էստեղ էսպես մութ է: Նայիր, ահա պատուհաններում լույս է: Դա լապտերն է փողոցում, կեցել իր համար ու լուսավորում է, էնքան ծիծաղելի է: Էստեղ էլ փոքր-ինչ լուսավորեց, էնքան քնքուշ լապտեր է: Ինքն իրեն ասաց՝ «թող էնտեղ էլ փոքր-ինչ լուսավորեմ, թե չէ նրանց մոտ էնքան մութ է, էնքան մութ»: Էնքան երկար, ծիծաղելի լապտերը: Եվ վաղն էլ կլուսավորի՝ վաղը: Աստված իմ, վաղը:

-Հա, հա, հա: Հսկան: Իհարկե, իհարկե: Էնպես մեծ, մեծ հսկան: Լապտերից էլ մեծ, զանգակատնից էլ մեծ, և էնքան ծիծաղելի, բռնեց ու ընկավ: Ախ, դմբլո հսկա, էդ ոնց դու աստիճանները չնկատեցիր: «Ես վերև էի նայում, ես ներքևը չեմ տեսնում,- ասում է հսկան բասով, հասկանում ես, էնպես հաստ, հաստ ձայնով:- Ես վերև էի նայում»: Իսկ դու ավելի լավ է ներքև նայիր, դմբլո հսկա, էն ժամանակ էլ կտեսնես: Այ, Դոդիկն իմ քնքուշ, քնքուշ է ու էնքան խելոք, նա ավելի կմեծանա, քան դու: Եվ էնպես կքայլի՝ ուղիղ քաղաքի միջով, ուղիղ անտառների ու լերանց միջով: Նա կլինի էնքան ուժեղ ու խիզախ, նա ոչնչից չի վախենա՝ ոչնչից: Մոտեցավ գետակին ու լոք տվեց անցավ: Եվ նրա կյանքն էլ կլինի էդպես մեծ, ու լուսավոր, ու հիասքանչ, ու արևը կշողա, քնքուշ, հարազատ արևը: Ելնում է իր համար առավոտյան ու շողում, էնքան քնքուշ… Աստված իմ:

-Ահա… Ահա եկավ հսկան, ու ընկավ: Էնքան ծիծաղելի, ծիծաղելի, դե ծիծաղելի:

Այդպես խոր գիշերով խոսում էր մայրը մահացող երեխայի հետ: Գրկած տանում էր նրան մթին սենյակով մեկ ու խոսում էր, և լապտերը լուսավորում էր պատուհանը, իսկ հարևան սենյակում լսում էր նրա խոսքերը հայրն ու լալիս էր:

1907 թ.

Ռուսերենից թարգմանեց

Վարդան Ֆերեշեթյանը

 

Անդին 8, 2014

Կարծիքներ

կարծիք